ՍԱՐԳԻՍ ՍԵՐՈԲԵԱՆ
Ենթադրւում է, որ համայն աշխարհում ապրում է շուրջ 3 միլիոն գնչու: Եւրոպայում են բնակւում մօտ 780 հազար գնչուներ: Եթէ Եւրոպա անցած գնչուների արկածները մի կողմ թողնելով` անդրադառնանք Անատոլիայում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.) եղածներին, ապա հարկ կը լինի ընդգծել, որ նրանց թիւը 67 հազար է: Վրթանես Փափազեանի կատարած ուսումնասիրութեան համաձայն, նրանցից 50 հազարը կազմում են հայ բոշաները:
Հայ բոշաների կարելի է հանդիպել Անատոլիայի գրեթէ իւրաքանչիւր կողմում: Նրանք բնակութիւն են հաստատել հայերի բոլոր բնակավայրերում` բացառութեամբ Վասպուրականի շրջանի, սակայն նրանց մեծ մասն ապրում է Սվազի (Սեբաստիա, «Ակունք»-ի խմբ.) շրջանում (Վեզիքեոփրիւից մինչեւ Կաստամոնու):
Գաղտնի Նշանները
Բոշաներն առաջին անգամ իրենց ոտք դրած հողերում, թէեւ դժուարութեամբ, այնուամենայնիւ լուծել են հանգիստ եւ անվտանգ փոխադրուելու, օթեւանելու վայր գտնելու, բարեկամ կամ թշնամի հանրութիւններին դիւրութեամբ տարբերակելու գաղտնիքը: Գաղթող գնչուների խմբերն իրենց անցած ճանապարհների պատերին եւ ծառերի բներին թողնում են յատուկ նշաններ, որոնք կարող են հասկանալ միայն իրենց ցեղակիցները:
Դրանցից առաջինը, որն ամենաշատն է օգտագործւում եւ բաղկացած է «երեք թեւերից», ցոյց է տալիս այն ուղղութիւնը, ուր կարելի է գնալ: Իսկ հին պուտտայական նշան եղող երկրորդը գնչուները «սվասթիքա» են անուանում: Այդ նշանը ցոյց է տալիս ճանապարհի փակ կամ վտանգաւոր լինելը: Երրորդը, որը խաչաձեւ է, դարձեալ ցոյց է տալիս այն կողմը, ուր կարելի է գնալ: Ինչ վերաբերում է Թուրքիայում ամենաշատը հանդիպող չորրորդ նշանին, ապա այն մատնանշում է, որ ճանապարհը չափազանց վտանգաւոր է եւ կարող է մահուամբ աւարտուել գնչուների համար: Նշաններն այսքանով չեն սահմանափակւում. կան բազմաթիւ այլ իմաստներ կրողներ:
Հայ Բոշաների Ծագումը
Թէեւ հայ բոշաները տարբեր են թւում Եւրոպայում եւ Ասիայում միւս ազգերի մէջ թափառական կեանքով ապրող ցիկաններից, սակայն նրանց միջեւ մանրազնին ուսումնասիրութիւն կատարուելու դէպքում կարելի է մեծ նմաննութիւններ գտնել աւանդոյթների, մարդաբանութեան եւ մինչեւ իսկ լեզուի առումներով: Իսկ նկատելի տարբերութիւնները ծագում են բոշաների` Անատոլիա գալուց շատ առաջ նրանց դարեդար համատեղ ապրած միւս ժողովուրդներից: Ինչպէս վերեւում էլ նշեցինք, գնչուները գաղթի տարբեր ճանապարհներով Անատոլիա հասնելով եւ այստեղ հանդիպած միւս հանրութիւնների սովորոյթների ազդեցութիւնը կրելով` տարբեր դիմագծեր են ստացել: Իսլամութիւն ընդունած ցիկանները ստացել են չինգենէ անուանումը, իսկ հայերի հետ ապրելով` քրիստոնեայ դարձածները` հայ բոշաներ: Վերջիններս հետզհետէ իւրացրել են հայկական սովորոյթներն ու աւանդոյթները:
Յայտնի է, որ բոշաները տեւական ժամանակ մնացել են նաեւ Իրանում: Պարսից աշխարհում ցիկաններին տրուել են «լուրի», «միթրիփ», «քարաչի» անուանումները: Իսկ «բոշա» անունը նրանց հայերն են տուել: Այդ անուանման արմատը թուրքերէն pos=bos (պարապ) բառը կարող է լինել, որը մշտապէս կիրառուել է արհամարհական երանգով. հայոց լեզւում ցիկան բառի համարժէքը հնուց ի վեր գնչուն է եղել, իսկ բոշա բառը սկսել է գործածուել հետագայում` 19-րդ դարում:
Մի շարք ուսումնասիրողներ (Պ. Ներսէս Սարգսեան) ենթադրում են, թէ բոշաները թոնդրակեցիների կամ արեւորդիների մնացորդացն են: Ի դէպ, յայտնի է նաեւ, որ Կաստամոնուի եւ Սինոփի միջեւ ապրող հայկական ծագմամբ ժողովրդին էլ են բոշայ անուանում` Քաղկեդոնի տիեզերական ժողովի հետեւանքով Հայ առաքելական եկեղեցուց անջատուելու պատճառով:
Հայերի շրջանում բոշաների մասին բազմաթիւ առասպելներ կան: Իրօք ուշագրաւ է, որ չնայած այդչափ արհամարհական վերաբերմունքին եւ փոխադարձ կերպով «ազգակցական կապերից» խուսափելուն` իրար աղջիկ չտալուն ուղղուած ջանքերին, բոշաները կարողացել են միախառնուել հայերի հետ եւ համատեղ ապրել` ի տարբերութիւն միւս ժողովուրդների: Այդուհանդերձ, խիստ հազուադէպ հանդիպող երեւոյթ է, որ բոշաները (20-րդ դարում) հայերին աղջիկ տային կամ` հակառակը:
Պատսպարան
Երբ ձմեռը վրայ է հասնում, բոշաները մօտակայ գիւղերում կամ քաղաքներում խռնուելով` տեղաւորւում են իրենց կողմից վարձուած հիւղակներում եւ ապրում իրար մօտ գտնուող վայրերում: Նրանց գիւղական տների գոմում (բնագրում գոմ բառը հայերէնով է, «Ակունք»-ի խմբ.), այսինքն այլեւս գրեթէ ընտանիքի մի կարեւոր անդամը համարուող էշի փարախում անպայման մի թոնիր է լինում, որը ծառայում է թէ՛ հաց եւ ուտելիք պատրաստելու եւ թէ՛ տաքանալու նպատակներին: Երբ առօրեայ գործերն աւարտւում են, եւ թոնիրի կրակը` մարում, ընտանիքի անդամները նստում են թոնիրի շուրջը, ոտքերն իջեցնում նրա մէջ եւ ծածկւում մի ընդհանուր ծածկոցով: Տան ուշագրաւ առարկաներից մէկն էլ պատերից մէկում տեղ գտած «օճախն» է, որը նրանք «սանտօ» են անուանում: Այդ օճախի կրակը շաբաթական միայն մէկ անգամ է վառւում, այն էլ ոչ թէ տաքանալու, այլ` ի յարգանս տուեալ ընտանիքի հանգուցեալների յիշատակի:
Ուտելու-Խմելու Մշակոյթը
Բոշաներն անընդհատ ինչ-որ բան են ուտում` առանց յատուկ ժամերի ուշադրութիւն դարձնելու: Նրանք նախընտրում են դառը, թթու, համեմուած, կծու ուտեստները. սխտորը, պղպեղը եւ քացախն անպակաս են նրանց սեղանից: Նրանք սակաւ են միս ուտում, իսկ իրենց ամենասիրած ճաշատեսակները «մալեզը» եւ փլաւն են: Նրանց ազգային ճաշատեսակը համարուող մալեզը պատրաստւում է խմորով եւ իւղով եւ նմանւում վասպուրականցիների «խաւիծին» (խաւիծ բառը բնագրում հայերէնով է, «Ակունք»-ի խմբ.): Նրա պատրաստման եղանակը հետեւեալն է. խմորը լցնում են տաք ջրի մէջ եւ եփում` անընդհատ խառնելով, ապա մասերի բաժանելով` վրան իւղ են քսում եւ ուտում: Բոշաները շատ են սիրում նաեւ չրով փլաւը (չիր բառը բնագիրով հայերէնով է, «Ակունք»-ի խմբ.): Չրով փլաւը եւ ձուածեղը (ձուածեղ բառը բնագրում հայերենով է, «Ակունք»-ի խմբ.) պատրաստւում են խնճոյքի սեղանի համար` որպէս յատուկ ճաշատեսակներ:
Ճաշելիս տղամարդիկ առանձին են նստում կանանցից եւ երեխաներից ու խմիչքներից միայն ռաքը խմում. գարեջուր կամ գինի առանձնապէս չեն օգտագործում: Տղամարդիկ եւ տարեց կանայք ծխախոտ ու քթախոտ են օգտագործում, սակայն ի տարբերութիւն գնչու եւ ցիկան կանանց` բոշայ կանայք ծխախոտ օգտագործելն ամօթալի են համարում:
Տոկոս Չկայ
Չնայած իրենց բազմաթիւ վատ սովորութիւններին` բոշաները խիստ ազնիւ են դրամի առեւտրի դէպքում եւ կարեւորում են տրուած խօսքը: Նրանք միայն խօսքի վրայ հիմնուելով` պարտք են տալիս եւ վերցնում: Սակայն բոշաները «տոկոս» հասկացութիւնը բացարձակապէս չեն ընդունում. ո՛չ տոկոսով պարտք են տալիս, ո՛չ էլ` վերցնում, եւ թէկուզ ի վնաս իրենց` անպայման պահում են իրենց խոստումը կամ երդումը:
http://team-aow.discuforum.info/t6203-Ermeni-Cingenelri.htm?start=15
Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
Akunq.net