Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. – Հերթական Հանդիպում. Դարձեալ Հերթապա՞հ

Մամուլում արդէն ազդարարուել է Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարներ Զոհրապ Մնացականեանի եւ Էլմար Մամետեարովի առաջիկայ հանդիպման մասին, որը պէտք է տեղի ունենայ յաջորդ շաբաթ Նիւ Եորքում բացուող ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում:

Շատերն են հարցնում` արժէ՞ այդ հանդիպումից ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ լուծումներ ակնկալել, առաւել եւս` ճեղքումային: Պատասխանն առաւել քան ակնյայտ է` ո՛չ:

Յայտնի ճշմարտութիւն է` ամէն ինչ իմացւում է համեմատութեան մէջ: Այդ նպատակով մի տարով յետ դառնանք: 2017թ. մօտաւորապէս այս օրերին դարձեալ Նիւ Եորքում ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ձեռք էր բերուել պայմանաւորուածութիւն` բանակցութիւնները երկու երկրների նախագահների մակարդակով շարունակելու մասին: Պայմանաւորուածութիւնն իրացուել էր երկու պետութիւնների ղեկավարների` Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի գագաթնաժողովի տեսքով, որն անցաւ մէկ ամսից քիչ աւելի անց` հոկտեմբերի 16-ին, Ժընեւում` 2016թ. ապրիլեան պատերազմի յարուցած երկար ընդմիջումից յետոյ: Հանդիպման կարեւորութեան մասին էր խօսում եւ այն փաստը, որ այն ողջունել է նաեւ ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղար Անթոնիօ Կութերիշը, ով երկու ղեկավարներին կոչ էր արել հասնել հակամարտութեան խաղաղ կարգաւորման: Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների` այն ժամանակ ընդունուած համատեղ յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի աշխուժացման համար եւ յաւելեալ քայլեր` շփման գծում լարուածութեան նուազեցման ուղղութեամբ: 2018թ. յունուարին Ժընեւին հետեւեց արտաքին գործերի նախարարների հանդիպումը Քրաքովում: Շատերի մօտ այն ժամանակ յոյս յայտնուեց, որ հակամարտութեան գօտում շուտով կայունութիւն կը հաստատուի, բայց, աւա՜ղ, հետագայ զարգացումները ցոյց տուեցին, որ յոյսն այդ խաբուսիկ էր:

Արդեօ՞ք այդ ժամանակից ի վեր փոխուել է իրավիճակը: Փոխուել է, բայց, անկեղծ լինենք` դէպի վատը: Այն որեւէ հիմք չի տալիս գոնէ թոյլ լաւատեսութեան համար, եւ` ոչ միայն այն պատճառով, որ կողմերի դիրքորոշումները նախկինի պէս տրամագծօրէն հակառակ են: Նախ` ալիեւեան վարչակարգն է՛լ աւելի է խստացրել ռազմատենչ հռետորաբանութիւնը եւ աւելացնում է սպառազինութիւնը` առաւել յաճախակի սպառնալով նոր պատերազմով, չափազանց ճչացող պահուածք է դրսեւորում եւ շարունակում զինուած սադրանքները, ընդ որում` ոչ միայն ԼՂՀ եւ Ազրպէյճանի զինուած ուժերի շփման գծում, այլեւ` Հայաստանի պետական սահմանի մի շարք հատուածներում: Վերջերս գնդակոծութեան ենթարկուեցին Տաւուշի մարզի բնակավայրերը, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան բանակային 3-րդ զօրամիաւորումը: Երկրորդ, Հայաստանում քաղաքական որոշակի անկայունութեան կապակցութեամբ, յարուցուած` նոր ղեկավարութեան իշխանութեան գալով, Պաքուին թուաց, որ ստեղծուած պայմաններում ռազմական շանթաժի շնորհիւ կարելի է ուժեղացնել ճնշումը Երեւանի վրայ եւ հայկական կողմից էական զիջումների հասնել: Ու եթէ նախորդ տարում Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների ղեկավարներին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջանակներում յաջողուեց պայմանաւորուածութեան գալ նախագահների հանդիպման շուրջ, ապա այսօր նման հանդիպման հեռանկար անգամ չի նշմարւում: Պաքուի ղեկավարութեան հռետորաբանութիւնը, յատկապէս` նախագահի մակարդակով, չափազանց անզուսպ է դարձել. Ալիեւն իջել է այն մակարդակին, որ փողոցային վիրաւորանքներ է թոյլ տալիս հայկական վարչապետի անձնաւորութեան հասցէին: Ակնյայտ է, որ նման ռազմաշունչ-աղմկային խորապատկերին Մնացականեան-Մամետեարով առաջիկայ հանդիպումից կառուցողականութիւն, առաւել եւս` արդիւնաւէտութիւն, սպասել չարժէ:

Կարծում ենք` նախարարական հանդիպման նման ելքը գիտակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները: Նրանք հազիւ թէ յոյս պահեն, որ կը յաջողուի վերակենդանացնել լիարժէք բանակցային գործընթացը, որը 2016թ. ապրիլին Ազրպէյճանի սանձազերծած քառօրեայ պատերազմի արդիւնքում գործնականում մեռեալ կէտում է: Այն հարցում, որ բանակցութիւնները խորը լճացման վիճակում են, «առաջնութեան դափնին», անկասկած, պատկանում է Ազրպէյճանին: Այո՛, հիմնախնդրի լուծման բանալին, ինչպէս յաճախ պնդում են ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները, հայկական եւ ազրպէյճանական կողմերի մօտ է, բայց չենք յոգնի կրկնելուց, որ լիարժէք ձեւաչափով բանակցային գործընթացի վերսկսման անհնարինութեան համար որոշակի պատասխանատուութիւն են կրում նաեւ միջազգային միջնորդները, այն պատճառով, որ նրանք այնքան էլ գործունեայ, հաստատակամ ու հետեւողական չեն «Ապրիլի» տաք հետքերով Վիեննայում եւ Ս. Փեթերսպուրկում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների լիարժէք իրագործման հարցում: Յիշեցնենք, որ նշուած պայմանաւորուածութիւնները վերաբերում էին շփման գծում հնարաւոր զինուած միջադէպերի հետաքննութեան մեքանիզմի ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելութեան ընդլայնմանը:

Մեզ չի լքում այն զգացումը, որ միջնորդներն այդ մասին պարզապէս մոռացել են, ինչը, հասկանալի է, միանգամայն բխում է Ազրպէյճանի շահերից: Ստեղծուած իրավիճակում զարմանալի ոչինչ չկայ, որ Պաքուն շարունակում է զինուած սադրանքները` լարուածութեան բարձր աստիճանը պահպանելու նպատակով` դա օգտագործելով որպէս Երեւանի եւ Ստեփանակերտի վրայ ճնշման գործիք: Դժբախտաբար սեպտեմբերի 19-ին ազրպէյճանական կողմի գնդակոծութեան պատճառով Հայաստանի Հանրապետութեան զինծառայող զոհուեց: Միջադէպի կապակցութեամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարն վճռականօրէն դատապարտել է Ազրպէյճանի գործողութիւնները եւ միջազգային հանրութեան ու, ամէնից առաջ, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ուշադրութիւնը հրաւիրել Պաքուին սանձելու անհրաժեշտութեան վրայ` իրավիճակի հետագայ սրացումը կանխելու նպատակով: Եթէ անգամ ընդունենք, որ համանախագահներն գործնական կերպով կ՛արձագանգեն Երեւանի կոչին, մեծ է հաւանականութիւնը, որ նրանց պատասխանն աւանդաբար հաւասարութիւն պահպանող բնոյթ կը կրի: Ինչպէս ցոյց է տուել բազմամեայ փորձը, միջնորդների նմանօրինակ յայտարարութիւններն ի զօրու չեն ինչ-որ կերպ ազդելու Պաքուի դիրքորոշման վրայ, նշանակում է եւ` ապահովելու կայունութիւն հակամարտութեան գօտում, ստեղծելու խաղաղ գործընթացի առաջմղմանը, այլ ոչ թէ` նրա նմանակմանը նպաստող մթնոլորտ:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)