ՍՆԴԱՒՈՒՄ – («ՎՐԻԺԱՌՈՒԹԵԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ» ՇԱՐՔԻՑ)

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Ստեփան Ծաղիկեան

89 տարիներ առաջ, 21 յուլիս 1922-ին, խորհրդայնացման իր սկզբնական փուլին գտնուող Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ օր ցերեկով ահաբեկուեցաւ հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուներէն Ճեմալ փաշան:

Ահաբեկումը թէեւ մաս կը կազմէր ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին կողմէ 1919-ին հաստատուած թուրք ջարդարարներու պատժումի «Նեմեսիս» գործողութեան, բայց իր գործադրութեան վայրով եւ քաղաքական-կազմակերպական հանգամանքներով կ’առանձնանար ու կը զատորոշուէր միւս գործողութիւններէն: Մինչ Թալէաթ ու Սայիտ Հալիմ, Պեհաէտտին Շաքիր ու Ճեմալ Ազմի ահաբեկուեցան եւրոպական մեծ մայրաքաղաքներու փողոցներուն վրայ եւ «Նեմեսիս»ի իրականացման ՀՅԴ պատասխանատու յատուկ մարմինի անմիջական հսկողութեամբ ու կարգադրութիւններով, Ճեմալ փաշայի ահաբեկումը տեղի ունեցաւ պոլշեւիկեան յեղկոմներու ամէնէն մոլեգին տիրապետութեան օրերուն եւ ազգամիջեան հակասութիւններու հրահրման կարեւորագոյն կեդրոն Թիֆլիսի մէջ, ուր 1922 թուականին տակաւին կը գործէր, ընդյատակ անցած ըլլալով հանդերձ, ՀՅԴ Վրաստանի Կեդրոնական կոմիտէն: Ամբողջ տասնամեակներ խորհրդահայ պատմաբաններն ու քարոզչամիջոցները երկաթեայ լռութիւն պահեցին Ճեմալ փաշայի ահաբեկման գործողութեան շուրջ:

Արտաշէս Գէորգեան

Ճեմալ փաշայի ահաբեկման վերաբերեալ ուշագրաւ է վկայութիւնը Սիմոն Վրացեանի, որ «Մրրկածին Դրոն» անունով իր յուշագրութեան մէջ պատմութեան յանձնած է հետեւեալը. «ՀՅ  Դաշնակցութեան Վրաստանի Կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ, 1922 թ. յուլիս 21-ին, Թիֆլիսում, օրը ցերեկով, ահաբեկուեց իթթիհատական եռապետութեան վերջին ողջ մնացած անդամ, պոլշեւիկների բարեկամ ու գործակից Ճեմալ փաշան: Չեկան անհաշիւ բանտարկութիւններ արաւ, բայց չէր համարձակւում սուր միջոցների դիմել` վախենալով փոխադարձութիւնից: Դրոն իրաւունք ստացաւ Մոսկուայից (ուր աքսորուած էր տարիուկէս առաջ), եւ շտապով մեկնեց Թիֆլիս, ուր բոլոր յայտնի դաշնակցականները ձերբակալուած էին: Դրոյի հեղինակութիւնը թէ՛ դաշնակցական ընկերների եւ թէ՛ պոլշեւիկների աչքին այնքան բարձր էր, որ նրան յաջողուեց երկու կողմի համար ընդունելի պայմաններով բանտից ազատ արձակել Կենտրոնական Կոմիտէի անդամներին եւ ձերբակալուածների մեծ մասին: Այդ առթիւ Վրաստանի Կենտրոնական կոմիտէի անդամները եւ Դրոն հրապարակեցին մի «դեկլարացիա», որով ճանաչում էին խորհրդային իշխանութիւնը եւ կոչ էին անում բոլոր դաշնակցականներին, հետեւելու իրենց օրինակին:

Պետրոս Տէր Պօղոսեան

«Արտասահմանում մեզ, որ անհաշտ պայքարի մէջ էինք խորհրդային բռնատիրութեան դէմ, որոշ էին այդ «դեկլարացիա»ի դրդապատճառները եւ իմաստը, բայց եւ այնպէս անթոյլատրելի էինք համարում Դրոյի եւ ընկերների ընթացքը: Ես նոյնիսկ ստիպուած եղայ հրապարակով, մամուլի միջոցով, դատապարտել «դեկլարացիա»ն եւ զգուշացնել ընկերներին, որ չընկնեն պոլշեւիկեան ծուղակը: Հետագային մենք իմացանք, որ «դեկլարացիա»ն մնացել է սոսկ թուղթի վրայ եւ ոչ մի հետեւանք չէր ունեցել, բացի այն, որ Չեկան փաստ էր ձեռք բերել` արդարացնելու համար իր մեղմ վարմունքը դաշնակցականների նկատմամբ»:

Մեր աշխատակից Գրիգոր Ջանիկեանի սոյն գրութիւնը, թէեւ գեղարուեստական բնոյթի, սակայն ամբողջութեամբ հիմնուած է յուշագրութիւններու եւ վկայութիւններու վրայ: Ճեմալ փաշայի թոռը` հրապարակագիր Հասան Ճեմալ, 2008-ի աշնան Թուրքիոյ նախագահի «ֆութպոլային» այցի օրերուն Երեւան կը գտնուէր եւ այցելելով Ցեղասպանութեան թանգարան` ծաղիկներ զետեղած է Ծիծեռնակաբերդի յուշարձանին:

Յաղթահասակ, յաղթանդամ տղամարդ է («Կազմուածքով շատ ես նման հայրական

Ճեմալ

պապիդ», հալւում են դեռեւս ողջ հօրաքոյրները: «Կազմուածքով միայն», սաստում է ինքը): Երեւան իր հետ ամենաընտիր քոսթիւմներն է բերել, որ փոխում է օրը մի քանի անգամ (համապատասխան փողկապով ու լամբակի թաշկինակով), սակայն, միեւնոյնն է, նա` այդ յաղթանդամ ու յաղթահասակ տղամարդը, Թուրքիայի թերեւս ամենահեղինակաւոր` «Միլլիէթ» օրաթերթի սիւնակագիրը, որ լրագրողների խմբով հանրապետութեան նախագահին է ուղեկցում, ներքուստ իրեն լաւ չի զգում: Երեւանում դեռեւս ոչ ոք չգիտի, որ ինքը Ճեմալ փաշայի թոռն է, բայց ինքը հօ լաւ գիտի: Երեկոները երբեմն աննկատ դուրս է գալիս հիւրանոցից, քայլում է աշնանային ճեմափողոցով, նայում է անցորդների յորձանքին ու փորձում է մինչեւ մէկ ու կէս միլիոնը հաշուել: Չի կարողանում: Անցորդների յորձանքում անմեղ երեխաներ, կանայք, ծերունիներ կան:

Սփոփուելու համար ինքն իրեն յիշեցնում է, որ Հրանդ Տինքի գաղափարակիցն է ու գրչակիցը:

Հասան Ճեմալ

Չի սփոփւում:

Հանդարտուելու համար անդրադառնում է, որ ստորագրել է նախնիների գործած ոճրի համար հայերի ներողամտութիւնը հայցող երեսուն հազար թուրք մտաւորականների համախօսականը:

Չի հանդարտւում:

* * *

Խոտորջուրցի կանայք, որոնք բոլորն էլ Հայկ նահապետի զարմից էին սերում, 1915 թուականի յունիսի 11-ին, երբ նորածիններին փայտէ օրօրոցները դրին ու շալակներն առած` տարագրութեան ճամբան ընկան, հէնց Խոտորջուրը սուզուեց ամպերի, սարերի մշուշում, չդիմացան` փղձկացին, մի ձայնի երգեցին.

Մնաս բարով, սիրուն Խոտորջուր,
Մնացէք բարով, սարեր ու ձորեր,
Ժամեր, մատուռներ,
Տուն ու թոնիրներ…

Քաջքար լեռը լսում ու չէ՛, չէր ճաքում, Ճորոխ գետի վարարած ջրերը չէին ցամաքում…

Ետեւում մնացին Քեմախի կիրճը, որտեղ խոտորջուրցի կանանց կարաւանն ուղեկցող` աւելի ճիշտ տանջամահ անող զինուոր-ոստիկանները ողջ-ողջ թաղեցին 13-ամեայ` Տիրամօր նման գեղեցիկ Մագթաղինէ Սանոյեանին, Ռաքքայի անապատը, որտեղ, քանի որ աղբիւրների մօտ անգամ արգելում էին ջուր վերցնել, մայրերը երեխաների մէզը թիթեղէ ամանների մէջ հաւաքեցին, խմեցին, Եփրատի կամուրջը, որտեղ նոյն այդ կանայք, պատիւներն անարատ պահելու համար նախ դեռատի դստրերին գետը հրեցին, յետոյ իրենք խաչ հանեցին, յետեւներից նետուեցին:

Անծայր անապատում էր, բարկ աւազից անտեսանելի կրակ, բոց էր բարձրանում: Ինչպէս Սինայի անապատում անկէզ այրւում էին մորենիները: Խոտորջուրի կանայք սմքել, սեւացել, կծկուել էին կողք-կողքի: Փրկութեան ոչ մի յոյս չէր մնացել: Կարաւանի ամենածեր կինը` Մարուզ մամիկն անգամ, որ իրենց զովասուն լեռներից մինչեւ այդ անջրդի հովիտները բոլորին գօտեպնդել, հիւանդներին խոտերով ու բոյսերով բուժել էր, լաչակը քաշել էր գլխին, պապակ շուրթերով աղօթում էր: Ինչո՞ւ Աստուած չէր առնում հոգին, որ չտեսնէր, թէ ինչպէս է վերանում, անապատի աւազներին խառնուելով անէանում Խոտորջուրը:

Յանկարծ նրան թուաց, թէ ընդերքը դողաց: Դժուարութեամբ յետ տարաւ լաչակը, չհաւատաց աչքերին: Վերջալոյսի արնագոյն բոցերի միջից, թիկնազօրով շրջապատուած, մի հրեղէն ձիաւոր էր մօտենում:

– Ղանճըղներ, – իրար անցան, խզակոթներով կանանց հրհրեցին, ոտքի հանեցին զինուոր-ոստիկանները, -գլուխ տուէք, երկրպագեցէք, Ճեմալ փաշան` մեր ծովային նախարարն ու հարաւային ճակատի գերագոյն հրամանատարն է անցնում:

Թիկնազօրը կանգ առաւ: Ճեմալը հեծել էր արաբական ճերմակ երիվարն ու ստէպ-ստէպ զնգացնում էր արծաթէ ասպանդակները: Նայեց, նայեց նրան Մարուզ մամիկն ու մէկ էլ գլխի ընկաւ` սա է հէնց այն պահը, որ պիտի որոշի Խոտորջուրի լինել-չլինելը: Լաչակը քանդեց, ճերմակ մազերը ոսկրացած այտերն ի վար թափեց, չոքէչոք Ճեմալին մօտեցաւ.

– Փաշա՛, – ասաց, – քո ոտն ենք ընկել, գութն ենք աղերսում, թոյլ տուր դառնանք մեր տները: Մենք կինարմատ ենք, որ տեղով կրակ էլ կտրենք, ի՞նչ կարող ենք անել: Խղճա՛…

Ճեմալը վերից-վար չափեց մօր տարիքի կնոջը, խոհերի մէջ ընկաւ: Յետոյ ոսկեհիւս մտրակով քորեց ականջի յետեւն ու ժպտաց անհասկանալի, անբացատրելի ժպիտով:

– Քաւթա՛ռ ջադու, -յանկարծակի մտրակը ծեր մամիկի դէմքին շաչեցրեց նա, -կարծում ես միտքդ չե՞մ հասկանում, չգիտե՞մ, որ ձեր ամուսինները կռւում են Անդրանիկի բանակում: Ուզում էք ողջ մնաք, տուն գնաք, որ էլի հայ լակոտնե՞ր ցնկնէք: Օձի էգն ու արուն չի լինում, հայ կանայք մեզ համար նոյնքան վտանգաւոր են:

Նա մտրակը բարձրացրեց, որ մի անգամ էլ խփի, բայց նկատեց ձիու սմբակների տակ լճացող արիւնն ու Տէր Զօրի ճամբան ցոյց տուեց.

– Տարէ՛ք, բոլորին տարէ՛ք…

Զինուոր-ոստիկաններն իրենց Տէր Զօր հասնելու նեղութիւնն էլ չտուին, հէնց Ճեմալ փաշան հեռացաւ, վրայ հասան, անզօր, անպաշտպան կանանց մորթոտեցին, խաչեցին, ցիցը հանեցին: Ոչ ոք չփրկուեց…

* * *

Ի վերջոյ, իր իսկ խիղճը հանգստացնելու, երեւանեան վերջին օրերը լիասիրտ վայելելու, հայ ուղեկցողների ու թարգմանների դէմքին ուղիղ նայելու համար Հասան Ճեմալը որոշեց նրանց գոնէ խոստովանել, թէ ո՞ւմ թոռն է ինքը: Ու այդպէս էլ գլխի չընկաւ` հիւրընկալները նախօրօք գիտէի՞ն, թէ՞ չէ: Յամենայն դէպս վերաբերմունքի ոչ մի փոփոխութիւն չդրսեւորեցին, ընդհակառակը, կարելի է ասել, աւելի ուշադիր, նրբանկատ դարձան: Մի օր էլ հարցրին.

– Կ՛ուզէի՞ք Արտաշէս Գէորգեանի թոռանը հանդիպել: Այստեղ` Երեւանում է: Ճեմալ Հասանը իսկոյն համաձայնուեց: Ներքուստ նոյնիսկ ուրախացաւ: Վերջապէս կը կարողանար հիւրընկալներին շիտակ նայել: Մտքում գոնէ ասել. «Ճիշդ է, իմ պապն այդ ամէնը արել է, բայց դուք էլ ձեր անելիքն էք արել»:

* * *

Առաջին աշխարհամարտն աւարտուեց, ու խոտորջուրցի տղամարդիկ, որոնք, իրօք, կռւում էին Անդրանիկի բանակում, Թիֆլիս վերադարձան: Խոտորջուրը չկար, ո՞ւր գնային: Մի օր էլ իմացան, որ Քապուլից Մոսկուայի վրայով տուն վերադառնալիս Ճեմալ փաշան որոշել է մի քանի օր Թիֆլիսում մնալ: Նա շատ էր լսել վրաց գեղեցկուհիների, Կախեթի գինու, գուսանների յուզաթաթաւ երգի մասին: Աշխարհն ո՜ւմ էր մնացել, որ իրեն մնար. փաշայի սիրտը քէֆ, ուրախութիւն էր ուզում:

Այդ մասին առաջինը Օգոս Սչանեանն իմացաւ ու առաւօտ շուտ Պօղոս Պօղոսեանի փուռը խուժելով, սովորական բարեւ-բարիլոյսի փոխարէն, վրայ տուեց.

– Հայրենակիցնե՛ր, աւետի՜ս,- Օգոսի ձայնը միանգամից ցածրացաւ, խորհրդաւոր դարձաւ, – որսը երկու ոտքով թակարդն է ընկել: Ճեմալ փաշան Թիֆլիսում է:

– Ո՞նց թէ,- խոտորջուրցիները ցնցուեցին, նայեցին իրար, չհաւատացին:

– Հաստատ եմ ասում ու եթէ բան է, ձեռքներիցս պրծացնենք, պիտի լաչակ կապենք, Քուռն ընկնենք:

– Ուրեմն խոհեմ վարուենք,- Գէորգը, որ տարիքով ամէնից մեծն էր, մթնեց,- բոլորս էլ վրէժ ունենք, գիշերը ժողովի նստենք, ինչ որ անելու ենք, միասին անենք:

– Ինչի՞ ժողովի նստենք, սնդաւենք վերջանայ,- Խոտորջուրի բարբառով կարճ կտրեց Արտաշէս Գէորգեանն ու կապտելու աստիճան սեղմեց բռունցքները:

– Սնդաւե՛նք, -արձագանգեցին բոլորն ու կապտելու աստիճան սեղմեցին բռունցքները:

Չէ՛, Ճեմալ փաշան այդքան միամիտ չէր: Նա ոչ մի ակնթարթ չէր մոռանում, որ հայերը Թալէաթ փաշային պատուհասել են Պերլինում, Սայիտ Հալիմ փաշային` Հռոմում, Պեհաէտտին Շաքիրին ու Ճեմալ Ազմիին… Փաշան համարեա չէր իջնում կառքից, թիկնապահից, մեղա՜յ, մեղա՜յ, արտաքնոցում անգամ չէր բաժանւում: Այն, որ հրաժեշտի երեկոն որոշել է Թիֆլիսի ճոպանուղու բարձրադիր ճաշարանում անցկացնել, նախօրօք յանձնակատարին էլ չէր տեղեկացրել…

Օրը, յուլիսի 21-ը` ուրբաթ, թուրքերի կիրակին էր: Արտաշէս Գէորգեանն ու Պետրոս Տէր Պօղոսեանը վերջին անգամ Համբարձումի բերած «Նագան», «Քոլթ», «Փարապելում» ատրճանակները փորձարկեցին, «Մաուզերներն» ընտրեցին: Երկու խոտորջուրցի նոյն ճաշարանում սեղան զբաղեցրին, ձեւացրին, թէ ուտում-խմում են, բայց հայեացքները ոչ մի ակնթարթ Ճեմալից չհեռացրին: Միւսները դիրք էին մտել ճոպանուղուց թուրքական հիւպատոսարան ձգուող ոլորանի բոլոր շրջադարձերում:

Ճեմալի տրամադրութիւնը բարձր էր: Ողջերթի խնճոյքը վաղուց աւարտուել էր, բայց նա որոշում է ճոպանուղու բարձունքից վերջին անգամ դիտել գիշերային Թիֆլիսը, նորից քոնեաք է պատուիրում: Ու հասկանալի է` շաղակրատում է Քապուլում վարած բանակցութիւնների, մահմետական երկրների առաջիկայ միաւորման, թուրանական խալիֆայութեան ստեղծման մասին, որտեղ իրեն սուլթանի, առնուազն վեզիրի պատմուճանով է պատկերացնում: Ի վերջոյ յանձնակատարին կարգադրում է հաշիւը փակել ու հաճոյքի համար ճոպանուղի է նստում…

Ճոպանուղուց երեքով են դուրս գալիս: Առջեւից, անընդհատ շուրջը նայելով, քայլում է թիկնապահը, ետեւից, քարտուղարի հետ թեւանցուկ զրուցելով` Ճեմալը: Անցնում են Պուշկինեան պուրակը: Ալեքսանդր Նեւսկու տաճարը: Երմոլովեան վերելքը: Հէնց մտնում են Պետրոս Մեծ` ոչ բանուկ փողոցը, Արտաշէսն ու Պետրոսը հանդիպակաց մայթից արագ-արագ առաջանում, անցումը կտրում, ընդառաջ են ելնում: Ճեմալը հարբածութիւնն իսկոյն թօթափում, ձեռքը գրպանն է տանում:

– Մի՛ շտապիր, փաշա,- հանգիստ ասում են խոտորջուրցի վրիժառուները, -յիշիր մեր կանանց, անապատը, Ռաքքան, Տէր Զօրը: Չե՞ս ուզում յիշել: Հիմա կը յիշես…

Հէնց Չեկայի շէնքի առջեւ էլ որոտում են ատրճանակները: Ճեմալն ընկնում է ու նրա դէմքին ուրուագծւում է այն ժպիտը, որ ուրուագծուել էր Ուրֆայում, երբ Մարուզ մամիկը ծնկաչոք խնդրել էր խնայել իրենց կեանքը: Այդ ժպիտն էլ մնում է փաշայի դէմքին, սառչում:

* * *

Հանդիպումը Երեւանի ճիշդ կենտրոնում` «Արմենիա» հիւրանոցի բացօթեայ սրճարանում պիտի տեղի ունենար: Հասան Ճեմալը հէնց սկզբից էլ իրեն վիրաւորուած էր զգում: Արտաշէս Գէորգեանի թոռը` Արմէն Գէորգեանը, որն իրենից անհամեմատ երիտասարդ ու ի վերջոյ տանտէր էր, շատ սովորական` առօրեայ աշխատանքային հագուստներով եկաւ: Երեւի ուզում էր ասել, որ այդ հանդիպմանն առանձնապէս կարեւորութիւն չի տալիս: Ծանօթացան, նստեցին դէմ-դիմաց, փոխադարձաբար հետաքրքրուեցին ընտանիքի անդամներով, կենցաղային մանրամասներով: Խօսակցութիւնը չէր ստացւում: Ձեւականութիւններից որքան հնարաւոր է արագ ձերբազատուելու, շահագրգռող թեմային անցնելու համար Հասան Ճեմալն ասաց, որ առաւօտ վաղ Ծիծեռնակաբերդ է բարձրացել, Եղեռնի զոհերի յուշակոթողին երեք մեխակ դրել:

– Բայց ինչո՞ւ հէնց երեք,- տարակուսեց Արմէնը:

Ճեմալը ճշմարտութիւնը ոչ թէ Արտաշէսի թոռանը, Թուրքիայի Հանրապետութեան նախագահին էլ չէր խոստովանի:

– Դա էլ թող իմ գաղտնիքը մնայ:

Պատասխանը երկիմաստ էր, հիւրընկալներից մէկի համբերութիւնը սպառուեց: Ասաց այն, ինչ վաղուց էր ուզում, բայց չէր համարձակւում ասել:

– Պարոն Ճեմալ, ինչո՞ւ, չնայած ձեր երկրի օրէնսդրութեամբ արգելուած է, դուք կարծես միտումնաւոր, յաճախ էք գործածում «ցեղասպանութիւն» բառը: Ի՞նչ իմաստ էք դնում այդ բառում:

«Միլլիյէթ» թերթի սիւնակագիրը բազմափորձ լրագրող էր, ունէր հարցի պատրաստի պատասխանը.

– Ես ուզում եմ, որ բառերը ոչ թէ մեր ժողովուրդների թշնամութիւնը խորացնեն, այլ երկուստէք անկեղծանալու, ինչո՞ւ ոչ` մտերմանալու հնարաւորութիւն ստեղծեն, -ասաց ու իր մտայնութիւնը հաստատելու համար շրջուեց Արմէնին, -ես անձնապէս ձեզ Թուրքիա` հիւր եմ հրաւիրում: Ամբողջ ընտանիքով:

Արտաշէսի թոռը շնորհակալութիւն յայտնեց, հրաւէրը սիրով ընդունեց:

Հասան Ճեմալը ժպտաց.

– Խոստանում եմ հիւրընկալ տանտէր լինել, ձեր, ձեր ընտանիքի համար ամէն հնարաւորն անել:

Վերջապէս խօսակցութիւնը կարծես թէ շահագրգռեց Արմէնին: Ծոցագրպանից հանեց, ցոյց տուեց Խոտորջուրի իրենց երեք յարկանի տան լուսանկարը:

– Պարոն, – ասաց, – եթէ իսկապէս ուզում էք ինձ օգնել, այնպէս արէք, որ այս տունը ետ գնեմ: Տեսէ՛ք, չեմ ասում` ազատագրեմ, Լա Հէյի միջազգային ատեանով պահանջեմ, ես ամբողջ կեանքում գումար եմ կուտակել, որ մեր տունը նորից մերը դարձնեմ:

Հասան Ճեմալը հպանցիկ հայեացք նետեց հայկական աւանդական տան լուսանկարին, ասաց.

– Ձեր ինչի՞ն է պէտք այս դարն ապրած տունը: Որքան հասկանում եմ, Խոտորջուրը Թուրքիայի խուլ ծայրագաւառում, դժուարհասանելի լեռներում է:

Արմէն Գէորգեանը տեղում ձգուեց: Յիշեց, որ իր առջեւ բաժակով սուրճ կայ, կում արեց: Նրա ձայնը խստացաւ, գրեթէ կոշտացաւ.

– Պարոն Հասան Ճեմալ, -ասաց, -Խոտորջուրն իմ բնօրրանն է: Այժմ իմ դուստրը ուսանում է Պանքոքում, Թայլանտի միջազգային քոլեճում, բայց երբ չինացի, ճափոնցի դասընկերուհիները հարցնում են, թէ որտեղացի՞ է, պատասխանում է, որ խոտորջուրցի է: Նա երբեք Խոտորջուրում չի եղել, բայց գիտի, որ այնտեղ է Հայկը յաղթել Բէլին, այնտեղ է Մամիկոնեան իշխանների տոհմական ամարանոցը եղել: Սա մեր պատմութիւնն է, որն անհնար է ջնջել: Մոռանալ: Մեր տան լուսանկարը աղջիկս տարել է հետը, մեծացրել ու փակցրել է իր սենեակի պատին: Նա դեռ չի ամուսնացել, բայց կարող եմ այժմուանից ձեզ վստահեցնել, որ նրա զաւակն էլ է խոտորջուրցի լինելու: Ու այս լուսանկարը փակցնելու է իր սենեակի պատին:

Հասան Ճեմալը չպատասխանեց: Մինչեւ Հայաստան գալը ինքնիրեն հանգստացնում էր, որ իննսունչորս տարին յամենայն դէպս փոքր ժամանակամիջոց չէ: Այստեղ` Հայաստանում, հասկացաւ, որ մէկ ու կէս միլիոնն էլ փոքր թիւ չէ:

Նրանք իրար հրաժեշտ էին տուել, հեռանում էին տարբեր ուղղութիւններով, Ճեմալ փաշայի թոռը անսպասելի յետ շրջուեց, հարցրեց Արտաշէս Գէորգեանի թոռանը.

– Ի միջի այլոց, պապդ որտե՞ղ է թաղուած:

Արմէն Գէորգեանը կիսով չափ միայն շրջուեց.

– Պապս գերեզման չունի:

– Ո՜նց թէ չունի:

– Չունի էլի՛, երեսունեօթ թուին կոմունիստները նրան գնդակահարել են:

– Ինչո՞ւ:

– Քո պապին` Ճեմալ փաշային գնդակահարելու համար:

 

 

Share This Article
CATEGORIES