Միացեալ Նահանգներ-Հիւսիսային Քորէա, Միացեալ Նահանգներ-Իրան. Կա՞ն Արդեօք Նմանութիւններ

Միացեալ Նահանգներ-Իրան յարաբերութիւնների լարուածութեան հերթական փուլի խորապատկերին շատերին հետաքրքրում է, թէ հնարաւո՞ր է արդեօք Թեհրան-Ուաշինկթըն յարաբերութիւնների կարգաւորման համար ենթադրել Փիոնկեանկ-Ուաշինկթըն յարաբերութիւնների հարթեցման ընթացքը, թէ՞ ոչ: Հարցի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

«Կը ցանկանայի հարցին պատասխանել հարցով` Իրանն ունի՞ Միացեալ Նահանգների հետ բանակցելու ցանկութիւն, թէ՞ ոչ: Այլ խօսքով, Իրանը ցանկանո՞ւմ է Հիւսիսային Քորէայի վերածուել, թէ՞ ոչ», ասաց մեր զրուցակիցը` յաւելելով, որ հէնց այս հարցն են ելակէտային համարում փորձագէտները:

Ըստ մեր զրուցակցի, հարցին պատասխանելիս անհրաժեշտ է նախ հաշուի առնել Իրանի եւ Հիւսիսային Քորէայի միջեւ առկայ աշխարհաքաղաքական տարբերութիւնները եւ, դրանց համընթաց, Միացեալ Նահանգներ ներքաղաքական զարգացումներն ու իրադարձութիւնները:

«Եթէ մի կողմ թողնենք Իրանի եւ Հիւսիսային Քորէայի պատմական տարբերութիւնները` երկու երկրների ղեկավարման հիմքում ընկած գաղափարախօսութիւնն ու փիլիսոփայութիւնը, անցած պատմական ուղին եւ քաղաքական գործընթացների զարգացումը, վերջապէս` Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների պատմութիւնը եւ ընթացքը, որոնց անդրադառնալը, բնականաբար, բաւական ժամանակ կը խլի, ապա հաստատապէս չի կարելի անտարբեր անցնել երկու երկրների աշխարհաքաղաքական տարբերութիւնների, նրանց հարեւան երկրների եւ, ընդհանրապէս, տարածաշրջանային խաղացողների վարքագծի եւ վարուելաոճի կողքով: Չմոռանանք, որ Հիւսիսային Քորէայի հարաւային հարեւանը Հարաւային Քորէան է, որն, ինչպէս փորձագէտներն են իրաւացիօրէն նշում, բնաւ էլ շահագրգռուած չէ իր հիւսիսային հարեւանի քաղաքական համակարգի փլուզմամբ եւ, ընդհանրապէս, երկու ազգակից երկրների միացումով, քանի որ դրա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական ահռելի հետեւանքները հիմնականում կրելու է հէնց ինքը: Թերեւս հէնց այդ պատճառով է, որ երկրի գործող նախագահը մեծ ռիսքի է գնացել` աշխուժ միջնորդական առաքելութիւն ստանձնելով Փիոնկեանկի եւ Ուաշինկթընի միջեւ», ասաց Արամ Շահնազարեանը:

Ինչ վերաբերում է միւս երկու հարեւաններին` Ռուսաստանին ու Չինաստանին, ըստ նրա, դրանք համարւում են Հիւսիսային Քորէայի հիմնական դաշնակիցները, որոնք Փիոնկեանկի խաղաքարտն օգտագործում են տարածաշրջանում ամերիկեան ազդեցութիւնը սահմանափակելու նպատակով եւ նոյնպէս չեն ցանկանայ այդ երկրի քաղաքական համակարգի փլուզումը: Իսկ տարածաշրջանային միւս խաղացողը` Ճափոնը, թէեւ ձգտում է Փիոնկեանկի ապամիջուկայնացմանը, այդուհանդերձ, դէմ է տարածաշրջանում յաւելեալ լարուածութեանն ու նոր մարտահրաւէրների ի յայտ գալուն: «Շեշտեմ, որ սա քորէական թերակղզու եւ Ծայրագոյն Արեւելքի հարցերով գրեթէ բոլոր փորձագէտների տեսակէտն է», յաւելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական դասաւորումներին եւ զարգացումներին` Արամ Շահնազարեանը յստակեցրեց, որ նոյնը չի կարելի ասել Իրանի եւ նրա հարեւանների յարաբերութիւնների մասին:

«Եթէ Հիւսիսային Քորէայի տարածաշրջանային ազդեցութիւնն ու խուսանաւելու հնարաւորութիւնը սահմանափակ է, ապա նոյնը չի կարելի ասել Իրանի պարագայում: Պէտք չէ աչքաթող անենք այն պարզ իրողութիւնը, որ Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանը գերիշխող տէրութիւն է, որը ոչ մի դէպքում չի զիջի իր դիրքերը: Ընդգծեմ` դա բացառուած է, քանի որ Պարսից ծոցում Իրանն ունի կենսական շահեր, որոնցից չի պատրաստւում հրաժարուել: Իսկ աւելի մեծ կտրուածքով` Մերձաւոր Արեւելքում նոյնպէս համարւում է տարածաշրջանային գերտէրութիւն, կարեւոր եւ ազդեցիկ խաղացող ու հաւասարակշռող ուժ: Այս դիրքերից Իրանը նոյնպէս չի հրաժարուի երբեւէ:

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Հիւսիսային Քորէայի համեմատութեամբ, պատկերը դարձեալ կտրուկ տարբերւում է: Սէուտական Արաբիան եւ Միացեալ Նահանգներ` որպէս Իրանի հետ ծովային սահման ունեցող երկրներ, իսկ Իսրայէլը` որպէս, այսպէս կոչուած, տարածաշրջանային հարեւան, կտրուկ դէմ են Իրանի դէմ ճնշումների թուլացմանը: Աւելի՛ն. չեն խնայում ոչինչ Միացեալ Նահանգներին Իրանի դէմ գոնէ սահմանափակ ռազմական հակամարտութեան մէջ ներքաշելու համար, որը հիմնականում կ՛արտայայտուի Իրանի ռազմավարական նշանակութեան թիրախներին կէտային հարուածների տեսքով: Պէտք չէ մոռանանք եւս մէկ կարեւոր հանգամանք. եթէ Հիւսիսային Քորէայի շուրջ հնարաւոր զարգացումները կարող են հիմնականում սահմանափակուել Քորէական թերակղզով կամ էլ Ճափոնական ծովով, ապա նոյնը չի կարելի ասել Իրանի մասին: Իրանի դէպքում դրանք կ՛ունենան տոմինոյի ազդեցութիւն` ներքաշելով ամբողջ Մերձաւոր Արեւելքը եւ մերձակայ տարածաշրջանները», ասաց նա:

Արամ Շահնազարեանը նշեց եւս մի կարեւոր հանգամանք, որը վերաբերում էր երկու երկրների քաղաքական համակարգերի նկատմամբ Սպիտակ տան մօտեցմանը:

«Քորէական թերակղզում իրադարձութիւններին հետեւող փորձագէտների կարծիքով, Սպիտակ տունը համակերպուել է Հիւսիսային Քորէայի քաղաքական համակարգի հետ` գիտակցելով, որ յարաբերութիւնների կարգաւորման համար պէտք է բանակցեն հէնց Կիմ Չեն Ընի եւ նրա կողմից նշանակուած իշխող վերանախաւի միւս ներկայացուցիչների հետ, մանաւանդ որ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների կարգաւորումը կարող է երիտասարդ առաջնորդի համար թէ՛ երկրում, թէ՛ դրա սահմաններից դուրս յաւելեալ օրինականութիւն եւ հեղինակութիւն ապահովել: Նոյնը չի կարելի ասել Իրանի պարագայում: Նախ` Իրանի ղեկավարութեանը նման ոճով յաւելեալ օրինականութիւն եւ հեղինակութեան ապահովումը չի հետաքրքրում, մանաւանդ որ դրա կարիքն էլ առանձնապէս չի զգացւում: Իսկ յետոյ` Սպիտակ տանը կան գործիչներ, աւելի որոշակի`  Թրամփի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթընն ու արտաքին գործերի նախարար Մայք Փոմփէոն, որոնց հեռահար նպատակն Իրանում վարչակարգի փոփոխութիւնն է: Դա միանաշնակ է եւ չի վրիպում ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ փորձագէտների եւ միջազգային հանրութեան աչքից», նշեց նա:

Եզրափակելով թեման` Արամ Շահնազարեանն ասաց, որ, իր կարծիքով, այս պահին Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւններում հիւսիսքորէական բեմագրութեան տարբերակը բացառուած է: «2020 թուականի Միացեալ Նահանգներ նախագահական ընտրութիւնների խորապատկերին Իրանում ուշադրութեամբ հետեւում են Միացեալ Նահանգներ ներքաղաքական զարգացումների ընթացքին, որոնք, ինչ խօսք, անմիջականօրէն կարող են ազդել Իրանի կապակցութեամբ Սպիտակ տան քաղաքականութեան վրայ: Իր կարծր դիրքորոշմամբ Թեհրանը փորձում է սահմանափակել նախագահ Թրամփի խուսանաւելու հնարաւորութիւնը` նախագահական ընտրութիւններին ընդառաջ նրա համար կտրուկ մեծացնելով Իրանի հետ առճակատման ռիսքերն ու դրա հնարաւոր հետեւանքները: Ու թէեւ սխալուած չենք լինի, եթէ նշենք, որ Թրամփի գործողութիւններում մեծ է անկանխատեսելիութեան գործօնը, այդուհանդերձ, դժուար թէ ընտրութիւնների նախօրէին նա ցանկանայ ներքաշուել այնպիսի մի հակամարտութեան մէջ, որը կարող է ճակատագրական լինել իր համար: Այնպէս որ, դժուար թէ առաջիկայ ամիսներին Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւններում կտրուկ շրջադարձի ականատեսը լինենք: Ի հարկէ, երբ նման նուրբ եւ զգայուն, այսպէս կոչուած, ճատրակի խաղի մի կողմն Իրանի փորձառու եւ ճկուն ղեկավարութիւնն է, իսկ միւս կողմը` Թրամփի պէս անկանխատեսելի խաղացողը, երբեք պէտք չէ մտաթող անել նաեւ ճէյմսպոնտեան յայտնի ասացուածքը` «Never Say Never»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)