1994. Ծաղկած Խրամատներ – Դ.

Օրագիրը խմբագրեց ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԸ

– Մա՛մ, իսկ պապան ե՞րբ կը գայ:
– Երբ յաղթի եօթ գլխանի վիշապին, կը գայ:
– Մա՛մ, ես գիտեմ, թէ ինչո՛ւ է վիշապն ուզում մեզ
սպաննել: Ասե՞մ:
– Հա:
– Որովհետեւ վիշապ է: Եթէ մարդ լինէր, չէր ուզի:
– Հա՛, ճիշդ ես, որովհետեւ վիշապ է…
1994թ. Արցախ

Սա ազատամարտիկի օրագրի վերջին էջն է, դրանից յետոյ չունի գրառումներ: «Քանի դեռ պատերազմը շարունակում է քայլել մեր կողքով, էլի գրառումներ կ՛անեմ. իմ կռիւը դեռ չի աւարտուել», ասում է խորիմաստ ժպիտով, իսկ ես յետոյ իմանում եմ, որ 2016-ի ապրիլին առաջին կամաւորներից էր, ով առանց երկմտելու` գնաց սահման…

Բոլոր նրանք, որոնք տեսել են պատերազմը, անշուշտ պատերազմի մասին իրենց պատմութիւնն ունեն` սեփական ապրումներով, դԷպքերի նկարագրութիւններով, կորուստներով, կիսատ մնացած մանկութեամբ, սպասումներով, պարտութեամբ ու յաղթանակի զգացումով լի… Մեզ բոլորիս միաւորում է մի բան. մենք պատերազմ չենք ուզում ու երբեք էլ չենք ցանկացել: Բայց սա պարտադրուած պատերազմ էր, ու մենք միասնացանք նպատակի գիտակցումով: Մօտալուտ յաղթանակի զգացումն օր օրի մօտենում էր մեզ, ու նրա մասին խօսելիս բերաններս քաղցրանում էր. դա յաղթանակի համն էր, որ զգում էինք, որ ուզում էինք ճաշակել…

Յաղթանակի գալը ամենամեծ աւետիսն էր. այդպէս ընդունում, ցնծում են երկար, շա՜տ երկար սպասուած առաջնեկի ծնունդով…

Թուաց` աւարտուեց պատերազմը, որովհետեւ շատ էինք ուզում, որ այն աւարտուէր: Սակայն այն թաքնուեց յաղթանակի թիկունքում. չհեռացաւ, որպէսզի վերադառնայ… Բայց մենք գիտենք, որ նոր սերունդը չի զիջի նախորդին, եւ մեր երկրում խրամատների տեղ կը ծաղկեն մանուշակները…

Խմբագիր

Յաղթանակի Համը

12.04.1994թ.

– Թուրքե՜րը, թուրքե՜րը,- կողքից գոռաց մէկը: Մենք վեր թռանք` նկատելով հեռւում ուրուագծուող ամբոխը: Յետոյ հեռադիտակով նայողներից մէկը յայտարարեց. «Չկրակէ՛ք, հայեր են, մերոնք են»:

Իսկապէս մերոնք էին, որ եկել էին մեզ միանալու:

Ռմբակոծութիւնն ուժգնանում էր: Հետեւակի մարտական մեքենաներից մէկը շարքից դուրս եկաւ, որի կողքին պայթել էր թշնամու արկը: Ե՛ւ մեր, ե՛ւ նրանց հրասայլերն ու հրանօթները աշխատում էին մեծ թափով, անզիջում:

Հնչեց հրաման, որ բոլորը, բացի Մարտունու Արթուրի գումարտակից, պատրաստուեն, որ շարժուենք դԷպի Եուսուփջանլու: Արթուրի գումարտակը պիտի մնար տեղում` կռուի այդ գիծը պաշտպանելու համար: Փոքր-ինչ հեռւում գտնուող ժայռի տակ հաւաքուեցինք, իսկ զրահամեքենաները սկսեցին շարժուել նշեալ բնակավայրի ուղղութեամբ: Մինչեւ Եուսուփջանլու դեռ մի քանի քիլոմեթր կար: Ծարաւի դէմ նորից օգնութեան հասաւ մէկ հատիկ «փրկիչ» ծամոնը: Այն նորից անցաւ բերնէ բերան, բայց արդէն զգում էինք, որ ծամոնն իսկապէս ծամոն է, ուրիշ ոչինչ… Թուրքերի մի քանի դատարկ դիրքերի մօտով անցանք: Փախել էին վախկոտները: Տղերքից ոմանք սկսեցին թուրքերէն զրուցել` ձեւացնելով, թէ թուրք են: Մի լաւ ծիծաղեցինք: Մի քանիսն էլ հայհոյեցին թուրքերին:

– Տօ՛ փսլքոտնե՛ր, տղամարդ չէ՞ք, կանգնէիք տեղներդ, խի՞ էք փախել, ես ձեր մերը…

Հեռուից նկատեցի մեր համագիւղացիներին, որոնք մէկ այլ ուղղութեամբ էին այստեղ հասել ու արդէն դիրքաւորուել էին հակառակորդի խրամատներում` սպասելով մեզ: Իրար տեսնելուն պէս գրկախառնուեցինք, կատակեցինք մի քանի րոպէ:

–  Կատակելու ժամանակ դեռ շատ ենք ունենալու, տղե՛րք, վե՛ր կացէք, շարժուենք առաջ,- ասաց գիշեցի Ռուդիկը:

Պատերազմը մեզ օգնել էր ճանաչելու, բացայայտելու Ռուդիկին: Նա զարմանալի համարձակութիւն ու ֆիզիքական ուժ ունէր, նրա ձայնի մէջ մի անբացատրելի բան կար, որով կարողանում էր մեզ մարտական ոգի ներշնչել:

Վեր կացանք, վազեցինք առաջ` վաշտի տղաների մօտ: Վաշտի բոլոր տղաները հաւաքուել էին հրամանատարի տեղակալ Գոռի շուրջը: Գոռը մեզ տարաւ դԷպի այն տեղանքը, որտեղից պէտք էր սկսուէր յարձակումը: Լսուեց թշնամու ինքնաձիգների ձայնը. որոշել էին դիմադրել: Տեղաւորուեցինք թթենիների տակ: Հասկացայ, որ յոգնած եմ. երկար ճանապարհ էինք անցել: Զգացի, որ քունս տանում է, բայց դա երազանք էր լոկ: Տեսանք, որ հերթով, առանձին շարքերով, իրենց հրամանատարների հետ ամէն կողմից մեզ են միանում տարբեր գումարտակների մեր տղաները: Ահա Միւրիշէնի տղերքը` իրենց հրամանատար Վլադիկի հետ: Վլադիկը նայեց ինձ ու Դաւիթին, ժպտաց. «Այս բարձունքն էլ գրաւեցինք, կեցցենք», ասաց կատակով, քանզի շրջապատում միայն հարթ տարածութիւն էր: Մենք էլ, ի պատասխան, ժպտացինք: Դեռ ժպիտները դէմքներիս չէր սառել, երբ իրար յետեւից երկու պայթիւն լսուեց: Արկերից մէկն ընկաւ մօտակայ գետակի մէջ, քարերն ու ջուրը դուրս ցայտեցին, թափուեցին ուղիղ գլխներիս: Ես հասկացայ, որ ինձ հետ յանկարծակի մի բան կատարուեց: Սկզբից ինձ թուաց, թէ գլխից վիրաւոր եմ, բայց հէնց նոյն վայրկեանին ուժեղ տաքութիւն զգացի աջ ոտքիս վերեւի մասում: Արդէն հասկացայ: Արիւնը տեսնելուն պէս` մտքովս հազար բան անցաւ:

Ամենաառաջին բանը, որ հասցրի պատկերացնել, ինձ տեսայ մէկ ոտքով, միւսը չկար: Յետոյ եկաւ երկրորդ սարսափելի միտքը` ոչ միայն ոտքս եմ կորցրել, այլեւ տղամարդ լինելու գոյութիւնս… «Ինձ երեխաներ չեն լինի, իսկ ես ուզում էի անպայման որդի ունենալ», անցաւ մտքովս… Արեան կարմիրը շատանում էր, իսկ ես միայն տաքութիւն էի զգում: Դաւիթը, որ կողքիս էր նստած, վեր թռաւ տեղից, գրկեց գլուխս. «Ամէն ինչ լաւ կը լինի», ասաց յուզուած: Կողքից օգնութեան հասաւ Մհերը: Նրանք սկսեցին միասին բարձր գոռալ. «Վիրաւոր կայ, ռեզին բերէ՛ք ոտքը կապելու համար, ռեզի՜ն…»: Մի պահ կարծեցի` միակ վիրաւորը ես եմ, ուրիշ ոչ մէկին բան չի եղել: Տղերքն աւելի բարձր էին գոռում, ռեզին պահանջում: Այդ ընթացքում ինձ թուաց, թէ մեր տղերքից շատերը խուճապահար ետ են վազում` թողած դիրքերը:

– Ինչո՞ւ են նահանջում, ինչո՞ւ, – հարցրի գոռալով:

– Սո՛ւս, ա՛յ տղայ, սո՛ւս կաց` տեսնենք ինչ ենք անում,- ասաց տղերքից մէկը, իսկ միւսն արդէն գտնուած ռեզինով ջանում էր փաթաթել ոտքս:

Դաւիթն ու Մհերը փորձեցին ինձ հանել կրակակէտից ու դԷպի յետ տանել: Նրանք փորձեցին ինձ գրկել, ես յամառեցի. «Ոչի՛նչ, քարշ տալով տարէք, տղե՛րք, քաշէ՛ք»: Մի քանի մեթր քաշելուց յետոյ տեսայ, որ մեր համագիւղացի Վանեան նստել է մի թփի տակ ու գլուխն առել է ձեռքերի մէջ: Հասկացայ` նա էլ է վիրաւոր, այն էլ` գլխից…

– Հը՞, Վանեա՛,- հարցրին տղերքը:

–  Հա՛,- ասաց Վանեան,-  բայց դեռ ոչինչ չեմ զգում: Հակառակորդի արկերն ու փամփուշտները սուլում էին կարծես ամէն կողմից, բայց տղերքն ինձ ապահով տեղ էին ձգտում տանել: Վիրաւոր Վանեան, իր մասին մոռանալով, օգնում էր, որ ինձ քաշեն: Ինձ տարան դԷպի մեծ, երկար փոսը, որտեղ տեսայ սարսափելի մի տեսարան. չորս կողմում արիւն էր, զոհուածներն ու վիրաւորներն իրարից չէին ջոկւում, բերում, հա՛ բերում էին նորերին: Կամաց-կամաց կարծես թէ կորցնում էի գիտակցութիւնս, բայց լսում էի տղերքի` Մասիսի, Արթուրի, Վալերիկի, Արտիկի ձայները, իսկ մեր Արտոն անընդհատ անունս էր տալիս, արտասւում էր, նորից ու նորից էր հարցնում, թէ ինչպէս եմ: Շտապ օգնութեան մեքենաները կանգնած էին մեզանից 100-120 մ հեռու, բոլոր զոհուածներին ու վիրաւորներին պէտք էր այնտեղ տեղափոխէին…

Արկերը շարունակում էին թափուել… Մեզ սկսեցին հերթով տանել դԷպի շտապ օգնութեան մեքենաները: Տղերքին խնդրեցի, որ ինձ թողեն. ախր մէկնումէկը կարող էր իմ պատճառով վիրաւորուել: «Քի՛չ խօսիր», սաստեցին ընկերներս:

Շտապ օգնութեան մեքենաներում համարեա տեղ չկար, վիրաւորներն ու զոհուածները կողք կողքի էին: Ես զգացի, որ տասնեակ զոհեր ու վիրաւորներ ունենք… Բժիշկը սրսկում արեց, համեմատաբար լաւ զգացի: Տեսայ, թէ ինչպէս գումարտակի հրամանատար Արկադիան բղաւեց մի զինուորի վրայ` նրան դուրս քաշելով շտապ օգնութեան մեքենայից: Վերջինս, պատճառաբանելով, թէ ընկերը վիրաւոր է, ուզում էր լքել կռուի դաշտը: Արկադիան կրակեց դԷպի օդ ու պահանջեց, որ ամէն ոք մնայ իր դիրքում: Երբ Արկադիան հեռացաւ, իմացայ, որ իմ վիրաւորուելու պահին նոյն արկի պայթիւնից Արկադիայի եղբայրն էր զոհուել: Նրան ասել էին, որ եղբայրը զոհուել է, բայց Արկադիան չէր ընկճուել, հրամայել էր, որ եղբօր դիակը թիկունք տանեն, իսկ ինքը շարունակել էր մարտը:

Յետոյ լսեցի, որ նաեւ զոհուել են Միւրիշէնի հրամանատար Վլադիկը (յիշեցի նրա ժպիտը, սիրտս կուչ եկաւ), յիշեցի Ռուդիկը, Համոն եւ ուրիշներ… Տասնեակ զոհեր ու վիրաւորներ կային…

Օրեր յետոյ պիտի իմանայի, որ ինձ տեղափոխելուց յետոյ ծանր վիրաւորուել ու Մարտունու հիւանդանոցում մահացել էր նաեւ հրամանատար Արկադիան…

Մարտունու հիւանդանոցում պառկած էի: Պարզուեց, որ իմ անուն-ազգանունը շփոթմունքով զոհուածների ցուցակում էին գրել, հարազատներս սկզբում իմացել էին, թէ զոհուել եմ: Յետոյ լուր են ստացել, որ հիւանդանոցում եմ: Բոլորը յուզուած էին: Իսկ ես չգիտէի` դա լա՞ւ է, որ չեմ զոհուել, թէ՞ վատ: Մեղաւո՞ր եմ, թէ՞ չէ, որ կենդանի եմ մնացել…

Ի՞նչ ընթացք ստացաւ մարտը, էլի՞ զոհեր եղան: Ոտքիս ցաւից առաւել միտքս էր ցաւում:

– Շա՞տ են զոհերը,- հարցս ուղղեցի չգիտեմ թէ ում` առանց գլուխս բարձրացնելու:

– Եուսուփջանլուն ազատագրուած է,- պատասխանեց սպիտակ խալաթով մէկը:

Սիրտս լայնացաւ. սկսեցի հաշուել սրտիս արագացող զարկերը: Բերանիս մէջ հաճելի համ զգացի` չիմանալով, թէ ինչու: Միայն յետոյ հասկացայ` արդէն զգում էի յաղթանակի համը… Յաղթանակը գալիս էր, մօտ էր… Նա գալիս էր ցաւի ու կորուստների ճանապարհով, գալիս էր համբուրելու բոլոր ընկածների շիրիմները, խոնարհուելու նրանց մայրերի, այրիների, զաւակների առաջ, գալիս էր բարեւելու բոլոր վիրաւորներին, ամուր սեղմելու նրանց ձեռքը… Ես այդպէս էի պատկերացնում յաղթանակի գալը… Նա սարերի յետեւում չէր, ու այդ մտքից քաղցրացած բերանով ես ջուր խնդրեցի: Խմում, խմո՛ւմ ու չէի յագենում…

– Ընկերներդ այստեղ են,- ասաց բուժքոյրը: Նրա ժպիտում հաւատ կար. երեւի նա էլ էր արդէն հաւատում յաղթանակի գալուն: Երեւի բոլորն էին արդէն հաւատում…

– Հիմա կ՛ասեմ, որ ներս գան:

– Քանի՞ հոգի են,- հարցրի:

– Չորս:

Տղերքը ներս մտան: Նրանք ողջ էին, նրանք նոյնն էին:

–  Հը՛, չե՞ս ուզում երգել Լիզպոնի 5 տղաների երգը:

Ես ժպտացի, յուզմունքը խեղդում էր:

– Յիշէ՛ք հայորդիք անունը նրանց,

Լիզպոն գնացին մահին ընդառաջ…

Երգի բառերն իմ փոխարէն քթի տակ փսփսաց Դաւիթը…

Յետգրութիւն

Երբ 2017թ. ապրիլի 12-ին ծնուեց երկրորդ որդիս, ես հասկացայ, որ ի զուր չէի հէնց այդ օրը վիրաւորուել: Երեւի նախախնամութեան կամքն էր դա, որպէսզի աւելի լաւ գնահատեմ ու մարդավարի ապրեմ ինձ պարգեւած կեանքը: Ես նաեւ մի բան հասկացայ` որդիներս նոր պատերազմ ունեն. այս պատերազմը դեռ չի լռի այնքան, քանի սահմանին զինուոր է զոհւում… Ես հասկացայ` դեռ շատ որդիներ պէտք է ծնենք ու փայփայենք, այդպէս է պատերազմող երկրի չգրուած օրէնքը…

Հիմա մի մեծ երազանք ունեմ` տեսնել հաստատուն խաղաղութիւնը եւ յոտնկայս խմել իրական յաղթանակի կենացը…

(Շար. 4 եւ վերջ)

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)