Աղքատութիւնը Գիւղացու Գլխում Է, Իսկ Խե՞լքը…

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

Վերջին ամիսներին մեր երկիրը ոչ միայն անորոշ, այլեւ քաղաքական բուռն օրեր է ապրում: Կարծես թէ պետական կեանքը եռում է, անսպասելի լուրերի, քաղաքական ու հասարակական աշխուժ անցուդարձերի պակաս չի զգացւում, եւ թւում է` այս բուռն մթնոլորտում  ինչ-որ նոր բան պիտի ծնուի, բայց` ապարդիւն… Վերջին մէկ-երկու ամսում հրապարակ նետուած օրակարգերը եղել են հիմնականում անկարեւոր ու շինծու, իսկ այն ինչին արժէր սպասել, նոյնպէս եղաւ անպտուղ: Խօսքն, անշուշտ, կառավարութեան ծրագրի մասին է, այն ծրագրի, որի մասին ասւում էր, թէ պիտի լինի յեղափոխական ու տնտեսական թռիչք ապահովող: Պարզուեց, որ այստեղ ոչ մի թռիչք էլ չկայ, ո՛չ մտքի, ո՛չ թուերի, ո՛չ էլ երեւակայութեան… Այստեղ կայ «պէտք է» եւ «անհրաժեշտ է» բառերի շռայլում, ինչն էլ, ըստ կազմողների եւ, ըստ էութեան, պիտի ապահովի այդ թռիչքը: Բայց քանի որ դա կասկածելի է, նախապէս որոշուած է, թէ ո՛վ է լինելու այս ծրագրի ձախողման մեղաւորը: Դէ, ի հարկէ, ժողովուրդը… Էլի այս խեղճ ու կրակ ժողովուրդը, որովհետեւ աղքատութիւնը ոչ թէ երկրում է կամ կառավարիչների, այլ նրանց` պարզ քաղաքացիների գլխում: Եւ այսպէս, ըստ վարչապետի արտայայտած մտքի, ստացւում է հետեւեալը, որ`

– Այո՛, աղքատութիւնը Կառնուտ գիւղից Պետրոսի գլխում է, որ 3 թոն բազուկը չի կարողանում վաճառել` տանող չկայ, թէ չէ` ջրի գնով էլ կը տայ: Աղքատութիւնն անասնապահ խեղճ ու կրակ Գրիգորի գլխում է, որ իր չորս կովի համար նախրապանին ամէն ամիս 20.000 դրամ փող է տալիս ու ՀԴՄ էլ չի կարող պահանջել… Որ կովի կաթն էժան է տալիս, երեխուն էժան է հագցնում, ինքն էլ 3 տարին մէկ իրեն մի շալուար հազիւ  է առնում: Այո՛, աղքատութիւնը Գրիգորի գլխում է, որ թրաքթէօրիստին ու հնձող մեքենայ վարողին նոյնպէս մի փէշ գումար է տալիս ու էլի ՀԴՄ չի կարող պահանջել… Նոյնը չի կարող պահանջել իրենց գիւղի Մանուշի խանութից գնումներ կատարելուց յետոյ, որովհետեւ յաճախ ապառիկ է գնում: Ու մենակ Գրիգորը չէ, ողջ գիւղն է այդպէս ապրում, բացի թրաքթէօրիստից ու հնձող մեքենան վարողից… Դէ, արի՛, Գրիգորին ասա. «Ա՛յ ախպեր, արի մասնակցիր մեր երկրի տնտեսական յեղափոխութեանը, որ  քեզ ազգի դաւաճան չհանենք, որ` դու հակայեղափոխական չդառնաս, որ դու լաւ ապրես, դու էլ աղա դառնաս…»: Ասա, Գրիգո՛ր, ինչո՞ւ պիզնես չես դնում, ինչո՞ւ վարկ ունես, ինչո՞ւ ապրանքը խանութից ապառիկ ես առնում, ինչո՞ւ են կարկտածեծ, անտէր մի հեկտար  անջրդի արտդ էլի ցորեն չես ցանում… Ինչո՞ւ էն մինուճարիդ չես պսակում ու թողել ես, որ էլի խոպան գնայ. թող այստեղ աշխատի` ի՞նչ տարբերութիւն, թէ որտեղ են առանց գրանցել աշխատեցնում ու վերջում էլի խաբում… Ասա՛, Գրիգո՛ր, դու աղքատ ես, դու յեղափոխական Հայաստանին անտեղեակ, մեր ոգուն անհաղորդ, դու ալարկոտ աղքատ ես, իսկ էն քրտինքը, որ անօգուտ ամէն օր քո գլխից թափւում է, քոնը չի, ուրիշինն է. որ քոնը լինէր, քեզ օգուտ կը տար, մօրդ թոշակը շատ կը լինէր… Դու աղքատ ես, որովհետեւ խեղճ ես, էնքան խեղճ ես, որ էսքան ժամանակ դուրս չեկար ճամբայ փակէիր, թէ մեր գիւղին գերմանական հնձիչ տուէք, էն որ 85.000 տոլար է. խորհրդայինը բերքի կէսը արտում է թողնում: Դու խեղճ ես, Գրիգո՛ր, դու խեղճ ես շատ հարցերում… Վերջապէս, դու խեղճ ես, որովհետեւ լիքը գործ կայ թափած ու չես գնում աշխատես… Հրես (ա՛յ մարդ, սրանք սկի՞ Ֆէյսպուք չեն մտնում…), խնդրեմ, գրած է` «#Գործ կայ. այթի ոլորտում». լաւ էլ փող են տալիս… Չէ՛, դու ընդունիր, որ ուղղակի չես ուզում աշխատել, որովհետեւ դու աղքատ ես, իսկ աղքատի հոգեբանութիւնը փիս է` մեր Ցոլակեանի ասած` «Աղքատի վրայից 10-20 տարի հոտ է գալիս»… Դէ, Գրիգո՛ր, որոշիր, կա՛մ ՀԴՄ ու մասնակցութիւն (պիզնես կա՛մ չգիտեմ ինչ), կա՛մ հակայեղափոխութիւն… Հա՛, մի բան էլ, դու էն ախմախ, ամբախ-զամբախ ալիքները մի նայիր (ես եղել եմ լրագրող, գիտեմ, դա ի՛նչ ա), դու ինձ լսիր, ինձ… Լսիր ու կը տեսնես, որ մի օր կը դառնաս աղքատ հպարտ քաղաքացի…

Ցաւալիօրէն վարչապետի ասածն ու նրա կառավարութեան ծրագրի էութիւնը հէնց սա է: Աշխատատեղեր, գործարար աշխուժութիւն, ներդրումներ, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում մի՛ սպասէք, կառավարութիւնը ոչինչ ձեզ համար չի անելու, եթէ անելու լինէք, դուք պիտի անէք, միա՛յն դուք… Դուք էք մասնակից դարձել ու  նրան բերել իշխանութեան, հիմա էլ պիտի մասնակից դառնաք տնտեսական յեղափոխութեանը… Ի՞նչ է, մինչեւ հիմա պարզ չէ՞ր, որ երկիր պահողը, ցորեն ցանողը, արտ վարողն ու հարկեր մուծողը աշխատասենեակում նստած բարձրաստիճան պաշտօնեան չէր, այլ` արդար քրտինք-վաստակով ապրող հայ շինականն ու գործարարը: Բայց նրանք բոլորը կարող էին աւելի մեծ բարիք ստեղծել, եթէ նրանց գլխին արդար ու գործունեայ, ելքեր փնտռող եւ ուղի հարթող կառավարութիւն լիներ… Չկար ու քեզ օգնեցին, որ գաս… Որովհետեւ քեզ հաւատացին, դու ասացիր, որ էս երկրում փող կայ, որ կարելի է թոշակ բարձրացնել, որ կարելի է աշխատատեղ բացել, էժան վարկեր տալ, աշխատավարձ բարձրացնել… Հիմա, ի՞նչ պարզուեց «Տղան հասաւ իր մուրազին, դուք էլ հասնէք ձեր մուրազին… »: Բա էս ժողովուրդը ձեզ ինչո՞ւ պիտի աշխատավարձ տայ իր գրպանից, եթէ չէք պատրաստւում ուղի ցոյց տալ, ճամբայ հարթել… պիտի հարկուի, որովհետեւ իր գլխում ծաղկում է աղքատութիւնը, իսկ վարքը միայն խեղճի՞ է… Բա ինչի՞ համար է ձեր գլխի խելքը… Յուշէք նրան, որ մտածի ժողովրդին դուխ տալու մասին` գործով, ոչ թէ միայն խօսքով: Ժողովուրդը կը վճարի ձեզ, նոյնիսկ շռայլ պարգեւավճարներ կը տայ, միայն թէ նրան ուղի ցոյց տուէք…

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)