«Ապառաժ»-ի Խմբագրական. Ռազմավարական Դաշինք` Միասնական Օրակարգի Հարթակ

Մայիսի առաջին տասնօրեակում արցախեան թեման միշտ էլ շօշափուել է: Դա առաջին հերթին պայմանաւորուած է Շուշիի ազատագրման օրուայ նշումով եւ արցախեան գաղափարի շուրջ յաղթանակի օրուայ առիթով համախմբման արտայայտիչ դրսեւորմամբ: Այս տարին եւս բացառութիւն չեղաւ:

ՀՅ Դաշնակցութեան նախաձեռնութեամբ, դեռեւս Եռատօնի նախօրեակին` մայիսի 7-ին տեղի ունեցաւ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ֆորումը: ԱՀ Ազգային ժողովի դահլիճում համախմբուեցին հայկական քաղաքական գունապնակում գոյութիւն ունեցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Դաշնակցութեան համար միշտ էլ օրակարգային է եղել Հայաստան-Արցախ դաշինքի կնքման հարցը:

Դաշնակցութեան կողմից դա արծարծուել է դեռեւս 1994-ի զինադադարից յետոյ` թէ՛ այն ժամանակ, երբ Հայաստանում Դաշնակցութիւնն ընդդիմութիւն էր, եւ թէ՛ իշխանութեան մաս կազմելու տարիներին: Բոլոր նրանք, որոնք փորձեցին Դաշնակցութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած այս համախմբմանը կպցնել ինչ-որ պիտակներ, նախ եւ առաջ տառապում են քաղաքական կարճատեսութեամբ, կամ էլ ունեն միտումներ, որոնք չեն տեղաւորւում ազգային հարցերի շուրջ հաւաքական համախոհութիւն ձեւաւորելու շրջանակներում:

Ինչպէս ասուեց` մայիսեան եռատօնն առիթ է համահայկական յաղթանակ տօնելու համար, որին գաղափարական հիմք տալը եւ այդ ուղղութեամբ գործնական քայլը ամրապնդում են մեր ազգային միասնութեան հիմքերը: Այս դիտանկիւնից նայելով Արցախում տեղի ունեցած ֆորումին` չի կարելի չանդրադառնալ այն կարեւոր հանգամանքին, որ Հայաստանում 2018 թուականի ապրիլեան իրադարձութիւններից յետոյ իւրաքանչիւր քաղաքական նախաձեռնութիւնից բացառուել է քաղաքական ուժերի համախմբուածութեան գործօնը: Այս պարագայում, Դաշնակցութեան նախաձեռնութեամբ ստեղծուեց մի հարթակ, որտեղ կարեւոր հարցի շուրջ տեղի ունեցաւ համակցման գործընթաց:

Ֆորումի միւս կարեւորութիւնը կայանում է աշխարհաքաղաքական ներկայ բարդ իրավիճակում Արցախի շուրջ հայկական գործօնի համախոհութիւնն ի ցոյց դնելու մէջ: Դեռեւս 2016 թուականի ապրիլեան պատերազմն աշխարհին ապացուցեց, որ հայ ժողովուրդը միասնականութեամբ ունակ է պայքարելու եւ համախմբուելու, եւ պատրաստ չէ պարտադրանքի ճնշման ներքոյ ընկրկել: Ապրիլեան համախմբման ազդեցութեամբ արցախեան հարցի հանգուցալուծման գործընթացին մասնակիցները պարտաւոր եղան նոր հաշուարկներ իրականացնել եւ վերանայել իրենց «ծրագիրները»:

Զգայուն այս ժամանակահատուածում, երբ աշխարհաքաղաքական գործընթացները տարածաշրջանում բարդ հեռանկար են նախանշում, երբ Հայաստանի իշխանութիւնների կողմից դրսեւորւում է խուսափոխական դիրքորոշում, իսկ այդ առիթից օգտուելով` Ազրպէյճանը կոշտացնում է իր հռետորաբանութիւնը, եւ երբ միտումնաւոր կերպով նսեմացւում են ազգային արժէքներն ու յաղթանակի խորհրդանիշները, ռազմավարական դաշինքի շուրջ համախմբումը կարող է հանդիսանալ այն յաղթաթուղթը, որի հետ շահագրգիռ բոլոր կողմերը պարտաւոր են հաշուի նստել:

Արցախում ռազմավարական դաշինքի անհրաժեշտութիւնը միանշանակ ընդունուեց` արտացոլուելով կազմկոմիտէում Արցախի առաջատար քաղաքական ուժերի ներկայութեամբ, ինչը նախադրեալ է Արցախում միասնական օրակարգ ձեւաւորելու համար:

17 մայիսի, 2019թ.

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)