Տեսակէտ. Խաղաղութեան Չեն Նախապատրաստւում, Պատրաստւում Են Պատերազմին…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Ամիսներ է` մեր վարչապետից լսում ենք միեւնոյն պատասխանը Արցախի հարցում` «Հակամարտութեան կարգաւորման հարցում առանցքային նշանակութիւն ունի Արցախի ներգրաւուածութիւնը, եւ որ Արցախը պէտք է վարի բանակցութիւնները»:

Մարտ 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդների նիստում Հայաստանի վարչապետը կրկին առաջնորդուեց նոյն կարգախօսով, մինչ արցախեան ճակատագիրը հսկող ԵԱՀԿ-ի Մինսքի համանախագահները ո՛չ միայն գոհ չեն այդ առաջարկից, այլեւ անուղղակիօրէն քննադատում են բանակցութիւններում Արցախը ներգրաւելու առաջարկը, չեն ուզում որեւէ փոփոխութիւն մտցնել:

Ինչպէս գիտէք, 27 տարի առաջ` 1992-ի մարտ 24-ին, որոշուեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ համաժողով հրաւիրել Մինսքում, որը սակայն տեղի ունեցաւ մէկ ամիս անց ոչ թէ Մինսքում, այլ Հռոմում` յունիս 1-5, սակայն, չգիտես ինչո՞ւ, այն պահպանեց Մինսքի անուանումը, եւ ԵԱՀԿ համանախագահները շարունակեցին գործել այդ անուան տակ: Մինչ օրս գործող այդ խմբի պարբերական հանդիպումներին, ընդունուած որոշումներին ու կարգաչափերին, անշուշտ` ոչ ամբողջութեամբ, գոնէ մասամբ տեղեակ ենք Հայաստան-Ազրպէյճան երկկողմանի հանդիպումների առաջարկներին, որոնք գլխապտոյտ են առաջացնում տեղանուններից սկսած` Մատրիտեան, Փրակայի, Կազանեան, Քի Ուեսթի, Վիեննայի տարբերակներից, «փաթեթայի՛ն», «փուլայի՛ն» լուծումներով վերջացրած:

Տարիներ շարունակ լսում ենք մեր ազատագրած սեփական, պատմական տարածքների յանձնման տարբերակներ, ոչ թէ` մեր իշխանութիւններից, այլ աւելի շատ` ազրպէյճանական կողմից: Լսում ենք տարածքների «փոխանակումնե՛ր» անուանումով տարբերակներ` չհասկանալով, ո՛րը ինչի՛ հետ ենք փոխանակում: Արցախի ողջ ժողովրդին տարիներէ ի վեր պահում ենք պատերազմի սարսափի կախեալ վիճակում եւ հանգստանում ու մխիթարւում ենք, որ անարդիւնք ձգձգւում են բանակցութիւնները, գուցէեւ մտածում, որ դա յաւէտ է տեւելու: Հայի հոգեբանութիւն: Ո՞վ գիտէ:

Տարիներ շարունակ քննադատել, անարգանքի սիւնին ենք գամել, ինքս անձամբ, մեր երկու իրերյաջորդ նախագահներին, որ բազում անարդարութիւնների հետ միատեղ շարունակել են առաջին նախագահի արցախադաւ գործունէութիւնը, որ իրենք Արցախի ազատագրմանը մասնակից լինելով եւ արցախցի լինելով հանդերձ, հանդուրժեցին յաղթանակած Արցախը պարտուողի բանակցութիւններին պարտադրելու իրողութիւնը, որ չեղեալ չհամարեցին այդ բանակցութիւնները:

Երբ անցեալ տարի իշխանափոխութիւնը տեղի ունեցաւ, մեր գլխաւոր սպասումը Արցախի քաղաքական վիճակում որոշակի եւ կտրուկ փոփոխութիւն տեսնելն էր: Սակայն ցաւօք սրտի այդ փոփոխութիւնը տեղի չունեցաւ, եւ Արցախի հարցը, ինչպէս սպասելի էր, կրկին թէժացել է այսօր:

Երբ լրջօրէն քննում ենք Արցախի բանակցութիւնների այսօրուայ իրավիճակը, տեսնում ենք, որ մեր նոր վարչապետը իր նոր առաքելութեամբ, իր նոր առաջարկով, յաղթած Արցախը յաղթող, արդէն իրեն հաստատած կողմից դարձնում է ոչ միայն պարտուած, աւելի՛ն, ինքնորոշման իրաւունք խնդրող երկրամաս, ուր ժողովուրդը ինքը պիտի որոշի իր կարգավիճակը: Բայց չէ՞ որ արցախահայութիւնն արդէն 1988թ միահամուռ ձայնով շահել էր իր ինքնութեան իրաւունքը:

Նորից եմ ուզում յիշեցնել, որ եթէ պատեհ ու անպատեհ ամէն առիթով մեզ յիշեցնում ու պարտադրում են ընդունել երկրում կատարած «յեղափոխութիւնը», ապա պէտք էր, որ յեղափոխութիւնը գլխիվայր շրջէր եւ չեղեալ համարէր մինչ այդ կատարուած, ստորագրուած ներքին եւ արտաքին բոլոր տեսակի պայմանաւորուածութիւնները, այդ թւում ամէնից առաջ` Արցախի հարցը, որի հիմնական առանցքը` ազատագրուած Արցախը զիջուող բանակցութիւններին գերի դարձնելն էր: Չէ՞ որ յեղափոխութիւն բառն ինքնին ներքին յեղաշրջում է պարտադրում:

Մի պահ մոռանանք, որ Արցախի այս գերիվար վիճակը` մեր առաջին նախագահ ԼՏՊ-ի պարտադրանքը, ոխն էր արցախցիներին, դաւաճանի «նուէրը» Շուշին ազատագրողներին, եւ մինչ օրս ոչ մէկը պատասխանատուութեան չի կանչում նրան:  Բայց մենք ոչ թէ պատերազմով ուրիշի հողն ենք գրաւել, այլ մեր տարածքներն ենք ազատագրել: Սրանք երկու տարբեր իրավիճակներ են:

Եթէ մեր առաջին նախագահը Արցախը կանգնեցրեց այս իրավիճակի առջեւ, դա չի նշանակում, որ շարունակելու ենք ընդունելու այն եւ մեր երկիրը կրկին կանգնեցնելու վտանգի առջեւ: Ժամանակները փոխուած են, բոլոր խաբէութիւն-գործարքները բացայայտւում են, ու չենք կարող նախկին պարտադրանքով այսօր ապրել:

Անհերքելի փաստ է, որ Արցախը ազատագրել է իր ժողովուրդը ինքնակամօրէն, իր ուժերով, իր զոհերով, իր մաքառումով ու իր տառապանքով: Օտարերկրեայ բանակները չեն օգնել այդ ազատագրումին, որ այսօր բանակցութիւնների հարց է դառնում: Ինչը, ազատագրուա՞ծը պիտի ետ վերադարձնել, ո՞ւմ, թշնամո՞ւն, որ տրամաբանութեամբ, կամ ո՞ր երկրի կամ ո՞ր միջազգային օրէնքով:

Մեր վարչապետը անվերջ շեշտում է, որ Արցախը անկախ է, որովհետեւ այն չի մասնակցել ու մասնակցում Հայաստանի ընտրութիւններին, հետեւաբար եւ Արցախը ինքը իր ինքորոշման հարցը պիտի լուծի:

Իսկ ես ուզում եմ հարցնել` որպէս յեղափոխութիւն հռչակած վարչապետի, նախ ինչո՞ւ իր գահակալութեան առաջին իսկ պահից Արցախը Հայաստանի տարածք չհռչակեց, աւելի՛ն, չվերականգնեց, չվերահաստատեց 1989թ  դեկտեմբեր 1-ի ԼՂ-ն Հայաստանին միաւորելու Հայաստանի Գերագոյն խորհուրդի ընդունած որոշումը, որն օրինական էր միջազգային բոլոր իրաւասութիւններով: Չէ՞ որ որպէս երկրի նոր վարչապետ` իր իրաւունքն էր գործուած սխալները ճշդելու:

Իրապէս ես ցաւում եմ, որ մեր ժողովուրդը քաղաքական պատրաստուածութիւն ու գիտակցութիւն չունենալու պատճառով հեշտօրէն ենթակայ է դառնում տիրող քարոզչութեանը, առանց հարցադրման` ընդունում այն, ինչը գոռում-գոչումներով մեծամասնութեան ձայն է դառնում: Անշուշտ դրա պատճառը նաեւ մեր միատարր լինելու եւ փոքրաթիւութեան մէջ է, միեւնոյն մտածողութեամբ հեշտօրէն առաջնորդուելու յատկութեան մէջ: Այդ է պատճառը, որ ժողովուրդը նոյնիսկ չի ընդվզում, երբ իր հողի ամենաանհրաժեշտ բռնագրաւած տարածքների` Շահումեանի եւ Մարտակերտի շրջանում ազրպէյճանցիների բնակեցումն է թափ առնում:

Նոյնքան զարմանալի եւ անընդունելի է մեր վարչապետի «ժողովուրդների՛ն խաղաղութեան նախապատրաստելու համատեղ աշխատանքի» կոչը:

Եթէ ոեւէ մէկը ինձ ապացուցի կամ համոզի, որեւէ դէպք պատերազմող կամ յաղթող երկրների պատմութեան մէջ, որ խաղաղութեան համար նախապատրաստում են ժողովուրդներին, ես իրապէս կը լռեմ:

Որքան գիտենք, ժողովրդին նախապատրաստում են պատերազմին եւ ոչ` խաղաղութեանը:

Նոյնիսկ դպրոցականն անգամ գիտէ, որ խաղաղութիւնը գալիս է  պատերազմից յետոյ, ինքնըստինքեան եւ յաղթող կողմն է բերում այն, իսկ պարտուող կողմին ստիպում են ընդունել խաղաղութիւնը:

Գալով մեր իրավիճակին, Արցախը` որպէս յաղթող երկիր եւ ժողովուրդ, արդէն 26 տարի ընդունել է խաղաղութիւնը եւ ապրում ու բարգաւաճում է այդ խաղաղութեան արդիւնքում: Այսօրուայ շեփորահարուող խաղաղութիւնը արդեօ՞ք մեր տարածքների զիջումներին ժողովրդին նախապատրաստելու քարոզչութիւն չէ՞:  Եւ որպէսզի այն մերկապարանոց չհնչի, մեր վարչապետը յայտարարում է,  որ` «Ղարաբաղի՛ հարցի որեւէ լուծում պիտի ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ազրպէյճանի ժողովրդի համար, եւ որ դա իր ներդրումն է Ազրպէյճանի ժողովրդին խաղաղութեան նախապատրաստելու գործո՛ւմ»:

Այդ ո՞ր իրաւունքով ենք Ազրպէյճանի ժողովրդի մասին մտածելու:

Ո՞ւր էր մեր վարչապետը, երբ ազրպէյճանցիները հայաթափում էին ողջ արցախեան տարածքը, ամենավայրի միջոցներով այրում էին հայերին իրենց տներում, սպաննում էին թուրքին յատուկ անմարդկային վայրագութեամբ: Արցախցի իւրաքանչիւր ընտանիք դեռ այդ կորուստների խորը սպիներով է ապրում: Եւ եթէ հիմա մեր վարչապետին թւում է, որ իր քարոզներով փոխելու է թուրք ժողովրդի վերաբերմունքը, կամ յղկելու է նրանց, չարաչար սխալւում է: Նրանց արեան մէջ է այդ վայրագութիւնը, տիրելու, ուրիշի հողին ու ունեցուածքին տէր կանգնելու, իրենցը դարձնելու մոլուցքը:

Իսկ մեր ժողովրդին անհրաժեշտ է մտքով, հոգով, տնտեսապէս եւ զէնքով պատերազմին նախապատրաստել:

Բաւական է, որքան յոյսներս դնենք Մինսքի եւ այլ խմբակների, երկրների միջնորդութեանը: Ոչ մէկը չի կարող պաշտպանել մեզ այնպէս, ինչպէս ինքներս մեզ կարող ենք պաշտպանել:

Առանց պատերազմի` խաղաղութիւն չես շահի, խաղաղութիւնը չեն մուրում, այն շահում են, եւ արդէն արցախցին անցել է այդ ճանապարհի դառնութիւնը մի քանի անգամներ, պատրաստ է պատերազմով պաշտպանելու իր իւրաքանչիւր թիզ հողը, գիտէ խաղաղութեան գինը, մնում է մենք` ժողովուրդս միահամուռ ոտքի կանգնենք եւ թիկունք կանգնենք ու մասնակցենք դրան, մերժենք որեւէ զիջում, որեւէ պարտադրանք, որեւէ փոխանակում:

Ժամանակն է, որ ոչ թէ մեր ժողովրդին, ես Արցախի ժողովրդին էլ նկատի ունեմ, որպէս ամբողջական միաւոր, հաշտեցնենք քարոզչութիւններով հողերի զիջմանն ու այդ անհեթեթ խաղաղութեան հաշտեցման բարբաջանքին, այլ բարձրաձայնենք եւ պահանջենք աւելին` 1921թ պոլշեւիկների առանց մեր լիազօրութեան մեր տարածքների անօրէն յանձնումը Ազրպէյճանին, դեռ աւելի՛ն, մինչեւ իսկ նրանց առուծախը քեմալականների հետ, պահանջենք դրանց լուծարքը:

Բաւ է այլեւս կորցնողի եւ զիջողի հոգեբանութեամբ մեր այս հոգեմաշ խնդրող-սպասողի գոյատեւումը:

Մեր երկրի տարածքները պաշտպանելը մինչեւ օրս յանձնել էինք մեր իշխանութիւններին, բայց ինչպէս տեսնում ենք, իշխանութիւնները իրենց շահերն են տեսնում այդ իրաւունքների մէջ, ուստի մեր պարտքն է նրանց ուղղորդելը եւ այս գործում մեծ անելիք ունի ՀՅԴ, որը միշտ եղել է առաջատար ուժ Արցախի ազատագրման մէջ:

Մինչ մեր պաշտպանութեան նախարարը հանգստացնում է մեզ, որ անհանգստանալու պատճառ չունենք, միւս կողմից լսում ենք Ազրպէյճանի յայտարարութիւնները ողջ Հայաստանը իրենցը համարելու յոխորտանքները, տեսնում ենք, թէ Ազրպէյճանը ռազմական ինչպիսի՛ թէժ պատրաստութեան մէջ է, յատկապէս իր դիրքերն է ամրացնում Նախիջեւանում:

Մենք պարտաւոր ենք սթափօրէն ընդունելու պատերազմի վտանգը եւ ազգովին նախապատրաստուելու պատերազմին, որ յետոյ, ըստ մեր ազգային սովորութեան, իրար չմեղադրենք:

Ժամանակն է ոտքի կանգնենք եւ պաշտպանենք ոչ միայն մեր ներկայ տարածքները, այլեւ` անցեալ իրաւունքները:

15 մարտ, 2019թ
Սան Ֆրանսիսքօ

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Այս կինը խելքը թռցուցա՞ծ է: