Վիրահայոց Թեմի Երիտասարդական Բաժնի Մասնակցութիւնը «Ճինիշեան» Հիմնադրամի Ծրագրին Ճանաչուեց Լաւագոյն

Թիֆլիսի Սուրբ Գէորգ եկեղեցու բակում իւրօրինակ ու գրաւիչ ցուցատախտակ է տեղադրուել: Նպատակը մէկն է` զբօսաշրջիկներին ծանօթացնել Թիֆլիսի հայկական շէնքերի, եկեղեցիների եւ գործիչների գործունէութեան հետ:

Ծրագիրը ֆինանսաւորուել է «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում 900 տոլար է յատկացուել վիրահայոց թեմին` երկու ծրագիր իրականացնելու համար: Այս տարի Վրաստանն առաջին անգամ է մասնակցել վերոնշեալ ծրագրին եւ ընկերային կայքերի օգնութեամբ հաւաքուել է հայ երիտասարդների խումբ, որոնք կեանքի են կոչել սոյն ծրագիրը:

«Առաջին ծրագիրը վերաբերում էր դրսում արեւածաղիկ վաճառող տատիկներին ու պապիկներին: Նրանց սեղան, անձրեւանոց, աթոռ նուիրել, որպէսզի կարողանան պաշտպանուել արեւից եւ հանգիստ աշխատեն: Իսկ երկրորդ ծրագիրը ցուցատախտակն էր, որը տեղադրուել է Ս. Գէորգ եկեղեցու բակում», պատմում է «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի կողմից ֆինանսաւորուած ծրագրերի ղեկավար Էմիլ Սարգսեանը:

Նրա խօսքերով, ցուցատախտակը որոշել են տեղադրել յատկապէս առաջնորդանիստ Ս. Գէորգ եկեղեցու բակում, քանի որ այն գտնւում է Թիֆլիսի զբօսաշրջային թաղամասում: Ցուցատախտակը 16 պահարան ունի, ամէն մէկի վրայ կպցրած է տների նկարներ, եւ կողքին գրուած է Թիֆլիսին առնչուող որեւէ հարց: Իսկ ցուցատախտակի աջ կողմում մագնիսի կախազարդով բանալիներ են, որոնց վրայ գրուած են հարցերի պատասխանները: Ճիշդ պատասխանի համար պէտք է ընտրել ճիշդ բանալին եւ դրանով բացել այս կամ այն արկղը:

«Մենք որոշեցինք, որ միայն հայերի տները չլինեն այնտեղ, եւ աւելացրեցինք նաեւ վրացական տներ, եկեղեցիներ, սինակոկը եւ այլն», նշում է Էմիլ Սարգսեանը: «Ծրագիրն մեզ տուեց` նոր գիտելիքներ, փորձ, ծանօթութիւններ, ընկերներ, եւ ամենակարեւորն է, որ մենք մեր արած գործից հաճոյք ստացանք», ասում են ծրագրին ընդգրկուած երիտասարդները:

Ծրագրի սկիզբը դրուել է 2018 թուականի նոյեմբերին եւ աւարտուել 2019 թուականի յունիս ամսին: Նախագծի իրականացման 7 ամիսների ընթացքում երիտասարդները տարբեր հանդիպումներ են ունեցել, կիսուել իրենց գաղափարներով:

Սոյն թուականի յուլիսի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի երիտասարդները Աղվերանում մասնակցեցին «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխօսութիւն եւ գործնական քայլեր` փոփոխութիւնների համար 2018-2019թթ.» նախագծի գագաթնաժողովին: Այստեղ հանրագումարուեցին նաեւ ծրագրի արդիւնքները:

Ուրախալի է, որ վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի կողմից ծրագրի շրջանակներում իրականցուած աշխատանքները յանձնաժողովի անդամների կողմից ճանաչուեցին լաւագոյն` հաւաքելով ձայների առաւելագոյն քանակութիւն:

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԻՒԱՆ

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)