Վերին Եփրատի Աւազանի Հայկական Գիւղերը Շարունակում Են Արտասուել

ՀԱՆՐԻԵԹ ԹՈՓՈՒԶԵԱՆ ՊԱՇՕՂԼՈՒ
Թարգմանեց` ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Հայ Հոռոմները

Երբ զբօսնում էինք Էղինի շրջակայ գիւղերով, հանդիպեցինք մի ժամանակաշրջան Արաֆում ապրած հայ հոռոմներին պատկանող եկեղեցիների: Որո՞նք էին այդ հայ հոռոմները: Յունական աղբիւրների համաձայն, նրանք հայերէն խօսող ու գրող յունական համայնքի ներկայացուցիչներն էին, որոնք յոյն ուղղափառ պատրիարքութեան եկեղեցական ծէսերը կատարում էին հայերէն ու թուրքերէն: Նրանց ծագման մասին կան տարբեր տեսակէտներ: Դրանցից առաջինը յոյն պատմաբան Քսենոփոնի «Նահանջ բիւրոց. Անաբասիս» գրքում է: Ըստ նրա, Ալեքսանդր Մեծը Ասիա կատարած արշաւանքի ժամանակ, անվտանգութեան նկատառումներով, յոյն զինուորներին թողնում է արեւելեան Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան, «Ակունք»-ի խմբ.): Զինուորները հայ կանանց հետ են ամուսնանում, ձուլւում ու յունարէնը մոռանում: Մէկ այլ տեսակէտի համաձայն, Քաղկեդոնի որոշումները չընդունած հայ ու ասորի համայնքների նկատմամբ կիրառուած ճնշումներին դիմակայելու համար մի խումբ հայեր յունացել են: Նրանք ապրել են վեց գիւղերում: Դրանցից չորսը Էղինի շրջակայքի` Վանք (Եաքաքէօյ), Ձորակ (Քարապուլութ), Մուսէկայ (Քոչաչիմեն) ու Շիրզու (Էսենթեփէ) գիւղերն են: Մամսան (Ալաքուշ),  Չեմիշքեզեքին (Չմշկածակ, «Ակունք»-ի խմբ.) էր կից, իսկ Հոկուսը` Քեմախին: Յայտնի է, որ Համաշխարհային Ա. պատերազմի ժամանակ դէպի Էրզրում (Կարին, «Ակունք»-ի խմբ.) ու Երզնկա ռուսների առաջխաղացումը խանդավառութեամբ ընդունող Հոկուս գիւղում գտնուող հայ հոռոմները պատերազմի աւարտին ռուսների հետ քաշուելով` Ռուսաստան են գաղթել. 1924թ. պայմանագիրով Յունաստան ուղարկուած 70 ընտանիք տեղափոխուել է Էղրիպոզի հիւսիսում գտնուող Կաստանիոտիսիա ու հիմնել Նոր Էղինը, 50 ընտանիքի էլ Սելանիկի (Սալոնիկ, Թեսաղոնիկէ, «Ակունք»-ի խմբ.) մօտակայքում գտնուող Տիաւաթայ բնակավայր է տեղափոխուել: Այդ ամէնի պատճառով այդ համայնքի ոեւէ ներկայացուցիչ չէր մնացել:

Գանձագողերը Ջարդ Ու Փշուր Են Արել Եկեղեցին

Շրզը (Էսենթեփէ) գիւղում եղել է հայ հոռոմների հոծ բնակչութիւն: Գիւղում աւերուած շէնքերը փորձում են դիմակայել ժամանակի փորձութեանը: Այնտեղ է գտնւում արտաքուստ բաւականին լաւ տեսք ունեցող հայ հոռոմների` Ս. Յովհան Ոսկեբերան եկեղեցին: Երբ փոքր բակից մտանք եկեղեցի, տեսանք, որ գանձագողերը քարուքանդ են արել եկեղեցու ամէն անկիւն: Պատերից, առաստաղից ու յատակից ոչինչ չէր մնացել: Պատի վրայ հայերէն մակագրութիւն գտանք, թէ եկեղեցին վերանորոգուել է Էղինի Վանք գիւղից Ստեփան ամիրայի որդի Անաստասի կողմէ, 1873թ. մարտ ամսին: Դրա նման որոշ մակագրութիւններ կան Վանք գիւղի աղբիւրի մօտ ու Էղինի թանգարանում: Եկեղեցու արտաքին պատերի վրայ մեծ ու փոքր խաչերը դեռեւս իրենց տեղում են: Վերադառնալիս ձեռքս ընկաւ տեղական «Հասրեթ» թերթը: Մի անկիւնում հրապարակուած լուրը գրաւեց իմ ուշադրութիւնը: Այնտեղ նշուած էր. «Եկեղեցին վերականգնւում է ու բացւում որպէս սրբատեղի, զբօսաշրջութեան զարգացման համար»: Երբ նայեցինք լուրի մանրամասները, տեսանք, որ վերը նշուած եկեղեցին վերակառուցուելու է քաղաքապետարանի կողմից: Լաւ է այն փաստը, որ կանխւում են եկեղեցու հետագայ թալանն ու աւերումը: Յուսով եմ, որ վերակառուցումը կ՛իրականացուի վարպետների կողմից:

104 Տարի Յետոյ Պապիս Գիւղում Եմ

Էղինից մօտ 50 րոպէ հեռաւորութեան վրայ գտնուող Փոքր Արմտան (ներկայիս` Արմութլու) գիւղ գնացինք: Արմտանն այժմ Իլինչ շրջանում գտնուող գիւղ է: Էղինում սրածայր լեռնային տեսարանից յետոյ Եփրատի ափով առաջ շարժուեցինք: Հիասքանչ դաշտերի, հովիտների մօտով հասանք Փոքր Արմտան: Ճանապարհի եզրին գտնուող փոքր գիւղերը Ալպեան գիւղերն էին յիշեցնում, սակայն, ցաւօք սրտի, ներսը բոլորովին նրանց նման չէր: Երբ ասում եմ` Արմտան, նախեւառաջ մտքիս է գալիս պապս, որին ընդհանրապէս չեմ տեսել, ապա` գրող Յակոբ Մնձուրու «Արմտան» գիրքը: Աղբիւրների համաձայն, Փոքր Արմտան գիւղում ապրում էր 580 մարդ, այսինքն` 75 հայ ընտանիք. այնտեղ եղել է Ս. Աստուածածին եկեղեցին ու Մեսրոպեան դպրոցը:

Պապս 1902թ. ծնուած փոքրարմտանցի Գաբրիէլ Գոգանեանն է: Նա գիւղի փալանագործ Թորոսի որդին է եղել: 87 տարեկան մօրս պատմածների համաձայն, նրանց տունը գիւղի ամենամեծ քարէ տներից մէկն է եղել: Իրենց տան առջեւով Պաղջուր կոչուող շատ սառը աղբիւր է հոսել: 1915թ. առաջ որոշ ժամանակով նրանք Պոլիս են գնացել ու ապրել Սամաթիայում, սակայն պապիկիս հայրիկ Թորոս էֆենտին Արմտանի օդից, ջրից ու գիւղի գեղեցկութիւններից յետոյ մեծ քաղաքում չի կարողացել ապրել ու վերադարձել է իր գիւղը:

1915-ից Յետոյ Տեղի Ունեցած Իրադարձութիւնները

Պապս 104 տարի առաջ իր գիւղում 13 տարեկան հասակում ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանութեանը: Իր եղբայրներից Միքայէլի հետեւից` «Ափա՛ր, ինձ էլ տար» խօսքերը մինչեւ մահ չմոռացաւ: Պապս շաբաթներ շարունակ իր ընկերոջ հետ սոված, ծարաւ, քարանձաւներում թաքնուելով` հասել է Արաբկիր: Այնտեղ մի իմամ պապիս իր տանն է թաքցրել: Նրան տուել է Քեամիլ անունը: Նոյնիսկ մի Ղուրանի վրայ Քեամիլ է գրել ու ապահովութեան համար ասել է, որ այն միշտ իր մօտ պահի: Բացի այդ` պապիս սովորեցրել է նաեւ Ղուրան կարդալ: Մի տարի շարունակ իմամի տանը մնալուց յետոյ իմամին օգնող իմ պապով սկսում են հետաքրքրուել իմամի աղջիկները: Իմամը պապիս առաջարկում է ամուսնանալ իր աղջիկներից մէկի հետ: Պապս այդ առաջարկը չի ընդունում ու ասում է, որ այլեւս նրանց տանը մնալը ճիշդ չէ: Դրանից յետոյ իմամը ցանկանում է, որ նա գիւղում երկու երեխայի հետ այրիացած մի հայ կնոջ մօտ մնայ ու օգնի նրան: Այդ կնոջ ամուսինը զինակոչուել էր ու այլեւս չէր վերադարձել: Երկու երեխայ ունեցող այրի կինն ու պապս երեք տարի միմեանց օգնել են: Պապս Արաբկիրում փոքր հասակում այս միութիւնից մի երեխայ է ունենում, սակայն նա իր գլուխն է գցած լինում Պոլիս գնալու միտքը, ու կինն էլ այդ ցանկութեանը ըմբռնումով է մօտենում: Երբ պապս իմացել է, որ ճանապարհները ապահով են, Պոլիս է գնացել, չնայած, որ տղան դեռեւս մի քանի օրական է եղել: Անյայտ է, թէ ինչո՛ւ, սակայն նա ո՛չ իր որդի Գէորգով է հետաքրքրուել, ո՛չ էլ` Արաբկիր լուր ուղարկել: Պոլսում մի նոր կեանք է սկսել ու Թագուհի անունով մի աղջկայ հետ ամուսնացել: Ամուսնութեան ժամանակ պապս ակնարկել է, որ տղայ երեխայ ունի: Սակայն կինը ականջալուր չի եղել, քանի որ մտքով չի անցել, որ այդքան փոքր հասակում պապս կարող էր երեխայ ունենալ: Գաբրիէլի ու Թագուհու ամուսնութիւնից 3 տղայ ու 1 աղջիկ է ծնւում: Տարիներ են անցնում: Մի օր Գաբրիէլի տան դուռը թակում են: Դուռը Թագուհին է բացում ու ապշում Գէորգի ու Գաբրիէլի նմանութիւնից: Նա յիշում է պապիս խօսքերն ու իր որդուն ասում. «Միքայէլ վազի՛ր, հօրդ ասա, որ իր տղան է եկել»: Այդ տեսարանին ականատես եղած մայրս իր մօր բերանից դուրս եկած երկրորդ նախադասութիւնը երբեք չի մոռանում. «Նե՛րս արի, որդի՛ս, սա նաեւ քո տունն է»: Ջուրը վերջապէս իր հունը գտել էր: 1915թ. ցաւերը, թէեւ ուշ, բայց երբեմն թոյլ են տուել նման գեղեցիկ ու երջանիկ պահեր ապրել: Այդ երջանկութիւններից մէկն էլ այն էր, որ տարիներ անց գտել են պապիս քոյր Վարդուհուն, որին մահացած էին կարծում:

Սակայն երբ մտածում են, որ ամէն ինչ արդէն կարգին է, «Ունեցուածքի հարկ»-ն է կիրառւում, շատ դժուարութեամբ ձեռք բերած կեանքը մի օրում ձեռքներից խլւում է: Իսկ պապիս ամենաշատը կոտրել է այն, որ հարկը վճարելուց մի քանի օր անց ներում է կիրառուել: Այս բոլոր դժուարութիւնների մէջ 5 երեխային ու ընտանիքի ապրուստը հոգալ փորձող պապիս սիրտը չդիմացաւ: Նա 58 տարեկան հասակում մահացաւ:

Արմտանը Կարծես Լքուած Լինի

Արմտանի մէջ մզկիթի վերածուած եկեղեցի մը

Ահա ես, 104 տարի յետոյ, կրկին ապրիլ ամսին, պապիս գիւղում` Արմտանում եմ: Գիւղի տեսարանը, ներկայացուածի նման, շատ գեղեցիկ է: Հեռուից տեսնելով քարէ տները` ոգեւորուեցի: Պատմութիւնները ճիշդ էին: Սակայն երբ մտանք գիւղ, ցաւօք սրտի, տխուր տեսարանի ականատես եղանք: Ո՛չ պտղատու ծառեր կային, ո՛չ այգիներ, ո՛չ էլ գուռ-գուռ հոսող ջրեր. կանգուն մնացած որեւէ տուն, եկեղեցի, դպրոց չկար: Գիւղը ամբողջութեամբ լքուած է: Քարէ շէնքերի մեծ մասից միայն պատերն են մնացել, խարխուլ վիճակում: Իմ մայրիկի պատմած` բաւականին մեծ քարէ տները փնտռելու ժամանակ որոնում էի նաեւ այն տունը, որի տակից Պաղջուրն էր հոսում: Սակայն` ապարդիւն: Մինչդեռ իր յուշերում ու «Արմտան» գրքում գրուած էր, որ գիւղը առատ է աղբիւրներով: Գիւղում շրջելիս տարեց մի պարոն եկաւ ու մեզ հարցուփորձ արեց: Երբ ես ասացի, որ 104 տարի յետոյ եկել եմ իմ պապի գիւղ ու նրա տունն եմ փնտռում, նրա շրթունքների վրայով մի թախծոտ ժպիտ անցաւ: Նա ասաց, որ 60 տարի է, ինչ այդ գիւղում է ապրում, ու որ գիւղում երկու տարեց մարդուց բացի` ոեւէ մէկը չի մնացել: Գիւղում հայերից մնացած Քահանայի տուն կոչուած աւերակ քարէ տունը ներկայումս փորձում է դիմակայել ժամանակի փորձութեանը: Քահանայատուն կոչուող մի շէնք եւս կար, որի կտուրը չկար, իսկ պատերը ճիգեր էին գործադրում կանգուն մնալու համար: Կարծում եմ, որ դա Մեսրոպեան դպրոցն է եղել: Շէնքի ապակիներից այդ տպաւորութիւնը ստացայ: Գիւղի բնակիչը պատմեց նաեւ, որ գիւղի եկեղեցին քանդուած է, սակայն ուշադրութեամբ նայելիս նկատում ենք, որ ներքին հատուածը պահպանուել է, ու մզկիթը կառուցուել է եկեղեցու հիմքի վրայ: Յակոբ Մնձուրու տան տեղը հարցրեցի նրան: Նա պատասխանեց, որ գրող Մնձուրուն շատ լաւ է ճանաչում, սակայն նրա տունը, ցաւօք սրտի, չկայ. աւերակների է վերածուել: Իսկ երբ հարցրեցի հոսող ջրերին մասին, նա պատասխանեց. «Ես ինչքան յիշում եմ` այս գիւղում ջուր չի հոսել»: Աւելի շատ ուսումնասիրելուց յետոյ տեղեկացայ, որ երբ գիւղերը լքուել են, ծառերի արմատները ժամանակի ընթացքում ջրի աղբիւրները փակել են, ինչի պատճառով աղբիւրները չորացել են կամ փոխել են հունը: Ահա այդ գիւղում էլ նոյն նախադասութիւններն եմ ասում, գիւղում հայ չկայ, ծառ չկայ, բերք չկայ, ջուր չկայ, արտադրանք չկայ, չկայ ու չկայ: Տարբեր զգացմունքեր եմ ունենում` ցաւ, տխրութիւն, երջանկութիւն, բարկութիւն, կարօտ, բաժանութիւն ու այս բոլորը` միաժամանակ:

Կոկորդս խեղդւում էր, աչքերումս` մի քանի կաթիլ արցունք, հոգումս թախիծ` հեռացայ գիւղից: Մեր դիմաց Մեծ Մրմտան գիւղը տեսանք ու մեքենայով երկու րոպէում հասանք այնտեղ: Դա էլ Փոքր Արմտանից չէր տարբերւում. աւերակ էր, մինչդեռ հին արձանագրութիւններում ասւում է, որ այնտեղ 1300 հայ է ապրել, 1 վանք, 1 եկեղեցի, 1 տաճար ու 1 մեծ դպրոց է եղել: Ցաւօք սրտի, այդ ամէնից ոչինչ չի մնացել: Այն Փոքր Արմտանից աւելի վատ վիճակում է, քանի որ քարէ շէնքերը քանդուել են, դրանց տեղերում տգեղ տներ են կառուցուել. քարէ տները աւերուել են, իսկ քարերը օգտագործուել են ախոռների կառուցման մէջ:

«Ակօս» Եւ «Ակունք»

(Շարունակելի)

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)