Որո՞նք Եւ Ինչպէ՞ս Են Գծում Մեր Ուր Գնալու Քարտէսը Կամ Ինչպէ՞ս Ենք Նահանջում Միջազգային Հարթակներում

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

Գրեթէ մէկ տարի մշակոյթի նախարարութիւն չունենալն, իսկ աւելի ճիշդ` ոլորտն արկածախնդրութեան, անհեռատեսութեան ու կիսագրագիտութեան ճիրաններում կաթուածահար անելն ու անգործութեան մատնելն իրեն երկար սպասել չտուեց:

Օրերս Պաքւում մեկնարկեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 43-րդ նստաշրջանը: Մենք կարող էինք այնտեղ լինել եւ ճիշդը ներկայ լինելն էր: Եւ ոչ միայն այն բանի համար, որ վաւերացրել ենք եւ անդամակցում ենք ԵՈՒՆԵՍՔՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգութեան պաշտպանման հռչակագրին», ոչ միայն այն բանի համար, որ մինչ ոչ վաղ անցեալը քիչ թէ շատ արդիւնաւէտ աշխատել ենք ու արդիւնքներ գրանցել, այլեւ, նախեւառաջ, այն պատճառով, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ն եւ յատկապէս նրա տուեալ կոմիտէն լրջագոյն միջազգային հարթակ է, ուր մեր մշակութային ներկայութեամբ, մեր մշակութային ինքնութեամբ եւ համաշխարհային քաղաքակրթութեանը տուած ահռելի ժառանգութեամբ ասելիք ունենք, մշակութային-քաղաքակրթական հարթութեան մէջ մեծերի հետ հաւասար խօսելու բնական եւ լուրջ հիմքեր, ի վերջոյ, մեր մշակութային իրաւունքներն ու շահերը, որոնք խորքի մէջ աւելի քան քաղաքական են, պաշտպանելու հնարաւորութիւն:

Բայց նախ պէտք է գիտակցել ՄՇԱԿՈՅԹԻ քաղաքական գործօնը եւ յետոյ գնահատել ու համոզում ունենալ, թէ այն ինչ անփոխարինելի դիւանագիտական-քաղաքական դրամագլուխ է ներկայացնում: Պէտք է…

Ցաւօք, այս գիտակցումը, քաղաքական այս արժեւորումը չունեցանք եւ շարունակում ենք չունենալ, այլապէս մշակոյթի նախարարութիւնը չէին խոթի կրթութեան ու գիտութեան ու երիտասարդութեան ու մարմնակրթութեան արդէն իսկ խցանուած հանրակացարանում եւ չէին փորձի ընդամէնը երկու վարչութիւնների տիրոյթում ծրագրել ու կառավարել մշակոյթ հսկայական տնտեսութիւնը:

Իսկ Պաքւում ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 43-րդ նստաշրջանն է, ու մենք չկանք: Չկանք, որովհետեւ մեկնարկից մէկ-երկու օր առաջ յանկարծ արթնացանք ու յիշեցինք, որ անվտանգութեան խնդիր կայ ու մեր ԱԳՆ-ԿԳՄՍԵ-ն ուշացած, վերջին վայրկեանին գրուած նամակն ուղղուած ԵՈՒՆԵՍՔՕ-ին, հաւանաբար, տեղ հասաւ, երբ պատուիրակներն արդէն օդակայանում էին, իսկ նստաշրջանի օրակարգերն ու զեկուցողներն հաստատ հաստատուած էին ամիսներ առաջ: Այս ամէնը նախապէս չգիտակցելը, չհաշուարկելը պարզապէս արդարացում չունի:

Ի դէպ, ամիսներ առաջ, դարձեալ մեր անգործութեան կամ չիմացեալ անտարբերութեան պատճառով, ազրպէյճանցիներին յաջողուեց «քոչարին» գրանցել ԵՈՒՆԵՍՔՕ-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում:

Իսկ Պաքւում, բնական է, առիթը բաց չեն թողնում, բացում են «Ազրպէյճանի մշակութային ժառանգութիւնը Լուվրում» ցուցադրութիւնը, որն, ի դէպ, Լուվրում գործելու է մինչեւ սեպտեմբեր` առանցքում ունենալով 18-20-րդ դարերի ազրպէյճանական գորգը, այո` 18-րդ դարի «ազրպէյճանական» գորգը: Այս նախադասութիւնը տհաճութեամբ եմ գրում, ներքին վիրաւորանքով. նրանք անգամ գորգագործութեան զարգացման պետական ծրագիր ունեն, իսկ մենք անգամ մշակոյթի զարգացման պետական հայեցակարգ, քաղաքականութիւն կամ ռազմավարութիւն չենք կարողանում մշակել, պարզապէս չունենք:

Իսկ ֆրանսական քաղաքները դատարանների վճռով, մէկը միւսի յետեւից, չեղարկում են մեր քաղաքների հետ եղբայրութեան համաձայնագրերը…

Ի դէպ, 2018-ի դեկտեմբերին Մաւրիկիի հանրապետութիւնում անցկացուող նստաշրջանում Հայաստանն ընտրուեց Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կոմիտէի փոխնախագահ, եւ մենք բոլոր հնարաւորութիւններն ունէինք յաջորդ նիստը Հայաստանում հրաւիրել: Կարող էինք, բայց մեր առաջնահերթութիւններն այլ են կամ պարզապէս չկան, պարզապէս անգործութեան ու չիմացութեան պատճառով կորցնում ենք հերթական միջազգային հնարաւորութիւնը, հարթակը:

Այս օրերին մեր քաղաքական ու հասարակական միտքը տառապում է, բորբոքւում, շուարում, յանկարծ, մէկէն բացայայտուած զանգուածային բռնարարի եւ նոյնքան էլ զանգուածային բռնաբարուածի մեր հոգեկերտուածքից…

Իսկ նոյն պահին, զուգահեռ, Պաքուն զբաղուած է Շեքին (Շաքիի ջրվէժ, Ա.) համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում ամրացնելու լուրջ քաղաքական գործով, եւ խնդիրն այն է, որ փաթեթում ներառուած տարածաշրջանային քարտէսները, որ հրատարակուել են Պաքւում 1994-ին, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ հայկական մի շարք տեղանուններ ներկայացուած են ազրպէյճանական տարբերակներով:

Մենք այնտեղ չենք, մեր դատը պաշտպանող դժուար թէ լինի…

Ու ես դժուարանում եմ կամ անգամ վախենում սահմանել, թէ որտեղ ենք մենք, որոնք եւ որտեղ են գծում մեր ուր գնալու քարտէսը. մեր արտաքին յարձակողական, հայանպաստ քաղաքականութիւնը փոխարինել ենք փոխլրացուցիչ  խեղճութեամբ, ներքին քաղաքական կեղծ օրակարգերը, սեւուսպիտակների, քայլողների ու չքայլածների պատերազմն ու ներքին թշնամու որսը քայքայում է երկիրը, մեզ հեռացնում` մեր իսկական տեսակից, որպէս պետութիւն հասկանալի եւ արժանապատիւ ուղեգիծ բռնելու ճանապարհից:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Varouj Garabedian 3 months

    Կարծեմ կարեւոր բան մը մոռցած է աս գրողը: Մենք ամէն տեղ ենք… դուխով, սկսելով գլխարկներուն եւ թիշըրդներուն վրան: