Համշենցի Եմ, Բայց Ինձ Անգլիացու Պէս Եմ Զգում. Ատնան Կենճ

Adnan_020216ԱՏՆԱՆ ԿԵՆՃ

Իմ մշտական ընթերցողներն (մի տեսակ ամպագոռգոռ է հնչում) ինձ գիտեն… Համշենի մշակոյթի վերաբերեալ գրելն իմ պարտականութիւնն եմ համարում: Սիրում էլ եմ… Բացի այդ, իմ (մեր) կատարած աշխատանքն արդէն անիմաստ հակազդեցութեան տեղիք էլ է տալիս… Բնականաբար աշխատանք էլ չէ… Համշենական մի քանի գիւղ, համշենցի կարելի է գտնել արեւելեան Սեւ ծովի արեւելքում, Սաքարիայի եւ Էրզրումի շրջակայքում… Պէտք է նշեմ, որ գրանցուի մէկընդմիշտ… Մենք կանք նաեւ Հայաստանում, Խըրխըզիստանում, Ռուսաստանում եւ Աբխազիայում, որպէս մի ժողովուրդ, ով իր արմատները հիւսել է օտարութեան մէջ: Աշխարհի ցանկացած երկրում կանք, սակայն մեր խնդիրը դա չէ: Հակառակ դէպքում գրէինք, թէ ինչպէս է Ճափոնում մեր մի ընկերը քեպապ պատրաստող մեր համերկրացուն տեսել:

Վերադառնանք խնդիրներին… 22 համշենական միութիւն հաւաքուելով` զրպարտում են մեր կազմակերպած միջոցառումները, կատարած ուսումնասիրութիւնները եւ այլ աշխատանքները: Բնականաբար տգէտ են, չափները կորցրել են, զրպարտում են… Մենք սրանից խնդիր չէինք սարքի, եթէ կասկածի տակ չդնէինք նրանց` «Մենք թուրք ենք եւ եկել ենք Միջին Ասիայից» արտայայտութիւնը, որը պատահական տեղից մեզ թարգմանել են, այն էլ համշեներէն (այսինքն` հին հայերէն): Եղբա՛ր, լաւ ես ասում, բայց ինչո՞ւ ես հայերէն ասում…

Նման մի օրինակ էլ բերեմ: Հարցներս ուղղեցինք նրանց, որոնց շնորհիւ լազական մշակոյթը մշակուել է, եւ պետական դպրոցներում, թէկուզ ընտրովի (դեռեւս), լազերէնով կրթութիւն է մտցուել: Մօտ 20 տարի շարունակ այս ուղղութեամբ աշխատանքներ են կատարուել: Նախ լեզուին տէր կանգնելու համար հրատարակել են բառարաններ, ուղղագրական բառարաններ, տարբեր գրութիւններից (վէպ, հեքիաթ, թիւրքիւ) բաղկացած լազերէն գրքեր: Ամսագրեր են հրատարակել… Լեզուաբանական եւ մշակութային ուսումնասիրութիւնների համար ստեղծել են լազական հիմնարկ: Որոշ ժամանակ Պողազիչի համալսարանում, այս տարի էլ Պիլկի համալսարանում լազերէնի դասընթաց սկսեցին: Երաժշտական խմբերի` ամենասկզբից սիրելի Քազըմ Քոյունճուի եւ այժմ այլեւս կազմալուծուած Զուղաշի Պերեփէ խմբի եւ տասնեակ նմանատիպ խմբերի աշխատանքները հասել են մեր օրեր…

Մենք` համշենցիներս, հաւանաբար լոկ թխուածք չենք թխել… Մեր լրագրող եղբայր Ուղուր Պիրեոլն անգամ գիրք է գրել, որի հիման վրայ փաստագրական շարժանկար է նկարուել: Համշեներէն շարժանկար ենք նկարել, երաժշտական խմբեր եւ երաժիշտներ ունենք այլեւս… Դանդաղ, սակայն յստակ քայլերով առաջ ենք գնում… Սակայն… Բայց… Իրենց թուրք համարող համշենցի ժողովրդի մի հատուածին ասելիք ունենք… Թուրքերէն ենք ասելու, որովհետեւ անձամբ համշեներէն չգիտեմ, եւ հաւատացէք` համշեներէն գրութիւն գրողների թիւն անգամ երկու ձեռքի մատների թիւը չի անցնի…

Նաեւ Համշենի մշակոյթն ուսումնասիրող միութիւն ունենք: ՀԱՏԻԿ-ը… Այն մի կազմակերպութիւն է, որը հեռու է քաղաքական հայեացքներից, եւ ներկայացնում է վճռական եւ կարգ ու կանոնի հետեւող մարդկանց մի խումբ: ՀԱՏԻԿ-ը յայտարարութեամբ հանդէս եկաւ, որն ուղղուած էր տգէտ, մարմանդ գետի պէս վտանգաւոր փառամոլների դէմ… Դեռեւս այս կազմակերպութեան անդամ չեմ, նոյնիսկ իրենց ֆեյսպուքեան (դիմատետրի) էջին էլ չեմ հետեւում: Այդ իսկ պատճառով նոր տեղեկացայ եւ ներկայացնում եմ ձեր դատին:

Համշենական մշակոյթի ուսումնասիրման եւ պահպանման միութիւնը (ՀԱՏԻԿ), որը ստեղծուել է 2011 թ.` Համշենի լեզուի, մշակոյթի եւ պատմութեան ոլորտում ընկերային-մշակութային գործունէութիւն ծաւալելու, բնութիւնը պահպանելու եւ անդամների միջեւ փոխօգնութիւն հաստատելու նպատակով 2015 թ. յուլիսի 9-ին` հինգշաբթի օրը, յենուելով ՀԱՏԻԿ-ի ղեկավար խորհրդի 2015 թ. յունիսի 18-ի թիւ 09/2015 որոշման վրայ` հանդէս եկաւ յայտարարութեամբ` ուղղուած իր անդամներին եւ հասարակայնութեան հետաքրքրուած հատուածին: ՀԱՏԻԿ-ը ժողովրդավարական կազմակերպութիւն է, որը ստեղծուել է` համաձայն Թուրքիայի Հանրապետութեան օրէնքների: Կազմակերպութիւնն իր գործունէութիւնը ծաւալում է` կանոնադրութեան մէջ նշուած կէտերի համաձայն: ՀԱՏԻԿ-ի սկզբունքները, պաշտօնական գաղափարախօսութիւնից անկախ դիրքորոշումը, Համշենի լեզուի, մշակոյթի եւ պատմութեան վերաբերեալ յայտնի տեսակէտներից տարբերուող տեսակէտներ, գաղափարներ արտայայտելու ուղղութեամբ դիրքորոշումը ստեղծման պահից ի վեր որոշ շրջանակների անհանգստութիւն է պատճառում, որն էլ զազրախօսութեան, մեղադրանքի, խեղաթիւրման եւ սպառնալիքների պէս սեւ քարոզչութեամբ է արտայայտւում: Որպէս կազմակերպութիւն` օրէնքի շրջանակներում մեր ծաւալած որոշ արուեստի, մշակութային եւ ընկերային գործունէութիւնը, ինչպէս նաեւ մշակոյթի եւ արուեստի բնագաւառում մեր անդամների յօդուածները, գրքերը, ամսագրերը, համերգները, գիտաժողովներն ու շրջայցերը մեր շրջանում համարւում են այսպէս կոչուած հայկական քարոզչութեան դրսեւորում, իսկ մեր միութիւնն ու մշակոյթի եւ արուեստի բնագաւառի մեր անդամների համագործակցութիւնը` միսիոնարութիւն եւ այլն: Մեղադրելով, թէ այս գործունէութիւնից նիւթական շահ ենք հետապնդում` մեզ թիրախ են մատնանշում եւ սպառնում: Մեր միութեան աշխատանքները օրինական, մշակութային, ընկերային եւ արուեստի բնոյթ են կրում: ՀԱՏԻԿ-ը ցայսօր ո՛չ երկրի ներսից, ո՛չ էլ արտերկրի որեւէ կազմակերպութիւնից կամ անհատից որեւէ նուիրատուութիւն չի ստացել. կազմակերպութեան ծախսերը հոգացել են անդամների կամաւոր վճարումներով: Այն, որ մեր կազմակերպութեան կենտրոնում համշեներէնի դասընթաց է կազմակերպւում, ուսանողներին կրթաթոշակ է տրւում, զբօսախնճոյք, համերգ կամ էլ եայլաներում միջոցառումներ են կազմակերպւում, գիրք կամ ամսագիր է լոյս տեսնում, որեւէ գիտաժողովի կամ շրջայցի ժամանակ ինչպէս տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այնպէս էլ Հայաստանից արուեստի եւ մշակոյթի ներկայացուցիչներ են մասնակցում, մեր այս քաղաքակիրթ յարաբերութիւններն ու գործունէութիւնը որակւում են որպէս միսիոնարականութիւն, համագործակցութիւն` վատ իմաստով, անգամ` դաւաճանութիւն, սակայն դա գաղափարապէս թերի, ազգայնական, խեղճ ուղեղների արդիւնքն է: Մենք ժխտում ենք այս անհիմն, կեղտոտ պնդումը, մեղադրանքն ու զազրախօսութիւնը, որն ամբողջովին այս մտայնութեան պտուղն է: Բնական է, որ հասարակութեան մէջ տարբեր տեսակէտներ ու գաղափարներ կան, սա խօսքի եւ գաղափարների ազատութեան արդիւնք է: Տարբեր գաղափարները, դիրքորոշումն ու աշխատանքները միտքը պղտորող հալածախտով, յիմարաբանութեամբ եւ երեւակայութեամբ զարդարելով եւ կարծես թէ գաղտնի ծրագրի մի մաս բացայայտելով` քաղաքականացնում, հասարակութեանը լարում, միամտացնում են, ինչն էլ նախ եւ առաջ վնասում է Համշենի հասարակութեանը: ՀԱՏԻԿ-ի նպատակն ու սկզբունքները պարզորոշ նշուած են կանոնադրութեան մէջ:

*ՀԱՏԻԿ-ը միութիւն է, որը ստեղծուել է, որպէսզի դէմ կանգնի պաշտօնական գաղափարախօսութեանը, որի հիմքում ընկած են ձուլումը եւ ժողովրդների ժխտողականութիւնը:

* ՀԱՏԻԿ-ը նաեւ այնպիսի մի միութիւն չէ, որտեղ հաւաքուել են նրանք, ովքեր պնդում են, թէ համշենցիները հայ են:

* ՀԱՏԻԿ-ը դէմ է ցեղապաշտութեան ցանկացած դրսեւորմանը եւ մշտապէս գործել է մարդկային սկզբունքով:

* ՀԱՏԻԿ-ը, պարզ ասած երբեք որեւէ յայտարարութիւն չի կատարել համշենցիների ազգային ծագման վերաբերեալ եւ չի էլ կատարում:

* ՀԱՏԻԿ-ը գործունէութիւն է ծաւալում ոչ թէ համշենցիների ծագման կամ ազգային արմատների, այլ համշենցիների` անցեալից ձգուող մշակոյթն ապագային փոխանցելու եւ ներկայիս համար անհրաժեշտ քայլեր կատարելու ուղղութեամբ:

* ՀԱՏԻԿ-ը ջանում է լինել բոլոր համշենցիների կազմակերպութիւնը, որը գաղափարապէս հարուստ է, ժողովուրդների եւ կրօնների դէմ ատելութեան, վրէժխնդրութեան եւ ստորացման քաղաքականութիւն չի վարում եւ քաղաքակրթօրէն միաւորում է տարբեր գաղափարներ ունեցող մարդկանց: ՀԱՏԻԿ-ի դռները բաց են այսպիսի արժէքներ ունեցող բոլոր համերկրացիների առաջ:

ՀԱՏԻԿ-ն առանց ուշադրութիւն դարձնելու այս որոշակի շրջանակի սպառնալիքներին, ատելութեանը, վրէժխնդրութեանն ու պախարակելուն, ինչպէս որ մինչեւ այսօր, այնպէս էլ այսուհետ շարունակելու է Համշենի մշակոյթի, լեզուի եւ պատմութեան ոլորտում մշակութային, ընկերային, արուեստաբանական եւ ակադեմական աշխատանքները, որպէս մեր երկրի ժողովրդավարական հասարակութեան մի մասնիկ` իր իմացած ճշմարիտ ուղով լինելու է բոլոր ժողովուրդների ծառան, պայքարելու է այնպիսի Թուրքիայի համար, որտեղ գերակայում է օրէնքը, որը ժողովրդավարական, աշխարհիկ, անկախ եւ ազատ է լինելու:

Ելնելով այս գաղափարներից եւ մտայնութիւնից` մեր կազմակերպութիւնը քննադատում է մեր որոշ անդամներին եւ արուեստի բնագաւառի մարդկանց թիրախ ընտրած անբարոյական, վատ եւ սեւ քարոզչութեամբ զբաղուող մարդկանց` կոչ անելով վերջ տալ այս կեղծիքին եւ մեղադրանքնին: Այս կեղտոտ գործունէութիւնը շարունակելու դէպքում մեր անդամներին եւ հասարակութեանը սիրով տեղեկացնում ենք, որ միութիւնը եւ մեր անդամները, որոնց հասցէին մեղադրանքներ, հայհոյանք, զազրախօսութիւն եւ սպառնալիքներ են հնչել, պահում են իրաւական ճանապարհներին դիմելու իրենց իրաւունքները:

Խօսքս շարունակեմ նման մի անեկդոտով. 2000 թ. «Ֆոթոկրաֆեւի»-ի գործընկերն ու աշխատակիցն էի: Մեր հայ ընկերներից մէկն ասաց, որ ցանկանում է գնալ Մաչահալ (Արդուինում մի հոյակապ եայլա է) եւ լուսանկարներ անել այնտեղ: Նրան մարդկանց հասցէ եւ հեռախօսահամար տուեցի, որոնց հետ կարող էր կապուել` գործը հեշտացնելու համար… Վերադարձաւ եւ սկսեց ոգեւորուած պատմել. «Եղբա՛յր, Խոպայում հաց եմ ուտում: Կողքի սեղանին երկու հոգի խօսում են իրար մէջ, լաւից-վատից հասկանում եմ: Բարի ախորժակ մաղթելով` հարցրեցի, թէ ինչ լեզուով են խօսում… Պատասխանեցին, թէ «Ոչ բոլորը կը հասկանան, միայն մեր գիւղում են հասկանում», այնուհետեւ աւելացրեցին` «համշեներէն ենք անուանում մեր գիւղում»: Այս անգամ հայերէն հարցրեցի` «Լա՛ւ, իսկ ես ձեր խօսացածն ինչպէ՞ս եմ հասկանում»: «հաւանաբար համշենցի ես, սակայն մենք քեզ չենք ճանաչում»: Այս անգամ ամբողջովին անցայ հայերէնի եւ երբ ասացի` «Շատ բարի, ձեր բոլոր ասածները հասկանում եմ: Ա՛յ մարդ, ես հայ եմ, դուք էլ հայերէն էք խօսում», ջղայնացան եւ ասացին` «մենք թուրք ենք, համշենցի ենք»: Անգամ սա հայերէն ասացին»… Այո՛, ով ինչ զգում է, այն էլ իրականութիւնն է: Եթէ ինձ հարցնէք, ապա այո՛, ե՛ւ համշենցի եմ, եւ՛ ինքս ինձ անգլիացի եմ զգում… Հը՞, այսպէս լաւ՞ է:

«Օրթաք Հապեր»

Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

«Ակունք»

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)