Բակօ Սահակեան. «Շուշիի Ազատագրումը Եւ Արցախի Բանակի Ստեղծումը Հայ Ժողովուրդի Միասնական Ուժի, Ազատատենչ Ոգու Եւ Անկոտրում Կամքի Յաղթանակն Էր»

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան մայիս 9-ին շնորհաւորական ուղերձ յղած է Յաղթանակի տօնին, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակին եւ Շուշիի ազատագրութեան 27-րդ տարեդարձին առիթով: Ուղերձին մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ արցախեան ազատամարտի թանկագի՛ն վեթերաններ,
Պաշտպանութեան բանակի յարգարժա՛ն զօրավարներ, սպաներ, զինուորներ,

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի տօնի, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին առթիւ: Պանծալի Եռատօն, որը միաւորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միաւորում է համայն հայութեանը աշխարհի տարբեր երկրներում:

Մայիսի 9-ին մենք անսահման հպարտութեան ու երախտագիտութեան զգացումով տօնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի եւ հայրերի տարած փառաւոր յաղթանակը: Պատմութեան մէջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախութիւնը, անձնազոհ նուիրուածութիւնը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը եւ սերտել` որպէս հայրենասիրութեան լաւագոյն դաս:

Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը` մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի եւ սփիւռքի մեր քոյրերի ու եղբայրների հետ միասին զէնք վերցրինք եւ մէկ մարդու պէս կանգնեցինք հայրենիքի պաշտպանութեան դիրքերում, մեզ պարտադրուած պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանութեան բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի յաղթանակն էր:

Այդ յաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները` պատուով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մայիսեան այս տօնական օրը լի է ինչպէս անհուն ցնծութեամբ ու բերկրանքով, այնպէս էլ խոր ցաւով ու կսկիծով: Մենք յիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախութեան ու ազատութեան համար իրենց կեանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնուող ամէն մի մանկան, ամէն մի շէնացող բնակավայրի, ամէն մի օճախում վառուող կրակի հետ:

Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, բարեկեցութիւն ու նոր յաղթանակներ»:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)