Ֆրանսական Նահանջ Նաեւ Հայկական Արցախի՞ց

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ

Ֆրանսական դատարանների վերջերս կայացրած վճիռների ուժով, ինչպէս յայտնի է, չեղարկուել են Ֆրանսայի տարբեր քաղաքների եւ Արցախի բնակավայրերի միջեւ կնքուած բարեկամութեան ու ապակենտրոնացուած համագործակցութեան մասին հռչակագրերը:

Ֆրանսական դատարանների այդ, ըստ էութեան, միանշանակ աղմկայարոյց վճիռների արձագանգները, բնականաբար, չուշացան: Անսպասելի չէր, որ առաջին արձագանգները հնչեցին Պաքւում: «Մեր դիւանագիտութիւնը ազդեցիկ յաղթանակ է տարել: Ընդ որում` մի դաշտում, որը Հայաստանը տասնամեակներ շարունակ համարում էր իրենը»: Սա իշխանամէտ մինուալ.ազ լրատուական կայքի ուրախութեան ճիչն է, ինչը տարբեր ձեւակերպումներով, բայց միեւնոյն տօնական հնչերանգով արձագանգ է ստացել Ազրպէյճանի անխտիր բոլոր լրատուամիջոցներում: Պաքուն ամենեւին չի էլ թաքցնում, գուցէ թէ թաքցնելու կարիք էլ չունի, որ «հռչակագրերի դատական չեղարկման» այդ ողջ գործընթացն իրականացուել է ֆրանսական իշխանութիւնների, որոշակիօրէն` արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարութիւնների հրահանգով:  «Ահա աւելի քան 4 տարի է, ինչ Ֆրանսայի յատուկ փաստաբանական կառոյցները, ազրպէյճանական կողմի յանձնարարութեամբ, իրագործել են գործունէութիւն` ուղղուած դատաքննութեան միջոցով տեղական կազմաւորումների ղեկավարների իրաւաբանական լիազօրութիւնների եւ յօգուտ հայկական սփիւռքի կազմակերպութիւնների նրանց գործունէութեան անհամապատասխանութեան ապացուցմանը: Երկար պայքարից յետոյ «Ղարաբաղի անկախութեան ճանաչմանն ուղղուած ամենայն բնոյթի հռչակագրերը» չեղարկելու վերաբերեալ դատական վճիռների ընդունման գործընթացը տուեց իր արդիւնքները»` բացայայտելով, թէ Պաքուն ինչպէ՛ս է քանդել տուել իր համար գլխացաւանք դարձած այդ գորդեան հանգոյցը», յայտնում է Ազրպէյճանի նախկին արտաքին գործերի նախարար Թոֆիկ Զուլֆիկարովը: Ազրպէյճանցի պաշտօնանկ դիւանագէտի կարծիքով, «Հայկական այդ ողջ վազվզուքը, որ ուղեկցւում էր հարիւրաւոր շշեր քոնեաք խմելով եւ «հարիւրաւոր հինաւուրց հայկական ոչխարների խորոված» ուտելով, աւարտուեց հայկական հերթական շոուի մասնակիցներին հասցուած հնչուն դատական ապտակով»:

Ինչ խօսք, հայ եւ ֆրանսական հանրութիւնները միանշանակ վրդովմունքով ընդունեցին մեր երկու ժողովուրդների աւանդական անկեղծ բարեկամութեանը ոչ յարիր այդ անսպասելի «դատական ապտակը», որը, ինչքան էլ փորձես, ոչ մի կերպ հնարաւոր չէ բարեկամական համարել: Միեւնոյն ժամանակ, հազիւ թէ կարելի լինի վերին ատեանի վերջնական հրամայականներ ընդունել ֆրանսական առաջին ատեանի դատական համակարգի այդ վճիռները: Յամենայն դէպս այդ է խոստանում ի դէմ դրանց բողոքի ու դիմակայութեան այն ալիքը, որ ներկայումս տիրում է ֆրանսահայ համայնքում եւ, որ խիստ կարեւոր է, բուն ֆրանսացիների շրջանում, առանձնապէս Ֆրանսայի տարածքային ու տեղական կառավարման այն մարմիններում, որոնք համագործակցութեան կապեր են հաստատել Արցախի եւ նրա մի շարք քաղաքների ու գիւղերի հետ: Ֆրանսական վարչական դատարանների սահմանած արգելանքին արձագանգել են նաեւ Հայաստանում, սփիւռքում, համապատասխան յայտարարութիւններով հանդէս են եկել Արցախի ԱԺ «Արցախ-Ֆրանսա» բարեկամութեան շրջանակի անդամները, հանրապետութեան ԱԳՆ-ն: Չմանրամասնեմ, քանզի ընթերցողները ԶԼՄ-ների հրապարակումներից ծանօթ են այդ արձագանգներին: Նշեմ միայն, որ հրապարակուած մեկնաբանութիւնների եւ յայտարարութիւնների հեղինակները, ափսոսանք յայտնելով ֆրանսական դատական համակարգի կայացրած, ըստ էութեան, ոչ բարեկամական բնոյթի վճիռների կապակցութեամբ, միեւնոյն ժամանակ, հիմնականում լաւատեսօրէն են համակուած Ֆրանսա-Արցախ ապակենտրոնացուած համագործակցութեան հեռանկարի նկատմամբ:

Այնուամենայնիւ, մտահոգուած, որ  պատմութեան դաւադիր որոգայթները, ցաւօք, երբեմն կրկնուելու սովորութիւն ունեն, երեւոյթը, ըստ իս, կարելի է  բնորոշել ոչ այլ կերպ, քան ֆրանսական նահանջ` նաեւ հայկական Արցախից:

Իսկ ինչո՞ւ նաեւ հայկական Արցախից: Կարծում եմ` ոչ հեռու պատմական անցեալին թէկուզ հպանցիկ յետադարձ հայեացքն անգամ բաւական է պարզելու համար հարցի պատասխանը: Բանն այն է, որ նորագոյն պատմութեան շրջանում այս էլ երկրորդ անգամն է, որ Ֆրանսան լքում է իր բարեկամ հայ ժողովրդին:

Հայկական տարածքից ֆրանսական առաջին նահանջը, երեւի թէ յիշում էք, տեղի է ունեցել Ա. Աշխարհամարտից յետոյ` անցեալ դարի 20-30-ական թուականներին եւ աւարտուել հարաւային Կիլիկիայի կամ Ալեքսանտրեթի սանճաքի բռնակցումով քեմալական Թուրքիային:

Ինչպէս յայտնի է, պարտուած օսմանեան Թուրքիան պատերազմի արդիւնքներով, փաստօրէն, վերջնականապէս տրոհուեց: Նրա նախկին տարածքում ստեղծուեցին մի շարք արաբական պետութիւններ, որոնք համարուեցին յաղթած արեւմտեան գերտէրութիւնների` Մեծն Բիտանիայի, Ֆրանսայի ենթամանտաթային տարածքներ: Օսմանեան կայսրութեան տրոհումից յետոյ տեղի ունեցաւ սիրիա-թուրքական սահմանի գծագրի ձեւաւորումը, որն իր հերթին Ա. Աշխարհամարտի  արդիւնքներից մէկն էր: Սահմանի ձեւաւորման համար հիմք ծառայեց Սայքս-Փիքոյի գաղտնի համաձայնագիրը` կնքուած Ֆրանսայի եւ Մեծն Բրիտանիայի միջեւ` 1916թ.: Ըստ այդ համաձայնագրին, Թուրքիայի պարտութիւնից յետոյ Կիլիկիան պէտք էր անցնէր Ֆրանսային, որին Կիլիկիան հետաքրքրում էր ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմավարական տեսակէտից:  Ֆրանսական կառավարութեան հետ կնքած համաձայնագրով Հայկական լեգէոնը (Արեւելեան լեգէոն) պէտք էր կռուէր Թուրքիայի դէմ միայն Կիլիկիայում եւ յաղթական աւարտից յետոյ կարող էր դառնալ ապագայ Կիլիկիայի Ինքնավար Հանրապետութեան բանակի կորիզը: Արարայի 1918թ. ճակատամարտում Հայկական լեգէոնը կռուեց հերոսաբար եւ վճռեց մարտի ելքը` յօգուտ ֆրանսական զօրքերի: Պատերազմում Թուրքիայի պարտութիւնից եւ Մուտրոսի զինադադարի կնքումից յետոյ` նոյն թուականի նոյեմբեր-դեկտեմբերին, Հայկական լեգէոնը (մօտ 6 հազար մարտիկ) ֆրանսացիները տեղափոխեցին Կիլիկիա: Եղեռնից մազապուրծ եւ տեղահանուած հայերը սկսեցին վերադառնալ հայրենիք:

Սակայն ֆրանսական իրաւազօրութեան ներքոյ յայտնուած այդ տարածքների ներսում, 1921թ. հոկտեմբերի 20-ի ֆրանս-թուրքական դաւադիր պայմանագրով, որպէս յատուկ ինքնավար վարչական միաւոր` առանձնացուեց Ալեքսանտրեթի սանճաքը, որտեղ ապրում էին հարիւր հազարաւոր հայեր եւ արաբներ, իսկ թուրքական կողմի պնդմամբ` իբր թէ նաեւ զգալի թուով թուրքեր: մինչեւ 1925թ., քանի դեռ ֆրանսացիների ղեկավարած տարածքները բաժանուած էին հինգ, այսպէս կոչուած, «պետութիւնների», Ալեքսանտրեթի սանճաքը մտնում էր «Հալէպի պետութեան» մէջ: 1925թ.` Ֆրանսայի ենթամանտաթային տարածք հանդիսացող Սիրիական Հանրապետութեան ստեղծումից յետոյ, Ալեքսանտրեթի սանճաքը մտաւ վերջինիս կազմի մէջ:

Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Սիրիայում յայտնուած հայ գաղթականների վերաբնակեցման ծրագիրը ֆրանսական իշխանութիւններն օգտագործում էին տեղի արաբ ու հայ բնակչութեան միջեւ ազգամիջեան բախումներ առաջացնելու, ինչպէս նաեւ Թուրքիայից զիջումներ կորզելու համար: Այսպէս, 1925-26թթ. ֆրանս-թուրքական նոր պայմանագրի նախապատրաստման աշխատանքների ընթացքում կողմերն արդէն յանգել էին նախնական պայմանաւորուածութեան` Ալեքսանտրեթի սանճաքի հարցի շուրջ: Քեմալականները խոստացել էին չօգնել մանտաթի դէմ պայքարող սիրիացիներին, իսկ ֆրանսացիները յանձն էին առել սանճաքի հարցը լուծել Թուրքիայի շահերին համապատասխան: Թուրքերի պահանջով ֆրանսացիները Ալեքսանտրեթի ոստիկանութիւնն ու ժանտարմերիան արդէն մաքրել էին հայ աստիճանաւորներից: Թուրքիան պահանջել էր նաեւ սանճաքի հայ ազգաբնակչութեան մի մասը` «առնուազն 60 քմ տարածքի վրայ», հեռացնել Թուրքիայի սահմաններից:

Այն բանից յետոյ, երբ ֆրանսական զօրքերը լքեցին Կիլիկիան եւ այն թողեցին ցեղասպան թուրքերի հայեցողութեանը, իրենց բնօրրանը նորից շէնացնելու յոյսով Կիլիկիա վերադարձած` Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերը երկրորդ անգամ նոյն վտանգի առջեւ կանգնեցին, եւ նրանց մեծ մասը սպաննուեց: Մնացած մասը կրկին բռնեց գաղթի ճամբան: Երբ 1921թ. նոյեմբերին Մերսինի եւ Ալեքսանտրեթի նաւահանգիստներում բաց երկնքի տակ կուտակուել էին աւելի քան 25 հազար հայեր, ֆրանսացի գերագոյն կոմիսարը ոչ միայն մերժեց արտագաղթողներին ընդունել Սիրիայում, այլեւ չկամեցաւ նաւեր տրամադրել հայերին «Կիլիկիայի դժոխքից» դուրս բերելու համար: Անգլիացիներն իրենց հերթին Եգիպտոսի, Կիպրոսի ու Պաղեստինի դռները փակեցին «փոքր դաշնակցի» բեկորների առջեւ: Ի վերջոյ, միջազգային հասարակական ճնշման ներքոյ ֆրանսական իշխանութիւնները համաձայնեցին հայ գաղթականներին ընդունել Սիրիայում: Այսպիսով, ֆրանսական գաղութարարական քաղաքականութիւնն աղէտալի հետեւանքներ ունեցաւ Կիլիկիայի հայութեան համար: Ցեղասպանութեան արհաւիրքն ապրած արեւմտահայութեան այս բեկորները, աւելի քան 20 հազար զոհ տալով, մեծամասամբ գաղթեցին Սիրիա:

1936թ. Թուրքիայի նախագահ Աթաթուրքը Ալեքսանտրեթի սանճաքի համար նենգամտաբար յօրինեց նոր անուանում` «Հաթայ», եւ Ազգերի լիկայում բարձրացրեց «Հաթայի հարցը»: Շուտով այդ նահանգը ինքնավար կարգավիճակ ստացաւ Սիրիական Հանրապետութեան կազմում, իսկ 1938թ. անկախացաւ` ստեղծելով նոր, այսպէս կոչուած, «Հաթայ» պետութիւն:

«Հաթայ» պետութեան հռչակումից յետոյ թափ առաւ հայ եւ արաբ բնակչութեան արտագաղթը սանճաքից` ընդունելով զանգուածային բնոյթ: Սանճաքը, փաստօրէն, յանձնուեց թուրքերին, ինչը մեծ անհանգստութիւն պատճառեց տեղի հայութեանը: Հայերը եւս արաբների հետ միասին հանդէս եկան այդ անօրինական որոշման դէմ, սակայն իշխանական բոլոր լծակներն արդէն իսկ թուրքերի ձեռքում էին: Արագ կերպով տեղի էր ունենում շրջանի «թուրքացումը», նրա կցումը Թուրքիային արդէն նախապատրաստուել էր: 1939 թուականի փետրուարին «Հաթայի» օրէնսդիր ժողովն ընդունեց Թուրքիայի Հանրապետութեան բոլոր օրէնքները, իսկ 1939 թուականի յունիսի 29-ին «Հաթայ պետութիւնը» բռնակցուեց Թուրքիային: Այդ ժամանակ Եւրոպայում սկսւում էր Բ. Աշխարհամարտը, ուստի Հաթայի միաւորումը Թուրքիային, որը կատարեց Թուրքիայի նոր նախագահը`  Իսմեթ Ինէօնիւն, տեղի ունեցաւ առանց Ֆրանսայի կողմից որեւէ դիմադրութեան ցուցաբերման: Ալեքսանտրեթի սանճաքը Ֆրանսայի կողմից դաւադրաբար Թուրքիային յանձնելու պատճառով Հայկական Կիլիկիայի հայութեան մնացորդները` մօտ 200 հազար հայ, 1939 թուականին ստիպուած եղան հերթական անգամ թողնել հայրենի հողերը եւ թուրքերից փախչել դէպի Սիրիա եւ Լիբանան:

Այսպիսով, ֆրանսական կառավարութիւնը ոչ միայն չկատարեց իր դաշնակցային պարտականութիւնները, այլեւ Կիլիկիան յանձնեց Թուրքիային` ի յօշոտումն: Ուստի եւ թուրքական իշխանութիւնները եւ ֆրանսական զինուորականութիւնը պատասխանատուութիւն են կրում 1920-21թթ. Կիլիկիայի շուրջ 25 հազար հայ զոհերի եւ ողջ մնացածների արտագաղթի համար:

Ժամանակները, այո՛, փոխուել են: Փոխուել են նաեւ իրավիճակները: Հայ ժողովուրդն այլեւս անցած դարասկզբի այն անտիրական ու հալածեալ ազգային հանրութիւնը չէ, ում շահերը կարելի լինի քամահրանքով դիտարկել եւ օգտագործել որպէս մանրադրամ աշխարհաքաղաքական զարգացումներում, մեծ տէրութիւնների փոխյարաբերութիւններում: Հայութիւնն արժանապատիւ ու հաւասարազօր անդամն է միջազգային մեծ ընտանիքի` հպարտ իր հինաւուրց ու նորակերտ քաղաքակրթական արժէքներով, իր զոյգ պետականութեամբ, ազգային ապահովութեան եւ անվտանգութեան ամուր համակարգով, իր նորօրեայ արարումներով, աշխարհի ժողովուրդների հետ բարեկամութեան ու խաղաղութեան իր անկեղծ մղումներով: Այսօր էլ, ինչպէս դարեր շարունակ, հայ ժողովուրդն անշահախնդիր սէր ու յարգանք է տածում բարեկամ ժողովուրդների, այդ թւում` առանձնապէս ֆրանսական ժողովրդի նկատմամբ, շնորհակալ ու երախտապարտ, որ Ֆրանսան հանդիսանում է մէկն այն հիւրընկալ երկրներից, որոնք երկրորդ, երրորդ, թէ քանիերորդ հայրենի տունը դարձան Հայոց ցեղասպանութեան բազմահազար վերապրողների ու նրանց հայրենազուրկ սերունդների համար:

Ոչ այլ ինչ, քան համազգային այդ անձնուրաց երախտագիտութեան ակնյայտ արտայայտութիւնն է, որ հայկական սփիւռքը սերունդների փոխկանչով ամէնուրեք բոլորանուէր լծուած է իր կեցութեան երկրների մշակոյթի, գիտութեան, տնտեսութեան, անվտանգութեան, կենսագործունէութեան բոլոր միւս ոլորտների առաջընթացի ապահովման վեհ գործին: Աւելի՛ն. անհրաժեշտութեան դէպքում մէկ մարդու պէս ի զէն ելնում ու խիզախաբար, անգամ սեփական կեանքի գնով պաշտպանում է այդ երկրների ինքնիշխանութիւնը, ինչպէս դա ներկայումս տեղի է ունենում մեր բարեկամ Սիրիայում, եւ ինչպէս դա տեղի է ունեցել Բ. Աշխարհամարտում` ֆրանսական դիմադրութեան շարժման շրջանում, որի մասնակիցների կուռ շարքերում հերոսաբար մարտնչել են նաեւ ոչ քիչ թուով հայ քաջազուն տղաներ, այդ թւում, այո՛, նաեւ ծնունդով արցախցի:  Անուններ չեմ թուարկում: Ֆրանսացի ժողովուրդն ինքը անուն առ անուն քաջ գիտէ իր հայազգի նուիրեալներին:

Այդ ամէնի դիմաց միակ երախտիքը, որ ակնկալում է հայ ժողովուրդն իր բարեկամ երկրներից, փոխադարձ անկեղծութիւնն է, անկեղծութիւն` ոչ միայն ժողովուրդներից, որ մեզ համար հաստատուն ճշմարտութիւն է եւ ոչ մի դէպքում երկբայելի չէ, այլեւ երկրների կառավարիչներից` պետական ու քաղաքական գործիչներից: Մենք յստակ գիտակցում ենք, որ բարեկամութեան եւ ապակենտրոն համագործակցութեան այն յուշագրերն ու համաձայնագրերը, որ Արցախի եւ նրա առանձին բնակավայրերի հետ վերջին տարիներին կնքել են ֆրանսական մի շարք քաղաքների ու շրջանների պատասխանատուներ, ոչ միայն անձնապէս նրանց, այլեւ առաւելապէս ողջ ֆրանսական ժողովրդի անկեղծ, սկզբունքային վերաբերմունքի, եղբայրական պատրաստակամ աջակցութեան արտայայտութիւններն են օտարի գաղութային լուծը վճռականօրէն ու վերջնականապէս թօթափած, իր անկախ, ինքնիշխան պետականութիւնը, իր սեփական կեանքն ինքնուրոյն կերտող արցախահայութեան ազատութեան իղձերի ու ոգորումների, խաղաղ արարման նրա երազանքների նկատմամբ:

Արցախահայութիւնը, ինչպէս որ համայն հայութիւնը` Հայաստանում ու սփիւռքում, յստակ գիտակցում են նաեւ, որ բացի զգացումներից` միջպետական յարաբերութիւններում  անխուսափելիօրէն առկայ է նաեւ փոխադարձ տնտեսական, քաղաքական շահի հասկացողութիւնը: Մենք ողջունում ենք Ֆրանսայի Հանրապետութեան տնտեսական, առեւտրային, քաղաքական, ռազմական եւ այլ կարգի փոխյարաբերութիւններն աշխարհի ցանկացած երկրի, այդ թւում, ինչո՞ւ չէ, նաեւ համայն հայ ժողովրդին թշնամի հռչակած Ազրպէյճանի հետ` ի շահ ֆրանսական ժողովրդի բարօրութեան ու բարգաւաճման: Բայց մեզ համար սրտի ցաւի պէս անցանկալի է` գէթ մի պահ մտածել, որ Ֆրանսայի այդ եւ այլ յարաբերութիւնները, ինչպէս անցած դարասկզբին էին, մանաւանդ` Ա. Աշխարհամարտի աւարտին,  այսօր էլ կարող են կամայ թէ ակամայ վնաս հասցնել իր նուիրեալ բարեկամին` հայ ժողովրդին, այստեղ` Արցախում, թէ Հայաստանում ու սփիւռքում: Քա՛ւ լիցի, մենք երբեք պայմաններ չենք թելադրում ոչ մի բարեկամի: Մենք միայն հաւատում ենք անպայման բարեկամութեանը: Մենք պարզապէս ուզում ենք վստահ ու համոզուած լինել, որ պատմութեան դաւադիր որոգայթները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կրկնուի այլեւս:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)