Զարիֆի Հրաժարականը Անակնկալ Եւ Շոքային Էր Իրանի Քաղաքական Շրջանակին Համար

Իրանի արտաքին գործոց նախարարութեան ղեկավարի պաշտօնէն Մոհամետ Ժաւատ Զարիֆի հրաժարականը անակնկալ եւ շոքային էր Իրանի քաղաքական շրջանակի ու լրատուական դաշտին համար. «Երկիր» կայքէջի հետ զրոյցի ընթացքին ըսաւ Alikonline-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը` մեկնաբանելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Մոհամետ Ժաւատ Զարիֆի հրաժարականը:

«Պէտք է նշենք, որ վերջին շրջանում կտրուկ աւելացել էին որոշակի շրջանակների, աւելի ճշգրիտ` ծայրայեղական-պահպանողականների կողմից նրա դէմ գործադրուող ճնշումները: Իրանի արտաքին քաղաքականութեան համար առանցքային նշանակութիւն ունեցող մի շարք կարեւոր նախաձեռնութիւններ, այդ թւում` փողերի լուացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբ» (FATF) հետ կապուած «Պալերմոյի արձանագրութիւնների» (Palermo protocols) եւ «Ահաբեկչութեան ֆինանսաւորման ապահովման» (Combating the Financing of Terrorism- CFT) օրէնքի նախագծերի հաստատումը լուրջ խոչընդոտների էին հանդիպել Իրանի իշխանական վերնախաւի պահպանողական ներկայացուցիչների կողմից, իսկ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման եւ Եւրոպական Միութեան յարաբերութիւնների հետ կապուած` Զարիֆի ցանկացած նախաձեռնութիւն սուիններով է ընդունուել այդ շրջանակների կողմից», նշեց մեր զրուցակիցը:

Ըստ անոր, աւելի կարեւորը, սակայն, արտաքին քաղաքականութեան գործընթացներուն ոլորտի հետ ուղղակիօրէն առնչութիւն չունեցող ուժային կեդրոններու միջամտութիւններն էին, որոնք ակնյայտօրէն նուազեցուցած էին Արտաքին գործոց նախարարութեան եւ անձամբ Զարիֆի աշխատելու ու խուսանաւելու հնարաւորութիւնը:

«Նախօրէին Սիրիայի նախագահ Ասատի այցը կազմակերպուել էր ոչ արտաքին գործոց նախարարութեան միջոցով: Իրանի հոգեւոր առաջնորդի եւ Ասատի հանդիպման լուսանկարներում ակնյայտ երեւում է նախագահ Ռոհանիի եւ Զարիֆի բացակայութիւնը, ինչն էլ յստակօրէն վկայում  է, որ այցն, այնուամենայնիւ, կազմակերպուել է այլ շրջանակների կողմից, որն անմիջականօրէն զբաղւում է Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանի հետ Իրանի քաղաքականութեան հարցերով: Թւում է, թէ սա էլ եղել է վերջին այն կաթիլը, որը լցրել է Զարիֆի համբերութեան բաժակն ու նրա հրաժարականի պատճառ դարձել: Յամենայն դէպս այդ մասին է վկայում, ի պաշտպանութիւն Զարիֆի, հրաժարական նախաձեռնած արտաքին գործոց նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների եւ արտասահմանեան դիւանագիտական ներկայացուցչութիւններում աշխատող մի խումբ դիւանագէտների ուղղուած` Զարիֆի կոչը, որում նա յստակօրէն ասում է.  «Յուսով եմ, որ իմ հրաժարականը կը նպաստի արտաքին քաղաքականութեան ոլորտում օրէնքով նախատեսուած արտաքին գործոց նախարարութեան կարգավիճակի վերականգնմանը»,  ըսաւ Շահնազարեանը:

Խօսելով Զարիֆի հրաժարականի հնարաւոր հետեւանքներու մասին` ան նշեց, որ այն միանշանակօրէն ծանր հարուած է Իրանի արտաքին քաղաքականութեանը: «Թէեւ ընդունուած է ասել, թէ չկան անփոխարինելի անձինք, այդուհանդերձ, ակնյայտ է, որ Իրանի անվտանգային միջավայրի համար անբարենպաստ այս պայմաններում մեծ փորձ եւ միջազգային ընկալում ունեցող Զարիֆի պէս առաջնակարգ դիւանագէտի բացը դժուար է լրացնել: Չմոռանանք, որ վերջին տարիներին Զարիֆը համարւում էր Իրանի արտաքին քաղաքականութեան պրենտը, դրա այցեքարտը, առանց որի` դժուար էր պատկերացնել Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումն ու Իրանի շուրջ միջազգային դրական կարծիքի ձեւաւորումը: Անձամբ հաւատացած եմ, որ յետյեղափոխութեան շրջանին Իրանը Մոհամետ Ճաւատ Զարիֆի որակի ու տրամաչափի արտաքին գործոց նախարար չի ունեցել: Յոյսով եմ, որ նախագահ Ռոհանիին կը յաջողուի համոզել Զարիֆին` ետ վերցնել հրաժարականը: Դա բխում է Իրանի եւ ոչ միայն Իրանի, այլ նաեւ միջազգային դիւանագիտութեան անմիջական շահերից», ըսաւ Արամ Շահնազարեանը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)