«Մի Պտղունց» Արեան Կանչը` Սպարտակ Ղարաբաղցեանի «Արեւի Բնակավայրը» Գրքում

ՅԱՍՄԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ

«Ինչ լաւ է, որ Հայաստանն աշխարհի ցուցափեղկում դրած լոկ յուշարձանների երկիր չէ»,- գրում է Սպարտակ Ղարաբաղցեանն իր ակնարկներից մէկում` յաջորդիւ հայ աշխարհը համեմատելով երեսնիվայր ընկած խաչքարի հետ, որը բարձրացնողներից եւ գորովով ու խոնարհմամբ ցուցանողներից մէկն էլ ինքն է դառնում իր գրչի զօրութեամբ ու խօսքի հունարով: Անպաճուճանք, լեգենդ-առասպելներ յիշեցնող իր պատումներով նա կենդանացնում է կորուսեալ մի աշխարհ` իր մարդկանցով, նիստուկացով, աւանդոյթներով, ժողովրդական խօսքի համ ու հոտով, որտեղ, ոնց հեքիաթ-աւանդապատումներում թէ՛ չարի ու բարու բախում կայ, թէ՛ ապագային մեկնուած իմաստնութիւն, թէ՛ հայոց դաւանած արժեհամակարգի բանաձեւումը, բայց` ոչ թէ մէկ նախադասութեամբ ձեւակերպուած, այլ կենդանի ու իրական մարդկանց գործելակերպով, հողի, հացի, հայրենի բնութեան հանդէպ իրենց վերաբերմունքի, մէկմէկու հետ յարաբերուելու կերպի մասին հեղինակի գեղարուեստական վկայումներով` ողջը համեմուած ժողովրդական խօսքուզրոյցի անուշութեամբ ու իմաստնութեամբ: Այդպիսին է գրքի սկզբում տեղադրուած գեղարուեստական կարճապատումների շարքը` բաղկացած նախաբան-առասպելապատումից եւ տասնվեց պատմուածքից: Իր առաջնեկ որդուն Արարատեան լեռնոտ աշխարհ ուղղորդած Արարիչն ի՛նքն է  իր որդուն այդ երկրի շեմին դիմաւորում` ծառ տնկող շինականի տեսքով: Յետոյ արդէն իր արմատները մէկ առ մէկ բացայայտելու ճանապարհին հեղինակի խօսքը սահունօրէն-ինքնաբուխ վերածւում է առասպելաշարքի: Այդպէս թերեւս կը հնչէր ժողովրդական ասացողի խօսքը, որ գիտէր բանաւոր զրոյցով հաղորդել նախնեաց հերոսագործութիւնները, անուն առ անուն յիշել հերոսներին` «դառնամ փառաբանումներով», վշտերգ պիտի հիւսէր կորուստների առիթով եւ երանի՜ տար անցեալի, գուցէ թէ հոգսաշատ, բայց երջանկութեան արժէքը սեփական քրտինքով, հող ու քարի հետ կռիւ տալով հասկացող ու գնահատող հերոսներին: Իսկ այդ հերոսներից ամէն մէկն իր անունն ունի, իր պատմութիւնը, որ պատմութիւնն  է թերեւս հայոց շէներում բնակուող բազում պապ ու մամիկների: Իր գերդաստանի սեւ-սպիտակ խունացած լուսանկարից սկսուող պատումների շարանում գորգուրանքով կերտուած կերպարներ կան` սեւքարեցի նախնիների անունների յիշատակումով, բնաւորութիւնների վարպետ դիմապատկերներով, գաղթի ճամբեքով բնաւորուած գաղթականներով, որոնք չէին կորցրել իրենց արմատների զգացողութիւնը, քանի որ, ոնց Սպարտակ Ղարաբաղցեանն է իր ողջ գրքում ստեպ-ստեպ յիշատակում, «մի պտղունց հայի արիւնն» էլ պիտի խօսէր, ուր էլ բնաւորուէր հայը` Սեւքարում, թէ Եւրոպայի սրտի քաղաքներում, Հալէպում, թէ Ֆրեզնոյում, Տէր Զօրում, թէ բեդուինների վրաններում… Չարն էլ, ոնց` բոլոր հեքիաթներում, ներկայ է Սպարտակ Ղարաբաղցեանի պատմուածքներում ու ակնարկներում, ու ոչ միշտ է, որ հեքիաթը բարի աւարտ է ունենում: Բայց իր իսկ աճեցրած ծառից պատրաստած փայտէ դամբարանում ամփոփուող հողի մարդը շարունակւում է, հաց տուող ձեռքերը մահից յետոյ էլ ծաղկում են, թոռ ու ծոռներով շրջապատուած ծերունին մահուանը չի հաւատում: «Թումասը ծառի մէջ մտաւ ու ապրեց»,- այսպէս է նկարագրում իր հացից միշտ դրկից-բարեկամին բաժին հանող մարդու մահը հեղինակը: Մի տեսակ հեթանոսական հունչ կայ այս նախադասութեան մէջ եւ իմաստնութիւն, ոնց իր Կաթեր տատին հրաժեշտ տուող թոռան մտածումն է` «… աշխարհին այսքան ճիւղ ու շիւ թողած արմատը կը մեռնի՞»: Նոյն այդ տրամաբանութեամբ Սպարտակ Ղարաբաղցեանը հաւատում  է հայ ազգի յարատեւմանը` իր պատումներից շատերը աւարտելով  խրատաբանութեամբ, որ թէեւ հեղինակային են, բայց այնքան «եփուած», կեանքով «կռած-կոփուած», որ ասես, հին մատեաններից են քաղուած: «Արեւի բնակավայրը» պատմուածաշարի նախերգում հին լուսանկարը` քիչ առ քիչ գունաւորւում, խօսուն է դառնում` նրանում պատկերուած մարդկանց կեանքի կարճառօտ պատումով. շեշտադրւում են այդ հերոսների առաւել յատկանշական գծերը եւ կեանքի յիշատակելի դրուագները` իբրեւ դասեր հետագայ սերունդներին. եւ գլխաւորը սեփական հողին նուիրուածութիւնն է, աշխատանքը, բացսիրտ հիւրասիրութիւնը, միամտութիւնը, իսկ թէ կողքին մատնիչ-չարամիտներ կան, նրանք բնութեամբ են դատապարտուած: Մուրացիկի հացը շուկայում գողացող, Աստծուց  իր անպտղութեամբ պատժուած ժլատ Սոլոմի կերպարը շատ յետոյ ընթերցողի յիշողութեան մէջ կը կենդանանայ մէկ այլ` ստալինեան բռնատիրութեան տարիներին երեւանեան թաղերից մէկում իրենց հացը մի կերպ վաստակող մարդկանց վրայ մատնագրեր գրող թաղային Արմոյի, Պաժառնիկ Յարութի, ֆինբաժնի խստաբարոյ տեսուչի կերպարներով («Փոս-Փարիզ» պատմուածաշարում): «Արեւի բնակավայրում» արդէն կան կարօտականչեր կորուսեալ երկրի, կան հերոսապատումներ` Բ. Համաշխարհայինի ճակատներից գիւղ հասած զինուորական եռանկիւնի նշխարակերպ նամակների մէջ: Այս ապրումների, թղթին յանձնուած անձնական գրութիւնների ընթերցողն է դարձնում մեզ հեղինակը` հայրենասիրութեան անսքօղ դասեր տալով, նաեւ` հաւատի ու յոյսի դուռը ցուցանելով:

Սկզբում «Արեւ բնակավայրը» շարքում, ապա լրագրողի իր մասնագիտական գրառումներում եւ ակնարկներում հեղինակը քանիցս անդրադառնում է նաեւ հաւատի, հայրենի բնակավայրերն ինքնակամ լքելու,  հայրենադարձութեան խնդիրներին: Արեւի բնակավայրից քաղաք տեղափոխուող եւ մշտական բնակութիւն հաստատող մարդկանց յոյսով սպասում են ոչ միայն իրենց ծնողները, հայրենի տունը, այլեւ` հողն ու լեռները. «Կարօտից տունը մահարձանի էր նմանուել» («Վերադարձ»), «գիւղերն արիւն տուող դոնորների պէս հերթ էին կանգնած, ու քաղաքը քամում էր նրանց… Չէ՜, մենք մեր թիկունքում սովորական լեռ ու քար չենք թողել, այլ` հարազատ մի մարդ, որ կանգնել ու յոյսով նայում է մեր յետեւից» («Տերեւաթափ»):

Իբրեւ վարպետ ասացող` Սպարտակ Ղարաբաղցեանը հիւսում է իր յուշագրութիւն- օրագրութիւն-վկայագրութիւնը` սերունդներին թողնելով հայ գիւղի մասին աւանդապատումի նշանակութիւն եւ արժէք ունեցող պատմուածքները` վառ վրձնահարուածներով, տիպական կերպարներով: Առանձնակի սիրով են արուած նրա բնապատկերները` հայրենի եզերքի հանդէպ որդիական գորովի կնքով: Նոյնպիսի վարպետութեամբ յետոյ պիտի գծի այն վայրերի պատկերները, որոնցում հանգրուանել են հայերը 1915-ի խորշակից մազապուրծ, բայց իրենց նախնիների «պտղունց արեան» անջնջելի յիշողութեամբ: «Արեւի բնակավայրի» վերջին պատումը` գրուած 1986 թուականին, գիւղ վերադարձող եւ այնտեղ իր ընտանիքով հաստատուելու վճռականութեամբ երիտասարդի մասին է: Իրապատումների այս շարքի վերջերգը լաւատեսական է, ու շունչ առնող բնակավայրի մասին մի ակնարկ եւս` արդէն վերոնշեալ շարքից դուրս, նոյն լաւատեսական հնչողութիւնն ունի:

Դարձեալ` 1986 թուական: Կարպի գիւղ այցին լրագրողը ականատես է լինում բարգաւաճող բնակավայրի գարնանային եռուզեռին. երկու հազար բնակչութիւն ունեցող գիւղի 60 տոկոսը երիտասարդներ են, թէեւ քաղաքը մօտ է, բայց գիւղից մարդկային արտահոսք չկայ, ուզում են իրենց ծննդատունն ունենալ` ծնունդներն են շատ: Այս ակնարկը զետեղելով գրքում` արդեօ՞ք հեղինակն ուղղակիօրէն մատնացոյց չի անում հայրենիքը շէնացնելու ուղին. մի քանի տարի անց գրուած իր ակնարկներում արդէն Սպարտակ Ղարաբաղցեանը նկարագրում է «Զուարթնոց» օդակայանում խմբուած լացակումած մարդկանց բազմութիւնը, որ կրծքի երեխաներն առած` լքում են հայրենիքը: Դրան հակադարձում է նախկին հալէպահայերի վերադարձը Հայաստան, իրենց որդիների հաստատակամութիւնը, ինչ պայմաններում էլ լինի, հաստատուելու մայր հողին: Ու սրանք բացճակատ յայտարարութիւններ, տողեր չեն. բոլորի յետեւում իրական մարդիկ են, իրական ճակատագրեր, որոնց մասին հեղինակը պատմում է անսեթեւեթ:

Երեւանեան «Փոս-Փարիզ» ոչ պաշտօնական անուանումը ստացած թաղի մարդիկ` հիմնականում հայրենադարձներ, իւրաքանչիւրը իւրովի խորը տրամա է ապրում: Միամիտ հաւատն ու հայրենի եզերքի կանչը հասցրել են նրանց անազատութեան ու բռնութեան ճիրանները, ու շատերին դրել երկուութեան առջեւ` կորցնել մարդկային դէմքը, կռանալ, ստորանալ, հոգով ոչնչանալ, մատնագրեր գրել` սեփական գոյութիւնը շարունակելու համար, կամ ծայրագոյն հոգեվիճակում պոռթկալ, զոհ գնալ վարչակարգին: Կիրթ, արհեստաւորի հունարով մարդիկ ստիպուած են գոյատեւել աղքատիկ կացարաններում, ուր հաւատը կասկածամտութեան , մատնիչութեան եւ փոքրոգութեան գաղջ մթնոլորտում, ոնց հեղինակն է բնորոշում, «սեղմւում, փոքրանում էր»: Այն հասարակութիւնը, կացութաձեւը, կառավարողների խումբը, որոնք ողջունում են մատնութիւնը, կասկած են սերմանում եւ պառակտում նոյնազգի մարդկանց միջեւ, յանցագործ են եւ պիտի դատապարտուեն պատմութեան կողմից: Այդ հասարկութիւնում չկայ հաւատ, իսկ որտեղ չկայ հաւատ, «երկիրը արտաքնոցի կը նմանի»:

«Փոս-Փարիզ» պատմուածաշարում եւս, ոնց նախորդում էր, նուրբ հումորի երանգաւորմամբ, հատու շտրիխանկարներով հեղինակը գծում է թաղի բնակիչների կերպարները այնպէս, որ արտաքին նկարագրի ճշգրտութիւնից խորամուխ ես լինում նրանց արարքների եւ վարքագծի դրդապատճառներում: Առինքնող կերպաների կողքին, առաւել է ընդգծւում մի խօսքի, միամտաբար ասուած բառի համար հաշուայարդար տեսնող չմարդների հանդէպ հակակրանքը: Ու որքան էլ մարդկայնութիւնը պարտութիւն է կրում այս միջավայրում, որ խորհրդային երկրի այդ ժամանակահատուածի մինի-պատկերն է, այնուամենայնիւ հոգեկան խեղճութիւնը չի պատում նրանց, ովքեր հայրենիքի անունը տալով` հաւատով եկել էին դէպի սեփական հողը:

Կորսուած սերնդի այս պատմութիւնների շարանը, սակայն, լուսաւոր մի շերտ ունի. դա առաքինի մարդկանց կերպարներն են, որոնց սերունդներին հետագայում հեղինակը հանդիպում է Հայաստանից դուրս` ամէն անգամ ընդգծելով հայրենադարձութեան անխուսափելի հեռանկարը: Լինի դա Հարաւսլաւիայում, որտեղ այցելում է` այլազգի օդաչուների` յանուն Հայաստանի սխրանքն ու յիշատակը յարգելու, թէ՛ հեռաւոր Վլատիւաստոկում` Յովհաննէս Թումանեանի անունը կրող նաւի տախտակամածին, թէ՛ արեւելքի բուրումներով ու բարեկամի ջերմութեամբ շնչող Հալէպում, այլուր, ներքնատեսութեամբ հայի է փնտռում, եւ ճակատագիրը իր համար պատրաստում է այդ հանդիպումները:

«Չէ,- գրում է Սպարտակ Ղարաբաղցեանը,- հողը չի ծերանում ու չի էլ դաւում, երբ նրանում նախորդների քրտինքն է, եւ ամէն ակօս տաք հորովելով է փորուել»: «Ամենահարուստ հայն իր տանն ապրող հայն է, իր հողի վրայ բոյն ունեցող հայը, իր հողի վրայ ծառ տնկող հայը, իր հողի վրայ քար դնող ու պատ շարող հայը»:

Իր մասնագիտութեան բերումով հանդիպումների, զրոյցների բազում «թանձրացումներն» է թղթին յանձնել Ս. Ղարաբաղցեանը. թւում է` ոչ միայն գիտէ իր այցելած շէներում ապրող ու արարող մարդկանց անունները, կենսագութիւնները, հոգսերը, այլեւ` այնտեղ աճող ծառերի թիւը, հողոտ քարերի բնոյթը: Հալէպում էլ գտնում է մի պճեղ Հայաստան, ու հիմա այդ քաղաքի ու նրանում ապրող մարդկանց նկարագրութիւնները, կենցաղավարութեան մանրամասները մի առանձին արժէք ունեն վերջին տարիներին Հալէպը ծուատած ու զգալիօրէն հայաթափած պատերազմից յետոյ (իցի՜ւ թէ այդ պատերազմին աւարտ լինէր): Նա բարձրացնում է քարերն ի եղած վայրերում` հայի հետք փնտռելու համար, ու այդ հետքը գտնում է` դրանք դէպի հայրենիք, դէպի Շուշի տանելու համար. «Աշխարհի որ կէտին էլ մատդ դնես Հայ կայ, այսինքն` մի բեկոր կարօտ, մի պտղունց թախիծ, մի պճեղ բարութիւն»:

Մարդկային եւ ազգային փոխկապակցուած արժեհամակարգն է բերում այս գրքով Սպարտակ Ղարաբաղցեանը` կերտելով բազմաբնոյթ կերպարներ, հարուստ, մէկը միւսին չկրկնող կենդանի դիմանկարների պատկերասրահ, ու կարդալիս ինձ երբեմն թւում էր, թէ դիմացս արցախեան դամբարադաշտերում հանդիպող քարաքանդակներն են, որոնց վշտի պատկերների փոխարէն` փորագրել են գինու սափորներ ու հացարարների, սազանդարների ու հարսանքաւորների, մարտիկների ու մարտի ուղեկցող կանանց, նռնենու ճիւղեր ու խաղողի որթեր: Ու կեանքը յաւերժօրէն յորդել է այդ քարերից: Հայը չի՛ հաշտուել մահուան հետ, ու հիմա այս գրքով հեղինակը մատուցում է կեանքի իր բանաձեւումը, իր գիրքը, ոնց ինքն է ասում, մատուցում` «որպէս հաց»:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)