Մուսա Լերան Դիւցազնամարտի 103-ամեակի Առիթով . Մուսա Լեռը Նաեւ Հայ Երգարուեստի Ներշնչարան

Իր բացառիկ սխրանքներով ու գերմարդկային դիմադրողականութեամբ Մուսա Լերան հերոսամարտը ոչ առաջինը եւ ոչ ալ վերջինը եղաւ մօտիկ անցեալի հայ ազատագրական կռիւներու շարքին:

Սակայն, իբրեւ Հայ դատի եւ հայ մշակոյթի ծանուցման միջոց ընկալուեցաւ իբրեւ եզակի երեւոյթ, որովհետեւ ներշնչման աղբիւր դարձաւ բազմաթիւ ու բազմատեսակ միջազգային արուեստագէտներու, որոնց ստեղծագործութիւններու (գրական, թատերական, ֆիլմարուեստի, երաժշտական թէ կերպարուեստի) շնորհիւ բազմամիլիոն օտարներ հետաքրքրուեցան, լսեցին ու ծանօթացան Հայաստանին, հայ ազգային մշակոյթին ու պատմութեան, անգամ մը եւս հաստատելով, թէ խաղաղ ճանապարհով Հայ դատի հետապնդման լաւագոյն միջոցը կայ ու կը մնայ մշակոյթը:

Մուսա Լերան դիւցազնամարտը իր շօշափելի արձագանգը գտած է նաեւ հայ մշակոյթի տարբեր բնագաւառներէ ներս: Վ. Թէքէեանի, Եդ. Պոյաճեանի եւ կամ Յովհ. Շիրազի նման կայացած գրողներ առանձին բանաստեղծութիւններ նուիրած են մուսալեռցիներու «խենթութեան»: Իսկ 1994-ին Հայաստանի Մուսա Լերան հայրենակցական միութեան կողմէ հրատարակուեցաւ երգարան-գրքոյկ մը «Իմ Մուսա Լեռ» խորագիրով, ուր ամփոփուած տասը երգերու բառերը ստորեւ կու տանք իրենց ազգային-հայրենասիրական բնոյթի եւ շահեկանութեան համար:

Մ. Ծ.

Մուսալեռցիների Երգը

Երբ Բէլն ուզում էր…
Երբ Շամիրամը…
Հազկերտն էր… Թալէաթը…
Մեզ գերել հողն Հայկի ու տունը խլել
Մենք ելանք լեռն Արարատի
Լեռը փառքի ու հաւատի
Եւ կռուեցինք ու կռուեցինք
Քառասուն օր, քառասուն դար, որ
Կամ որպէս հերոս զոհուենք,
Կամ կատարուի մեր իղձն արդար:
Որ կամ որպէս հերոս զոհուենք
Կամ կատարուի մեր իղձն արդար:
Մուսա Լեռ, Մուսա Լեռ
Դու պարծանքն ու փառքը մեր:
Մուսա լեռ, Մուսա լեռ
Տուր պարծանքն ու փառքը մեր:

ԳԷՈՐԳ ԷՄԻՆ

(Առաջին հատուածը միայն)

Աղօթարան Սարը

Չէ, աշխարհի սարերի մէջ
Չունէր հաւասարը –
Յարգանքը մեծ ու սիրտը մեծ
Աղօթարան սարը:

Մտածե՞լ ես դու երբեւէ,
Թէ ի՞նչն է պատճառը,
Որ դարձել է բախտիդ բեւեռ
Աղօթարան սարը:

Ինչի՞ց է, որ չի սպառւում
Երգի քո պաշարը,
Լոկ նա գիտէ այս աշխարհում –
Աղօթարան սարը:

Նրանից է սնունդ առնում
Քո երգերի ծառը…
Բայց դու արդէն չես բարձրանում
Աղօթարան սարը:

ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ

Անսասան Լեռ

Ծովից սրտով ջուր ես խմում, Մուսա Լեռ,
Սէգ գագաթդ յոյս ամպերում, Մուսա Լեռ,
Քո քաջերի ասքն ես պատմում,
Որ գրեցին անմոռաց էջ,
Մուսա Լեռ, Մուսա Լեռ, Մուսա Լեռ:

Կրկներգ.           Հայոց հողում քո պատուին
Մենք կանգնեցրինք յուշարձան,
Քանդակեցինք սէգ արծիւ,
Որպէս հոգու յաղթ նշան,
Որ դու ապրես, Մուսա Լեռ,
Որ դու ապրես, Մուսա Լեռ,
Քո վեհութեամբ աներեր:

Արծիւը քո թէժ մարտերում քաջի պէս`
Ձեռքին Սասնայ թուր կեծակին լուսաբեր,
Քեզ պսակեց իր սխրանքով,
Ընկաւ որդու խաչը կրծքին,
Մուսա Լեռ, Մուսա Լեռ, Մուսա Լեռ:

Կրկներգ.           Հայոց հողում…

Երբ մեր ազգին վիշտն էր պա
ել ամէն տեղ,
Այն օրերին, սեւ օրերին, Մուսա Լեռ,
Դու վառեցիր սիրտդ արի`
Որպէս կանթեղ մեր յոյսերի,
Մուսա Լեռ, Մուսա Լեռ, Մուսա Լեռ:

Կրկներգ.           Հայոց հողում…

Ս. ՄՈՒՐԱԴԵԱՆ

Մուսա Լեռ

Աշխարհում շատ լեռներ կան մօտիկ ու հեռու,
Բայց ուրիշ ես դու, ուրիշ, լեռ հերոսական,
Ամէն հայի դու գերում, ամէն հայի սուրբ պատգամ,
Օրօրան ես քաջերի, քեզ պէս լեռ չկայ:

Կրկներգ.           Դու սէգ բարձունք ես,
Քաջ Մուսա Լեռ,
Քո սխրանքներով անմեռ,
Յաւերժ անմեռ:
Մուսալեռցինե՛ր,
Ձեզ քառասուն փա՜ռք,
Նահատակներիդ
Բարի յիշատակ:
Մուսալեռցինե՛ր,
Ձեզ քառասուն փա՜ռք,
Դուք աւանդեցիք
Մեզ ուժ ու հաւատ:

Քառասուն օր ու գիշեր դու հերոսաբար
Ծունկի բերիր թշնամուն քառասուն անգամ,
Ինչպէս Տարօն ու Սասուն, ինչպէս Ուրֆա, Վան, Զէյթուն,
Լեգենդը քո, Մուսա Լեռ, վառ է մեր սրտում:

Կրկներգ.           Դու սէգ…

Ս. ՍԱՖԱՐԵԱՆ

 

Մուսա Լեռ

Աշխարհում շատ կան վեհաշուք սարեր,
Բայց ուրիշ ես դու, հայոց Մուսա Լեռ.
Պատմութեան գրքում մեր հազարամեայ-
Լեգենդ ես դարձել պայծառ ու անմահ:

Կրկներգ.           Մուսա Լեռ, Մուսա Լեռ,
Դու սար չես միայն,
Մեր ոգին ես կենսասէր,
Փառքը հայութեան…

Թշնամու դիմաց բարբարոս ու բիւր,
Ծառս եղար քո քաջ որդոց հետ մի բուռ,
Նրանց հետ դարձար մի շունչ, մի մարմին,
Դաւիթը ինչպէս ու իր Ջալալին:

Կրկներգ.           Մուսա Լեռ…

Շանթեցինք մէկտեղ ոսոխին խուժող
Ու պսակուեցինք փառքով յաւերժող:
Ձեր սխրանքը սէգ ու դիւցազնական-
Դարձաւ գոյութեան խորհուրդ ու պատգամ:

Կրկներգ.           Մուսա Լեռ…

Գ. ԲԱՆԴՈՒՐԵԱՆ

Մուսա Լեռ

Մուսա Լերան վրայ փրկուած
Հայութիւն ենք մենք մի բուռ,
Լքած հանդերը հարազատ,
Պապենական տուն ու դուռ:
Մեր դարաւոր նենգ թշնամին`
Գալար գալար օձի պէս,
Փաթաթուել է շուրջը լերան
Եւ ուզում է խեղդի մեզ:

Կրկներգ.           Երբ ճար չկայ կռուից բացի`
Կռուով ապրենք ու մեռնենք:
Նեցուկ եղէք այսօր դուք մեզ,
Հայոց ժայռեր ու լեռներ:

Մեր փորձութեան ժամն է, քոյրեր
Ու եղբայրներ քաջարի,
Համախմբուենք մանուկ, թէ ծեր
Ընդդէմ մահի ու չարի:
Երբ որ սուր են քաշում վրադ
Ուրիշ էլ ինչ է մնում…
Այդ են պնդում դարեր ի վեր
Մեր մեծերը լուսանուն:

Կրկներգ.           Երբ ճար չկայ…

Մենք յոյս չունենք ոչ մի տեղից,
Մեր հարուածն է յոյսը մեր,
Քաջ Սասունից մինչեւ Զէյթուն,
Զէյթունից մինչ Մուսա Լեռ:
Զարկուենք պիտի, զարկենք պիտի`
Սա է բախտը հայութեան,
Թէ թուլացան զարկերը մեր
Չի գայ օրը փրկութեան:

Կրկներգ.           Երբ ճար չկայ…

Մ. ՄՈՒՐԱԴԵԱՆ

Մուսա Լերան Կարօտը

Սեւ գիշանգղի մթին ստուերը չար
Դեռ սողում է քո օրհնեալ սուրբ հողին,
Աւեր են դարձել խաչքար ու տաճար`
Կարօտելով հանճար իր կերտողին:

Կրկներգ. Հայի վշտերով խոցուած Մուսա Լեռ,
Հայի արիւնով օծուած Մուսա Լեռ,
Հայի արցունքով թացուած Մուսա Լեռ,
Հայի կարօտով լցուած Մուսա Լեռ:

Կեանքի ու մահու դաժան պայքարով
Սէգ արծիւներդ թռան, հեռացան,
Անցան, ցրուեցին արար աշխարհով
Քեզ կորցրեցին, բայց չմոռացան:

Կրկներգ. Հայի վշտերով…

Եւ գիշերները տխուր ու խաւար
Հովը հայերէն երգեր է ասում,
Եւ լոյս աչքերով ծաղկունքն են քո վառ
Արծիւներիդ դարձին միշտ սպասում:

Կրկներգ. Հայի վշտերով…

Ժ. ԱՒԵՏԻՍԵԱՆ

Մուսալեռցիների Երգը

Հայոց հպարտ լեռնապարում
Հզօր արծիւ Մուսա Լեռ,
Մեր վեհ ոգու արդարութեան
Կամուրջ կապող յոյսի բերդ,
Տարիների թռչող հեւքում
Իմ պապերի Աւարայր,
Մշտահնչուն դու երգ երգոց
Մեր պատմութեան Սուր Վահան:

Կրկներգ.

Մուսա Լեռ, Մուսա Լեռ,
Քաջի օրրան, Մուսա Լեռ,
Սերունդների ոգու մատեան,
Մեր սուրբ սիրոյ Մուսա Լեռ:

Ուխտիս կանչով ելայ ճամբայ
Ալաշկերտից Մուշ, Տարօն,
Քո հաւատի զանգն է հնչում,
Արձագանգում առյաւէտ,
Աստուածաշունչ ու վեհանիստ
Արեւորդու ջինջ օրրան,
Ադամանդէ լոյս թալիսման,
Միաբան սէր, Մուսա լեռ:

Կրկներգ. Մուսա Լեռ…

Սէգ լեռների բագնն բագին,
Աստղային սէր, Մուսա Լեռ,
Դու հատընտիր, մեր քաջութեան
Յաւերժական հանգրուան,
Մեր սուրբ նախնեաց արեան կանչի
Ըմբոստ ոգու զինադաշտ,
Ու ինձ մի նոր ճամբայ հանող
Հուր կարօտի ուխտավայր:

Կրկներգ. Մուսա Լեռ…

ԵՈՒ. ՍԱՀԱԿԵԱՆ

Մուսա Լեռ

Լեգենդ ես դարձել կեանքով քո առնական,
Լոյսի փարոս մեր, դրօշ պատմական,
Մեր փառքն ես դու, մեր կեանքն ես դու,
Յաւերժ անմար ու յաղթական:
Դարձանք զինուոր սուրբ արեան…

Եւ նետուեցինք մարտի ողջ սրտով
Քեզ համար, Մուսա Լեռ,
Անկախութեան դրօշն անպարտ
Տարանք դէպի հուր, կրակներ,
Ազատութեան ջահն անմար
Շողաց կրծքիդ, Մուսա Լեռ:

Ու եղիցի յաւերժ անմահութեան
Փառքիդ ուղին` սուրբ ազատութեան,
Քեզ մեր երգը եւ օրհներգը,
Յանուն ազգի մեր փրկութեան:
Դարձանք զինուոր սուրբ արեան…

Խ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Նմուշ Մը Երգերու խազագրութենէն

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)