ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը կայացաւ Արցախում: Սա արդէն պատմական իրողութիւն է: Պատմական իրողութիւն, որը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի այս հանգրուանում առաւել ուշադրութեան արժանի է, զուգահեռների դիտարկման եւ շահերի զուգակցման ու հակադրութեան պարզորոշման առիթ:
Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի կիզակէտը վերջին 30 տարիների ընթացքում եղել է Արցախը, իսկ Դաշնակցութիւնը ազատագրական պայքարի ակունքներում է եւ գաղափարակիրը: 1890-ական թուականներին, երբ հիմնադրուեց Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, այն դարձաւ Արեւմտեան Հայաստանում մղուող ազատագրական պայքարի ռահվիրան: Իսկ դրանից 100 տարի յետոյ այդ ազատագրական պայքարը շարունակուեց Արցախում: Դաշնակցութիւնը դարձեալ առաջնորդի դերում էր: Երկուսի պարագայում էլ Դաշնակցութեան ներկայութիւնն ու դերակատարութիւնն անուրանալի է: Անուրանալի է Դաշնակցութեան ներկայութիւնը հայկական պետականութեան կերտման փուլերում եւս. 1918-ին` Հայաստանի Հանրապետութեան պետականութեան վերականգնման, իսկ 1992-ին` Արցախի:
Բազմիցս ասուել է, որ Դաշնակցութիւնն ու Արցախը ռազմավարական դաշնակիցներ են: Վերը նշուածը վկայութիւնն է հէնց այդ ռազմավարական դաշնակցութեան: Ազգային ազատագրական պայքարի կիզակէտում միշտ լինելու է եւ կայ Դաշնակցութիւնը: Սա ՀՅԴ-ի 33-րդ Ընդհանուր ժողովի հիմնական պատգամն էր, որին ականջալուր եղան թէ՛ ներազգային եւ թէ՛ միջազգային ճակատներում:
Ընդհանուր ժողովի ընթացքում, ինչպէս նաեւ դրանից յետոյ հրապարակուած յայտարարութիւններում եւ մամլոյ ասուլիսներում դաշնակցական գործիչների առանցքային նիւթը հանդիսացել է Արցախը: Դաշնակցութիւնը վերահաստատել է իր դիրքորոշումը` անվերապահ աջակցութիւն յայտնելով «Արցախի Հանրապետութեան իշխանութիւններին, երկրի ընկերային-տնտեսական զարգացման, անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան ապահովման հարցերում» եւ իր պատրաստակամութիւնն է յայտնել` ինչպէս նախկինում, այսուհետ եւս յանձնառու լինել այդ ուղղութեամբ տարուող աշխատանքներին: Դաշնակցութեան համար Արցախի տարածքային ամբողջականութիւնն ու անկախ պետականութեան կարգավիճակն անսակարկելի են: Իսկ Արցախի հիմնահարցի ուղղութեամբ «Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են միջազգային հարթակներում շարունակել հանդէս գալ Արցախի անկախութեան եւ անվտանգութեան երաշխաւորի յանձնառութեամբ»: Այդ յանձնառութիւնն ամրագրելու համար պէտք է ունենալ իրաւական հիմք, եւ դա կարող է իրականացուել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումով:
Ահա այն առանցքային հարցերը, որոնք մէկ անգամ եւս շեշտուել են ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում: Դաշնակցութիւնը հաւատարիմ է «զարգանալ` չզիջելով» սկզբունքին: Առ այդ, անընդունելի է որեւէ զիջողական տարր պարունակող դրսեւորում, յատկապէս` արտաքին քաղաքականութեան ասպարէզում: Զիջողականութիւնը շեղում է ազգային ուղեգծից եւ նպատակադրումներից:
Այսպիսով, ազգային ազատագրական պայքարի կիզակէտում` Արցախում կայացած ժողովը Արցախի հետ միասին ազատութեան տենչող հայի պատգամն է հաղորդում համայն աշխարհին:
1 փետրուարի, 2019թ.