Թուրքիայի Իսլամացուած Հայերը

ԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Լոնտոն

Ձեզ համար նշանակութիւն ունե՞ն Թուրքիայի իսլամացուած հայերը: Րաֆֆի Պետրոսեանի համար ունեն. նա քաջ քանատահայ է, որ տասնամեակից աւելի զբաղուած է այս քիչ յայտնի ու շատ սխալ հասկացուած հայերի պաշտպանութեամբ: Նրա կատարած աշխատանքը ներկայացուել է մի քանի տասնեակ յօդուածների տեսքով, որոնք հիմա ընդգրկուել են մէկ գրքում` բացայայտելով անցած երկար ճանապարհի մանրամասները: Շնորհաւորում ենք ձեզ, պարո՛ն Պետրոսեան, «Թրաումա ու ճկունութիւն. Թուրքիայի ծպտեալ, բացայայտ ու այլեւս չթաքնուող հայերը» վերնագրով գրքի կապակցութեամբ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս սկսուեց ձեր ճանապարհորդութիւնը` բացայայտելու Թուրքիայի իսլամացուած հայերին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հրանդ Տինքի շնորհիւ սկսուեց իմ հետաքրքրութիւնը իսլամացուած հայերի նկատմամբ: Նա տարուած էր նրանցով ու միշտ ասում էր. «Մենք մշտապէս խօսում ենք մահացածների ու 1915 թ. յետոյ գնացածների մասին, ժամանակն է խօսել ողջ մնացածների մասին»: Նրա հետ մի խօսակցութեան ժամանակ հարցրեցի. «Դուք ինչպէ՞ս էք հասկանում, որ նրանք իսլամացուած հայեր են»: Նրա պատասխանն ինձ իսկապէս տպաւորեց, ասաց. «Ես նրանց ճանաչում եմ աչքերից, նրանք գիտեն, որ ես գիտեմ»: Յետոյ, երբ ընդգրկուեցի Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներում, իմ սեփական աչքերով տեսայ հարիւրաւոր ծպտեալ հայերի ու կապ հաստատեցի նրանց հետ: Ես հասկացայ, որ մեծ թուով ծպտեալ հայերի գոյութիւնն իրականութիւն է, եւ դրանով պէտք է կիսուել Հայաստանում ու սփիւռքում ապրող միւս հայերի հետ:

Հ.- Երբ սկսել էք ուսումնասիրել իսլամացուած հայերի խնդիրները, ունեցե՞լ էք բարոյագիտական սկզբունքներ:

Պ.- Իմ կարծիքով, երբ ոեւէ մէկն ունի հայկական ծագում, անկախ նրանից, թէ քրիստոնեայ է, մուսուլման, հաւատացեալ, թէ` աթէիստ, նա հայ է: Մարդիկ կարող են ընտրել կամ փոխել իրենց կրօնը, սակայն չեն կարող ընտրել իրենց ազգային ծագումը, եւ եթէ նրանք որոշել են վերադառնալ իրենց իրական արմատներին, լեզուին ու կրօնին, ոչ ոք իրաւունք չունի խանգարելու նրանց կամ դատողութիւն անելու դրա դէմ: Հետեւաբար ես կ՛ողջունեմ այն իսլամացուած հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին ու ինքնութեանը` անկախ կրօնից: Մենք պէտք է յիշենք, որ այդ մարդիկ գիտակցուած որոշում են կայացնում` բացայայտուելու որպէս հայեր, հաշուի առնելով բոլոր վտանգներն ու իրենց ապրուստը կորցնելու, խտրական վերաբերմունքի ենթարկուելու եւ իրենց ընկերներից, հարեւաններից ու նոյնիսկ սեփական ընտանիքի անդամներից սպառնալիքներ ստանալու ռիսքերը:

Հ.- Թուրքիայի իսլամացուած հայերի մասին դուք գրել էք մօտ 50 յօդուած: Ինչպիսի՞ արձագանգներ էք ստացել ձեր հայ ընթերցողների կողմից:

Պ.- Բազմաթիւ հայեր զարմանում են, երբ իմանում են ծպտեալ հայերի մասին: Նրանց արձագանգները մեծ մասամբ դրական են, ու նրանք կարդում են անհաւանական պատմութիւններ Ցեղասպանութիւնից մազապուրծ եղածների կամ իրենց հայկական արմատներին վերադառնալու ցանկութեան մասին: Բայց կայ նաեւ կասկած, որ ծպտեալ հայերն իսկական հայեր չեն կամ պէտք է չընդունուեն որպէս իսկական հայեր, մինչեւ մերժեն իսլամն ու ընդունեն քրիստոնէութիւնը:

Հ.- Ինչպիսի՞ն են թուրքերի արձագանգները ձեր գործերին:

Պ.- Բացի թուրք մեծամասնութեան կողմից բնական բացասական արձագանգներից, որոնք պայմանաւորուած են պետութեան պաշտօնական ժխտողականութեամբ, անակնկալ կերպով եղան մեծ թուով թուրք ընթերցողներ, որոնք երախտապարտ էին` լսելով նոր փաստեր հայերի կամ ծպտեալ հայերի մասին, յատկապէս` լաւ յայտնի թուրք արուեստագէտներ, հեղինակներ կամ քաղաքական գործիչներ, որոնք, պարզուեց, հայ են: Ես թուրքերից ստացել եմ նաեւ բազմաթիւ գաղտնի նամակներ, որոնցով նրանք բացայայտում էին իրենց ծպտեալ հայկական ինքնութիւնը:

Հ.- Ինչպէ՞ս էք փոխուել ձեր անցած ճանապարհի ընթացքում: Վերանայե՞լ էք սեփական որոշ մտքեր:

Պ.- Առաջին անգամ ծպտեալ հայերի հետ իմ առնչութիւնը սահմանափակուել է Տիգրանակերտով` Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներով: Սակայն եկեղեցու բացումից քիչ ժամանակ անց այնտեղ անցկացրած իմ առաջին համերգից ու այդ իրադարձութիւնների վերաբերեալ մի քանի յօդուածներից յետոյ, Թուրքիայի բազմաթիւ այլ շրջաններից հարիւրաւոր ծպտեալ հայեր սկսեցին կապ հաստատել ինձ հետ: Ինձ համար բացայայտում էր այն, որ ծպտեալ հայերը մեծ թուով տարածուած են Թուրքիայի արեւելքում, հիւսիս-արեւելքում ու հարաւ-արեւելքում մէկ, ինչպէս նաեւ` արեւմտեան մեծ քաղաքներում: Ես որոշեցի, որ բաւական չէ միայն գրել նրանց մասին, այլ մենք պէտք է օգնենք նրանց, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին: Ես սկսեցի դա Տիգրանակերտում, Տէրսիմում ու Պոլսում լեզուի դասեր կազմակերպելուց: Յետոյ սկսեցի ծրագրել ճանապարհորդութիւն դէպի Հայաստան` Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութեամբ: Երբ այդ միջոցառումներն ու յօդուածներս լաւ յայտնի դարձան, աւելի ու աւելի շատ ծպտեալ հայեր սկսեցին «բացայայտուել» ու ինձ հետ կապ հաստատել, բայց որ աւելի կարեւոր է` կապ հաստատել մէկը միւսի հետ: Ես որոշեցի կազմակերպել «Վերածննդի նախագիծ» խորագրով միջոցառումները, որոնցով ստեղծուեց ծպտեալ հայերի մի հսկայական ցանց` ապահովելով նրանց միջեւ համագործակցութիւնը, հաղորդակցութիւնն ու մէկը միւսին աջակցելը:

Հ.- Դուք Տիգրանակերտ չէք վերադարձել 2015 թ.-ի վեր, երբ սկսուեցին բախումներ տարածաշրջանում: Մօտ ապագայում գնալու ծրագրեր ունէ՞ք:

Պ.- Ցաւօք, թուրքական պետութեան ու քրտական զինեալ ուժերի միջեւ բախումները կտրուկ ազդել են Թուրքիայի արեւելքում ու հիւսիս-արեւելքում բնակուող ամբողջ բնակչութեան վրայ, ծպտեալ հայերը` ներառեալ: Հազարաւոր շէնքեր ու ամբողջական թաղամասեր աւերուել են, որոշ շէնքեր գրաւուել ու բռնագրաւուել են թուրքական պետութեան կողմից, այդ թւում` Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին ու եկեղեցու հիմնադրամին պատկանող ողջ գոյքը: Գեղեցիկ վերակառուցուած եկեղեցին պետութեան անվտանգութեան ուժերի կողմից վերածուել է ռազմական հրամանատարական կեդրոնի` պատճառ հանդիսանալով եկեղեցու աւերմանն ու թալանին: Բարեբախտաբար եկեղեցու հիմնադրամի պաշտօնեաները կարողացան վերացնել բռնագրաւման օրէնքը, ու մենք յուսով ենք, որ մօտ ապագայում կառավարութիւնը կը սկսի իր հաշուին եկեղեցու վերակառուցման գործընթացը: Ես չեմ ծրագրում Թուրքիա գնալ, քանի դեռ այնտեղ չեն վերականգնուել խաղաղութիւնն ու ժողովրդավարութիւնը:

Հ.- Ինչպիսի՞ն է քաղաքի ներկայիս դրութիւնն ու այնտեղի ծպտեալ ու ոչ ծպտեալ հայերի վիճակը:

Պ.- Տիգրանակերտը դեռեւս պաշարման մէջ գտնուող քաղաք է: Յատուկ թաղամասեր համարւում են արգելուած գօտիներ, այդ թւում` Սուրբ Կիրակոս եկեղեցու յարակից տարածքը: Ծպտեալ ու ոչ այդքան ծպտեալ հայերը տառապել են տեղացի միւս բնակչութեան հետ: Որոշ մարդիկ կորցրել են իրենց տները, իրենց աշխատանքը: Այդ պայմաններում անհնարին է մտածել որեւէ հայկական հասարակական աշխուժութեան մասին` լեզուի դասեր կամ ճանապարհորդութիւն դէպի Հայաստան, քանի որ մարդիկ վերադարձել են գոյատեւման իրավիճակին: Նման միջոցառումներ կազմակերպելու փոխարէն, «Վերածննդի նախագիծը» նրանց տրամադրում է աջակցութիւն` այլ վայրեր տեղափոխուելու, կապ հաստատելու ու իրաւաբանական օգնութիւն տրամադրելու համար:

Հ.- Ո՞րն է լինելու ձեր յաջորդ քայլը:

Պ.- Թէեւ պայմանները հիմա բարենպաստ չեն, ես յուսով եմ` վերսկսել մեր աշխատանքը ծպտեալ հայերի հետ, օգնել նրանց, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց հայկական արմատներին, լեզուին, մշակոյթին կամ որոշ դէպքերում` քրիստոնէութեանը: Ես ճանաչում եմ բազմաթիւ իսլամացուած հայերի, որոնք նոյն ցանկութիւններն ունեն. բազմաթիւ ծպտեալ հայեր դեռեւս շարունակում են տանը առցանց հայոց լեզուն սովորել, Թուրքիայի բազմաթիւ շրջաններից մէկը միւսի հետ կապ են պահպանում, ամուսնանում միմեանց հետ, հայկական անուններ տալիս իրենց նորածիններին ու մեկնում արտերկիր` մկրտուելու: Ես սպասում եմ, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին մօտ ապագայում կը վերանորոգուի, որտեղ ծպտեալ հայերը կրկին ամէն ամիս կը հաւաքուեն` նախաճաշելու, համերգների, լեզուի դասերի, հասարակական միջոցառումների, մկրտութեան ու ամուսնութիւնների համար: Ես նաեւ յուսով եմ, որ կը վերսկսուեն Թուրքիայի տարբեր շրջաններում գտնուող ծպտեալ հայերի ճանապարհորդութիւնները դէպի Հայաստան, որոնք կը յանգեցնեն թուրքերի ու հայերի միջեւ երկխօսութեանը` հիմնուած պատմական փաստերի վրայ եւ ուղղուած խաղաղ ապագային:

 

Անգլերէնից թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Turkey’s Islamized Armenians – Do They Matter to You? an Interview with Raffi Bedrosyan

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)