Վերին Եփրատի Աւազանի Հայկական Գիւղերը Շարունակում Են Արտասուել

ՀԱՆՐԻԵԹ ԹՈՓՈՒԶԵԱՆ ՊԱՇՕՂԼՈՒ
Թարգմանեց` ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Եփրատը

Հայոց պատմութեան մէջ ամենահին բնակավայրերից մէկը` Վերին Եփրատի աւազանը, հեթանոսական ժամանակաշրջանից ի վեր մեծ կարեւորութիւն է ունեցել: Յատկապէս Քեմահ-Երզնկա-Թերճան գիծը հեթանոսական ժամանակաշրջանի կարեւոր կենտրոն է եղել. այդտեղ Անահիտի, Արամազդի, Միհրի, Նանէի տաճարներն են կառուցուել: Ներկայումս Անահիտի պաշտամունքը շրջանում իր կարեւորութիւնը տարբեր ձեւերով պահպանում է:

ՆՔ 331թ. հայ իշխանները հռչակում են իրենց անկախութիւնը եւ հիմնադրում Մեծ Հայքը` Եփրատի արեւելքում, Փոքր Հայքը` Եփրատի հիւսիսում: Ըստ հայոց պատմութեան աղբիւրների, 1021 թ. Վասպուրականի շրջանի թագաւոր Սենեքերիմ Արծրունին իր հողերը ստիպուած է եղել թողնել Բիւզանդիայի կայսր Բարսեղ Բ.ին, ու դրա դիմաց ստացել է Սեբաստիա ու Կապադովկիայի շրջանը: Այսպիսով, Վասպուրականի շրջանից գաղթ է սկսւում: Շրջան են տեղափոխւում 14.000-անոց բանակն ու բազում ընտանիքներ: Առեւտրային ու մշակութային ոլորտում մեծ կարեւորութիւն ձեռք բերած շրջանը 12-րդ դարի վերջում մտնել է սելճուկեան տիրապետութեան տակ, ապա ենթարկուել Լենկ Թեմուրի գազանութիւններին, իսկ երբ Սելիմ Եաւուզը Չըլտըրանում յաղթանակ տարաւ, շրջանն անցաւ օսմանեան տիրապետութեան տակ: 1915թ. Ցեղասպանութիւնից յետոյ այն մշակութապէս եւ բնակչութեան ազգային կազմի առումով ամբողջովին փոխուել է:

Շրջայցի Սկզբնակէտը Սվազն Էր (Սեբաստիա, «Ակունք»-ի Խմբ.)

Վերին Եփրատի աւազանում իմ շրջայցն սկսեցի Սվազից: Երբ շրջում էինք քաղաքի կենտրոնում գտնուող սելճուկեան ժամանակաշրջանում կառուցուած կառոյցներով, անհնար էր չհիանալ այդ կառոյցների ճարտարապետութեամբ, յատկապէս` Տիւրիղի (Տեւրիկ, «Ակունք»-ի խմբ.) Ուլու մզկիթի դռներով: Սելճուկեան ճարտարապետութիւնն ազդուել է հայկականից ու օգտագործել հայ շինարարների տաղանդը: Յայտնի է, որ 1915թ. առաջ շրջանի կենտրոնում կար մօտ 20.000 հայ բնակչութիւն, իսկ գաւառներում ու գիւղերում ապրում էր մօտ 80.000 հայ: Այստեղ էին գտնւում Ս. Սարգիս, Ս. Մինաս, Ս. Փրկիչ, Ս. Գէորգ, Քառասուն Մանուկ ու Ս. Աստուածածին եկեղեցիները, բացի այդ` առաջին քրիստոնեայ նահատակներից Ս. Վլասին պատկանող մի մատուռ: Ս. Վլասի գերեզմանը մուսուլմաններն էլ են սուրբ համարել. այն ուխտատեղի է եղել նաեւ նրանց համար: Նաեւ Սվազի կենտրոնում են եղել` երկու հայ աւետարանական, մէկ հայ կաթոլիկ եկեղեցիներ, մէկ հիւանդանոց, մէկ թատրոն, գործել է 13 դպրոց, հրատարակուել է երկու տեղական թերթ: Իսկ 1915թ. յետոյ վերադարձած մի բուռ ժողովուրդն արդէն դպրոցներում չէր կարող սովորել, սրբավայրերը այնպիսի վիճակում էին, որ կարգի բերելը դժուար էր: Եկեղեցու եւ դպրոցի շէնքերը վերածուել էին զինուորական կայազօրի, իսկ 1952թ. ամենավսեմ Ս. Աստուածածին եկեղեցին կառավարութեան որոշմամբ պայթեցուել է: Այսօր այդտեղ միայն մի քանի պատերից ու իրենց գոյութիւնը պահպանել փորձող մի քանի ընտանիքներից բացի` ոչինչ չի մնացել:

Սեբաստիոյ Ս. Գէորգ եկեղեցին

Դէպի Էղին (Ակն, «Ակունք»-ի Խմբ.) Տանող Ճանապարհին Ընկած Եզակի Տեսարաններ

Տիւրիղից ճանապարհ ընկանք դէպի Քեմալիյէ (Էղին): Մնձուր ու Քէշիշ լեռների միջեւ, դէպի Երզնկա գնացող Եփրատի ափին, բազմաթիւ փապուղիներ, սրածայր ժայռեր ու սուր դարձուածքներ ունեցող ճանապարհներով փորձեցինք այնտեղ հասնել: Անհնար է, որ այդ ընթացքում չբարձրանայ մարդու ջերմաստիճանը: Շրջանի ուղղաձիգ ու բարձր լեռներն այնպիսի զգացողութիւն են ստեղծում, կարծես գոթական եկեղեցու մէջ լինես: 8 քմ երկարութեամբ Թաշէօլը տեղ է գտել աշխարհի ամենավտանգաւոր ճանապարհների մէջ: Ճանապարհի կառուցումը տեւել է 132 տարի: Ականատես ենք լինում` քարքարուտների, Եփրատի ուղղաձիգ ժայռուտներից հոսող մեծ ու փոքր ջրվէժների, քարանձաւների, ժայռերի վերեւից մեզ ողջունող վայրի այծերի, բազէների, իւրայատուկ բնութեան: Երբ ճանապարհն աւարտւում է, երեւում է Եփրատի երկաթէ Շըրզու կամուրջը: Ժողովրդի մէջ այն յայտնի է «Ատելութեան կամուրջ» անունով: Սակայն այդ անունը ինձ չի յիշեցնում Բարբարոս Պայքարայի նոյն վերնագրով գրած ազգայնական վէպը, այլ յիշեցնում է 1890-91 թթ. համիտիէ զօրաջոկատների կողմից իրականացուած կոտորածները եւ հետագայում` 1915թ., այդ կամրջի վրայ կատարուած վայրագութիւնները: Այն, որ Հին Շըրզու կամուրջը կառուցուած է եղել փայտից եւ ունեցել է ճարտարապետական գեղագիտութիւն, հասկանում ենք ժամանակաշրջանի նկարիչների նկարներից: Ներկայումս, ցաւօք, այդ ինքնատիպ կամուրջը ջրի տակ է մնացել, հէնց վերեւում անշուք, երկաթից կառուցուած Նոր Շըրզու կամուրջն է: Երբ տեսանք այդ կամուրջը, հասկացանք, որ հինգ րոպէ յետոյ Էղինում ենք լինելու:

Էղին Կամ Ակն

Հայկական տուն մը Ակնի մէջ

Էղին մտնելիս անմիջապէս յիշեցի Գարեգին վրդ. Սրուանձտեանցի հետեւեալ նախադասութիւնները, որոնք նա գրել է 1879թ. շրջան գալու ժամանակ. «Հէ՜յ, յայտնի քաղաք, մտքովս կ՛անցնէ՞ր, որ դու քո այցելուներին այսքան դժուարութիւն կը պատճառես: Քարերից, խոտերից, վախերից, մեզ արեան ու քրտինքի մէջ թողնող բլուրներից յետոյ անմիջապէս ձորակի գագաթից Էղինն է երեւում: Այն կարծես մի դրախտավայր լինի` գեղեցիկ շէնքերով ու ծառերով: Անհրաժեշտ է իջնել մինչեւ հովտի վերջ, Եփրատի թագաւորութեանը ողջունել, յետոյ էլ կամրջով անցնել: Ահա այդ ժամանակ հասկանում ես, թէ դրախտ թուացող քաղաքը ինչքան դժուար ու անանցանելի քարքարուտ մի վայրում է գտնւում: Մարդ ինչպէս որ կը դժուարանար պատ կամ աշտարակ մագլցել, մենք այդքան դժուարացանք Էղին հասնելու ժամանակ: Մի հէնք ունէինք, այն էլ քարէ աստիճաններն էին, շռնդալից, գուռ-գուռ հոսող ջրերը, փողոցում գտնուող պատերից դէպի վեր սլացող ու շրջակայքը գեղեցկացնող ծառերի կանաչ տերեւները»:

Էղին անունը ծագում է հայերէն ակն բառից, որը նշանակում է` աղբիւր: Այդ շրջանը արժանի է իր անուանը, քանի որ ամէն անկիւնից ջուր է յորդում: Ժամանակի ընթացքում անունը Էղին է փոխուել, իսկ 1922 թ. տրուել է Քեմալիյէ անուանումը: Սակայն հնում կիրառուած տեղանունները թուրքացնող մտածելակերպը համարում է, որ Էղին անունը թուրքերէն «աղ իւրթ» բառից է ծագում, որն ունի «Դրախտի նման գեղեցիկ պարտէզ» նշանակութիւնը: Թէ որն է Էղին անուան ծագումը, թողնում եմ ձեր հայեցողութեանը:

Ընդունուած է համարել, որ հին էղինցիները եկել են Վասպուրականի շրջանի Անի քաղաքից: Օսմանեան ժամանակաշրջանում երկու հարիւր տարի շարունակ այս փոքրիկ արուարձանը պալատին ամիրաներ, անթիւ գրականագէտներ, քաղաքագէտներ, երաժշտագէտներ ու արուեստագէտներ է տուել: Ջելալիների ապստամբութեան ժամանակ այդ շրջանի ժողովուրդը գաղթել է այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են` Իզմիթը (Նիկոմեդիա, «Ակունք»-ի խմբ.), Ատըպազարը, Իզմիրը (Զմիւռնիա, «Ակունք»-ի խմբ.), Պուրսան, Թեքիրտաղը: 18-րդ դարից ի վեր այստեղից աշխարհի բազմաթիւ շրջաններ տարատեսակ ապրանքներ են արտահանուել ու ներկրուել: Հայ ընտանիքները արտահանումը, ներկրումն ու արտադրութեան հոսքը կարգաւորելու նպատակով ընտանիքի անդամներից ոմանց ուրիշ քաղաքներ են ուղարկել, իսկ երիտասարդներին էլ բարձրագոյն կրթութիւն ստանալու համար` Պոլիս ու արտասահման ուղարկել: Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը Էղինի ու Էնչիթի (Թոփքափը) մօտով էր անցնում ու Երզնկա հասնում: Յայտնի է, որ Էնչիթի գիւղում 1915թ. առաջ ոսկու սակարան է եղել: Ապտիւլ Համիտ Ա.ը 1779թ. հրապարակում է «Գաղթ դէպի տուն» կոչուող օրէնքը, որով արգելւում էր դէպի Պոլիս ու Արեւմուտք բնակիչների գաղթը, քանի որ այնտեղից հեռացածները այլեւս չէին վերադառնում: Իսկ 1896թ. համիտիէ գնդերի կողմից Էղինում իրագործուած աղէտն ու իսլամացման գործողութիւնները պատճառ են դարձել Էղինից արտագաղթի:

Առեւտրային Կենտրոն

Այս շրջանում գիւղատնտեսական հողերը քիչ են, սակայն պտղատու ծառերը բազմազան են ու շատ: Թթի մշակման հետ մէկտեղ հայերը սկսել են զբաղուել նաեւ շերամապահութեամբ: Գորգագործութիւնը, ոսկերչութիւնը եւս մեծ նշանակութիւն են ունեցել: Էղինցի հայ վաճառականները այդ ապրանքները վաճառում էին այնպիսի երկրներում, ինչպիսիք էին` Անգլիան, Ֆրանսան, Գերմանիան, Աւստրիան, Իրանը: Էղինցիների ամենահանգիստ ժամանակահատուածը 1750-1850թթ. էին: Այդ ժամանակաշրջանում սուլթանի սատրազամների (վարչապետ, «Ակունք»-ի, խմբ.), հաշուապահները, ատենապետները, պալատական ոսկերիչները Էղինից էին: 20-րդ դարի սկզբին Էղինում մօտ 300 վաճառական կար: Իրենց հարստութեան շնորհիւ` նրանք 1895թ. համիտիէ զօրաջոկատներին մեծ գումարներ են վճարում ու փրկւում մահից, սակայն միայն մէկ տարի են կարողանում հանգիստ շունչ քաշել: Յաջորդ տարի չեն կարողանում կանխել 3000-ից աւել մարդու սպանութիւնը: Ըստ 1914թ. եկեղեցական արձանագրութիւնների, Էղինում եղել է 16.741 հայ, 25 եկեղեցի, 3 վանք ու 20 դպրոց, որտեղ ուսանել է 1300 աշակերտ:

Պտղաբերութեան Աստուածուհի Անահիտը

Ներկայումս 18 տեսակի թթի ծառ կայ, որով հպարտանում էին էղինցիները: Սակայն նրանից մետաքս ստացող վաճառական չկայ: Անասնապահութեամբ զբաղուելը դադարել է կամ դադարեցուել, մանելու թել, գործելու գորգ չկայ: Էղինից 40 քմ հեռաւորութեան վրայ ոսկու հանք է գտնւում: Ոսկի կայ, բայց ոսկին մշակող արհեստաւոր չկայ: Կարճ ասած, եթէ հայ չկայ, հարստութիւն էլ չկայ: Հայերից միայն գեղեցիկ տներն են մնացել: Արժէ տեսնել այստեղի տների գեղեցկութիւնն ու ճարտարապետութիւնը: Էղինը լերան լանջին հիմնադրուած վայր է: Ամէն տեղից աղբիւր ու բարիք է յորդում: Տների դռների թակիչները արուեստի գործեր են: Խաչաձեւ թակիչների կողքին, թուրքական շամանական աւանդութային նշաններ էլ կան: Տների յատակի կառուցման մէջ օգտագործուած «կաւճին» կոչուող քարերը այդ տներին մի առանձին շուք են հաղորդում: Ակնյայտ է, որ այդ անունն էլ է հայերէն: Որոշ տների վրայ պտղաբերութիւնը խորհրդանշող կրծքաձեւ ելուստներ կան: Դա ոչ այլ ինչ է, քան` պտղաբերութեան աստուածուհի Անահիտի խորհրդանիշը: Տները ծածկուած են ուղղահայեաց տնկուած փայտերով: Դրա պատճառն այն է, որ ձիւնն ու անձրեւը շէնքերին վնաս չտան: Ներկայումս գեղեցիկ տները տգեղ թղթէ ցուցանակներով են ծածկուած: Վերականգնողներն էլ ասում են, որ դա արուել է անգիտակցաբար, սակայն դա լաւ պաշտպանական մեթոդ է: Այդ ցուցանակների շնորհիւ` շէնքերը փրկուել են վնասուելուց:

Հայերից Մնացած Միակ Եկեղեցին

Թակիչ մը Ակնի մէջ

Էղինի կենտրոնում կանգուն մնացած հայկական միակ կոթողը Օճաք գիւղի մուտքի մօտ գտնուող եկեղեցին է: 1915 թ. լքուած եկեղեցին նախ վերածուել է գորգագործական հիմնարկի, ապա` բանտի: 1990 թ. լքուած եկեղեցին ներկայումս բաժանուած է երեք մասի` գորգագործական արհեստանոց, թանգարան ու սրճարան: Սուրճս խմելիս սիրտս ցաւում էր, սակայն երբ տեսայ մնացած աւերակները, փառք տուեցի Աստծուն, որ գոնէ այս կառոյցը կանգուն է մնացել:

Ապուչեհ գիւղում կամ էլ ներկայիս անունով` Ապչահայում, 1914 թ. արձանագրութիւնների համաձայն, ապրում էր 1920 հայ (320 տուն). այնտեղ կային Ս. Նշան ու Ս. Գէորգ եկեղեցիները, գործում էր 3 դպրոց: 1847 թ. տարեգրքերում առկայ է արձանագրութիւն առ այն, որ գիւղից դուրս երեք աւերակ եկեղեցի է եղել` Ս. Թորոս, Ս. Սահակ ու Ս. Յակոբ անուններով: Շեփիքեանի արձանագրութիւններում կայ յիշատակում, որ Ս. Թորոս մատուռը գտնւում էր գերեզմանատան ներսում: Երբ գիւղի բարձրադիր հատուածում սուրճ էինք խմում, ասացին, որ ներքեւի հատուածը հին հայկական գերեզմանոց է եղել: Երբ ուշադիր նայեցինք գերեզմանոցի եզրին, տեսանք երկու մեծ քարեր: Մի փոքր քայլելուց յետոյ բանաստեղծ Թեճերի տան առջեւ յայտնուեցինք: Այդ տունը հիմա թանգարանի է վերածուել: Այդ տան կողքին գտնուող դատարկ տարածքը ուշադրութիւն է գրաւում: Հողատարածքի մէջ եւ եզրերին կան պատմական նշանակութիւն ունեցող աստիճաններ, ջարդուած սիւների կտորներ: Երբ մի փոքր ուսումնասիրութիւն կատարեցի, իմացայ, որ այդտեղ եղել է մի հին հայկական եկեղեցի: Այդ տարածքի եզրերին քարեր տեսանք, որոնց վրայ խաչեր կային: Եկեղեցուց մնացած քարերի մի մասն անմիջապէս եկեղեցու հետեւում գտնուող ախոռի առջեւում էր կուտակուած: Ուշադիր նայելիս տաշած քարերի վրայ զարդանախշեր նկատեցինք:

«Ակօս» Եւ «Ակունք»

(Շարունակելի)

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)