Նիկոլ Փաշինեան. «Շուշիի Ազատագրումը Մեր Պատմութեան Ամենահերոսական Եւ Փայլուն Էջերից Է»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան երէկ շնորհաւորական ուղերձ յղած է Յաղթանակի եւ խաղաղութեան տօնին առիթով:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհաւորում եմ բոլորիս Յաղթանակի եւ խաղաղութեան տօնին առթիւ:

«Սա մի տօն է, որն ամէնուրեք ոգեկոչւում է խանդավառութեամբ, սիրով եւ յարգանքով, տօն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի աւարտը եւ  մարդկութեան պատմութեան նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթէ ոչ սխրագործութիւնների, քաջագործութիւնների, անվեհեր հերոսութիւնների անվերջանալի շղթայ` զուգակցուած մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի յանցագործութիւններով, մարդկային կեանքի անդառնալի կորուստներով եւ մարդկային կեանքը խեղաթիւրող ողբերգութիւններով:

Հայ ժողովրդի համար Համաշխարհային Բ. պատերազմը Մեծ եղեռնից ընդամէնը երկու տասնամեակ անց կրկին գոյի, արդարութեան, չարի ու բարու միջեւ մղուող պայքար էր: Կրելով հսկայական կորուստներ` մենք տուեցինք նաեւ քաջ հերոսներ, անհամար խիզախ զինուորներ ու սպաներ, ովքեր պատերազմի բոլոր ճակատներում պայքարում էին ո՛չ միայն յանուն սեփական հայրենիքի, այլեւ յանուն մարդկային քաղաքակրթութեան պահպանման:

Պատմական զուգադիպութեամբ մենք մայիսի 9-ին տօնում ենք նաեւ մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող մէկ այլ իրադարձութիւն: Արցախահայութեան օրրանի` Շուշիի ազատագրումը մեր պատմութեան ամենահերոսական եւ փայլուն էջերից է, որով ի ցոյց է դրւում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, յաղթելու անկոտրում կամքն ու ոգին:

Եւս մէկ անգամ շնորհաւորում եմ մեր սիրելի վեթերաններին, ազատամարտիկներին, բոլորիս` այսքան նշանակալից եւ յաղթական տօնի առթիւ: Խոնարհւում եմ մեր սուրբ նահատակների եւ հերոսների յիշատակի առաջ:

Թո՛ղ մայիսեան յաղթանակները մեզ զօրավիգ լինեն ուժեղ ու հզօր, մեր պապերի եւ մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում»:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)