ՖՐԻՏՃՈՖ ՆԱՆՍԵՆ. ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ. «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԷՍ ԵՒ ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Վեհափառը ներկաներուն կը փոխանցէ իր պատգամը

Աշխարհի վտարանդիների ու հայրենազուրկների, առաջին հերթին թափառական հայ մարդու բարեկամ Ֆրիտճոֆ Նանսենը իր «Հայաստան եւ Մերձաւոր Արեւելք» հատորում գրում է. «Որեւէ մէկը չի կարող ջարդուփշուր անել հայ ժողովրդի ոգին»:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. վեհափառը, մէջբերելով Նանսենի այս խօսքերը, շեշտադրեց, որ, իրաւամբ, հայ ժողովրդին բաժին հասցուած տառապանքները, ցեղասպանական տարբեր գործողութիւնները ի վիճակի չեն եղել ջարդուփշուր անել հայ ժողովրդի ոգին ինչպէս Հայաստանում, այնպէս էլ` սփիւռքում:

1925 թուականին այցելելով Խորհրդային Հայաստան, Նանսենը հայ ժողովրդի մասին պատմող իր գրքով միջազգային ընտանիքին եւս մէկ ուղերձ յղեց. «Հայերը երբեք չեն  յուսահատուել: Նրանք շարունակում են քաջաբար աշխատել եւ սպասել… սպասել տարին տարու վրայ: Նրանք դեռ սպասում են»:

Հայ ժողովրդի ողբերգութիւնը սեփական աչքերով տեսած ու զգացած մարդը միայն կարող է այսպիսի ճշգրտութեամբ նկարագրել հայ ժողովրդի ոգու ամրութիւնը, տոկունութիւնը ու հաւատը ապագայի հանդէպ:

«Այո, իրապէս, մենք սպասում ենք տարուէ տարի: Բայց մենք չենք սպասում կրաւորական  կերպով: Մենք պայքարում ենք յանուն մեր ժողովրդի իրաւունքների», հաւաքուած դեսպաններին, հոգեւորականներին, լիբանանահայերին դիմեց Արամ Ա. կաթողիկոսը, ում հանդիսապետութեամբ եւ համագործակցութեամբ Լիբանանում Հայաստանի ու Նորվեկիայի դեսպանատների, նոյեմբերի 7-ի երեկոյեան Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի գալուստ Կիւլպենկեան սրահում տեղի ունեցաւ «Յոբելինական հանդիսութիւն Ֆրիտճոֆ Նանսենի ծննդեան 150-ամեակի առիթով:

Վեհափառ հայրապետը իր խօսքում շեշտադրեց, որ Նանսենը չի պատկանում անցեալին եւ մեծ մարդասէրի, դիւանագէտի, հեղինակի, բեւեռագէտի ուղերձը այսօրուայ ու վաղուայ աշխարհի համար է նաեւ: Իր շնորհակալութիւնը յայտնելով Լիբանանում Նորվեկիայի եւ Հայաստանի դեսպաններ Սուէյն Աասին եւ Աշոտ Քոչարեանին` Ֆրիտճոֆ Նանսենի ծննդեան 150-ամեակի Յոբելինական հանդիսութիւնը նախաձեռնելու համար, Արամ Ա. կաթողիկոսը ասաց, որ այսօրուայ աշխարհում ժողովուրդների, մշակոյթների, կրօնների ու քաղաքակրթութիւնների միջեւ  կամուրջների կառուցմանը պէտք է մեծ կարեւորութիւն տրուի:

Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը պէտք է ունենայ կարեւորագոյն առաջնահերթութիւն բոլոր ազգերի ու անհատների օրակարգում, ովքեր հաւատում են  մարդու արժանապատուութեանը եւ խաղաղութեանը: Վեհափառ հայրապետը յիշեցրեց, որ մարդու իրաւունքների ոտնահարումը Աստծոյ դէմ մեղք է, քանի որ մարդու իրաւունքը Աստուածատուր շնորհք է: Արամ Ա. կաթողիկոսը իր ուղերձում յիշեցրեց նաեւ, որ «նրանք, ովքեր իրականացրել են Ցեղասպանութիւնը, ինչը յանցագործութիւն է մարդկութեան դէմ, պէտք է պատասխանատուութիւն կրեն»:

Ձեռքում պահելով «Հայաստան եւ Մերձաւոր Արեւելք» հատորը, որը վերահրատարակուել է նորվեկացի մեծ մարդասէրի ծննդեան 150-ամեակի առիթով, Արամ Ա. կաթողիկոսը ընդգծեց, որ Նանսենը այս գրքում շարունակ յղում կատարելով Հայոց ցեղասպանութեանը` բացայայտում է այդ անչափելի ոճիրի ներքին տարաչափումները` վկայակոչելով ականատեսների վկայութիւններ եւ սկզբնաղբիւրներ: «Բացի այդ, Նանսենը մարտահրաւէր է նետում Օսմանեան կայսրութեանը, Թուրքիային` ճանաչել ճշմարտութիւնը եւ ընդունել Ցեղասպանութիւնը: Դեռ աւելին, նա մարտահրաւէր է նետում միջազգային հանրութեանը` յիշեցնելով, որ հայ ժողովրդի դէմ կատարուած ոճրագործութիւնը նախապէս ծրագրաւորուած էր, հետեւաբար` միջազգային հանրութիւնը չի կարող լռել», ասաց Արամ Ա. կաթողիկոսը:

Դեսպան Աշոտ Քոչարեան

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը հաւաքուած լսարանին հակիրճ ներկայացրեց Նանսենի կեանքի վերջին տարիները, որոնք մեծ մարդասէրը նուիրեց Ազգերի լիկային, երբ 1921-ին նշանակուեց այդ կառոյցի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատար:

«Առաջին աշխարհամարտի արդիւնքում տեղահանուած մարդկանց օգնութեան համար նա դարձաւ խաղաղութեան Նոպելեան դափնեկիր: Նախաձեռնութիւններից մէկը, որ նա ներկայացրեց, տեղահանուածներին «Նանսենեան անձնագրերի» շնորհումն էր, որը ճանաչուեց աւելի քան յիսուն երկրներում: Խորհրդային Հայաստան այցելութիւնից յետոյ նա կազմակերպեց դրամահաւաք միջոցառումներ` օգնելու հայ գաղթականներին: Ինչպէս ասել է նրա դուստրը` Նանսենը մահացել է Հայաստան բառը շուրթերին», ասաց դեսպան Քոչարեանը:

Ֆրիտճոֆ Նանսենի կեանքի ու գործունէութեան ամենաուշագրաւ հատուածներին անդրադարձ կատարեց Լիբանանում Նորվեկիայի դեսպան Սուէյն Աասը:

Երեկոյի ընթացքում ելոյթ ունեցածներից Աստղիկ Ճամպուլեան-Գանտահարեանը նշեց, որ «Հայաստան եւ  Մերձաւոր Արեւելք» հատորում Նանսենը նկարագրել է իր ճամբորդութիւնը դէպի Կոստանդնուպոլիս իբրեւ Ազգերի լիկայի յանձնակատար եւ փորձել լուծել փոքրամասնութիւնների հարցերը Օսմանեան կայսրութեան փլուզումից յետոյ:

Աստղիկ Ճամպուլեան-Գանտահարեան

Դեսպան Սուէյն Աաս

«Կիլիկիոյ դարաւոր աթոռի վրայ յաջորդած ՆՍՕՏՏ Արամ Ա. հայրապետը ուզեց իր մասնաւոր շնորհակալութիւնը եւ երախտագիտութիւնը յայտնել Նորվեկիային եւ նրա բացառիկ զաւակ Ֆրիտճոֆ Նանսենին` արտօնելով այս գրքի վերահրատարակութիւնը, իբր վերյիշեցում մեր նոր սերնդին այս բացառիկ անձի ցոյց տուած օգնութեանը մեր գաղթական դարձած զաւակներին` նրանց շնորհելով ինքնութիւն, որով նրանք կարողացան հաստատուել իրենց ապաստանած երկրներում», ասաց Աստղիկ Ճամպուլեան-Գանտահարեանը:

Ազգերի լիկան մի քանի անգամ քննարկել է գաղթական հայերին օգնելու հարցը: Ժընեւում 1922 թուականին լիկան փախստականների եւ քաղաքացիութիւն չունեցող անձանց համար մտցրեց անձը հաստատող ժամանակաւոր վկայականներ` «Նանսենեան անձնագրեր», որոնք ստացան աւելի քան երեք հարիւր հազար հայ գաղթականներ:

«Անձ, որը ոչ միայն բացեց Հիւսիսային բեւեռը, այլ նաեւ իր մարդկային գործունէութեամբ փրկեց բազմաթիւ վտարանդիների, ինչպէս նաեւ` հայ գաղթականներին օգնելով հաստատուել  զանազան երկրներում: Ֆրիտճոֆ Նանսեն. ոչ մի փառաբանական խօսք Օսլօ մայրաքաղաքի հանգիստ մի անկիւնում գտնուող իր պարզ դամբարանի վրայ: Անգամ թուական չի նշուած: Հաւանաբար դա մասնաւոր իմաստ ունի, որով մեծ մարդիկ անժամանակ եւ անժամանցելի են ինչպէս Նորվեկիայի, այնպէս էլ աշխարհի տարածքում, ասաց Ճամպուլեան-Գանտահարեանը:

Յոբելինական հանդիսութեան ընթացքում ներկաները ունկնդրեցին հատուածներ Արմէն Տիգրանեանի «Անուշ» եւ Պելինիի «Սոննամպուլա» օփերաներից Շողիկ Թորոսեանի կատարմամբ` դաշնակի ընկերակցութեամբ Յասմիկ Գասպարեանի, ինչպէս նաեւ Տաթեւիկ Արթինեանի նուագները Ֆրետերիք Շոփենից եւ Արամ Խաչատուրեանից: Ներկաները ստացան Ֆրիտճոֆ Նանսենի «Հայաստան եւ Մերձաւոր Արեւելք» անգլերէն հատորը:


Յատուկ «Ազդակ»ի համար

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES