Հայ Մշակոյթին Ի Սպաս Արփեն Մովսիսեանի Իրագործած Պատկառելի Աւանդին Մասին

Հայրենի պատկերասփիւռի սփռուող մշակութային յայտագիրները թէեւ քանակով բաւականին շատ են, սակայն որակաւորները շատ քիչ են: Այդ շատ քիչերէն են Արփեն Մովսիսեանին ղեկավարած վաւերագրական ֆիլմաշարերը, որոնք յայտնի են «Հայից հայ», «Շրջադարձ» եւ «Մեր մեծերը» խորագիրներով: Վերջին երկու տասնամեակներուն իր ամուսնոյն` Վահանին հետ իրագործած է շուրջ 700 հաղորդումներ, նուիրուած` քաղաքական դէմքերու, հերոսներու, գրողներու եւ առհասարակ մշակոյթի գործիչներու եւ կերտիչներու: Անոնց շարքին են` Արշիլ Կորքի, Կոմիտաս, Այվազովսքի, Թումանեան, Լեւոն Շանթ, Համաստեղ, Սարոյեան, Վահրամ Փափազեան, Հրաչեայ Ներսիսեան, Սօս Սարգսեան, Մուշեղ Գալշոյեան, Արա Կիւլեր եւ շա՜տ շատեր… Ան «Մեր մեծերը» հաղորդաշարը հրատարակած է փոքր գրքոյկներով: Իր կատարած բծախնդիր աշխատանքներու եւ մասնագիտական մօտեցումին մասին որոշ գաղափար մը կազմելու համար արդարեւ կու տանք տաղանդաւոր գեղանկարիչ եւ ազգային յայտնի գործիչ Փանոս Թերլեմեզեանին նուիրուած բաժնի վերջին հատուածը, որ կը վերաբերի Կոմիտասի եւ Թերլեմեզեանի սերտ յարաբերութիւններուն: Իսկ իր իրագործած վաւերագրական ժապաւէններու գեղարուեստական արժէքը լաւապէս ըմբռնելու գեղագիտականօրէն ըմբոշխնելու համար կրնաք դիմել համացանցին…:

Մ. Ծ.

Փանոս Թերլեմեզեանը Եւ Կոմիտասը

«Կոմիտասը մի մեծութիւն էր, որ լուսատու գիսաւորի նման մեր մշակոյթի երկնակամարով անցաւ, բայց թողեց լուսաւոր մի հետք, որը երբեք չի ջնջուելու»1:

Նրանք բարեկամացան Բանկալտիում եւ որոշեցին բնակուել մի տան մէջ: Կոմիտասի աշխատասենեակը վերին յարկում էր: Կոմիտասը եւ Թերլեմեզեանը միասին շատ են շրջել: Նրանց բնակավայրը դարձել էր մշակոյթի կենտրոն: Այնտեղ էին լինում նաեւ թուրք եւ օտարազգի պաշտօնեաներ: Յայտնի մի դրուագ: Նրանց էր այցելել սուլթանի արարողապետը եւ խնդրում է Կոմիտասին որեւէ բան երգել: Կոմիտասը գերմաներէն երգում է Շուպերթի ստեղծագործութիւններից մէկը: «Թուրք դիւանագէտը,- իր գիտական ուսումնասիրութեան մէջ շարադրում է Մերի Կիրակոսեանը,- չկարողանալով զսպել իրեն, ձեռքը խփում է սեղանին եւ ասում. «800 տարուայ պետութիւն ենք եւ այսպիսի մի արուեստագէտ չունեցանք»2: Անշուշտ, ակնարկները ընդհանրական պատկերացում են տալիս արուեստագէտի մասին, մենք նոյնպէս չենք կարող չխուսափել շրջանցումներից, սակայն կայ մի դրուագ, որ պարզապէս մոգական ուժով է ձգում: 1912 թուական, Թերլեմեզեանը եւ Կոմիտասը Քէօթահիայում են, կոմպոզիտորի ծննդավայրում: Տրամադրող էր բնութիւնը, բլրի եզրին գտնուող անտառը, որտեղ վրանում մէկ ու կէս ամիս ապրում են հայ երկու մեծերը: Ստեղծագործական բուռն օրեր էին երկուսի համար էլ եւ պիտի ծնուէր «Կոմպոզիտոր Կոմիտասի դիմանկարը» կտաւը: Անդորրի մէջ, հայրենի հողում, արմատները ձգած ծառին յենուած, խոկումների մէջ է Կոմիտասը: Հանճարեղ երգահանն ու բանահաւաքը: Քէօթահիան աստեղային պահ պարգեւեց նկարիչ Փանոս Թերլեմեզեանին: Դա այն շրջանն էր, երբ ամէն օր խոցում էին Կոմիտասին` վկայակոչելով, որ նա «եկեղեցու սեղանը փոխելով թատրոնների բեմերի հետ` անպատուութիւն է բերում, թէ նա պղծում է կրօնական սքեմը3: Փանոս Թերլեմեզեանը, հակառակ իրավիճակին, ոգեւորուած է ընկերոջ եւ հայ մտաւորականի յաջողութիւններով, նրա հոգեթով երգերով4: «1914 թուականի յունուարի 1-15 Փարիզում տեղի է ունենում երաժշտական քոնկրեսը: Կոմիտասը կարդում է երկու դասախօսութիւն եւ ներկաների դատին է յանձնում մէկ համերգ: Այդ օրերին նրան ունկնդրելու էին գալիս գրեթէ բոլոր դեսպանները, երաժշտութեան կորիֆէյները, որոնք յոտնկայս ողջունում էին Կոմիտասին եւ պահանջում, որ նրա բոլոր գործերը հրատարակուեն: Եւրոպական եւ արաբական թերթերը գովեստի խօսքեր են շռայլում: Թերլեմեզեանը գտնւում էր Պոլսում եւ Կոմիտասի կողմից ստանում է 18 էջից բաղկացած մի նամակ, որը ներկայացնում էր մեծ երգահանի տպաւորութիւնները քոնկրեսից եւ համերգից5: Սակայն Պոլսում Կոմիտասին սպասում էին սրերով, եւ նա ստիպուած` «Ազատամարտ»-ի էջերում գրում է. «Ես տարիների աշխատանքով գծել եմ իմ ուղեգիծը, ուրկէ ընթացել եմ մինչեւ այսօր եւ պիտի ընթանամ ասկէ ետքն ալ, որքան ատեն ուժ կայ երակներուս մէջ: Ոչ մի խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելութեան մէջ, որուն նուիրականութեան ես համոզուած եմ բոլոր սրտովս»: Ջերմ էր ու ընկերական Թերլեմեզեանի եւ Կոմիտասի բարեկամութիւնը: 1921 թուականին Կոմիտասն արդէն Փարիզի Վիլ-Ժիւիֆի հիւանդանոցում էր: Թերլեմեզեանը չէր կարող Ֆրանսայում լինելով չայցելել հիւանդ ընկերոջը: Թերլեմեզեանը յանկարծ ասում է. «Կոմիտա՛ս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում եւ այն էլ` շատ կամաց»: Մի կէս ժամ յետոյ Կոմիտասը յանկարծ մռայլւում, խռովում, հեռանում է: «Գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխօսաց»: Փանոս Թերլեմեզեանը վերջին անգամ Կոմիտասին պէտք էր այցելեր 1928 թուականին:

Թերլեմեզեանի եւ Կոմիտասի փարիզեան հոգեբուժարանում հանդիպումները ներշնչել են Գուրգէն Մահարուն, եւ ծնուել է «Երգ մահու եւ անմահութեան» թրամատիք ստեղծագործութիւնը: Տիպական են Փանոսի խոհերը. «Մի՞թէ կարծում էք, որ Կոմիտասը, իսկական Կոմիտասը այստեղ է… Ո՛չ, այստեղ Կոմիտաս չկայ: Իսկական Կոմիտասը վաղուց ապրում է Հայաստանում, Երեւանում, իսկ այստեղ այդ լուսաւոր մարդու ստուերն է միայն, սարսափելի ստուերը… Հազա՜ր ափսոս… Մի ամբողջ ակադեմիա, հնչիւնների մի ամբողջ աշխարհ: Հազա՛ր նզովք եւ հազա՜ր ափսոս…»6:

Յ. Գ.- Ուշադրութիւն դարձրե՞լ էք… Կոմիտասի անունը կրող թանգարան-հիմնարկի սրահներում, որքան էլ մարդաշատ լինեն, իշխում է լռութիւնը: Ներկաներն անշշուկ են անցնում մասունքից մասունք, ցուցանմուշից ցուցանմուշ եւ երկիւղածօրէն են մօտենում ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզեանի վրձնած «Կոմիտասի դիմանկարը» գլուխգործոցին: Յետոյ գնում են խոնարհուելու հայոց պանթէոնի բնակիչներին: Մի քանի քայլ, եւ կը հասնեն Թերլեմեզեանի անունը կրող կրթօճախ:

– Անշուշտ ճակատագիր է: Երկու անբասիր հայ, երկու մեծանուն շարունակում են փոխկանչի մէջ մնալ,- ասում է Փանոս Թերլեմեզեանի անուան քոլեճի տնօրէն Աննա Մնացականեանը` անմիջապէս հրաւիրելով նկարչի տուն, վաղամեռիկ, տաղանդաշատ, թերլեմեզեանցի, նախկին տնօրէն Նարեկ Առուշանեանի անհատական ցուցահանդէսին,- Նրանք` մեր մեծերը, անձնական երջանկութիւն չունեցան, ջերմ ընտանեկան օճախից զուրկ ապրեցին, սակայն բոլոր թերլեմեզեանցիները, կրթօճախի գոյութեան օրուանից, նրանց զաւակներն են, ժառանգներն ու նրանց արուեստը կրող ժառանգնորդները: Նրանք գիտեն, որ թերլեմեզեանցի  լինելը պատիւ է ու պարտաւորութիւն: Աւելի՛ն. որ մեր մեծերը վերեւներից հսկում են մեր երթը:

ԱՐՓԵՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

1.- Փ. Թերլեմեզեան. «Կեանքիս յուշերը»:
2.- «Փանոս Թերլեմեզեանի կեանքը եւ ստեղծագործութիւնները», Մերի Կիրակոսեան, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., 2014, Երեւան, էջ 60:
3.- Փ. Թերլեմեզեան, «Կեանքիս յուշերը»:
4.- «Փանոս Թերլեմեզեանի կեանքը եւ ստեղծագործութիւնները», Մերի Կիրակոսեան ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., 2014, Երեւան, էջ 96:
5.- Նոյն տեղում, էջ 63:
6.- Գուրգէն Մահարի. Երկերի ժողովածու, հատոր V., Երեւան «Խորհրդային գրող» հրատ., 1989, էջ 427-428:

Օգտագործուած գրականութիւն
1.- Գուրգէն Մահարի, «Երկերի ժողովածու», հատոր, V, Երեւան, «Խորհրդային գրող» հրատարակութիւն, 1989 թ.:
2.- Մերի Կիրակոսեան, «Փանոս Թերլեմեզեանի կեանքը եւ ստեղծագործութիւնը», Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատարակութիւն, 2014 թ.:
3.- Եղիշէ Մարտիկեան, «Փանոս Թերլեմեզեան», Երեւան, Հայպետհրատ, 1941 թ.:
4.- Եղիշէ Մարտիկեան, «Փանոս Թերլեմեզեան», Երեւան, Հայպետհրատ, 1964 թ.:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)