Հրաժեշտ` Կրկին Հանդիպելու Ակնկալիքով

ԿԱՐԻՆԷ ԲԱԽՇԻԵԱՆ

ՀՅԴ երիտասարդական միութիւններ են գործում Արցախում, Հայաստանում եւ արտասահմանեան մի շարք երկրներում, մասնաւորապէս` Լիբանանում, Ֆրանսայում, Միացեալ Նահանգներում, Արժանթինում, Քանատայում, Կիպրոսում, Յունաստանում եւ այլուր: Այդ բոլոր երկրների երիտասարդական միութիւնների փոխհամագործակցութեամբ կազմակերպւում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին աւելի մօտեցնել հայոց պատմութեանը, ծանօթացնել Դաշնակցութեան հետ եւ այնպէս անել, որ վաղուայ երիտասարդութիւնն աւելի ազգանուէր ու հայրենասէր լինի:

Ամերիկայի Արեւմտեան շրջանի եւ Արցախի ՀՅԴ երիտասարդական միութիւնների համատեղ ջանքերով Ասկերանի Էդմոն Բարսեղեանի անուան միջնակարգ դպրոցում յուլիսի 22-ից մեկնարկեց պատանեկան ճամբար, որտեղ յաճախում էին շրջկենտրոնից եւ յարակից բնակավայրերից 9-ից 16 տարեկան 150 երեխայ: Նրանց հետ աշխատում էին Միացեալ Նահանգների Արեւմտեան շրջանից ժամանած 18 երիտասարդներ` պատասխանատու ընկեր Արամի գլխաւորութեամբ: Խումբն առաջնորդւում էր յատուկ ծրագրով, որում ընդգրկուած էին երգի ուսուցման, անգլերէնի, ինչպէս նաեւ հայոց պատմութեան դասընթացներ: Անցկացւում էին նաեւ մտային խաղեր, մարզանք, մարզական մրցոյթներ: Ինչպէս նշում են ճամբարի կազմակերպիչները, ճամբարի նպատակը ոչ միայն երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ կազմակերպելն է, այլեւ Արցախ – սփիւռք կապերի, ազգային աւանդոյթների ամրապնդմանն է ուղղուած, նրանց կազմակերպուածութիւն, ընկերասիրութիւն եւ կարգապահութիւն սովորեցնելը: Այդպիսով,  իւրաքանչիւրը իւրովի մասնակցում է Արցախ աշխարհի շէնացմանն ու բարգաւաճմանը, քանզի քաջ գիտակցում է, որ դա է հզօր հայրենիք կերտելու ճշմարիտ ճանապարհը:

Ճամբարականները մեծ սիրով են ճամբար յաճախում եւ այդ օրուան սպասում են սրտատրոփ: Ուրախալի է, որ ուսումնական տարին աւարտելուց յետոյ դպրոցականներից յաճախակի էինք լսում` լինելո՞ւ է այս ամառ ճամբար, թէ՞ ոչ, Լիբանանի՞ց են գալու, թէ՞ Միացեալ Նահանգների Արեւմտեան շրջանից: Ի՛նչ խօսք, սփիւռքահայ երիտասարդները սպասուած եւ սիրուած էին պատանի ասկերանցիների համար…

Ակնյայտ էր, որ սփիւռքից ժամանած մեր երիտասարդներին յաջողուել է երեխաների ամառային հանգիստը բովանդակալից, հետաքրքրաշարժ կազմակերպել, նրանց մէջ սերմանել հայրենասիրական վեհ զգացմունքներ, ամրապնդել հայի պահանջատիրական ոգին: Երեխաները գիտակցում էին, որ հայ ազգի ձայնը պէտք է լսելի դարձնեն ողջ աշխարհին` պահանջելով Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի անկախութեան ճանաչումը:

Շփուելով սփիւռքահայ երիտասարդների հետ` աւելի համոզուեցինք նրանց ընդգծուած հայրենասիրութեան մէջ: Նրանք այնքա՜ն հպարտ էին, որ հայ են եւ այսօր գտնւում են Արցախի սուրբ հողի վրայ, որտեղ այնքա՜ն անելիքներ ունեն անելու: Նրանց քաղցրահունչ արեւմտահայերէնը աւելի մտերմիկ էր դարձնում մեզ: Երիտասարդները, որոնք 18-22 տարեկան էին, մտածում էին հայերէն, խօսում էին հայերէն:

«Արցախը շատ գողտրիկ եւ անուշ երկիր է` իր չքնաղ եւ հեքիաթային բնութեամբ: Մենք զմայլուած ենք արցախցու հիւրասիրութեամբ եւ բարութեամբ: Այստեղ մենք ապահով եւ շատ ազատ ենք զգում մեզ, քանզի հայութեան մէջ ենք, հարազատներով շրջապատուած: Երեխաները շատ խելացի ու անաղարտ են, թէեւ` մի փոքր չարաճճի: Գոհ ու շնորհակալ ենք տեղի իշխանութիւններից, Արցախի ՀՅԴ ԿԿ-ից, ՀՅԴ երիտասարդական միութիւնից եւ Ասկերանի շրջանային կառոյցից, քանզի առանց նրանց աջակցութեան եւ փոխհամագործակցութեան` հնարաւոր չէր լինի այսպիսի մեծ գործ իրականացնել», իր տպաւորութիւնները մեզ հետ կիսեց ընկեր Արամը, երբ ընկերների հետ եկել էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Յակոբ Ղահրամանեանի հետ հանդիպման:

Օգոստոսի 2-ին Ասկերանի Էդմոն Բարսեղեանի անուան միջնակարգ դպրոցի բակում ճամբարի փակման հանդիսաւոր արարողութիւն էր: Միջոցառմանը ներկայ էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Յակոբ Ղահրամանեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի եւ Ասկերանի կոմիտէի ներկայացուցիչներ, ասկերանցիներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Ամերիկայի Արեւմտեան շրջանից ժամանած երիտասարդական խմբի ղեկավար Արամ Մանուկեանը.

– Այս երկու շաբաթների ընթացքում մենք մեծ սիրով աշխատեցինք արցախցի փոքրիկների հետ, մօտիկից շփուեցինք եւ ծանօթացանք նրանց նախասիրութիւններին: Ինչքան կարողացանք, նրանց մէջ հայրենասիրութիւնն էլ աւելի ամրապնդեցինք եւ այսօր ձեր դատին ենք ներկայացնելու երգերի մրցոյթը:

ՀՅԴ Ասկերանի կոմիտէի ներկայացուցիչ Ալեոշա Գաբրիէլեանն իր խօսքում ասաց.

– Արդէն բարի աւանդոյթ է դարձել ՀՅԴ ուսանողական միութիւնների կողմից ճամբարների կազմակերպումը: Բարի առաքելութեամբ տարբեր տեղերից տասնեակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ մեր երեխաների համար ամառային հանգիստ կազմակերպում: Նրանք դա անում են իրենց սեփական եկամուտների միջոցով, ինչին մենք տալիս ենք բարձր գնահատական:

Այս ճամբարը մեր միասնականութեան արտացոլումն է, որի պտուղները հետագայում ենք տեսնելու: Արդիւնքում` ունենալու ենք արժանի սերունդ, ով տէր է լինելու մեր հայրենիքին:

Կեցցէ՛ք դուք, սիրելի՛ երիտասարդներ, շնորհակալութիւն` այս հայրենանուէր գործի համար:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Սերգէյ Շահվերդեանի ելոյթը հպարտութեամբ էր շաղախուած:

«Այս ամառ Արցախի չորս շրջաններում ՀՅԴ Ամերիկայի Արեւմտեան շրջանի, Լիբանանի եւ Արցախի ՀՅԴ երիտասարդական միութիւնների միջոցներով կազմակերպուել են ճամբարներ: Բարի նախանձով եմ նայում այս ծրագրերին եւ ափսոսում, որ մենք այսպիսի հնարաւորութիւններ չունէինք:

ՀՅԴ ԿԿ-ի անունից շնորհակալութիւն եմ յայտնում մեր երիտասարդներին այսպիսի նախաձեռնութիւնների համար», ասաց Ս. Շահվերդեանը:

Ճամբարականները, որոնք բաժանուել էին երեք խմբերի` կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն, հանդէս եկան երգի մրցոյթով: Հայրենասիրական երգերի շարանը մեծ ոգեւորութիւն առաջացրեց ներկաների մօտ, իւրաքանչիւրը պատուեց հայրենի հողի հանդէպ մեծ սիրով եւ պարտքի զգացումով:

Յաղթող ճանաչուեց նարնջագոյնների խումբը, իսկ կարմիրներն ու կապոյտները կիսեցին երկրորդ տեղը:

Ասկերանի Էդմոն Բարսեղեանի անուան միջնակարգ դպրոցի տնօրէն Մարելլա Աւանեսեանն իր տպաւորութիւնները կիսեց ներկաների հետ: Նա հայրենասիրութեան անգնահատելի դաս համարեց այս ճամբարը, քանզի այս 10 օրերի ընթացքում երեխաները մեծ հայրենասէրներ դարձան: Դպրոցի տնօրէնը ծնողների եւ ուսուցիչների կողմից շնորհակալութիւն յայտնեց ճամբարի կազմակերպիչներին:

Վերջում ճամբարի բոլոր մասնակիցները միասին նկարուեցին եւ իրար հրաժեշտ տուեցին` յաջորդ տարի կրկին հանդիպելու մեծ յոյսերով:

aparaj.am

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)