Արցախը Յեղափոխութեան Օճախ Դարձնելու` Վարչապետի Ձեւակերպումն Ապշեցնող Է Իր Վտանգաւորութեամբ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խումբ

Արցախը հակայեղափոխութեան կամ յեղափոխութեան օճախ տեսնելու` Երեւանի ամենակարեւոր աշխատասենեակներում ծնուած ձեւակերպումն ապշեցնող էր իր վտանգաւորութեամբ:

Այս պատմութեան մէջ միակ էականը վտանգն է` իր մի քանի տարբերակներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում եւ վտանգի ստորադասում: Մնացածը երկրորդական է:

Ի՞նչն էր աչքի ընկնում` բարձրացուած հարցի արհեստականութիւնը: Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականութիւնը կարող է իր մէջ չարագուշակ բան պարունակել: Ի՞նչը հունից հանեց եւ առիթ հանդիսացաւ այս ձեւակերպման հեղինակների համար: Ձեւականօրէն` կար երեք առիթ:

Վարկած 1. Սերժ Սարգսեանի ներկայութիւնը Արցախում

Տեսականօրէն հնարաւոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետեւ Սարգսեանի ներկայութիւնը մայիսի 9-ի տօնակատարութիւններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» հայեցակարգը: «Նոր Հայաստանը» յաճախ ընդհանրապէս հաշուի չի առնում ժառանգականութեան սկզբունքը եւ երկիրը դիտում է ոչ թէ որպէս մի ամբողջութիւն, որն այսօր պարզապէս նոր փուլ է մտել, այլ` որպէս զերոյից սկսուող մի միաւոր: Մոռանում է, որ այսօրուայ Հայաստանը կայ «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիւ, ու` որ «հինհայաստանեան» փուլի գործիչների մօտ, բացի քաղաքական հաշուարկներից եւ օրուայ վարկանշերից, կարող է լինել նաեւ մարդկային գործօն` կարօտել զոհուած ընկերներին, ներկայ լինել իրենց մասնակցութեամբ ձեռք բերուած տօնին: Ի վերջոյ, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկայ, գուցէ նաեւ` ապագայ, բայց չես կարող խլել նրա անցեալը:

Վարկած 2. Բակօ Սահակեանի եւ Արկադի Ղուկասեանի նամակը` յաջակցութիւն Ռոպերտ Քոչարեանի

Հնարաւոր է, որ այս քայլն էր գնահատւում որպէս հակայեղափոխութեան դրսեւորում: Հասկանալի է, որ սա նոյնպէս հայեցակարգային հակասութեան մէջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզւում է, որ մինչեւ 2018 թուականի ապրիլն էլ Արցախը եղել է պետութիւն, եւ այդ պետութիւնը ունեցել է ղեկավար, նախագահ: Որ` «Հին Հայաստանի» օրօք հնարաւոր է եղել կասեցնել ազրպէյճանական հրասայլերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպէ հեռաւորութեան վրայ են եղել: Որ` եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ` եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհուելու հաւանականութիւնը հազար անգամ աւելի մեծ է եղել, քան` ապրելունը: Որ` եթէ չլինէին այդ մարդիկ, չլինէր համերաշխութիւնը եւ չլինէր յստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թւում` Արցախը եւ «Նոր Հայաստանը»: Եթէ վերանանք պահի անկանոնութիւնից, ապա պետութեան համար շատ աւելի վատ կը լինէր, եթէ Արցախի ներկայ ու նախկին նախագահները լռէին: Դա կը նշանակէր անյիշողութիւն պետութիւն եւ անտեսուող մարդկային գործօն: Ու շատ լաւ է, որ այդպէս չեղաւ: Պահը կ՛անցնի, իսկ փաստը մնալու է:

Վարկած 3. Հայաստան-արցախ ֆորումը

Կայ տեսակէտ, որ հէնց սա՛ էր «հակայեղափոխութեան վտանգի» հիմնական գործօնը: Որպէս անմիջական մասնակից` ուզում եմ մի քանի հանգամանքի վրայ աւելի մանրամասն կանգ առնել: Ի պատիւ ֆորումի կազմակերպիչների` այն անցաւ շատ զուսպ եւ գործնական մթնոլորտում, եւ, չգրուած պայմանաւորուածութեամբ, որեւէ ներքաղաքական թեմա չբարձրացուեց, որեւէ կուսակցական կամ ներքաղաքական շահ չշօշափուեց: Թեման մնաց այն, ինչ ընտրուել էր` Արցախ-Հայաստան համարկումը տարբեր ոլորտներում, դրան խանգարող կամ օգնող քայլերը, անվտանգութեան բարձրացում, նոր գաղափարներ: Ի պատիւ Արցախի ներկայացուցիչների` նշեմ, որ նրանք զուսպ եւ հաշուենկատ ձեւակերպումներով արեցին ամէն ինչ, որպէսզի ֆորումը մնայ իր նախնական գաղափարի սահմաններում: Ֆորումին մասնակցում էին մարդիկ` տարբեր քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից: Նրանք ներկայացնում էին տեսակէտներ, առաջարկներ, նոյնիսկ` անհամաձայնութիւն, իսկ յաճախ` աշխատելու պատրաստակամութիւն: Սա՛ էր կարեւորը:

Բայց յանուն անկեղծութեան պիտի նշեմ, որ կար հակայեղափոխութեան մի առանցք: Դա ինձ անկեղծօրէն մտահոգում է: Դա իշխող ուժի հակայեղափոխութիւնն էր. բոլոր մասնակիցներից միայն ու միայն «Իմ քայլի» պատգամաւորներն էին, որոնք որեւէ ձայն չհանեցին, որեւէ տեսակէտ կամ կարծիք չյայտնեցին: Եթէ ֆորումից մտահոգուելու առիթ կայ, ապա` միայն ու միայն այս փաստի համար: Ստացւում է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն աշխուժ են լոզունգների եւ մեղադրանքների դաշտում, բայց որոշակի թեմաներում, մրմշակի աշխատանքում լուռ են, չունեն կամ չեն ներկայացնում տեսակէտներ: Սրա՛ մասին է պէտք մտածել:

Իսկ իրականում ի՞նչն էր առիթ դարձել նման վտանգաւոր ձեւակերպման համար: Այստեղ եւս կարող է լինել մի քանի վարկած:

Ա. Գուցէ հայաստանեան իշխանութիւնը բաւարար լրջութեամբ չի՞ մօտենում սեփական յայտարարութիւններին եւ դրանց վերաբերւում է, ինչպէս ֆէյսպուքեան հերթական ստատուսի՞:

Բ. Գուցէ ներկայիս իշխանութիւնը վստահ չէ՞ իր ուժերի վրայ` երկրում ճիշդ տնտեսական, պետական կառավարում իրականացնելու առումով, եւ ցանկանում է շեղե՞լ հանրութեան ուշադրութիւնը հերթական յեղափոխական ոգեւորութեամբ:

Գ. Գուցէ ուժի ցուցադրո՞ւմ է պարզապէս տեղի ունեցել` Արցախում քաղաքական ընտրութիւններին ընդառաջ սեփական դերի ընդգծման եւ հայաստանեան իշխանութիւններին առաւել հաւատարիմ թեկնածուի առաջքաշման նպատակով:

Դ. Գուցէ Արցախի հարցի շուրջ զարգացումնե՞ր կան, որոնց մասին իշխանութիւնը պատրաստ չէ առայժմ հանրութեանը եւ Արցախի իշխանութիւններին տեղեակ պահել եւ ցանկանում է նման տարօրինակ ձեւով խորապատկեր ապահովել իր` որեւէ հետագայ որոշման կամ գործողութեան-անգործութեան շուրջ:

Է. Գուցէ բոլորովին այլ` անձնական պատճառ ունեցող տարբերակ:

Հակառակ պարագայում` ամենասկզբում նշուած երեք ձեւական վարկածներից որեւէ մէկը չունէր իր մէջ բաւարար ներուժ` իշխանութեան կողմից նման վտանգաւոր յայտարարութիւն գեներացնելու համար:

Հիմա` ամենակարեւորի մասին

Արցախում հակայեղափոխութեան կամ յեղափոխութեան սպառնալիքին, որը հնչում է Երեւանից, մի պահ նայէք Ազրպէյճանի հայեացքով: Նրանց զօրավարների հետախուզութեան եւ պատերազմի որոշում կայացնող քաղաքական վերնախաւի աչքերով: Գոնէ սա կարո՞ղ է լրջացնել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հին ու Նոր Ազրպէյճան չկայ: Եւ Երեւանի ամենակարեւոր սենեակներից հնչող սպառնալիքը Արցախի բնականոն կեանքի հանդէպ կամ որեւէ բաժանում «մենք» ու «նրանք»-ի, թշնամու աշխատասենեակներում վերծանւում է որպէս մեր ներքին անկայունութեան, ապակառավարելիութեան միտում: Իսկ դա պատերազմ սկսելու ամենայարմար միջավայրն է:

Եւս մէկ ամենակարեւորի մասին

Մի հնչողութիւն է յայտնուել, թէ Արցախի իշխանութիւնները, զինուորական վերնախաւը, հերոսները եւ այլք հրապարակային խօսքի իրաւունք չունեն: Սա մի մեծ սխալ պատկերացման հետեւանք է, որը ձեւաւորուել է հայաստանեան որոշ շրջանակներում եւ վերնախաւի մէջ: Ընդ որում` վաղուց: Իսկապէս, Երեւանում կայ մի պատկերացում, թէ դիրքերը շատ հեռու են բարեկեցիկ երեւանեան սրճարաններից ու աշխատասենեակներից, որ պատերազմի դէպքում հակառակորդը ՄԱԿ-ի քարտէսը ձեռքին է յարձակուելու, կամ «Փոլոնեզը» միայն դէպի Արցախ է թռչում:

Մեր բոլորի մեղաւորութիւնն է, որ Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները եւ գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կեանքը. 150 հազարանոց Արցախը` 10 միլիոն ժողովրդի գոյութեան իրաւունքը: Հիւսիսային պողոտայի, Հրապարակի, ընկերային ցանցերը, լայվերի, ԱԺ-ի եւ միւս բոլորի եւ ամէն ինչի խաղաղութիւնն ապահովւում է Արցախում: Վախեցէք բաժանումներ մտցնել, հրաժարուէք բաժանումներ մտցնելուց: Համերաշխութեան ու սիրոյ յեղափոխութիւնից հասել ենք այսօր մի փուլի, երբ վտանգաւոր, արհեստական ձեւակերպումների քանակը մենք կեանքում արդէն օրակարգ է դառնում: Բոլորով պէտք է դրանց դէմն առնենք: Ո՛ր կողմից էլ դրանք հնչեն: Իշխանութիւնը պիտի ամէն դէպքում գիտակցի, որ ներհասարակական լարուածութեան մեղաւորը, անկախ ամէն ինչից ու բոլոր թուացեալ արդարացումներից, մնալու է ինքը՛: Ու շատ կարեւոր է չլռելը: Ներսից` իւրայինների միջից էլ պէտք է ասուի, որ այդպէս չի կարելի, դրսից էլ, ուժայիններից էլ, ԵԿՄ-ից էլ, մտաւորականութիւնից էլ… Գոնէ ամենակարեւոր եւ ամենավտանգաւոր հարցերի մասին կարող ենք չլռել:

Յ. Գ.

Իրանը այսօր կէս քայլ է պատերազմից հեռու: Մի պատերազմ, որը կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ մեզ համար: Այն Իրանը, որի հետ կենսական սահման ունեն թէ՛ Հայաստանը, թէ՛ Արցախը: Ազրպէյճանն արդէն չարագուշակ ակնարկում է այդ մասին` արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այս պայմաններում հնչեցնել Արցախում յեղափոխութեան կամ այլ անկայունութեան սպառնալիքներ` ուղղակի ապշեցնող է:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)