«Ապառաժ»-ի Խմբագրական. Բարոյականութիւնն Ու Քաղաքականութիւնը

Յաճախ ենք լսել այն արտայայտութիւնը, որ քաղաքականութիւնը անբարոյականութիւն է: Սակայն, արի ու տես, որ իրենց կեանքի ու գործունէութեան գնով` քաղաքական գործիչներ կան, որ հակառակն են փաստել: Եւ տրամաբանօրէն այն եզրակացութիւնն է ստացւում, որ նրանք, որոնք տարածում են քաղաքականութիւնն անբարոյականութիւն համարող միտքը, իրենց արարքներն արդարացնելու համար փորձում են գտնել բանաձեւ:

2019թ. առաջին մէկուկէս ամսում առիթ ունեցանք յիշելու հայ ժողովրդի արդի պատմութեան մէջ մեծ դերակատարութիւն ունեցած չորս անձնաւորութեան: Յունուարին նշուեց Ստեփան Զօրեանի (Ռոստոմ) եւ Արամ Մանուկեանի մահուան 100-ամեակները: Իսկ փետրուարին Պետրոս Ղեւոնդեանի մահուան 25-ամեակն ու Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը:

Ռոստոմը համարւում է ՀՅԴ հիմնադիրներից մէկը: Նա ներկայ չի եղել Դաշնակցութեան հիմնադիր ժողովին, սակայն այն ազդեցութիւնը, որ ունեցել է Դաշնակցութեան գաղափարական եւ կազմակերպչական գործունէութեան նախնական փուլում, պատճառ է դարձել, որ ինքը եւս յիշատակուի` որպէս հիմնադիր եռեակի անդամ: Ինչպէս բնութագրում էր Սիմոն Վրացեանը` եթէ Քրիստափորը եղաւ ՀՅ Դաշնակցութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը` նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամքը, ե՛ւ խիղճը:

Արամ Մանուկեանը հայոց պետականութեան վերականգնման միտքն է ու գործը: Եւ դա արտացոլուել է դեռ 1915թ. Վանի ինքնապաշտպանութեան ժամանակ, երբ, փաստօրէն, Վանում հայկական պետութիւն է ստեղծուել: Իսկ յետոյ, 1918թ. Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի կոչման է արժանացել նա:

Արթուր Մկրտչեանը մերօրեայ պատմութեան ամենալուսաւոր դէմքերից մէկն է: Նոյնիսկ Արթուր Մկրտչեանի գաղափարական հակառակորդները մի բիծ անգամ չեն կարող գտնել նրա ազնուութեան եւ բարոյական կերպարի մէջ: Համարձակօրէն կարելի է ասել, որ Արթուրը հանդիսացել է Արցախի Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան ստեղծման հիմնական գաղափարակիրներից մէկը:

Իսկ Պետրոս Ղեւոնդեանը, լինելով հրամանատար, զոհուել է` ի խնդիր վիրաւոր զինուորի փրկութեան: Պետոն Դաշնակցութեան գումարտակի փոխհրամանատարն էր, եւ ինչպէս մարտական ընկերներն են ասում` գումարտակի ոգին:

Վերը նշուած չորս անձանց յիշելով` մէկ անգամ եւս վերադառնանք խմբագրականում նշուած առաջին պարբերութեանը: Առաջնորդ դառնալու համար կարեւոր են բարոյական արժէքները: Մարտական դաշտում, թէ քաղաքական բեմահարթակում տնօրինելու, ղեկավար ունակութիւններից բացի` այն մերանը, որն առաջնորդի տիպար է ձեւաւորում, բարոյականութիւնն է:

Իսկ բարոյական արժէքներ կրելու հիմնական բաղադրիչներից մէկը համեստ վարքագիծն է: Մի բան, որին քիչ ենք ականատես լինում այսօր: Հայկական իրականութեան մէջ արծարծուող թեմաներ են պետական պաշտօնեայի` ինքնապարգեւատրումն ու կառավարութեան ծրագրի քննարկման ժամանակ սանձարձակ յոխորտանքներն ու բուռն ինքնագոհութիւնը: Ինչ-որ տեղ պակասում է բարոյականութիւնը…

18 փետրուար, 2019թ.

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)