Իր Ցեղին Սրտի Զարկերու Մէջ Մտած 135-ամեայ Մեր Հանճարեղ Բանաստեղծ Դանիէլ Վարուժանի Երթը

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

«Հայը պիտի ապրի` հակառակ իր դահիճներուն:
Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու»

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Փոքր էի, դեռ գրել-կարդալ չգիտէի, մայրս միշտ մեզ համար կարդում էր տարբեր բանաստեղծութիւններ` տարբեր գրողներից, յատկապէս` արեւմտահայ: Անբացատրելիօրէն միայն երկու բանաստեղծութիւն էր անմիջականօրէն ազդել իմ վրայ, աւելի ճիշդ` այդ երկուսի մի քանի տողերը, լսածս պահից, պատկերաւոր կերպով տեղաւորուել էին իմ մէջ եւ ապրում ու շնչում էին ինձ հետ: Առաջինը «Բանուորուհին» բանաստեղծութիւնից էր, երկրորդը` «Կարօտի նամակ», Վարուժանից: Անշուշտ վերնագրերին շատ յետոյ ծանօթացայ:

50-ական թուականներն էին, համատարած աղքատութիւնն էր իշխում: Մեր տունը, ուր անցել էր մանկութիւնս, փողոցի վրայ էր գտնւում, բնականաբար անցուդարձը անպակաս էր:

Փողոց նայող պատուհանի տակ էր իմ մահճակալը, եւ փոքրուց զգայուն քուն ունենալուս պատճառով, ամէն մի անցուդարձ կամ փոքրիկ մի ձայն արթնացնում էր ինձ: Յատկապէս ձմրանը, վաղ առաւօտեան, պատուհանիս տակից քայլողներից ոմանք միշտ հազում էին եւ կարծես դիտաւորեալ կանգնում էին հէնց մեր պատուհանի տակ հազալու: Տաք վերմակի տակ կծկուած հալ ու մաշ էի լինում նրանց հազի հետ, աւելի փաթաթւում վերմակիս, պատկերացնում էի, թէ որքան են մրսում, երեւակայութեամբ նրանց նոյնացնում մօրիցս լսած` Վարուժանի նկարագրած աղքատ, ուժասպառ բանուորուհու հետ, «Պատուհանիս տակէն, ամէն առաւօտ, ուրուականի պէս կ՛անցնիս». եւ «կը լսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ, որ ծոցդ աղուոր կը տանջէ», եւ նրանց հազը կապում իրենց աղքատ, հիւանդ վիճակին: Այսպէս նրանց հետ տանջուելով` երեւակայութեամբ ուղեկցում էի նրանց, մեզնից ոչ հեռու գտնուող գործատեղին, որի ահաւոր պայմանների մասին միշտ խօսում էին մեծերը:

Առաւօտեան ուրախանում էի` մօրս տեսնելով տանը, երջանիկ էի, որ նա այդ հիւանդոտ բանուորուհու վիճակին չէ: Եւ այսպէս, տարիներ շարունակ:

Իսկ երկրորդը «Կարօտի նամակ»-ն էր:

Իմ մեծ մայրս, որին Մեծիկ էինք ասում, Եղեռնից կրկնակի փրկուածներից էր: Իր երեք տղայ զաւակներից միայն մէկն էր փրկուել իր հետ, որը սակայն հեռաւոր Հալէպում էր մնացել: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանից արգելուած էր նոյնիսկ նամակագցել արտասահմանի հետ, եւ բոլոր հայրենադարձները կարօտախտով էին տառապում, էլ չեմ խօսում նրանց դժուար կեանքի, վախի, դժգոհութեան մասին:

Մեծ մայրս գիշեր-ցերեկ տառապում, հալ ու մաշ էր լինում իր միակ որդու կարօտից, միշտ արցունքով խօսում ու պատմում նրանից, Աստծուց խնդրում, որ գոնէ մէկ անգամ էլ նրան տեսնի, նրա շունչը զգայ եւ նոր մեռնի: Իր արցունքների հետ տառապում էի նաեւ ես, իմ փոքրիկ երեւակայութեամբ նոյնացնում էի իր վիճակը Վարուժանի սրտաճմլիկ տողերի հետ «Դեռ մինչեւ ե՞րբ հէք գլուխդ ես չսեղմեմ լանջքիս տաք», եւ` անվերջ աղօթում, որ Մեծիկս միանայ, գրկի իր որդուն այնպէս ջերմօրէն, ինչպէս մեզ էր գրկում:

Մայրս պատմել էր նաեւ, որ Վարուժանը Մեծիկիս ծննդավայրից էր` Սեբաստիայից, եւ թուրքերն էին սպաննել նրան, ինչպէս եւ` իր հօր ծնողներին, հօրս ծնողներին, Մեծիկիս ծնողներին ու զաւակներին: Այս նմանութիւններով Վարուժանը իմ հարազատն էր դարձել, կարծես մեր ընտանիքի անդամը լինէր:

Եւ այսպէս, մանկական խաղերիս հետ, նախակրթարանի, դպրոցի աստիճանական բարձրացման հետ, Վարուժանը ապրեց ինձ հետ` որպէս իմ հարազատը, ամէնուրեք մնաց ինձ հետ իր երկու ազդեցիկ բանաստեղծական տողերով ու ճակատագրով, վստահաբար ձեւաւորեց իմ մանուկ հոգին, մինչեւ հասաւ նրան իսկապէս ճանաչել-բացայայտելու պահը:

Այդ այն պահն էր, երբ սահմռկում ես ինչ-որ անբացատրելի ուժի հանդիպելիս, երբ փորձում ես բառերի վերածել տպաւորութիւնդ, եւ բառերը կորցնում են իրենց իմաստը:

Ես մօտեցայ նրան թեթեւ, հին ծանօթի ու մտերիմի անհոգ ինքնավստահութեամբ եւ յանկարծ բախուեցի մի վիթխարի ուժի, որն ինձ կքեց, եւ բնականաբար հասկացայ, որ ինձ հետ ապրեցրել եմ հսկայ տաղանդի, բացարձակ անտեղեակ, թէ ո՞ւմ տողերն են ինձ յուզել:

Այն ստիպեց ինձ փնտռել, փորփրել, իսկապէս ճանաչել իրեն, թէ ինչպէ՛ս հեռաւոր գաւառում աղքատութեան մէջ ծնուած, փոքր տարիքից ընտանիքից հեռու, միայնակ իր ճանապարհը հարթած երիտասարդը, հասկանալով իր ներքին տաղանդի առկայութիւնը, իր ընտանեկան ազգանունը փոխեց Վարուժանի եւ ոչ միայն հայ բանաստեղծութեան մէջ դարձաւ անկրկնելի, այլ նաեւ օտար երկրի համալսարանում իր յիշատակը յարգել պարտադրեց, աշխարհի տարբեր լեզուներով թարգմանուած եւ գնահատուած մեծութիւն եղաւ:

Անշուշտ տարիներ տեւեց իմ բացայայտումը, մինչեւ իր պարզ բանաստեղծութիւնը ինձ համար դարձաւ մի ողջ ժողովրդի ու երկրի ճակատագրի դառը պատմութեան էջ, նուիրական երազանքների անկատար խուրձ, տարբեր քաղաքակրթութիւնները իրար շաղկապող արժէքաւոր դասագիրք:

«Քաղցր երիտասարդ մըն էր, երբ զինք ճանչցայ: Հակառակ Եւրոպային` ուրկէ կու գար իր ուսման ընթացքը բոլորած: Չունէր Եւրոպան սպառած տղոց ո՛չ յոգնութիւնը, ո՛չ անիմաստ մեծամտութիւնը: Կը հաւատար մեր արժէքներուն, աւանդութէանց, դերին, բոլոր իր ընկերներուն նման, բայց այդ հաւատքը մտքէն պիտի չանցընէր համբաւի պատուանդան կամ գահաւորակ ընծայելու» (Յ. Օշական,  «Համապատկեր», 6-րդ հատոր, էջ 185):

Այսպէս է ներկայացրել Վարուժանին արեւմտահայ մեր բացառիկ վիպասան ու դժուարահաճ քննադատ Յ. Օշականը «Համապատկեր»-ի իր վերլուծականում:

Արեւմտահայ գրականութիւնը 200 տարուց աւել պատմութիւն էր արձանագրում, երբ Դ. Վարուժանը գրական ասպարէզ իջաւ:

Պետականութիւնից, քաղաքական մտածողութիւնից զուրկ թրքահայութիւնը, համիտեան բռնապետական ճնշման անբարենպաստ պայմաններում, զարմանալիօրէն տնտեսական վերելքի հետ նաեւ մշակութային վերելք էր ապրում, յատկապէս` գրական ասպարէզում հայ լեզուի զարգացման, յղկման մէջ, որը եւ նպաստեց արեւմտահայ գրականութեան վերելքին, առաւելապէս` բանաստեղծութեան իւրայատուկ լեզուահնչեղութեանն ու մշակմանը:

Քիչ ժողովուրդներ կան, որոնք արիւնարբու բռնատիրութեան մէջ մտածում են իրենց մշակութային առաջադիմութեան մասին: Այդ առումով, արեւմտահայութեան պատմութիւնը իւրայատուկ տեղ է գրաւում:

Ցաւօք, մինչ օրս դեռ լրջօրէն  ուսումնասիրուած չէ արեւմտահայ գրականութեան այդ ժամանակաշրջանը, երբ բիւրեղացուեց, իր յուզականութեան մէջ երաժշտական հնչեղութիւն ընդգրկելով` հարստացաւ արեւմտահայ բանաստեղծական լեզուն: Ուսումնասիրուած չէ, թէ ինչո՞ւ այդպիսի ծաղկունք ապրեց արեւմտահայ գրական մտածելակերպը` իր մէջ ներառելով ազատութեան ձգտում, հայրենիքի գաղափար, համամարդկային սէր, արուեստի նրբագոյն զգացողութիւն ու կատարեալին հասնելու ձգտում:

Բռնատիրութեան օրէ օր աճող անտանելի ճնշումները, ժողովրդի ընկերային եւ քաղաքական քայքայուած վիճակը ամբողջովին ներկայանում է գրականութեան, նշանակալիօրէն բանաստեղծութեան միջոցով` ողջ գրականութիւնը դարձնելով տուեալ ժամանակաշրջանի պատմական անցեալն ու ներկան պատկերողը:

Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ հայերի վիճակը գնալով ծանրանում էր, երկրում տիրող համիտեան պարբերական ջարդերի, բռնութիւնների, կողոպուտների, անվերջանալի ճնշումների պատճառով:  Ողջ հայութիւնը հոգեկան ծանր ապրումներից էր անցնում: Հայը որքան էլ փորձում էր ամէն կերպ խոնարհ հպատակութեամբ իր գոյատեւման միջոցները գտնել, միեւնոյն է` ամէն ինչ պայթում էր իր գլխին, բռնութեան ծուղակը իր շուրջն էր հիւսւում, հայը խեղդւում էր իր արեան հեղեղում: Ահա թէ ինչ է գրում «Դրօշակ»-ը` 1896-ին. «Բանտերը լեցուած են հայերով: Ընդհանրապէս առանց պատճառի կը ձերբակալեն, հարցաքննութիւն կամ մանրամասն խուզարկութիւն չկան, միայն մարդուն անունն ու ուրտեղացի ըլլալը հասկնալէ վերջ կ՛աքսորեն, բայց ստանան գիտէ` թէ ո՛ւր. Շատեր ծովին յատակը կ՛իջնեն, ցամաք ելլողներն ալ անօթութենէ կամ տանջանքներէ կը մեռնին»:

Այս բռնատիրութեան, ոճիրի, համատարած անապահովութեան ժամանակաշրջանում էլ 1884թ, ապրիլ 20-ին Սեբաստիոյ Բրգնիկ գիւղում կրթուած, գրագէտ, բայց հազիւ իր ընտանիքի կարիքները հոգացող Գրիգոր Չպուգքեարեանի եւ Թագուհի Պաղտիկեանի յարկի տակ ծնւում է ընտանիքի առաջին արու զաւակը, որին կոչում են Դանիէլ` ի յիշատակ մօր մեծ հօր, որի խիզախ կերպարը յետոյ նա կենդանացրել է իր«Եիկիտ Տոնէյ» դիւցազնավէպում: Թէեւ իր անուան հետ կապուած մէկ այլ դիպուած էլ կայ: Ըստ որոշ աղբիւրների, հայրը եկեղեցում Դանիէլ մարգարէի էջն է կարդալիս լինում, երբ հաղորդում են անդրանիկ որդու ծնունդը, եւ որդու անունը կնքում է Դանիէլ: Ամէն դէպքում երկու վարկածներն էլ ընդունելի են:

Դանիէլն իր մանկութիւնն անցրել է Բրգնիկ գեղատեսիլ գիւղում` առանց հօր ներկայութեան, աւելի մօր եւ մեծ մօր հոգածութեան տակ, միշտ հօր կարօտով, միշտ նրան երազելով: Չքաւոր ընտանիքի հոգսը գոնէ մասամբ բաւարարելու համար հայրը այլ շրջաններում է աշխատել, աւելի յաճախ` Պոլսում: «Դեռ հազիւ թիթեռներ  որսալու հասակիս մէջ` հայրս պանդխտած է Պոլիս, եւ մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երեւակայութիւնս օրօրած է ենիչերիներու եւ գայլերու պատմութիւններով»: Այդ ենիչերիները յետոյ պատմութիւնից իրականութիւն են դառնալու իր համար:

Նա բաւական ուշ գրաճանաչ է դառնում, 10 տարեկանին, Բրգնիկի ծխական դպրոցում:

1896-ի համիտեան կոտորածի օրերին ձերբակալում են հօրը: Երկար ժամանակ ընտանիքը նրանից տեղեկութիւն չունենալով` մայրը` 12 ամեայ Դանիէլի հետ մեկնում է Պոլիս` ամուսնուն գտնելու: Վերջապէս նրան գտնում են բանտում: Չքաւոր ընտանիքի հոգսը ամբողջովին ընկած էր մօր եւ մեծ մօր ուսերին: Պոլսում մօրը յաջողւում է  հազիւ գրաճանաչ դարձած Դանիէլին տեղաւորել Սագըս-Աղաճիի Մխիթարեանների գիշերօթիկ նախակրթարանում:

Ինչպէս` բոլոր գաւառից մեծ քաղաք եկածների, այդպէս էլ 12-ամեայ զգայուն, անհամարձակ Դանիէլի վրայ ծանր տպաւորութիւն է թողնում Պոլիսը, յատկապէս երբ յաճախակի ականատես է լինում փողոցում կատարուող հայերի ջարդերին, որը անջնջելի ծանր հետք է թողնում իր զգայուն հոգում, մանաւանդ երբ բանտում այցելում է շղթայակապ հօրը: Այդ տեսակցութեան ցնցիչ  տպաւորութիւնը տարիներ կրելով իր մէջ` յետոյ աւելի սթափ վերածում է բանաստեղծութեան, «Հօրս բանտին մէջ» վերնագրով:

Դեռ փոքր էի, եկայ քեզի մենաւոր,
Մութ զընդանիդ մէջ այցի՛,
Մայրս հիւանդ էր, կը շրջէի ես ազատ
Մէջտեղ բանտի եւ մահճի:

Հօր այդ հիւծուած, լռակեաց թշուառութիւնը անասելի ալեկոծում է 12 ամեայ իր զգայուն հոգին, նա ուզում է նրան

«Տալ ընդգրկումի մը մէջ տաք`
Ազատ աշխարհը դուրսի»,

բայց անշուշտ անկարող այդ ամէնին, մանկական իր ընկալմամբ, նա փորձում է հօրը մասնակից դարձնել իրենց տան անց ու դարձին,  տեղեկացնում է մեծ մօր մահը, մօր հիւանդութիւնը, մայրը հիւանդացել էր թոքախտով, մինչեւ իսկ, որ իրենց վարդենին էլ չորացել է, երբ կոպտօրէն կրկին ետ են տանում հօրը:

«Ու ես երկար ետեւէդ պիշ նայելով,
Հայր իմ մինակ, հոն լացի.
(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թօթուէր ոխ մը նոր)
Սիրտս աչքերէս քամեցի»:

Նախակրթարանից յետոյ շարունակում է իր ուսումը Գատըգիւղի Մխիթարեան վարժարանում, ուր իր վրայ մեծ ազդեցութիւն է թողնում իր հայերէնի ուսուցիչ վարդապետ Արիստակէս Քասգանտիլեանը, որը տեսնելով իր աշակերտի մէջ գրելու մեծ շնորհք` ոչ միայն  քաջալերում, այլ մինչեւ իսկ սրբագրում է նրա բանաստեղծական առաջին փորձերը եւ յանձնում տպագրութեան: «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նուագները» վերնագրով, որը,  ինչպէս ինքն է նշում` «Այս փնջիս ծաղիկներու մէջ հոգիս ու սիրտս խառնած եմ, զի ծաղիկ շատ կը սիրեմ»: Իսկապէս դրանք անմեղ պատանու սրտի պարզագոյն զեղումներն են:

Այդ ընթացքում հայրն ազատւում է բանտից, աշխատանք գտնում Պոլսի իջեւանատներից մէկում, որն իրեն հնարաւորութիւն է տալիս յաճախակի հանդիպելու, յատկապէս արձակուրդներին հօր հետ լինելու, ճանաչելու նրան: «Արձակուրդներս ընդհանրապէս անցած են հօրս քով, Խաւլար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներու եւ վէրքերու տրոփիւնին ունկնդիր», գրել է նա: Նա կապւում է հօրը, գնահատում նրա ե՛ւ գիտելիքը, ե՛ւ կրթութիւնը եւ Վենետիկից մօրը գրած նամակում հետեւեալն ենք կարդում.

«Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը եւ խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը, երբ կրթող հայր մ՛ունի եւ` խնամող մայր մը, ըսածս գիտեմ»:

Վարժարանը դեռ չաւարտած, նոյն Քասգանտիլեանի յանձնարարականով, որպէս առաջադէմ աշակերտի, նրան ուղարկում են Վենետիկ` Մուրատ Ռափայէլէան վարժարանում ուսումը շարունակելու: Իր յանձնարարականում ուսուցիչը գրել է. «Լաւ նայեցէք, նոր Մկրտիչ Պեշիկթաշլեան կը ղրկեմ»:  Վենետիկում ուսանելու չորս տարիները թէեւ բաւական դժուար տարիներ են եղել իր համար, սակայն այն մեծ ազդեցութիւն է ունեցել իր մտային ձեւաւորման վրայ:

Այստեղ էլ նա շարունակում է գրել բանաստեղծութիւններ, որոնք հիմնականում համիտեան ջարդերի եւ հօր աշխատած իջեւանատանը ծանօթացած պանդուխտների դժուար կեանքի, հալածանքների մասին էին:

Ուսումն աւարտելուց յետոյ, 1905-ին, որպէս բացառիկ ուսանողի, նրան ուղարկում են Պելճիքա` Կանտի համալսարանում բարձրագոյն ուսում ստանալու, Մխիթարեանների ծախսերով, որոնք, ըստ իր նամակների, բաւական ուշացումով վճարելով, նիւթական շատ դժուարին վիճակի են մատնել իրեն:

Կանտում նա սիրահարւում է, դժբախտաբար սէրը անփոխադարձ է մնում, իրեն խաբուած է զգում եւ անչափ ծանր տանում իր առաջին սիրոյ պարտութիւնը, խորը յուսահատութեան մատնւում`

Սիրտս է յոգնած, վիրաւոր.
Ո՛չ մէկ գարնան ծաղիկներուն կը սպասէ,
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բզկտեց:

Բաւական երկար ժամանակ հոգեկան այդ բզկտումները հետում են իրեն: Այդ սիրոյ մասին յետոյ նա անդրադառնալու է «Տրտունջք» իր գլուխգործոցի մէջ, սակայն այդ վիճակից դուրս է գալիս, երբ կարդում է Ժընեւում նոր լոյս տեսած Սիամանթոյի «Հայորդիներ» շարքը, որը միանգամից սթափեցնում է իրեն: Ազգի մեծ ցաւը կարծես փարատում է իր ընկճուածութիւնը եւ գրում է. «Երբ հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջի մէջ, ես չուզեցի տեղի տալ իմ անհատական ցաւերուս ու նախընտրեցի երգել Ցեղիս սիրտը»: Հետագայում նրա կապը սերտանում է Սիամանթոյի հետ` ե՛ւ ստեղծագործութեամբ, ե՛ւ անձնապէս, հանդիպում են իրար, ինչպէս Սիամանթոն է նշել` «Նեմանի գեղածիծաղ ափերուն վրայ»:  Նոյնիսկ 1913թ. Պոլսում Վարուժանը հանդէս է գալիս «Եարճանեանի քերթողութիւնը» դասախօսութեամբ, իրենց մտերմութիւնը շարունակւում է մինչեւ իրենց ողբերգական մահը:

Կանտի ուսանողութեան տարիներին աշխուժ ելոյթներ է ունենում հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին դասախօսութիւններով: Հայրենիքից հեռու` նա աւելի ջերմ զգացումներով է կապւում իր հողին ու ժողովրդին, եւ եկող յուսահատական լուրերը նրան չէին ընկճում: «Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթային մէկ օղակը ըլլալու համար», այս հաւատով էր նա ապրում ու շարունակում իր ելոյթները:

1909-ին աւարտելով Կանտի համալսարանի քաղաքական գիտութիւնների բաժինը` նոր լիցքաւորումով վերադառնում է հայրենի իր ծննդավայրը` Սեբաստիա: Ահա թէ ի՛նչ ենք կարդում վերադարձից առաջ Կանտից Արշակ Չօպանեանին գրած իր նամակում. «Վաղը կ՛անցնիմ Վենետիկ, յետոյ Պոլիս եւ յետոյ` Բրգնիկ, Սեբաստիայի Սեւ հողերուն վրայ թողելու դրոշմը պանդխտական ոտքերուս: Դեռ չեմ կարող ըմբռնել, թէ Եւրոպան ի՛նչ հետքեր թողած է ուղեղիս եւ վարուելակերպերուս վրայ:

Առայժմ մնաք բարեաւ, սիրելի՛ պրն. Չօպանեան, հայրենական հողէն կը գրեմ դեռ: 25 յուլիս 1909թ, Կանտ»:

Սեբաստիա վերադառնալով` սկիզբ է դրւում իր ուսուցչական գործունէութեան: Նրա համար ազգային կրթութիւնն էր ամենակարեւորը, եւ մեծ եռանդով նետւում է այդ գործին: Նախ դասաւանդում է տեղի Արամեան վարժարանում:

Սեբաստիայում նա խենթի պէս սիրահարւում է տեղի մեծահարուստ Թաշճեանների դստեր` Արաքսիին, որին հայերէն եւ ֆրանսերէն էր դասաւանդում: Սէրը փոխադարձ է լինում, սակայն Արաքսիի ծնողները կտրականապէս մերժում են նրան, բայց երկար պայքարից յետոյ սէրը յաղթում է: Նրանց հարսանիքին մասնակցում է ողջ Բրգնիկը: Այդ մասին հետեւեալն ենք կարդում Թէոդիկին գրած իր նամակում. «Վերջապէս յաղթանակը տարաւ մաքուր եւ անկաշկանդ սէրը եւ հարբած Սվազը տեսակ մը հետաքրքրութեամբ հանդիսատես ըլլալէ վերջ` գիտցաւ գոնէ ծափահարել այդ ընտրութիւնս, եւ իմ ու նրա կամքի յաղթանակը: Ալ ասկէ վերջ գուցէ նոր յոյզեր ու նոր երգեր սպասես ինձմէ: Կը խոստանամ տալ, քանի որ մուսաս երկուք եղաւ:

Այս անգամ քեզի մտերմիկ քերթուած մըն է ղրկածս` աղջկանս վրայ գրուած, զօր մեզի հաճելի եղած է կոչել Վարուժնակ` հակառակ իր բուն անունին, որ Վերոնիգ է: Հայրական առաջին երգս ալ տարեցոյցիդ կը նուիրեմ»: (Թոքաթ, 15 մայիս 1912թ.)։

Որոշ ժամանակ անց հրաւիրւում է Թոքատ, Եդովկիա, ազգային Ճեմարանում դասաւանդելու, որից յետոյ Պոլիս` Բերայի Լուսաւորչեան Ճեմարանի տնօրէնի պաշտօնով, ուր փոխադրւում է ընտանիքով, եւ որը շարունակում է մինչեւ իր ձերբակալումը, այսինքն` երեք տարի:

Ճեմարանում նա մեծ փոփոխութիւն է մտցնում դասաւանդման մէջ, կրօնի դասաժամերը կրճատելով` աւելացնում է ազգային դաստիարակութեան` հայոց լեզուի, պատմութեան ժամերը: «Զանազան սպառնալիքներու տակ ինկած ազգ մըն ենք, որ պէտք ունինք մեր բոլոր տոհմային յատկութիւնները զարգացնելու», այս սկզբունքով շարունակում է իր դասաւանդումը, որի պատճառով անախորժ բախումներ է ունենում տեղի պատրիարք Թերզեանի հետ: Բայց արհամարհելով բոլոր յերիւրանքներն ու բամբասանքները` նոյն հաւատով շարունակում է իր պաշտօնավարումը:

1914թ. կարճ ժամանակով Պոլսում, Յ. Օշականի, Կոստան Զարեանի, Գեղամ Բարսեղեանի հետ հիմնում են «Մեհեան» գրական` նոր խօսքի, նոր ուղղութեան ձգտող հանդէսը, սակայն շուտով բաժանւում է խմբից եւ բանասէր, խմբագիր Յակոբ Սիրունու հետ խմբագրում  «Նաւասարդ» գրական տարեգիրքը: Դժբախտաբար սա էլ առաջին հատորի հրատարակումից յետոյ սկսուած պատերազմի պատճառով կասեցւում է` երկրորդ հատորը լոյս չտեսած:

Նոյն տարի ծնւում է երկրորդ զաւակը` Արմէնը, իսկ երրորդ որդու` Հայկակի ծնունդը, այդպէս էլ չի տեսնում: Ճակատագրի չար դիպուածով որդին ծնւում է հօր սպանութեան օրը` 1915 օգոստոս 26-ին:

Արդէն մեծ ճանաչում ու սէր վայելող Վարուժանն էլ ողջ հայութեան հետ նոր ծրագրերով, յատկապէս հայրենիք այցելելու` «Կ՛ուզեմ համբուրել այն տեղերը, ուր նահատակ մը ինկած է, կամ հերոս մը ոտք դրած», իր ժողովրդին ամբողջապէս ճանաչելու մտածումներով է սկսում 1915թ. երբ յանկարծ ապրիլ 20-ով խորտակւում են ոչ միայն իր, այլ ողջ հայութեան ծրագրերն ու ապագան:

Որպէս ճանաչուած մտաւորական, ըստ Ցեղասպանութեան մշակուած ծրագրի, առաջին զոհերից է դառնում: Ձերբակալումից մի քանի օր առաջ լուրեր են տարածում, որ Վարուժանի անունը բացակայում է ոստիկանութեան ցուցակից, եւ ընկերները նրան առաջարկում են հեռանալ Պոլսից: Վարուժանը հրաժարւում է` ասելով, որ չի կարող թողնել ո՛չ հայրենիքը, ո՛չ ընտանիքը, նա պիտի մնայ իր ժողովրդի կողքին: Ապրիլ 20-ին երեք հարիւրից աւել հայ մտաւորականների հետ, գիշերով, իր տան մէջ ձերբակալւում է եւ ուղարկւում Չանղըրըի բանտ, ուր իր մտերիմ ընկերոջ եւ մեր մէկ այլ բանաստեղծ-բժիշկ Ռ. Սեւակի հետ օգոստոս 26-ին Այաշի Թիւնէյ գիւղի ձորերից մէկում գազանաբար յօշոտւում է վարձու թուրք աւազակների ձեռքով:  Այդ նոյն աշնանը բնաջնջւում է նաեւ իր սիրելի ծննդավայրի` Բրգնիկի ողջ հայութիւնը:

Ամուսնու գազանային յօշոտումից յետոյ Արաքսին նրա խորհրդին հետեւելով` հեռանում է Պոլսից, երեխաների հետ տեղափոխւում է Միացեալ Նահանգներ, հաստատւում Քալիֆորնիոյ Ֆրեզնօ շրջանում եւ երեխաներին հայ մեծացնում: Ամուսնու մահից վեց տարի անց, 1921թ. Արաքսին ամուսնանում է ճարտարապետ Ժիրայր Աբիկեանի հետ, ընդունում նրա ազգանունը: 1963թ. զաւակները Նիւ Եորքից Երեւանի Չարենցի անուան Գրականութեան եւ արուեստի թանգարան են յանձնում իրենց հօր` Վարուժանի ողջ արխիւը:

Այս սեղմ կենսագրական գծերում անշուշտ ամփոփւում է  իր տիտանական արուեստը:

Վարուժանի ողջ գրականութիւնը զարմանալիօրէն ամբողջովին հիմնուած է ազգայինի վրայ: Ասում եմ` զարմանալիօրէն, որովհետեւ իր հասունութեան շրջանը, մտքի, ճաշակի ձեւաւորումը հիմնականում նա ստացել էր հայրենի հողից հեռու` Վենետիկում եւ Պելճիքայում, Եւրոպայի սրտում, եւ այսօրուայ մեր մօտեցումով պէտք է, որ արհամարհէր իր երկրի ահաւոր անբարենպաստ պայմանները, եւ ինչպէս հիմա են վարւում, չվերադառնար հայրենիք, մնար ու ստեղծագործէր այնտեղ, գուցէ եւ` օտար լեզուով:

Սակայն հետաքրքիր երեւոյթ էր կատարւում ընդհանրապէս արեւմտահայ մտաւորականութեան մէջ: Համիտեան ջարդերի պատճառով ստիպողաբար, կամ բարձրագոյն ուսման համար Թուրքիայից Եւրոպա մեկնած հայ մտաւորականների մեծագոյն մասը յղկուած, նոր վարուելակերպ ու մտածողութիւն ձեռք բերած` խելայեղ կապուածութեամբ վերադառնում էր հայրենիք եւ նոր ստեղծագործական եռանդով լեցնում մթնոլորտը, մշակում, հարստացնում մայրենի լեզուն, գաւառներում ուսուցչութիւն անում, եւ անշուշտ` ստեղծագործում, նոր մտքերով ու գաղափարներով լեցնում մշակութային կեանքն ընդհանրապէս: 1899-ին «Նոր Կեանք»-ի իր խմբագրականում ազդեցիկ  մտաւորական Արփիար Արփիարեանը այդ երեւոյթին հետեւեալ բնորոշումն է տուել. «Հայ ժողովուրդը առանց մտաւորական կեանքի` չի կրնար ապրիլ: Թուրքիոյ մէջ այսօր գերազանցապէս մտաւորական ժողովուրդ ենք: Իսլամները թուի առաւելութիւն ունին, մենք` մտքի»: («Նոր Կեանք», 1899, էջ 306):

Եւ իսկապէս, մտաւորականների մի հսկայ բոյլ` 26 տարեկանին Պոլսից հեռացած, մի քանի երկրներում` Աթէնք, Գահիրէ, Փարիզ, Վիեննա, Լոնտոն, Պոմպէյ ապրած Երուանդ Օտեանը, 18 տարեկանին Փարիզ, Սորպոնի համալսարան աւարտած Զապէլ Եսայեանը, Սրբուհի Տիւսաբը, 18 տարին նոր բոլորած, Եգիպտոս, Փարիզ, Ժընեւ, Լոզան, Ցիւրիխ, Միացեալ Նահանգներ ապրած Սիամանթոն, Էջմիածին, Պերլին, Փարիզ, Լոզան ապրած, աշխատած Կոմիտասը, Կոստան Զարեանը, Վարուժանից մէկ տարի փոքր, Լոզանի բժշկական համալսարանը աւարտած  Ռուբէն Սեւակը, անշուշտ Վարուժանը եւ շատ ուրիշներ կրկին վերադարձել են Պոլիս, ողջ էութեամբ նուիրուել հայ մտքի, մշակոյթի, կրթութեան, արուեստի զարգացմանը, այն դէպքում, երբ հայութիւնը սկսել էր կորցնել իր դիմագիծը, արհամարհուած էր հայոց լեզուն, ցածր խաւի համար թրքախօսութիւնն էր, իսկ բարձր դասի համար ֆրանսերէնը, երբ նրանցից իւրաքանչիւրը կարող էր ստեղծագործել օտար լեզուով եւ աւելի ճանաչում ձեռք բերէր:

Չվերադարձողներն անգամ իրենց ապրած օտար երկրներում հիմնել են հայկական թերթեր, հանդէսներ` Արշակ Չօպանեան, Արփիար Արփիարեան, Սուրէն Պարթեւեան եւ այլոք, որոնք Եւրոպայում հայ խօսքն ու մշակոյթը տարածելու, զարգացնելու եւ ամենակարեւորը` Թուրքիոյ մէջ իրենց հայրենի հողերի վրայ հայութեան դէմ գործադրուող բռնութիւնները օտար պետութիւններին տեղեկացնելու համար իրենց կեանքն են ներդրել` իրենք ամենադժուարին պայմաններում ապրելով: «Ինչո՞ւ Եւրոպա կը գտնուինք» գրութեամբ «Նոր Կեանք»-ում կրկին Ա. Արփիարեանը պատասխանում է. «Հացի խնդրով չէ, որ հոս եկած ենք, դասալիքներ ալ չենք: Մեր հոս գալուն նպատակը անդին չարչարուող մեր եղբայրներուն տառապանքը վերջացնելն է» (1901թ.):

Այսպէս, արեւմտահայ ողջ մտաւորականութիւնը հասկանալով, որ իրեն հալածող թուրքի դէմ պայքարի միակ միջոցը հայ լեզուն ու մշակոյթը պահելն է, ամենակարեւորը` դրանով տառապեալ ժողովրդին արթնացնելն է, վերադառնում ու լծւում է այդ գործին, իր գիտելիքն ու ձեռք բերածը ներդնում դրա զարգացմանը, բացում վարժարաններ, միայն 1903-ին 800-ից աւել վարժարաններ են գործել, 6 օրաթերթ, որոնք բոլորն էլ, ըստ Արամ Անտոնեանի, վճարել են իրենց աշխատակիցներին: Արեւմտահայ մշակոյթի այդ նոր ծաղկունքը տեւել է մինչեւ 1915, վերջնական Եղեռնը: Վկան` գրքերի եւ հանդէսների, մամուլի իրերայաջորդ հրատարակութիւնները` 1908-ին Սիամանթոյի «Հայորդիներ» գիրքը, 1909-ին` «Կարմիր լուրեր բարեկամէս», Ատանայի ջարդերի առիթով, նոյն թուին` Վարուժանի «Ցեղին սիրտը», 1910-ին` Ռուբէն Սեւակի «Կարմիր գիրքը», Կիլիկիոյ ջարդերին նուիրուած: 1911-ին Զապէլ Եսայեանի «Աւերակներու մէջ», շարքը երկար է, դեռ չհաշուած` թարգմանութիւնները, թրքատառ հայերէն հրատարակութիւնները եւ այլն:

Պատահական չէ, որ Պոլիսը` արեւմտահայ մշակոյթի զարգացման այդ կեդրոնը, անբացատրելի ուժով է ձգել հայ ստեղծագործողներին, նոյնիսկ 1915-ի ջարդերից փրկուածներն անգամ հին կապուածութեամբ, 1918-ից յետոյ վերադարձել ու շարունակել են ստեղծագործել Պոլսում:

Վարուժանի բանաստեղծութիւնների առաջին շարքը, գրուած` 17 տարեկանին, ինչպէս վերը նշեցի, ստեղծել է Պոլսում, հրատարակուել է 1905թ. «Սարսուռներ» խորագրով, «Գեղունի» հանդէսում, ուր առաջին անգամ նա ստորագրել է ոչ թէ Չպուգքեարեան, այլ` Դանիէլ Վարուժան  (Վարուժան նշանակում է առաջնեկ, անդրանիկ, հաւանաբար այդ առիթով է ընտրել), որը եւ դարձաւ իր մնայուն անունը, եւ որով յաւերժացաւ:

Իր այս շարքի առաջին` «Մուսային» բանաստեղծութեամբ աւետում է  բանաստեղծ դառնալու իր տենչը. «Երգել, երգել կ՛ուզեմ ես» իր տողն է, նոյնիսկ երբ մուսան զգուշացնում է` յիշեցնելով բանաստեղծի անցնելիք դժուար ճանապարհը.

«Ի՜նչ, այս քընա՞րը կ՛ուզես, քնար սեւ փայտէ՜.-
Այս` վէրքերու գործիք մըն է, այս է հուր» ,«այս դագաղդ է»,

չի խախտում իր վճիռը` «Ես, անյողդողդ, ըսի անոր: Ըլլայ, տուր»: Եւ առանց դոյզն իսկ տատանուելու, անյողդողդ իր վճռին` այդ քնարով մինչեւ իր վերջին շունչը երգեց ոչ թէ իր անձնական, այլ իր ժողովրդի եւ մարդկութեան ցաւերը:

Այս շարքում պատառիկներ են իր մանկութեան երկրորդ շրջանից, երբ Պոլսում, 12 տարեկանին, իր երկրորդ մանկութիւնն էր ապրում միայնակ, ընտանիքի ջերմութիւնից հեռու, որը եւ կարծես միանգամից հասունացրել էր իրեն: Արդէն պատանի` իր ներքին դիտողականութեամբ նա կարողացել էր իւրացնել այդ քաղաքի ջարդերի, թշուառութեան, հալածանքների եւ մեծ քաղաքին յատուկ ցոփութեան իրական դիմագիծը, յատկապէս հօր հետ շփուելով` ականատես եղել կեղեքուող ժողովրդի ցաւերին, ամէնօրեայ նրանց վշտերին եւ իր զգայուն հոգով այդ ամէնը հաւաքագրելով իր մէջ` այն վերարտադրեց իր հաւաքածոյում:

«Հա՛յր, օրհնէ»-ում նա տալիս է իր շնորհքի հիմնական աղբիւրի հասցէն. հօրից իրեն փոխանցուած խորութեան հիմնական աղբիւրը, որն զգացել էր իր պատանութեան տարիներին.

«Իմ արիւնս է գոյացած քու քրտինքէդ,
Յոգնութեանդ ծիլն եմ տըխուր»

Իսկ շարքի յաջորդող բանաստեղծութիւններում` «Ձիւնէ դագաղը», «Մոխիրներուն առջեւ», «Մուրացիկը», «Վիժածը», «Հիւանդ է» եւ այլն, բացայայտւում էր իր զգայուն հոգին, ամենակարեւորը` իր սրտացաւութիւնը այլոց ցաւերի հանդէպ:

«Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ`
Մարմնաւորած իմ արիւնէս, շարժումէս»

Նա ամենեւին չէր սխալւում, այդ նոյն շարքում մարդ իրապէս մղկտում, սարսուռ է ապրում` թէկուզ «Ձիւնէ դագաղը» բանաստեղծութիւնը կարդալով: Անօթեւան, թշուառ հարբեցողի մահը մի ապարանքի աստիճանների վրայ, ուր ձիւնը իջնելով արդէն մեռած, սառած մարմնի վրայ` նրա դագաղն է դառնում: Ուրիշների ցաւով տառապելը աւելի մեծ առումով հանդիպելու ենք նրա հետագայ բոլոր գործերում:

Պատահական չէ իր պատասխանը բոլոր նրանց, որոնք փորձեցին Դուրեանի «Տխրութիւն» բանաստեղծութեան հետ համեմատել «Սարսուռներ» ժողովածուն եւ կրկնութիւն համարել այն: Նա համարձակօրէն պատասխանեց. «Դուրեանի տխրութեան շարժառիթը իր անձն է, իմինս` ուրիշները»: Չէ՞ որ ինքը նկարագրում էր ուրիշների տառապանքը:

Յիշեցնեմ` նա ընդամէնը 17 տարեկան էր:

Մուրատ Ռափայէլեանում սովորելու տարիներին ստեղծում է բանաստեղծութիւնների մի նոր շարք, որը շարունակում է յղկել, զարգացնել Կանտում ուսանելու տարիներին, եւ որը բաւական դժուարութիւններից յետոյ, տպագրւում է 1909-ին, «Ցեղին սիրտը» խորագրով:

Այս ժողովածույում արդէն հասուն բանաստեղծն է` անվերջանալի բռնութեան ու հալածանքի մէջ, իր ազգի տառապանքը ներկայացնողը, ուր բացայայտւում է նաեւ իր ընդվզող հոգին, որն ապրում ու շնչում էր իր ժողովրդի ճակատագրով, նրա անկախութեան գաղափարով, սեփական հողը ամէն միջոցով պահպանելու, նրա դարաւոր  պատմութեամբ, առօրեայով, նրա գալիքով: Եթէ այս ամէնին կարելի է տալ մի ընդհանուր բնորոշում, դա հայրենասիրութիւնն էր, որը դարձել էր  աշխարհահայեացք` ընդհանրապէս այդ շրջանի ստեղծագործողների համար: Սակայն Վարուժանի համար հայրենասիրութիւնը սոսկ աշխարհահայեացք չէ, այն իր ապրումն ու կեանքն է, որի մէջ ներառում է նաեւ ողջ մարդկութեան տանջող իրավիճակները:

«Ցեղին սիրտը» ժողովածուն բաժանւում է երկու տարբեր` իրար հակադիր խորագրերի`  «Բագինին վրայ» եւ «Կրկէսին մէջ», որն ընդգրկում է նաեւ «Դիւցազնավէպեր»-ը: Ինչպէս հետագայում կը տեսնենք, սա Վարուժանի ոճն է, իրար հակադիր գործերը իրար շաղկապելով` ընդհանուր ասելիքին ծառայեցնել, որով իր տուածը դառնում է մեծ ու ընդհանրական:

Շարքն սկսւում է «Ձօն» բանաստեղծութեամբ, այն հիացնում է նրբօրէն մշակուած լեզուական գեղեցկութեամբ: Պատահական չէ, երբ 1907թ. Ա. Չօպանեանին գրած նամակում հետեւեալն ենք կարդում. «Ասկէ վերջ բաւական չէ քերթուածներս ստեղծել սրտիս կաթիլ-կաթիլ արիւնովը, այլ հարկ է զանոնք զգեստաւորել հայերէնի ամբողջ փառքովը եւ արուեստի ամբողջ նրբութեամբը» (1907թ. 31 դեկտեմբեր, Կանտ):

Եւ անկասկած նա մի իւրայատուկ արուեստով էր տիրապետում  մեր լեզուի ողջ նրբութեանն ու հարստութեանը եւ` ոչ միայն լեզուի: Սակայն սա միայն լեզուի նրբութիւնը ցուցադրող ձօն չէ, դա միաժամանակ պայքարի՛, հայրենասիրութեա՛ն կոչ է: Ձօն է ողջ հայութեան, նոյն եղէգնեայ գրչով երգուած, որով դարեր առաջ հայրենի հողի հիմքն են գովերգել, որոնք դարեր պայքարել ու պահպանել են մեր հողն ու պատմութիւնը: Կարդալով այն, անվերջ մտածում ես` ինչպէ՞ս, ե՞րբ հասցրեց հաւաքագրել իր ժողովրդի անցած դժուարին ուղին այս երիտասարդը, որ հեռացաւ օտար երկիր դեռ պատանի հասակում: Ե՞րբ վերլուծեց նրա պատմութիւնը, ե՞րբ ծանօթացաւ նրա կորուստներին ու հերոսամարտերին, ե՞րբ հասկացաւ, որ միայն զէնքով կայ ազգին փրկութիւն»:

«Եւ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի,
Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ,
Գրիչս եղաւ անթրոց սըրտերու հնոցի…
Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ,
Եղէգնեայ գրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղէգան փող բոց ելանէր»

Այդ եղէգան փողով նա փափաքում էր Նեմեսիսի, վրէժի աստուածուհու, փոխաբերական արթնացումը տեսնել իր ժողովրդի մէջ:

Եւրոպայից ձեռք բերած ժողովրդային գաղափարները նրան մղում էին իր ժողովրդին արթնացնել,  համախմբել, ոտքի հանել իր ազատութեան համար: Նա ամբողջովին յենւում էր իր ժողովրդի ներքին ուժերի արթնացման վրայ, որի մղիչ ուժը թուրքի ճնշումներից կուտակուած վրէժն էր դառնալու:  «Ժողովուրդն է, ժողովուրդն է, որ կու գայ», կարդում ենք «Նեմեսիս»-ում`

«Եկաւ զանգուած մ՛իր բրտութեան մէջ նընջող
Եւ արթընցաւ Դիցուհի՜
Զերթ քարափերթ մ՛ըստրուկ ինկաւ մուրճին տակ,
Եւ կանգնեցաւ Վրիժուհի»:

Իր էութեան մէջ, կարծես, ամփոփուած լինէր ողջ հայութիւնը: Եւ պատահական չէ, որ ինքը զգում էր դա եւ գրեց` «Ժողովուրդ մ՛ես ըզգացի, որ լանջքիս տակ կը տրոփէր»:  Իր արեան բաղադրիչ մասը` հայրենասիրութիւնը, նրան պարգեւել էր իր ժողովրդի ցաւերը տեսնելու, ականջալուր լինելու ջիղ, որով այդքան խորը ընկալեց դէպքերը, այդքան սահուն ու ներդաշնակ մեր պատմութեան ակնառու պահերը հաւաքագրեց բանաստեղծութեան մէջ, եւ որ ամենակարեւորն է, ողջ հոգով ձուլուեց հայրենիքին` նրա հողին, կերտած դժուարին պատմութեանը, լեզուին, զգաց դրանք պահելու պարտադրանքը:

Պարզւում է` նա միայն պարզ ուսանող չի եղել Եւրոպայում, այլ` դիտող, վերլուծող, հետեւութեան յանգող:

Հայրենիքից հեռու, Եւրոպայում, օտարութեան դժուարին տարիներին, իր շրջապատում տեսաւ հայրենիք ունենալու, այն ազատօրէն վայելելու առաւելութիւնը: Նրա խորը էութիւնը, ըմբռնեց պապենական հողի խորհուրդը, այն պահելու, գուրգուրալու անհրաժեշտութիւնը եւ իր գրիչը օգտագործեց այդ զգացումը արթնացնելու համար իր ժողովրդի մէջ, որը թուրքի տիրող ճնշումների տակ աստիճանաբար հալւում, կորչում էր: Նա տեսնում էր, որ հայութիւնն աստիճանաբար հեռանում էր իր արմատներից:

Կանտում նա ուսումնասիրեց եւրոպական գրականութիւնն ու արուեստը, Վենետիկում, արուեստի աշխարհից զատ, Մխիթարեանների մօտ, խորացաւ իր հայրենի պատմութեան մէջ եւ անբաժանելիօրէն կապուեց նրան: Հայրենիքը դարձաւ իր էութիւնը, հողը, լեզուն, պատմութիւնը` իր պաշտամունքը, հայութեան գոյութեան անհրաժեշտութիւնը եւ փորձեց այն կենդանացնել նաեւ հողի գիտակցութիւնից հեռացող իր ժողովրդին մէջ:

Ահա «Կարմիր հողը» բանաստեղծութիւնից մի քանի տող, որը փշաքաղում է իր իմաստուն խորութեամբ ու նուիրուածութեամբ`

«Գրասեղանի՛ս վըրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ՛հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նըւէր է ան.- զայն ինձ ձօնողը կարծեց`
Սիրտն իր տըրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասի՛ն»: 
                          եւ յետոյ
«Ազգ մը կայ հոն, սեղանիս վրայ, ազգ մը հին»…

Այստեղ տեղին է մէջբերել Յ. Օշականի յիշողութիւնը այս բանաստեղծութեան մասին. «1915-ին զինք` այսինքն Վարուժանին, տեսայ վերջին անգամ, Ռ. Սեւակի տունը, Բերա: Քաղաքը` Պոլիսը, անճանաչելի էր դարձած: Ու մէկէ աւելի գրողներու մասնակցութեամբ, սեղանի մը գլուխը անիկա բաժակ մը գինի պարպեց մեր գրականութեան: Ու կարդաց իր «Կարմիր հողը»: Չեմ կրնար մոռնալ կրակը, որ ձայնն ու դէմքը առած էր իր մէջ, երբ քերթուածը կը յօրինուէր, մեր ամէնուն հիացման առջեւ: Անոր մարմինը ճշմարիտ նուագարան մըն էր: Ու բոլորս ալ զգացինք, թէ հին օրերու ներշնչեալները տարբեր տեսակէ արարածներ ըլլալու չէին, քան որ ահա իր գրածը կ՛ապրէր մեր առջեւ այդքան անդիմադրելի խռովքով մը: Սեւակին կինն անգամ, գերմանուհի մը, որ տունի հայերէն մը հազիւ ճարած էր իր ամուսնին սիրոյն, առնուեցաւ բառերուն այդ կրակէ շապիկին մէջ ու լացաւ, վստահ եմ, առանց հասկանալու, թէ այդ բառերուն ընդմէջէն մենք` հայերս, ինչ ահաւոր, ինչ քաղցր, ինչ անհուն բաներ կը ծծէինք: Իր առածը գոլն էր միայն բառերուն»: (Յ. Օշական, «Համապատկեր», 6-րդ հատոր):

Սովորաբար արձակ ստեղծագործութեանն է վերապահուած  պատմելը, նիւթի շուրջ պատմութիւն, նկարագրութիւն ստեղծելը, քանզի արձակը սահմանափակումներից զերծ է: Բանաստեղծութիւնը, հակառակը, որոշակի եւ աւելի սահմանափակ տարողութիւն ու կառոյց ունենալով` երկար-բարակ պատմութիւն չի ընդունում, այն աւելի սեղմ բառերով, խորհրդանշական, ներքին զգացումի բացայայտում է: Վարուժանի արուեստը մի զարմանալի կարողութեամբ օգտագործում է արձակի անսահմանափակութիւնը բանաստեղծութեան սեղմ տողերում եւ դուրս գալիս տողերի սահմաններից, կարծես ստեղծում է երկրորդական, երրորդական տողեր` պատկերի, պատմութեան, զգացումի եւ ընդհանրացման:  Իր տողերի մէջ բառը կարդալով, զգում ենք աւելին` ժամանակաշրջան, ապրուած տառապանք, ճակատագիր, պատկեր, կատարուող դէպքի շարժում, գոյն, զգացում:

Ահա մի պարզ մէջբերում` նոյն խորագրի «Ծեր կռունկը» բանաստեղծութիւնից.

«Որչափ հարսեր իրենց սրտերն հըրատապ
Իր քընքշական փետուրներուն մէջ դրին,
Որչափ մայրեր եւ որդիներ բաժնըւած`
Անոր թեւերը բեռցուցին համբոյրով»…

Այս չորս տողերում հայութեան ճակատագրի պատմութիւնն ենք կարդում, պանդխտութեան բերած կարօտի ու սիրոյ տառապանքի ցաւը,  կռունկի վերադարձի յոյսը շաղախելով մեր անկատար յոյսերին:

«Բագինին վրա՛յ» խորագրի տակ հաւաքագրած իւրաքանչիւր բանաստեղծութիւն ներկայացնում է` դրուագներ, պատում, նկարագրութիւն, վերլուծում, խորհրդածութիւն արեւմտահայութեան ծանր կեանքի էջերից: Թերթէք այդ գործերը ու կը տեսնէք սեփական պատմութեան դառը ուղին:

Նոր սահմանադրութիւնը բոլորի հետ իրեն էլ էր ոգեւորել, նոր յոյսերով, նոր գիտելիքներով, նոր ըմբռնումներով վերադարձել էր հայրենիք: Սակայն Ատանայի ջարդով խորտակուել էր ամէն յոյս: Այդ նոյն ժամանակ իր գրչակից Սիամանթոն հրատարակել էր իր «Կարմիր լուրեր բարեկամէս»  շարքը:

Բնական է` ողջ էութեամբ իր ժողովրդին այդքան կապուած անձը չէր կարող անտարբեր մնալ, եւ Վարուժանն էլ իր այս շարքում նկարագրեց ջարդը` «Ջարդը» իր հանրայայտ պոեմում` մարուած օճախներով, աւերակներով, արիւնլուայ դիակներով, մոխրացած տներով, որի մասին նա գրել է` «Ընդունեցէ՛ք, արցունքիս, ցասումիս եւ հեգնութեանս մէկ խմորումն է»:

Համալսարանական տարիները ընդլայնել էին իր մտահորիզոնը, նա իրադարձութիւնները դիտում, ընկալում էր աւելի մեծ տեսադաշտով, ինչպէս եւրոպական մտածողներին էր յատուկ: Յեղափոխական ալիքներում թաւալուող Եւրոպայում ձեռք բերած քաղաքական մտածողութիւնը ազատագրել էր իրեն կրօնական կաշկանդումներից, գերազանց տիրապետում էր եւրոպական դիւանագիտութեան, որն օգնում էր իրեն ճիշդ հետեւութիւնների յանգելու:

«Ով բարբարոս դու ոգի» այսպէս բնութագրեց թուրքին այս 21-ամեայ երիտասարդը «Ջարդը» ստեղծագործութեան մէջ եւ թուրքի հետ հաւասար` մեղադրեց Եւրոպային մեր կոտորածի հանդէպ ցուցաբերած նրա անտարբերութեան եւ թուրքին քծնելու համար:

Եւ Եւրոպան` դէմքն իր ետեւ դարձուցած
Կոպերը թաց կը շփէ
Մեր ծուխէն աչքն իր բոզի
Կըսկծելո՜ւն համար լոկ»:

Եւրոպայի կեցուածքի մասին աւելի մանրամասն նա անդրադառնալու է «Կիլիկեան մոխիրներուն», կիլիկեան ջարդերուն նուիրուած  բանաստեղծութեան  մէջ, ուր ի հակադրութիւն Սիամանթոյի, որը դեռ հաւատում էր եւրոպական մարդասիրութեանն ու յոյս կապում նրանց օգնութեանը, Վարուժանը առաջնորդում էր ժողովրդին սեփական ուժերի վրայ յենուել, այլ ոչ թէ` Եւրոպայի օգնութեան, այն նոյն Եւրոպայի, որը Կիլիկիան մոխիրներու էր վերածել:

«Անոնց ըսէ, ըսէ` թէ ինչպէս Կիլիկիան մորթեցին
Ազատութեան դափերուն նըւագին մէջ դաւաճան»

Նա անգիր գիտէր եւրոպական հոգեբանութիւնը, եւ նոյն տեղում շարունակում է.

«Գիտեմ, թէ այդ եղբայրներըդ մեծագոգ նաւերով
Գալ պիտ ուզեն… օգնութեա՞ն… օհ, ոչ… մահուան մնացորդի՞ն.
Պիտ ուզեն գալ լոկ մեր կոյս, ատոք լեռները պեղել,
Եւ մեր ծոցուոր հանքերէն կըթել մետաղն հրաշափառ,
Կըթել մետաղն ու իրենց եսին կուռքերը կերտել…»

Իմ կարծիքով, այսօր էլ մեր ժողովրդին անհրաժեշտ է այս բանաստեղծութեան ողջ իմաստի թարմացումը, քանզի այսօր էլ դեռ մեր ճակատագիրն ու մեր հարստութիւնները յանձնել ենք եւրոպացիներին:

Կրկին անդրադառնալով «Ջարդը» բանաստեղծութեան` յիշեցնեմ, որ դա միայն ջարդի ու ողբի նկարագրութիւն չէ, ինչպէս` Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամէս» շարքը: Այստեղ անկարելի է չնկատել, որ այդ համատարած կոտորածի, յուսահատութեան մէջ նա որսաց անորսալին.

«Զի ահաւասիկ կը տեսնեմ
Արգանդներուն մէջ ձեր լայն`
Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ»:

Նա լսեց իր ժողովրդի խորին ծալքերում կուտակուող վրէժի տրոփիւնը եւ որպէս ազատատենչ գաղափարներով հակուած էութիւն` հաւատաց իր ժողովրդի յաղթանակին ու նոյն տեղում գրեց.

«Ոհ, այն ատեն, այս օրուան
Մեր մեռելները բոլոր
Միահամուռ ոստումով
Պիտի կանգնին գերեզմանին մէջ իրենց,
Ու անհամբեր հեռո՜ւն, հեռո՜ւն ակնապիշ
Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին
Արշալոյսի մ՛Արշալոյսի մը` որուն
(Հաւատացէք ինձ Մայրեր),
Ես ոտնաձայնը կ՛առնեմ…»

Առաջին անգամ այս բանաստեղծութիւնը ներկայացրել է Վահրամ Փափազեանը` իր փայլուն կատարմամբ, Շիշլիի ազգային գերեզմանատանը, հայ նահատակների ոգեկոչումի օրը, հաւաքուած հազարաւոր ամբոխին, սահմանադրութիւնից յետոյ, երբ դեռ Վարուժանը չէր վերադարձել Պելճիքայից, ամբոխը խելայեղ ոգեւորութեամբ է ընդունել այն:

Նրա համբաւը` որպէս բանաստեղծի, արդէն ժողովրդականութիւն էր վայելում` իր Պոլիս գալուց շատ առաջ:

«Ջարդը» պարզ բանաստեղծութիւն չէր, այլ` բաղձանք ու ազատագրման ճիչ, արթնանալու, իր սեփական ուժի վրայ յոյս դնելու պատգամ, որի շարունակութիւնը կարդալու ենք «Կռուի երթ», «Դիւցազնի մը սուրին», «Առաքեալը» եւ ուրիշ այլ բանաստեղծութիւններում:

Այդ նոյն հաւատով նա ստեղծում է խորագրի երկրորդ բաժնի «Դիւցազնավէպեր»-ը:  Ողջ էութեամբ համոզուած էր, որ «Հայը պիտի ապրի», բայց ուզում էր, որ նա ապրի ոչ թէ գլուխ խոնարհելով ու հպատակուելով, ինչպէս ապրել էին իր ծնողները եւ դեռ ապրում էր իր շրջապատը, այլ` «Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու» նշանաբանով:

Այս շարքում էր տեղադրուած նաեւ ինձ հետ հասակ առած «Կարօտի նամակ» բանաստեղծութիւնը, որն արդէն հասուն մտքով կարդացի յափշտակութեամբ, այն զգացումով` կարծես հարազատիդ նամակն ես կարդում: Ինչ հետաքրքիր է տարիք հասկացողութիւնը: Ես կրկնակի ապրեցի իր կարօտը: Վստահաբար մօր բերանով երեխայ տարիքին մօրից, ընտանիքից հեռացած իր կարօտն է փոխանցել Վարուժանը մեզ, եւ այդ ընդհանրութեամբ աւելի կապուեցի նրան: Չէ՞ որ ես Մեծիկիս կարօտն էի նոյն ջերմութեամբ զգացել:

Այսօր չկայ Մեծիկս, բայց դեռ իմ մէջ չհանգչող կրակ է մանկական տարիքիս ներդրուած կարօտի այդ ապրումը, որն այս անգամ էլ մխում է կորցրած ծնողներիս կարօտից, հեռաւոր զաւակիս կարօտից, հայրենի կորուստների կարօտից, ամբողջական չդառնալու կարօտից, հայրենիքիս կարօտից, այն ամէնից, ինչը յափշտակուեց մեզնից: Ես երախտապարտ եմ Վարուժանին, որ իր կարօտի այդ կրակը այդքան կենդանի վառեց նաեւ իմ մէջ եւ դեռ շարունակում է ապրել ինձ հետ, քանզի դա հայի դարերի հաւաքածու զգացում է:

Վարուժանը միայն արեւմտահայութեան ցաւերով չի ապրել, նրա մտածումները ընդգրկում են ողջ հայութեան, այսինքն արեւելահայութեանն նոյնպէս: Պոլսից դուրս հայութեան վիճակը էլ աւելի էր վատթարանում: Հեռաւոր շրջաններից ՀՅԴ տարած  աշխատանքի շնորհիւ ժողովրդի արթնացման լուրերն էին գալիս, որն ալեկոծուած էր պահում ողջ հայութեան եւ յատկապէս` իր նման մտածողի: Այդ կուսակցութեան գաղափարախօսութեան մէջ տեսնելով իր մտածումների, սկզբունքների հարազատութիւնը, ժողովրդի ազատագրման համար նրա տարած անձնազոհ աշխատանքը` անդամակցեց, անմնացորդ նուիրուեց նրա գաղափարներին եւ սկսեց նոր անուղղակի ուղիներ փնտռել` նոր գաղափարներով արթնացնելու սարսափի մէջ ապրող իր ժողովրդին:

Բոլորովին պատահականութիւն չէ «Ցեղին սիրտը» շարքում «Վիրաւորը» բանաստեղծութիւնը` հայ-թաթարական կռիւների առիթով գրուած: Նա քաջալերում էր իր ժողովրդի մէջ արթնացող Դաշնակցութեան վառած պայքարի ոգին, կրկին ու կրկին համոզւում, ուրիշ ուժ չկայ հայութեան համար, բացի այն, որ ողջ հայութիւնն է ոտքի կանգնելու այս կուսակցութեան հետ` սուլթաններին եւ ցարերին կործանելու համար:

«Մենք, ժողովուրդ.- պղնձակերտ աստուածներ,
Րաֆֆիներու, Քրիստափորի, մենք զինուած
Հրացաններով, բահերով,
Եւ մուրճերով, հաւատքով,
Դիիդ առջեւ, կուռ մոլուցքով մը սեւցած,
Ահաւասիկ վեհ, ոտքի՛, ոտքի՛ կեցեր ենք»:

Իւրաքանչիւր բանաստեղծութիւն «Դիակի սայլը»,  «Անիի աւերակներուն մէջ», «Վահագն» եւ շարքի մնացած բոլորը պատմագիրք են` հայրենասիրութեան, ժողովրդասիրութեան, մարդասիրութեան, ազատութեան իր նուիրումի: Այսքան բնականօրէն ու այսքան հարազատ հրամցուած` հաստատումն են իր ժողովրդին ամբողջովին զգալու նրա անուրանալի յատկութեան:

Եւ այս ամէնը բանաստեղծական նոր տաղաչափով, շարժման կշռոյթով, գոյների բազմազանութեամբ, լեզուական հարուստ շարահոսութեամբ, երաժշտականութեամբ, թարմ, տեսանելի բառապաշարով հրամցնելը ողջ հաւաքածուն դարձնում է արուեստի բարձրագոյն ստեղծագործութիւն:

Չի սխալուել ֆրանսացի բանաստեղծ, թարգմանիչ Լուք Ա. Մարսելը` գրելով. «Վարուժանի լեզուն հմայում է ամէն ինչ համախմբելու իր զօրութեամբ»:

«Ցեղին սիրտը» գրքից յետոյ, Եւրոպայից վերադառնալով,  ուսուցչութեան տարիներին, 1912թ Ռոստովցի մեծահարուստ Յովհաննէս Պալեանի  ծախսերով հրատարակուեց «Հեթանոս երգեր» ժողովածուն, որը բոլորովին նոր խօսք էր ոչ միայն իր, այլ հայ բանաստեղծութեան մէջ:

Եթէ նախորդ` «Սարսուռներ» եւ «Ցեղին սիրտը»   ժողովածուներում ողջ հայութեան հաւաքական տառապանքն էր նրա անցած ճանապարհն ու ներկան, «Հեթանոս երգերում» մարդ անհատն է` իր անցեալով, իր ներքին, անձնական ապրումներով, զգացումներով, ինչպէս ինքն է բնութագրել` «Մարդ էակին գիրքն էր»:

1908թ. նա գրում էր` «Հեթանոս կէանքը օրէ օր զիս կը գրաւէ, եթէ այսօր կարելի ըլլար, կրօնքս կը փոխէի եւ սիրով կ՛ընդգրկէի բանաստեղծական հեթանոսութիւնը»:

Յիշեցնեմ` 20-րդ դարի սկիզբն էր, հայութիւնը դեռ թուրքի տիրապետութեան տակ ապրում էր մշտական անապահով վիճակում, կեանքի միակ նպատակը հացի կռիւն էր, գլուխը իր ուսերին պահելը, օր ու գիշեր իր աշխատանքին լծուած, հալածուած: Հայութեան հաւաքական կեանքը առաջնորդում էր բացարձակապէս եկեղեցին` իր բարոյական սկզբունքներով: Հայի կրօնը եւ մասնաւորապէս կրօնաւորները հայութեան համոզում էին խոնարհութեամբ ընդունել թուրքի բռնութիւնը: Ըմբոստութիւնն ու պայքարը վտանգ էին համարում:  Կրօնը համոզել էր նաեւ, որ սիրելու, սիրուելու, հաճոյքի, ըմբոշխնումի մարդկային բնական զգացումները անբարոյ մտածումներ են, եւ դրանք ընդհանրապէս ժողովրդի մտածումներից դուրս էին մնում:

Այդ ժամանակաշրջանի հայութեան վիճակը աւելի պարզ դարձնելու համար` ահա մի մէջբերում 1897թ. «Մասիս» (թիւ  318,324) օրաթերթից: «Հայ կինը սպասաւոր մըն է հայ տան մէջ ու դադրած է մեզի ներշնչելէ առաջուայ պէս», «Մեր հանրային կեանքը եկեղեցին ու դպրոցին շուրջ կը դառնայ ու մեզ զբաղեցնողը թաղականի, հոգաբարձուի, դպրոցի եւ ուսուցչի անվերջանալի խնդիրներն են: Բանտ մըն է մեզի համար մեր հանրային կեանքը: Պէտք է նոր հորիզոններ գտնենք մեր մտքին համար ու գեղարուեստին տանք յատուկ իր տեղը»:

Ազատ գաղափարներով լցուած Վարուժանն անկասկած խեղդւում էր այս միջավայրում:

Մինչ «Հեթանոս երգեր»-ը նա հայութեան ցաւերի, հայրենիքի ազատագրման, յուսալքուած ժողովրդին ուղղորդելու մասին էր մտածում եւ այդ ուղղութեամբ նրան առաջնորդում:

«Հեթանոս երգեր» ժողովածոյում բոլորովին այլ էր իր մօտեցումը: Այս ժողովածուն մի տեսակ բացայայտ բողոք էր` ընդդէմ այն բարքերի, կաշկանդումների, որի մէջ ապրում էր հայութիւնը: Հիմնական իր խնդիրը ժողովրդին արթնացնելն էր, եւ տեսնում էր, որ այդ պայմաններում անկարելի է նրա արթնացումը: Եւ նա դիմում է աւելի համարձակ քայլի:

Բնականաբար ժողովածուն մեծ աղմուկ էր հանելու իր շուրջ: Բոլորին թուաց, թէ «Ջարդ»-ի հեղինակը գովերգում է միայն հեթանոսութիւնը:

Այնինչ այս ժողովածուն աւելին էր, քան` հեթանոսութեան գովերգումը:

Վարուժանի տաղանդը հոյակապ լուծում էր գտել` ներկայացնելով քրիստոնէութիւնից առաջ հայերի պաշտամունքի` հեթանոսութեան առաւելութիւնները, շեշտում, ժողովրդի ուշադրութիւնը կենտրոնացնում էր այն փաստի վրայ, որ հայը նախքան քրիստոնէութիւնը` անկախ ու ազատ է ապրել իր հողերում: Հայը` որպէս անհատ եւ որպէս ժողովուրդ, ազատ է եղել բոլոր կաշկանդումներից, հզօր է եղել, տիրող է եղել, պաշտուել է գեղեցկութիւնը, տարփանքի, ըմբոշխումի զգացումները ընդունուել են բնականօրէն, ինչպէս այն պարգեւել է բնութիւնը, գովերգուել եւ գնահատուել է կանացի մարմնի գեղեցկութիւնը իր բոլոր մանրամասներով:

Վարուժանը այս ժողովածուի մէջ էլ ընդգրկում է երկու տարբեր խորագրեր` «Հեթանոս երգեր» եւ «Գողգոթայի ծաղիկներ», որով ընդգծում էր հայ կեանքի երկու հակադիր կողմերը:

«Հեթանոս երգեր» բաժնում` իր ժողովրդի 20 դար առաջ ընդարձակ ու ինքնուրոյն ապրած ազատ կեանքն էր յիշեցնում իր ժողովրդին, երբ հայը, ինչպէս նշեցի, մեծ էր ու հզօր, տարածուն ու անյաղթելի, իր տաճարներով, հզօր աստուածներով, անկաշկանդ հաճոյքներով, կինը, հեշտանքը, գինին, արուեստը, գեղեցկութեան պաշտամունքը, ազատ մարդը:

«Գողգոթայի» բաժնում կեանքի հակառակ կողմն էր` իր դարը, հայութեան եւ մարդկութեան ստրկացումը, կեանքի անարդարութեան հարկադրանքով ճզմուող մարդու, խեղճի, թշուառի, հալածականի վիճակը եւ իր սրտացաւութիւնը` նրանց բոլորի հանդէպ:

Հայ գրականութեան մէջ, ինչպէս գիտէք, դեռ միջնադարից սկսած, սիրոյ, կանացի գեղեցկութեան գովերգումն է տիրել: Վարուժանը ոչ միայն այն բարձրացրեց մէկ այլ մակարդակի, անհատի զգացումները հակառակ սեռի հանդէպ, նրա մարմնական գեղեցկութեան ազդեցութիւնը հրամցրեց բանաստեղծական գոյների այնպիսի անկաշկանդութեամբ, կեանքի այնպիսի բնականութեամբ, որ նկարագրուող կիրքը, հեշտանքը դառնում է բնութեան տուած ուժ, վայելք.  նա կնոջը աւելի մեծարեց, ներկայացրեց որպէս կեանք պարգեւող, մայրութեան առաւելութեամբ, որի` «լայնալիճ» կողերուն մէջ կ՛արգասաւորին նոր կեանքեր, նոր ապագաներով»:

Նա ողջունում էր հեթանոսութեան տուած առաւելութիւնները, որն ազատագրել էր մարդկային միտքը կաշկանդումներից` «Ուր պաշտուեցաւ Գեղեցիկն ու Զօրութիւնը արբուն»:

Պատահական չէ, որ գիրքը սկսում է «Գեղեցկութեան արձանին» բանաստեղծութեամբ` փառաբանելով բարձրագոյն արուեստը, կնոջ աստուածակերտ գեղեցկութիւնը` մինչեւ իսկ մարմարակերտ արձանի մէջ կենդանացուող, որին դիտելիս արժէ` «Տառապի՛ մարդն ու չըկրնայ դըպչիլ քեզ»:

Գովերգում է մի դարաշրջան, ուր հայը ապրել է տարբեր հասկացողութիւններով ու բարքերով, չի խեղճացել, մարդը ազատ է եղել կաշկանդումներից, փառաբանուել է գեղեցիկը, մեծը, հզօրը, բնական գրգիռները: «Մեռա՛ծ աստուածներուն» բանաստեղծութեամբ ողբում է հին հեթանոս աստուածների` Դիոսի, Ապողոնի, Անահիտի, Պոսիդոնի, Աստղիկի անհետացումը, որոնք եղել են իր պապերի պաշտամունքը`

«Ով դու Վահագն, ով աստուածն իմ հայրերուս,
Կ՛աղօթեմ ես… կ՛աղօթեմ
Ուժին համար, կրօնքին համար բազուկիդ»…

եւ որոնց հեռացումով` «Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկայ, խուլ Աստուծոյ մը հրեայ», որի արդիւնքում մարդը դարձել է հնազանդ մտքով ու հոգով, ստրուկ, ճղճիմ ու խաբեբայ: Որ հին աստուածների հզօրութեան կործանումով անհետացան`

«Բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիկները խաղաղ
ամայացան ու տաղտկացան»:

Որ նրանց ոսկեհուռ մարմարակերտ գեղեցկութեան փոխարէն

«Միայն սնարէս կախուեր է խաչ մ՛յաղթական`
Ուր կայ լոկ փառքը Մահուան»:

 

Իր նախնիների կեանքի` գինու, բագինի, աստուածների, հաճոյքի, գեղեցկութեան ոչ միայն գովերգումն է, այլ նաեւ` գնահատումը, իր վերաբերմունքը կնոջ եւ նրա արժանիքների հանդէպ: Յաջորդող բանաստեղծութիւններում` «Ով Լալագէ», «Օրհնեա՛լ ես դու ի կանայս», «Հեթանոսական», «Անահիտ», «Հարճը», «Ո՜ Տալիդա», կնոջ բացայայտումն է տարբեր կողմերով` կինը` սիրոյ վայելք, ամէնից առաջ բնութեան հրաշք, մարմնական կատարեալ հաճոյք, արիւնիդ եռք տուող, հեշտանքի պահեր պարգեւող, սիրոյ եւ գեղեցկութեան յաղթող ուժ, որից տարուած` թագաւորութիւններ ու երկրներ են կործանուել`

«Իսկ համբոյրով մ՛այն գիշեր
Կին մ՛Իտալիան նըւաճեց,
Մարդ մը` բուրգերն յաղթաժեռ…» ( «Կղէոպատրա»)

Հիացնում է նրա պաշտամունքը կնոջ հանդէպ` իբրեւ կեանք պարգեւողի, բեղունութեան, մայրութեան խորհրդանիշի:

«Օրհնեա՜լ ըլլաս յաւիտեան
Դուն, որ ըզգօն, կը կըրես
– Խեփորին մէջ ինչպէս մարգրիտ մը ազնիւ –
Աստուածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`
Օրհնեա՜լ ըլլաս, Մարիամ…»

Այս շարքի իւրաքանչիւր բանաստեղծութեան անկաշկանդ պատկերների գունեղ, ազատ նկարագրութեան մէջ չկայ մի աւելորդ վաւաշոտ արտայայտութիւն, կամ պատկեր, ընդհակառակը, միայն բարձրագոյն արուեստով իր տուած մաքուր ու հմայիչ տեսանելիութիւնն ես ըմբոշխնում:

«Այսօ՛ր կ՛ուզեմ կուրծքիդ վըրայ գինովնալ`
Ինչպէս զինուոր մը արբուն,
Կ՛ուզեմ պարպել գաւաթդ, եւ դուն ալ պարպես
Սիրտըս` նուռի պէս հասուն»: («Ո՜ Տալիդա»)

Իր գրչի տակ ժողովրդի կենցաղային սովորութիւններն անգամ զարմանալի հնչեղութիւն ու նոր գունաւորում են ստանում, գործը դարձնում կենդանի շարժապատկեր: Կարելի՞ է անուշադրութեան մատնել թէկուզ «Արեւելեան բաղնիք»-ը, ուր արուեստի բարձրագոյն նրբութեամբ, մեծ ձգողականութեամբ նկարագրում է բոլորին հետաքրքրող, մի թաքուն, տարփանքի կանչով լեցուած, ներփակ, միայն կանանց վերապահուած, ներքին եռուզեռով, տօսախ թասերով, գուռերով, անուշահոտ բուրումներով, տաք ջրի շոգու հետ բարձրացող կրքի ալիքներով լեցուած մի աշխարհ.

«Մորճագըմբէթ բաղնիքին ներքնադուռն յո՜յլ կը բացուի,  
Եբենոս դուռն հաստաբեստ` որ կը ծեծուի միշտ թակով,
Եւ անընդհատ կը քրտնի, կը ճըռնչէ ուժասպառ
Հուրիներուն ետեւէն` որոնք դանդաղ կը մըտնեն,
Բոլորը մերկ են ու չըքնա՜ղ…»

Այս շարքի իւրաքանչիւր գործ ինքնուրոյն մի աշխարհ է` բովանդակութեամբ, պատկերների շարանով, գոյների, դէպքերի բազմազանութեամբ, բոլորն էլ` այնպիսի արուեստով հրամցուած, որ ընթերցողը իրեն զգում է այդ նոյն միջավայրում: Անկասկած այս շարքում ակնառու է Եւրոպայի ազդեցութիւնը, այն տեսնում ենք իր ներկայացրած միջավայրի խորքում, աւելի ազատ, անկաշկանդ մտքով, մեծ ըմբռնումներով ներկայացուող նիւթը քննելու, շաղախելու մէջ: Իրապէս բանաստեղծական արուեստի կատարեալ գործ է այս շարքը:

Եւ յանկարծ հեթանոսութեան հզօրութիւնից, գունեղ գեղեցկութիւնից յետոյ, որի մէջ երկար չէր կարող մնալ իր նման իրատես մի էութիւն, երբ շրջապատում դառը, գորշ, արիւնոտ իրականութիւնն էր աւելի մոլեգնում, նա հրամցնում է «Գողգոթայի ծաղիկներ»-ը:

Ինչպէս վերը նշեցի, այս շարքում մարդ անհատի տառապանքն է: Եթէ «Ցեղին սիրտը» հատորում համիտեան արիւնարբու տիրապետութեան տակ ոչնչացող հայութեան տառապանքն էր, այստեղ` ընդհանրապէս ընչազուրկ խաւի, մարդ անհատի կեղեքուած, հարստահարուած վիճակն է:

Տնտեսական, ընկերային փոփոխութիւնների բերած ճգնաժամերը աւելի անտանելի էին դարձրել ժողովրդի վիճակը ամէնուրեք: Եւ նա չէր կարող մնալ միայն նեղ ազգային հարցերի շրջանակում:  Գիտէր, որ ազգայինը  կապուած է նաեւ համաշխարհայինին:

«Գողգոթայի ծաղիկներ» խորագրի տակ ներառում է բանուոր դասակարգի ողբերգութիւնը եւ իր գրչի տարողութիւնը ընդլայնելով` ազգայինից անցնում է համամարդկայինին, ուր նոյնպէս մահ ու ճակատագրի հարուած, անվերջանալի արիւն ու սուգ, «զարնուած սրտեր, մարուող ճրագներ»  կան:

Ինչպէս նախորդ իւրաքանչիւր խորագիր մտածումով է սկսւում իր բոլոր գործերում, այստեղ` նմանապէս: «Գողգոթայի ծաղիկներ» շարքը սկսում է «Աստծոյ լացը» բանաստեղծութեամբ, որը բոլորովին պատահական չէ: «Հեթանոս երգեր»-ը, ինչպէս վերը նշեցի, սկսում է «Գեղեցկութեան արձանին» բանաստեղծութեամբ, երբ դարեր առաջ պաշտւում ու արարւում էին գեղեցկութիւնն ու հզօրութիւնը: «Աստծոյ լացը» այն իրականութիւնն է, ուր  ապրում էր նա, ուր նոյնիսկ Աստուած ինքն էլ  իր ստեղծածից «Յուսահատութենէն սըրտաբուխ լացաւ»:

Մարդու կեղեքման օրէնքն ամէնուր էր եւ մեր բանաստեղծի էութիւնը, ինչպէս միշտ, այստեղ էլ կեղեքուողի համար էր մղկտում:

Անշուշտ հիւծուող, աշխատաւոր դասակարգի ծանր վիճակին անդրադառնալը իր եւրոպական ազդեցութիւնից էր գալիս, ուր անվերջ դասակարգային պայքարն էր եռում, բայց որը, սակայն, դեռ գլուխ իսկ չբարձրացրած, խեղդւում էր  սուլթանական արնոտ սահմաններում: Նա չի թաքցնում իր նողկանքը` արիւնով վաստակուած ու պատուած սուլթանի պալատի հանդէպ, չմոռանալով կրօնի պաշտպան Վատիկանի մասին նաեւ, որը միայն իր շահի մասին մտածելով` աչք էր փակում քրիստոնեայ իր զոհերի  հանդէպ`

«Անոնց արեան շաղախն են պատերը մռայլ Եըլտըզին,
Վատիկանի կամարներն, հողաթափերը պապին»: («Դադար»)

Իսկ յաջորդող «Լոյսը» բանաստեղծութեան մէջ իր ըմբոստութիւն է յայտնում այն Աստծուն, որի պաշտամունքով կեանքն ու մտածելակերպը փոխուեց ի սպառ`

«Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ
Պէտք է, որ այսպէս քալեմ»:

Եւ տիրող իրականութիւնը չհանդուրժելով` դիմում է աշխարհի հաւատացեալ կոչուածներին`

«Ով խաչ հանող եղբայրներ,
Թողուցէք զիս ճամբորդութեանս մէջ մինակ»: 

Եթէ «Ցեղին սիրտը» շարքում պատկերում էր հայկական կոտորածները, իր դաշտում մորթուած շինականին, իր հայրենի հողի վրայ կործանուող ժողովրդին, «Գողգոթայի ծաղիկները» գործարաններում արիւնաքամ եղող աշխատաւոր դասակարգի հարստահարուած, ծանր վիճակն է, իր շուրջ տարածուած թշուառութիւնը, որի համար իր սիրտն ու հոգին է կեղեքւում:

«Ես հոն էի` ուր մըրոտ խըրճիթներուն մէջ մարդիկ
Կ՛անիծեն լոյսը վաղուան` որ պիտի յանկարծ սառի
Իրենց քաղցէն նուաղկոտ բիբերուն մէջ մահաբաղձ»: («Տրտունջք»)

Նոր, մեքենայացուող դարը, խժռում, կուլ էր տալիս բանուորի ուժն ու մարմինը` «Յանուն պատառ մը հացի` գործատան մէջ թաղեց ան ճառագայթներն հոգիին», մինչդեռ այդ նոյն բանուորի կեանքի հաշուին «Ոսկի՛՜, ոսկի՜ կը լափէ» նրան շահագործողը Թերթենք «Մեքենաները»,  «Տրտունջք», «Մեռնող բանուորը», «Միջոն», «Առկայծ ճրագ», «Ընկեցիկը», «Բանուորուհին», «Ճիւաղը կ՛անցնի», ուր`

«Պատառուն շապիկով անոնք փողոց կը խուժեն
Ծերերն ունին կռնակներ ծալուած մինչեւ գերեզման,
Որոնց խորէն կը լըսուին ճարճատիւններ ողբական»…

Այստեղ էլ մարդկային թշուառութեան հանդէպ իր զգայուն հոգու ցաւն ենք զգում` «Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագոյն», իր համակրանքը` հանդէպ այդ ուրուականի պէս մթնշաղի մէջ դէպի գործատեղի շտապող հիւծուած բանուորուհին:

«Կ՛ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըւաւ;
Ինչ որ խլեցի մարտերով,
Քեզ պսակել արիւնիս գոյնն ունեցող
Յաղթանակիս վարդերով»:

Եւ` միաժամանակ պայքարի, յաղթանակի հանդէպ ունեցած իր խոր հաւատը, որով տոգորուած` վերադարձել էր Եւրոպայից:

«Վաղն, ով Ընկեր, ո՛վ Ընկեր, Քաղքին վրայ այս գոռոզ
Պիտի Ամպրոպը ճայթի, վառէ ջահեր բարբարոս»:

Վարուժանի յորդուն տաղանդը նրան դրդել է մի  քանի բանաստեղծական ծրագրեր միաժամանակ է ստեղծել: Ինչպէս, օրինակ, «Հացին երգը» նա մտայղացել է դեռ «Հեթանոս երգերը» գրելիս, Կանտում, որի մասին կարդում ենք իր բարեկամներից մէկին յղած նամակում` «Հացին երգը» գարնան դէմ պիտի սկսիմ»: Իսկ Չօպանեանին ուղարկել է այդ շարքի բանաստեղծութիւններից մէկը` գրելով. «Յիշատակ մըն է, զոր մանկական տաք երեւակայութիւնս հայ գիւղի մը շրթունքին, սարսուռով, մինչեւ այս օրս հասցուց»:

Այս շարքը, սակայն, աւարտում է երեք տարի յետոյ, 1915թ., որը հրատարակւում է իր գազանային յօշոտումից վեց տարի յետոյ միայն, կրկին Պոլսում, 1921թ. «Նաւասարդ» նորաստեղծ միութեան կողմից:

Այս շարքը բաւական ողբերգական ճակատագրի արժանացաւ: Վարուժանի ձերբակալման օրը արիւնախում խուզարկուները բռնագրաւում են նաեւ իր բոլոր գրութիւնները: 1919թ. Վարուժանի այրին` Արաքսի Թաշճեանը, կաշառելով թուրքական գրաքննութեան աշխատող մի հայի, մտնում է այն ներքնայարկը, ուր հայ գրողներից բռնագրաւած աշխատանքներն են հաւաքել եւ կաշառքի միջոցով փրկում է իր ամուսնու անգնահատելի հարստութիւնը, որը կարծես իր նահատակութեան ամոքիչ սփոփանքը դարձաւ ապրողներիս համար:

1921թ. այս գրքի հրատարակման առիթով կազմակերպած ցերեկոյթին բանախօսում են Վահան Թէքէեանը եւ Շահան Պէրպէրեանը: Ամենայուզիչը եղել է այն պահը, երբ Վարուժանի դուստրը` Վերոնիկը, իր հօր գրքից մի հատուած է արտասանել:

Այսօր իրապէս երախտապարտ ենք իր հոգու վերջին ճիչը դարձած

այդ հատորի ե՛ւ ստեղծման, ե՛ւ ամենակարեւորը` իր կնոջը` Արաքսիին, անձնազոհութեամբ այն փրկելու համար, առանց որի` հայ գրականութիւնը շատ մեծ կորուստ պիտի ունենար:

Ընդհանրապէս իւրաքանչիւր նոր հատոր, նոր խօսք, նոր ասելիք, նոր ոճ նոր բառապաշար է Վարուժանի համար: Իւրաքանչիւր նոր հրատարակութեամբ նոր Վարուժանին ենք հանդիպում: Ինքն էլ խոստովանում է. «Հաճելի է ինծի միշտ լարերս փոխել եւ վերանորոգուիլ արուեստիս մէջ, եւ եթէ մուսաները չլքեն զիս, դեռ պիտի կարենամ շուարեցնել»:

«Հացին երգը» շարքում իրապէս տարբեր Վարուժան է, այստեղ բացակայում է ազգի ծանր վիճակը, դրանով մտահոգ, նրան արթնացնելու, պայքարի մղելու հեւքը: Այստեղ քնարական, լուսաւոր,  իմաստնացած իր հողն ու դրա բարիքները փառաբանող բանաստեղծն է:

Իւրաքանչիւր անհատ ընդմիշտ կապուած է մնում իր մանկութեան` անկախ դրա դառը կամ շքեղ յիշողութիւնից, ստեղծագործողը` առաւել եւս: Ուրեմն պատահական չէ Վարուժանի դարձը դէպի իր արմատը, գիւղը, այն ակունքը, որից ստացել էր իր ողջ գունաւորումը:

«Տարիներով կ՛երազեմ վերապրիլ մանկական հասակիս սրտին մէջ` երկնահուպ ժայռի մը վրայ` Ալիսի եզերքը վայրկեա՜ն մը, վայրկեա՜ն մը միայն եւ յետոյ թող անդունդը զիս կլլէ», գրել է նա:

Նրան յոգնեցրել էր Պոլիսը իր կեղծ շպարով, քաղքենիութեամբ, ատելի էր իր համար այդ «շուայտ ու արբեցող կեանք»-ը, ատում էր անգամ «դահլիճներուն փարթամ կիները, որոնց կաւատն է ոսկին» եւ այդ անվերջանալի անհաշտութեան մէջ նա մտքով գտնում է հանգիստը իր գիւղի դաշտերում, դեռ չապականուած մշակի չարքաշ ջիղերում եւ մէկ ամբողջ խորագիր է նուիրում այդ ամէնը փառաբանելու համար: Այդ է վկայում իր գրութիւնը` «Միջավայրս բոլորովին հակաբանաստեղծական է, ստիպուած եմ յիշատակներէս ներշնչուիլ»: Այդ յիշատակները մանկութեան գիւղն էր:

Թէեւ այն միայն յիշատակների արթնացում չէ, այն որոշակի նպատակ ու ասելիք ունէր: Գիւղը հայրենիքի հիմքն էր, անվերջանալի կոտորածները, ազգի ստրկային պայմանները անտանելի էին դարձրել հայի կեանքն ամէնուրեք, յատկապէս` գիւղերում: Հային պարտադրում էին հեռանալ իր հողից, գիւղացուն` իր դաշտից: Հայ գիւղը արագօրէն բնակեցւում էր թուրքերով ու քիւրտերով, այն օրէ օր դատարկւում, քայքայւում էր: Կեանքը մորթւում էր արտերի մէջ, միտքը` գանկի:

Գրողներից շատերը, մտահոգ` հայաթափութեան օրէ օր աճող երեւոյթից, տարբեր միջոցներով փորձում էին յատկապէս գիւղացուն կապել իր հողին: Յիշենք Սիամանթոյի «Հայրենի հրաւէր»-ի տողերը`

«Վերադարձէ՛ք որդիներ, ձեր գութանին ու արօրին»:

Վարուժանն այլ մօտեցում է որդեգրում: Նա բաց հրաւէրքով չի մօտենում հարցին: Հակառա՛կը, գիւղի ողջ առաւելութիւնն է հրամցնում ժողովրդին:

Վարուժանը պաշտել է իր գիւղը, միշտ հպարտացել գիւղացու իր ծագումով, սիրել է ջլապինդ մշակներին, որոնք կարծր հողի եւ կիզիչ արեւի հետ կռիւ տալով` իրենց մարգարտեայ քրտինքով հաց են արարել, «հա՜ցը սրբազան»: Նրանք բարի են, նրանց կրծքի տակ բաբախում է «սիրտն հողի», երակներում արեգակն է յորդում: Նա զանց է առնում այն բոլոր բացասական տարրերը, որոնք իշխում էին գիւղում: Կրկին դիմենք իր նամակին. «Գաւառի երեք տարուան կեանքս (ուսուցչութեան տարիների մասին է խօսքը) ջղայնացնող պայքար մը եղաւ ընդդէմ նախապաշարումներու, ժողովրդական տգիտութեան եւ կուսակցական խօլութիւններու»: Նա գիտէր, որ այդ ամէնը տիրող պայմանների հետեւանք են, որ` դրանք կարելի է ուղղել, իսկ իրական գիւղը հողն է, հայի ծոցը, նրա ոգին պարունակող տարրը` գիւղացին, մշակները:

Այս շարքում ամփոփուած 29 բանաստեղծութիւններից իւրաքանչիւրում (ըստ 1986 թ. Անթիլիասի հրատարակութեան), գիւղական մի բնանկար է, աշխատանքի տարբեր փուլերով լեցուն, որը բնորոշ է դաշտային առօրեային` տափան է, սերմնացան, առաջին ծիլերի հրճուանք ու գեղեցկութիւն, գարնանային օրհնուած անձրեւ, ցորենի հասկերով լեցուն դաշտեր, որոնք նոյն բովանդակութեան ծառայելուց զատ` ունեն իրենց նշանակութիւնը: Իւրաքանչիւրը զարգանում է ըստ դաշտային աշխատանքի պարտադրանքի, որին զարմանալիօրէն այնքան ծանօթ է եղել:

Հետաքրքիրն այն է, որ այս շարքն էլ սկսում է «Մուսային» բանաստեղծութեամբ, ինչպէս` «Սարսուռներ» շարքում, սակայն այս անգամ, ի հակադրութիւն «Սարսուռներ»-ի, որտեղ մուսաներից գիտակցօրէն հայցում է բանաստեղծի դժուարին կոչումը, «Հացին երգը» շարքում նա մուսայից շնորհք է խնդրում` անսխալ վերարտադրելու այն աշխարհը, որտեղից հոսում են մեր զգացումները, որտեղից մեր պապերի կանչն ենք լսում, որի հանդէպ անսահման սէր ու ակնածանք ունի ինքը:

«Սորվեցուր ինձ.- պսակէ քընարս հասկերով…» 

Բանաստեղծական շարք ստեղծելու ձեւը 20-րդ դարասկզբին տարածուած էր, իրենից առաջ Սիամանթոն է օգտագործել այն, սակայն Վարուժանի մօտ սոսկ ձեւ չի մնում, այլ դառնում է միջոց` ամբողջական նիւթ, պատկեր ստեղծելու, ուր ամէն մէկ բանաստեղծութիւն իր առանձին բովանդակութեամբ ներկայանալով հանդերձ, դառնում է մեծ կտաւը լրացնող մասնիկ:

Եթէ հետեւէք բանաստեղծութիւնների շարքին, կը տեսնէք աստիճանական, ծրագրային դասաւորում. նախ` արտերն են, յետոյ գործող անձինք` մշակները, եզները, որոնք հերկում են հողը, յետոյ` ցան, տափան, առաջին ծիլեր, անձրեւ, եւ այսպէս շարունակ, մինչեւ ցորենը հասնում, ամբարւում ու ալրաղաց է տարւում:

Ափսոսանքով պիտի նշել, որ այդքան տպաւորիչ այս շարքը աւարտուած չէ: Բացակայում են հացի վերջնական ստեղծումը ներկայացնող մի քանի քերթուածներ, որոնց վերնագրերն են միայն նշուած եղել իր ծոցատետրում, բայց որոնք հաւանաբար դեռ չէին ստեղծուել, միայն ծրագիր են մնացել:

Ըստ իր նշումների, «Ալրաղացին» յաջորդելու էին «Ալիւրը», «Ախոռը», «Թթխմորը», «Փուռը», «Հայրենի սեղանը» եւ «Հացին երգը»: Ոչ ամբողջական լինելը ոչինչ է պակասեցնում այս գործի գեղարուեստական անգնահատելի արժանիքից եւ բովանդակութիւնից:

Այս շարքի իւրաքանչիւր բանաստեղծութիւն միայն երգ չէ, այլ իւղաներկ կտաւ է` «Արտս ոսկո՜ւն է նման բոցերու», կամ` «Հունձք կը ժողվեմ մանգաղով», «Լուսանակը եարս է». դա բանահիւսութիւն է ժողովրդի տքնաջան աշխատանքի` միախառնուած նրա ստեղծած բարիքների, ուրախութեան ու օրհնանքին:

Նա զարմացնում է մեզ կենդանի, շնչող պատկեր ստեղծելու կարողութեամբ:  Կարելի՞ է մոռանալ` «Հովե՜ր կ՛անցնին,

Ու ցորեաններս յուշիկ-յուշիկ կ՛արթըննան,  
Իրենց խորքէն կը հոսի դող մ՛անսահման»:

Իր տողերից երեւում է երեւոյթների մէջ ներթափանցելու արտակարգ  կարողութիւնը: Նա պարզապէս չի անցել արտերի մօտով, այլ ապրել է դրանց արթնացումը, ինչպէս ապրել էր ցեղին վշտերը, մօրը կարօտը, բանուորուհու հիւծախտը, Նեմեսիսի վրէժը:

Եւ պատահական չէ, որ մեր առջեւ կենդանանում է հայ շինականը` իր բրդոտ կուրծքով, նրա ցանքը, հերկը, որը աշխատում, ակօսներ է բացում իր ուղղամիտ բնաւորութեան պէս`

«Մարդը կ՛երթայ երգելով մաճն ափին մէջ պընդաջիղ,
Ու իր ճամբան կը գծէ իր հոգիին պէս ուղիղ»
:

Վարուժանը ոչ միայն վերականգնեց հայ գիւղի պատկերը, մշակների ստեղծած բարիքները, այլ իր ակունքից հեռացող հայութեան յիշեցրեց իր կապը իր հողին հետ, այդ հողում իր ծիների ծնունդը, փորձեց արթնացնել հայի երակներում հոսող ստեղծագործ դարաւոր զգացումները` շաղախուած հայրենի բնաշխարհի անկրկնելի գեղեցկութեամբ:

Իր անսահման սէրն ու փափաքը` հային լիառատ ու բազմացած տեսնելու, նոյնքան հրատապ է իր համար, որքան` նրա ազատագրումը: Նրա իւրաքանչիւր տողը սրբազան աղօթք է, երկրպագութիւն հանդէպ գիւղացուն, բնութեանը, հացին, նրա ստեղծողներին, գալիք սերունդ ծնողներին:

«Ափ մը ցերեան ծոցերուդ մէջ
Թող որ ցանեմ, Հարսըս աղուոր,
Հարսըս աղուոր, սէ՜րս հեռաւոոր.
Թող անկողնիդ ակօսին մէջ
Հասկ մը ծըլի` լըման շարքով,
Եւ օրօրած օրոցքիդ մէջ
Արշալոյսներ նընջեն փառքով»:

«Հացին երգը»-ին, ըստ իր ծրագրի, պիտի յաջորդէր «Գինին երգը», ծրագրել էր  գրել «Հայ հոմերագիրքը» Սասունցի Դաւթի ընդհանուր մշակումը եւ, ո՞վ գիտէ, դեռ ի՜նչ նոր գործեր պիտի ըմբոշխնէինք, չէ՞ որ նա ընդամէնը 31 տարեկան էր, իր ստեղծագործական ամենածաղկուն տարիքին, եթէ բարբարոս ոգին, ինչպէս ինքն էր բնութագրել թուրքին, վայրագաբար չյօշոտէր նրան:

Վարուժանի մեծագոյն առաւելութիւնը իր ինքնատպութիւնն էր, որ իր ժողովրդի սրտի զարկերը հաւաքագրած, դրանց ականջալուր, դրանք իրական պատգամ դարձրած` ուղղորդում էր իր ազգին դէպի ազատագրում, դէպի մեծն ու հզօրը, ինչպէս եղել էր նախկինում. «Հայը պիտի ապրի` հակառակ իր դահիճներուն: Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու», սա էր իր հաւատամքը:

«Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ», գրում է նա:.

Նա ոչ միայն օգտակար դարձաւ, այլ իր սէրն ու գնահատումը հանդէպ իր ժողովուրդը, հաւատը նրա ներքին ուժի հանդէպ` դարձրեց ժողովրդին առաջնորդող պատգամ: Նա հաւատում էր իր ժողովրդի հանճարեղութեանը եւ այդ աղերսով դիմում նրան.

«Ճառագայք մը բոց մը տուր ինձ տաղանդէդ,
Զի ես տուի սրտիս հրայրքը բոլոր,
Թող մըրրկէ, փոթորկէ զիս այգաւէտ
Հանճարիդ բոցն` որ ցեղիս ջահն է այսօր»:

Իր մեծութիւնը, սակայն, միայն իր ժողովրդով, նրա հանդէպ ունեցած հայրենասիրութեամբ չի ամփոփւում, իր սէրն ու մտահոգութիւնը, իր ազատութեան տենչը համամարդկային ընդգրկում ունեն: Պատահական չէ իր «Անդաստան» բանաստեղծութիւնը, ուր չորս քառեակներում ամփոփում է այս փոքրիկ, Երկիր կոչուած մոլորակի  չորս` արեւելեան, արեւմտեան, հիւսիս, հարաւ, կողմերում ապրող ողջ մարդկութեան խաղաղութեան իր մաղթանքը:

Դա աղօթքից վեր, համամարդկային խաղաղասիրութեան, մարդասիրութեան, բնութեան տուած բարիքների գնահատման, բարութեան ու օրհնանքի մի հանճարեղ ուղերձ է համայն մարդկութեանն ուղղուած.

«Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Լայն երակին մէջ ակօսին
Ոչ արիւններ, քրտինք հոսին

Ու երբ հընչէ կոչնակն ամէն գիւղակի`
Օրհներգութի՜ւն թող ըլլայ»:

Վարուժանին ամբողջովին հասկանալու համար պիտի կարդալ նաեւ նրա յօդուածները, նամակները` ուղղուած իր մտերիմներին, մեզ հանրածանօթ իր ժամանակակիցներին` Սիամանթոյին, Արշակ Չօպանեանին, Թէոդիկին, Արիստակէս Քասգանտիլեանին, Վարդգէս Ահարոնեանին, Ռուբէն Զարդարեանին եւ այլոց, ուր անկեղծօրէն կիսել է իր ապրումներն ու մտածումները:

Անշուշտ այսպիսի մի մեծութեան պիտի չհանդուրժէր թուրքի ամուլ, ոճրագործ ուղեղը, պիտի չհանդուրժէր յատկապէս նրա այն բնորոշումը, ուր ասում էր.

«Հայը մի մարտիրոս է, մի վկայ: Ժանտ ձեռքերը ջախջախեցին իր գանկը, բայց նա կրցաւ ստեղծագործել: Կոտրեցին իր բազուկները, բայց նա ակռաներով բացեց իր սրտին ակօսները  եւ նիզակներու եւ եաթաղանի հարուածներով պատռեցին իր կուրծքը եւ ծակծկեցին ամբողջ իրանը եւ սակայն չի կրցին մեռցունել զինքը, որովհետեւ սիրտը կը բաբախէր տակաւին այնքան ուժգին, որքան առոյգ երիտասարդի մի սիրտը»:

Այս տողերը կարծես իր գազանային յօշոտման կանխազգացումներն էին: Ճիշդ այդ ձեւով էլ տարիների կուտակած վրէժով բզկտեցին նրա մարմինը, փորեցին աչքը` մոռանալով, որ նա տեսել էր աւելին` իր ոչնչացուող ազգի զարթօնքը, ձուլուել էր իր ժողովրդին: Նրանք մոռացան, որ հանճարներին անհնարին է սպաննել:

2009թ. այս հանճարեղ բանաստեղծի ծննդեան 125-ամեակի առիթով, մի խումբ պոլսահայերի կողմից, որպէս յաւերժացում իր անուան, իր ստեղծագործութեան եւ որպէս ապտակ թշնամուն, յաւէտ յիշեցում իր գազանային արարքին` Պոլսի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը իր խորհրդանշական կիսանդրին կանգնեցուեց, որի ձախ մասում արձանագրուած է «Անդաստան» բանաստեղծութեան վերջին քառեակը:

Վարուժանին մեծարեցին ոչ միայն հայ մեծանուն ստեղծագործողներն ու իր ժողովուրդը, այլ նաեւ` օտարները: Նրա ստեղծագործութիւնները թարգմանուեցին տարբեր լեզուներով, իսկ 1958թ. Պելճիքայի Կանտ քաղաքի համալսարանի մատենադարանի առաջին սրահում եռալեզու` հայերէն, ֆրանսերէն, ֆլամանտերէն արձանագրութեամբ յուշատախտակ տեղադրուեց Վարուժանի մեծադիր դիմաքանդակով եւ կենսագրութեամբ: Որի վրայ քանդակուեցին իր «Նեմեսիս» բանաստեղծութեան տողերը.

«Ինչ փոյթ կեանքը մեռնող,
Երբոր երազը կ՛ապրի,
Երբոր երազն անմահ է»:

Մեծ ստեղծագործողների երթը գալիս է նրանց մահից յետոյ, եկող սերունդներն են տալիս նրանց գնահատականը, ինչպէս Յ. Օշականն է բնութագրել այդ երեւոյթը.

«Դիմանալ իր սերունդին` փոքր արժանիք մէ: Դիմանալ յաջորդին` փաստ արուեստագէտ խառնուածքի մը: Դիմանալ երրորդ սերունդի մը` հոս է մեծ գրագէտին սահմանը: Չեմ վախնար գրելու` Դանիէլ Վարուժան մեծագոյն փառքերէն մէկն է մեր քնարերգութեան, եթէ ոչ` մեծագոյնը»:

135 տարի է անցել բրգնիկցի մեր մեծագոյն բանաստեղծի ծնունդից, խլուած է մեզնից իրեն ծնած Անատոլիայի մեր այդ գեղեցիկ բնաշխարհը, բայց յաւերժացած է այն իր բանաստեղծական տողերում, եւ իւրաքանչիւր սերունդով թարմանում է մեր մտապատկերում նրա ստեղծած հայրենի հողի կանչը, վերականգւում է ցեղին սրտի զարկերը, շլացնում` հեթանոս աստուածների փայլը, տարածւում հացին երգն ու բոյրը եւ դեռ իր երազը` ազատագրուած տեսնել իր հայրենի տարածքները, մնում են անկատար:

Վարուժանի երթը իւրաքանչիւր սերունդի հետ նորոգուելով, շարունակւում է` պարտադրելով իրականացնել իր պատգամը.

«Ու ամէն ոք Ազգին սիրով լոկ արբշիռ,
Այնպէս վառի, ապըստամբի, բորբոքի,
Որ Թորգոմայ Տունն ըզգայ,
Թէ իր օճախը մարած`
Այսօր հրաբուխ է դարձեր»:

Յ.Գ.- Ես շնորհակալ եմ մօրս` Լուսինին, որ իմ մանկական տարիքում անուղղակիօրէն ծանօթացրեց ինձ Վարուժանին եւ իւրաքանչիւր անգամ շփուելով նրա ստեղծագործութիւններին` զգում եմ, թէ որքա՛ն կարեւոր է փոքր տարիքին կրթուել մեծ ստեղծագործողների գործերով: Իրապէս դրանք մեր կեանքի մեծագոյն ուղեցոյցներն են դառնում:

20 ապրիլ 2019
Սան Ֆրանսիսքօ

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)