Ռոպերթ Էլիբեկեանի Մտածումներուն Հետ

Արդէն իսկ կայացած ու արուեստի աշխարհին մէջ ինքզինք հաստատած Ռոպերթ էլիբեկեանին հռչակը դուրս գալով Հայաստանի ու Միջին Արեւելքի սահմաններէն` տարածուած է Եւրոպայի բազմաթիւ քաղաքներու (յատկապէս Փարիզի) մէջ ու հասած մինչեւ Քանատա ու Ամերիկաներ: Անոր ժամանակակիցները իր արուեստի մասին արձանագրած են բարձր գնահատանքներ ու տուած` տարբեր բնորոշումներ: Յիշենք միայն անոնք, որոնք նուազ կամ ընդհանրապէս ծանօթ չեն մեր ընթերցողներուն:

«Կենսախինդ, շողշողուն, հայաբոյր ու արեւաբոյր, ապրեցնող արուեստ: Սահմաններ ճեղքող, ինքն իր հզօր ուժով տարածուող ընդարձակուող արուեստ: Մեծ արուեստ: Փա՛ռք Ռոպերթին»:

Սօս Սարգսեան

«Քո ցուցահանդէսը անհնարինի իրականացումն է հենց: Այս իրականացուածը կ՛ապրեցնի մեզ…»:

Տիգրան Մանսուրեան

«Գոյնը միշտ նրա գեղանկարչութեան մասն է եղել, միշտ վսեմացրել է դիտորդին, բայց զգացմունքների այդպիսի հզօ՜ր յորձանք, ուրախութեան այդպիսի՜ տօն, երջանկութեան այդպիսի՜ անկեղծ ձգտում… գեղանկարիչն ասես կրկին հանդիպում է իր սիրելի կերպարներին…»:

Ռուբէն Անկալադեան

«Էլիբեկեանի ստեղծագործութիւններն առինքնող են իրենց ներքին լոյսով, որ ճառագում ու տարածւում է կտաւի ամբողջ մակերեսով»:

Հենրիկ Իգիթեան

Նմանօրինակ բազմաթիւ գնահատանքներու արժանացած ու ինչ-որ տեղ նաեւ միջազգայնօրէն գնահատուած այս արուեստագէտը ոչ միայն շլացած ու բաւարարուած չէ, այլ նաեւ ինքզինք աւելի ու աւելի պարտաւորութեան տակ դնելով`  կը յայտարարէ. «Ինձ համար յոգնել բառը գործածութիւնից դուրս է: Ես չեմ յոգնում երբեք: Յոգնելը մահ է»: Այո՛, Ռոբերթ Էլիբեկեանը անխոնջ ստեղծագործող մըն է: Ան յարատեւ ու բեղմնաւոր որոնումներու ընթացքին կը փորձէ առաւել եւս գեղեցկացնել ու ազնուացնել իր արուեստը, ընդլայնել իր ստեղծագործական դաշտն ու գերազանցել ինքզինք:

2014-ին «Տիգրան Մեծ» տպարանէն լոյս տեսած, անոր յետայայեաց ստեղծագործական կեանքին նուիրուած պատկերագիրքին մէջ (որուն արժէ անդրադառնալ առանձին) հրատարակուած են նաեւ իր մտորումները` արուեստի ու առհասարակ մշակոյթի մասին: Ստորեւ անոնցմէ կու տանք հատուածներ, որոնք ուսանելի են յատկապէս մեր արուեստագէտներուն ու արուեստասէրներուն համար:

 Մ. Ծ.                                                                    

Ի՞նչ Է Մշակոյթը Իմ Երկրի Համար

Արուեստագէտի համար շատ կարեւոր է այն միջավայրը, որտեղ նա ստեղծագործում է:

Ես յաճախ եմ ինձ մի հարց տալիս` ազատութեան ի՞նչ սահմաններով է ուրուագծուած իմ երկիրը: Եւ ի՞նչ է մշակոյթը իմ երկրի համար, հայրենիքում ստեղծագործող արուեստագէտի համար: Այդպէս էլ չեմ կարողանում մինչեւ վերջ հասկանալ: Չգիտեմ նաեւ, թէ ի՞նչ է մշակոյթը` հեքիա՞թ է, մի՞ֆ, թէ՞ առասպել:

Հոգեւորը…

Կրօնը եւ մշակոյթը որքան էլ տարբեր բեւեռներում լինեն, միեւնոյնն է, մարդկութեան հանդէպ նոյն պարտականութիւնը, նոյն առաքելութիւնն ունեն: Ի զուր չէ, որ երկուսի մասին խօսելիս «հոգեւոր» բառն է ամենաշատը հոլովւում:

Առանց մշակոյթի` ընդհանրապէս չեմ պատկերացնում գոյութիւնը մարդկութեան, Երկիր մոլորակի, ուրեմն եւ` Հայաստանի: Մշակոյթը ինձ համար ուրախութիւն է, տխրութիւն է, կեանքի առաջադրած հարցերի պատասխանը որոնել¬գտնելու միջոց է: Մշակոյթը անցեալն է, ներկան եւ ապագան է: Աւելի շատ` ապագան:

Ամենաճշգրիտը Մշակոյթն Է…

Մեր իրականութիւնը վտանգաւոր այնքան խոր շերտեր է բացում, որ երբեմն տագնապում ես: Բայց նոյն վայրկեանին էլ գիտակցում ես, որ այն ինչ կատարւում է, նորութիւն չէ: Բոլոր դարաշրջաններում մարդկութիւնը բազում դաժան իրադարձութիւնների ականատեսն ու մասնակիցն է դարձել: Եւ համոզուած եմ, որ ամենաճշգրիտը մշակոյթն է արտացոլել այն, ինչ կայ, այն, ինչ պիտի լինի, որովհետեւ ապագան տեսնելու ներքին տեսողութեամբ միայն արուեստագէտն է օժտուած: Պիտի յիշել սակայն, որ արուեստագէտի նպատակը իրադարձութիւնները, իրականութիւնը զուտ հայելային անդրադարձով ներկայացնելը չէ: «Կարո՞ղ եմ, թէ՞ չեմ  կարող» հարցը միշտ առաջնային է: Իւրաքանչիւրը գիտի, որ այս կամ այն գործը չի կարող անել ոեւէ մէկի փոխարէն: Անկախ տաղանդի չափից` ոչ մէկն առանձին չի կարող այս կամ այն ընդհանրական խնդրի լուծման եղանակը գտնել:

Գաղտնի Մի Ուժ Կայ

Վարպետութեան հասնելու ճանապարհն անվերջանալի է: Չկայ մի եզրագիծ կամ որոշակի սահման, որին պիտի հասնես ու ասես` ահա սա է: Անկարելի է: Վարպետութեան ճանապարհը դադար չառնելու պահանջ է դնում: Միայն այդպէս կարող ես նպատակիդ հասնել: Ի՞նչն է պատճառը, որ ամէն օր գալիս եմ արուեստանոց: Նկարում եմ, թէ ոչ` այնքան էլ էական չէ: Տասնեակ տարիներ արդէն այս կշռոյթով եմ ապրում: Ուրեմն գաղտնի մի ուժ կայ, որը ձգում, բերւում է ինձ այն տարածքը, որ արուեստանոց է կոչւում: Մի տեղ, որի կենտրոնում կտաւով ձգուած չորս նկարակալ ինձ են սպասում: Տասնամեակներ են անցել, բայց ինքս ինձ համար դեռ չեմ պարզել, թէ ում թելադրանքով եմ գալիս այստեղ: Գաղտնիք է, որը կարծես թէ մինչեւ վերջ էլ մնալու է անբացատրելի: Իսկ գուցէ ոչ, չգիտեմ…

«Ո՞վ Է Արել Եւ Ինչպէ՞ս»…

Ժամանակները փոխւում են, այո՛, բայց հետաքրքիրն այն է, որ ինձ համար հին ու նոր հասկացութիւններ չկան: 19-րդ, 20-րդ, 21-րդ դար, նոյնն են: Տարեթուեր են միայն: Տարանջատել պէտք չէ: Ժամանակը երբեմն շօշափելի է այնքան, որ թւում է, թէ մարդկութեան գոյութեան ողջ ընթացքը կարելի է նոյն հարթութեան վրայ դիտարկել: Առաջնայինը, ի վերջոյ, «ո՞վ է արել եւ ինչպէ՞ս» հարցն է: Տարեթիւը այս հարցի ու մեծ իրադարձութիւնների համեմատ ոչինչ են: Այսօրուայ դիտակէտից հիմնարար հարցեր քննարկելիս տարեթուերը ջնջւում են, մոռացւում, որովհետեւ ժամանակը չէ, որ հետաքրքիր է, այլ դրդապատճառները` այս կամ այն նշանակալից դէպքերի, որոնք կոչուել ու կոչւում են պատմական:

Աշխարհն Է Փոխւում…

Արուեստը, իմ խորին համոզմամբ, ֆիզիքական է, միշտ եմ այս կարծիքին եղել, ու բազմիցս եմ այդ մասին խօսել: Հաւանաբար արուեստագէտի համար կարեւորը ենթագիտակցութիւնն է, որն արուեստում 70 առ հարիւրի չափով որոշիչ դեր ունի: Ըստ իս: Ժառանգականութիւնը, երազները, հաւանական է, նոյնպէս կարեւորում են: Չգիտեմ: Սրանք մնում են բաց հարցեր, որոնց պատասխանը չունեմ մինչեւ այսօր: Եւ դա հրաշալի է: Եթէ իմանայի, իրար նման գործեր կը նկարէի… «մահուան շնչով»:

Անհնար է` նկարիչն անտարբեր մնայ որեւէ երեւոյթի հանդէպ: 20, 30, 40 տարեկանում միայն ֆիզիքականը չէ, նաեւ մարդու գիտակցական, յուզական, իմացական աշխարհն է փոխւում: Հայեացքդ որսում է բաներ, որոնք քո տեսողական դաշտում մինչ այդ նկատելի չեն եղել: Յետոյ ես տեսնում. յատկապէս թափուր մնացած տեղերն են շեշտւում, երբ մարդիկ, շատ սիրելի մարդիկ են հեռանում, եւ դու մեծ ցնցումների, երբեմն ներքին փլուզումների ես ենթարկւում: Ահա ոչ միայն հոգիդ, այլեւ մարմինդ է կծկուելով ցաւից ձեւախեղւում: Յատկապէս հարազատների կորուստն է խորապէս ազդում անհատի վրայ: Գործընթացներ են, որոնք երբեք հասկանալիի սահմաններից ներս չեն մտնում: Եթէ հասկանալի լինէին, աշխատելը, իսկ առաւել եւս ապրիլը գուցէեւ անհետաքրքիր դառնային:

Փորձը Ծնւում Է
Անսպասելի Ազդակներից

Թեմա ասուածը միջոց է: Ընդամէնը: Փախուստի միջոց, որին դիմելով` նոր իրականութիւն ես ստեղծում:

Հերթական գործն աւարտեցիր, վե՜րջ: Այն արդէն իր կենսագրութեամբ է գոյատեւում: Հեղինակի ներկայութիւնը ե՛ւ կայ, ե՛ւ չկայ:

Գործը ծնւում է անսպասելի ազդակներից: Անսպասելի մի տեղ, անսպասելի մի հանդիպում: Զեւսի տաճարը, Քոլիզէյը, Հաղպատը, համաշխարհային մշակոյթի քարտէզում ընդգրկուած բարձրարժէք յօրինուածքները բնութեան հետ ներդաշնակուած հրաշակերտ գոյութիւններն են, որոնց հետ հանդիպումն աննկարագրելի յոյզեր է առաջացնում, ստեղծագործելու նոր լիցքեր տալիս:

Ամենամեծ Արժէքը`
Ազատութիւնը

Արուեստագէտներից ամէն մէկը անձնական ներկապնակի գոյներով է տեսել կամ տեսնում իր ապրած ժամանակը, այն իրականութիւնը, որը, ի դէպ, ստեղծագործելու թեմա առաջադրողն է: Չնայած հիմա, ինքս ինձ հակասելով, պիտի խոստովանեմ, որ ես փախչում եմ իրականութիւնից: Ուզում եմ անիրական մի իրականութիւն ստեղծել: Մէկ այլ իրականութիւն կերտելը միշտ էլ արուեստագէտի երազանքն է եղել: Տանթէն ու Նարեկացին ստեղծագործել են` իրականութիւնից փախչելով, նոր մի իրականութիւնում յայտնուելը, ընդհանրապէս, բոլոր արուեստագէտների երազանքն է եղել: Երազ, երազանք, տարբեր բաներ են, բայց առանց սրանց`      գոյութիւն չունի ո՛չ արուեստ, ո՛չ մարդկութիւն: Մենք ի՞նչ գիտենք, թէ հովիւը կամ հողագործը ինչպիսի երազանքներով է քնում եւ արթնանում: Ես նոր-նոր եմ միայն հասկացել, թէ ինչ մեթամորֆոզներ է առաջադրում մարդկանց արուեստը: Իմ` արուեստագէտիս երազանքն է, օրինակ, քանդուել պատնէշները, բարդոյթներից ազատել մարդուն:

Մարդկութիւնն, ընդհանրապէս, բարդոյթներով շատ է կաշկանդուած: Ամենամեծ արժէքը` ազատութիւնը, հոգեւոր ազատութիւնն է, չէ՞: Մարդու ամենամեծ ձգտումը չիրականացուած է մնում մինչեւ այսօր, քանի որ կատարեալ ազատութիւնը այնտեղ է` երազանքի աշխարհում:

Նկարել, Էլի Նկարել

Դիմացս նկարակալն է, որի վրայ ճերմակ թուղթ է փակցուած` այնքա՜ն կատարեալ չափի, ձեւի, գոյնի ներդաշնակութեամբ, որ չեմ էլ ուզում ձեռք տալ: Թուղթը նոյնպէս մարդու աշխատանքի արդիւնք է, չէ՞: Բայց վրան երկու գիծ քաշեցիր` ամէն ինչ փոխւում է: Վե՛րջ: «Կենսագրութեան» նոր էջ է սկսւում: Թուղթ շատ եմ սիրում: Եւ թղթակոյտերից մէկը կամ երկուսը, երբեմն չորսը հանելիս տխրում եմ: Մտածում եմ` չեմ հասցնի ունեցածս բոլոր թղթերը նկարակալին փակցնել: Յետոյ ինքս ինձ սփոփում եմ` ոչինչ, ինձանից յետոյ տղաս կ՛օգտագործի: Նոյն րոպէին, սակայն, զգում եմ, որ ինքս եմ ուզում ունեցածս տրցակները բացելու հատ-հատ նկարակալի վրայ դնել եւ նկարել, նկարել, էլի նկարել: Ափսոսանքս մեծ կը լինի, եթէ չկարողանամ կամ չհասցնեմ իմ ուզած ձեւով օգտագործել իմ ճերմակ թղթերը:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Menedjian Marlène 2 months

    Robert jan shad AAAAAAAARJĖKAVOR ANTZĖSS