Եզիտիները Մերձաւոր Արեւելքի Ճգնաժամից Յետոյ. Արեւի Սպասմամբ

ԱԿԻԹ ՄԻՐԶՈՅԵՒ
«Analytical Center for Interethnic Cooperation and
Consultations» (ACICC) կազմակերպութեան գործադիր տնօրէն
Թիֆլիս

yezidi-1_011216

Տարբեր աղբիւրների համաձայն, տուեալ պահին աշխարհում կայ շուրջ մէկ միլիոն եզիտի: Ամենախոշոր սփիւռքն Իրաքում էր,  աւելի քան` 500 հազար հոգի: Ողջ պատմութեան ընթացքում այս ժողովուրդը կրօնական պատկանելութեան պատճառով հալածանքների է ենթարկւում: Օրինակ` Օսմանեան կայսրութիւնը տարբեր տուեալներով 72 անգամ իրականացրել է եզիտիների ջարդեր եւ ցեղասպանութիւն` ստիպելով նրանց մահմետականութիւն ընդունել: Կարելի է օրինակներ բերել նաեւ նորագոյն պատմութիւնից. 2007թ. օգոստոսի 14-ին Եզիտիստան կոչուող տարածքի Շանկալ եւ Սինճար գիւղերն ամբողջովին աւերուել են կրօնամոլ ծայրայեղականների կողմից:

Ի հեճուկս այս ամէնի` ողջ աշխարհով մէկ սփռուած այս ժողովրդին յաջողուել է պահպանել իր ինքնութիւնն ու մշակոյթը, իսկ եզիտիների գլխաւոր կրօնական խորհրդանիշն` արեւը, թէեւ պարբերաբար ամպերով էր ծածկւում, այնուամենայնիւ, մայր չի մտել…

Եւրոպական Ճգնաժամը

Իսլամական պետութիւնը Մերձաւոր Արեւելքում շարունակում է եղեռնագործութիւններ կատարել, մինչդեռ եւրոպական առաջնորդներն անգործութեան են մատնուած, իսկ Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանը Պաշշար Ասատի ճակատագիր են վճռում: Միաժամանակ, Եւրոպական Միութիւնն բախուել է Բ. Աշխարհամարտից յետոյ տեղահանուած անձանց հոսքերի հետ կապուած վատթարագոյն ճգնաժամի: Այսպէս, վերլուծաբանների կարծիքով, 2015թ. ընթացքում Եւրոմիութեան տարածք է մտել շուրջ 340 հազար ներգաղթեալ (իսկ ընդհանուր առմամբ, ոչ պաշտօնական տուեալներով,  փախստականների թիւն արդէն 15 միլիոնի է հասնում):

Ընդ որում, եւրոպական առաջնորդները միանգամայն անտարբեր էին դեռեւս անցած տարուայ ամռանը, երբ ԻՊ խմբաւորումները սկսել էին գրոհել Իրաքի հիւսիսարեւմտեան եւ Սիրիայի հիւսիսային շրջանների վրայ:

yezidi-2_011216

Ահաբեկիչների գործած գազանութիւնների` դաժանագոյն սպանութիւնների, բռնաբարութիւնների, կտտանքների եւ երեխաների առեւանգումների մասին շատ է խօսուել: Աղջիկներին ստրկութեան են վաճառում, իսկ տղաներից ապագայ ահաբեկիչներ պատրաստում… Ահաբեկիչների կողմից սպաննուել են հազարաւոր «անհաւատներ»` շիաներ, քրիստոնեաներ եւ եզիտիներ: Հարիւր հազարաւոր մարդիկ զրկուել են տներից եւ երկրից փախուստի դիմել:

Փախստականների հոսքերը շարունակում են աճել` արագօրէն գերազանցելով ԵՄ հաստատած չափաբաժինները… Ու թէեւ միլիոնաւոր մարդկանց տեղաւորելու խնդիրը Եւրոպայի համար արդէն իսկ առաջնային է դարձել, այլեւայլ տեղերում նոր-նոր սկսել են ձայներ հնչել, թէ, ի վերջոյ, արժէ զբաղուել այս խնդիրները յարուցող մեղաւորներով եւս:

Մէկ ամիս առաջ եզիտիները եւ իրաքեան սփիւռքի միւս ներկայացուցիչները Գերմանիայում եւ Ֆրանսայում` Հանովըրում եւ Փարիզում դուրս են եկել զանգուածային ցոյցերի: Ցուցարարները Եւրոմիութիւնից պահանջել են ծայրայեղականների դէմ վճռական գործողութիւններ ձեռնարկել` ահաբեկիչներին տարակարծիք մարդկանց ցեղասպանութիւնը կանխելու նպատակով:

«Մենք այստեղ ենք քաղաքական գործիչներին յստակ ուղերձ փոխանցելու համար. ժամանակն է գործել` հիւսիսային Իրաքում ոչ միայն եզիտիների, այլեւ քրիստոնեաների, արամէացիների, ասորիների եւ այլ դաւանանքների ու ահաբեկիչների մարդատեաց գաղափարները մերժող մարդկանց ցեղասպանութիւնը կանխելու համար: Քաղաքական գործիչները պարտաւոր են գործել», յայտարարել են ցուցարարները:

Ի դէպ, իրաքեան եզիտիներն օգնութեան կարիք ունէին շատ աւելի առաջ, քան այն պահը, երբ հարիւր հազարաւոր մարդիկ հեղեղեցին եւրոպական սահմանները:

Եզիտիները Վրաստանում

Մերձաւոր Արեւելքում ծաւալուած ողբերգութեանը մտահոգութեամբ հետեւում են նաեւ Վրաստանում, որտեղ ապրում են աւելի քան 40 հազար եզիտիներ: 2014թ. յուլիսից Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի են ունենում Իրաքում եզիտիների ցեղասպանութեան դէմ խոշոր միջոցառումներ: Ընդ որում, դրանց մասնակցում են ոչ միայն տեղի եզիտի համայնքի, այլեւ այլ ազգային եւ կրօնական խմբերի ներկայացուցիչները: Միջոցառումների ժամանակ պարբերաբար հնչում են Մերձաւոր Արեւելքում ցեղասպանութիւնը դադարեցնելու կոչեր` ուղղուած միջազգային հանրութեանը:

Դեռեւս օգոստոսին տեղի ՄԱԿ-ի ներկայացուցչութեանը յանձնուել է կազմակերպութեան ընդհանուր քարտուղարին հասցէագրուած նամակ` Իրաքում ողբերգական իրադարձութիւններին արձագանգելու պահանջով:

Հարկ է նշել, որ դա այն բացառիկ դէպքերից էր, երբ եւրոպական երկրների բոլոր առաջնորդները բարձրաձայն ու միանշանակ խօսեցին եզիտիների ցեղասպանութեան մասին:

yezidi-4_011216

Ինչ վերաբերում է Վրաստանի եզիտիական համայնքին, ապա այն չբաւարարուեց խօսքերով` Վրաստանը եզիտի առաջին փախստականներին ընդունեց արդէն օգոստոսի 10-ին:

Կառավարութիւնը նոյնպէս անուշադրութեան չմատնեց փախստականներին. տուեց ապաստան փնտռող մարդկանց կարգավիճակ եւ համապատասխան ֆինանսական օգնութիւն: Ինչպէս իրենք` շահառուներն են նշում` խօսքը ոչ մեծ գումարի մասին է, որը հազիւ է հերիքում սնուելու համար, բայց նրանց համար գնահատելի է վերաբերմունքն ինքնին:

Ինչ վերաբերում է հիմնական ծախսերին (բնակութիւն, սնունդ, հագուստ), ապա դրանք իր վրայ է վերցրել Վրաստանի եզիտիական համայնքը` Ռուսաստանի իրենց բարերարների ֆինանսական օժանդակութեամբ:

Վրաստանում ծնուած եւ ներկայումս Ռուսաստանում ապրող գործարարներ Զեպլիխան Մուցոյեւն ու Ամիրխան Մորին 120 հազար ամ. տոլար են յատկացրել Վրաստանում Եզիտիների տանը: Եւս 10 հազար ամ. տոլարով օգնել է «Բաց հասարակութիւն – Վրաստան» հիմնադրամը:

Ներկայումս Վրաստանում ապրում է Իրաքից տեղահանուած 47 փախստական: Չնայած պետութեան եւ մասնաւոր անձանց օգնութեանը` նրանք որոշակի դժուարութիւնների են հանդիպում: Մասնաւորապէս նկատի ունենք լեզուական խնդիրը, ինչպէս նաեւ դրան առնչուող այլ խնդիրներ` մանկապարտէզի ու դպրոցի խնդիրը… Միւս կողմից էլ` այս մարդիկ մտադիր չեն երկար մնալ այստեղ: Նրանք իրենց ապագան կապում են Եւրոպայի հետ: Նրանք այնտեղ են ձգտում:

Եւրոպական Տարաձայնութիւններ

yezidi-3_011216

Եւրոպական առաջնորդներն արդէն սկսում են որոշակիօրէն մտահոգուել… Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որում քննարկուել են փախստականների ներհոսքի հետ կապուած խնդիրները, թէեւ յստակ լուծումներ չեն առաջարկուել: 125 հազար փախստականի ապագան դեռ հարցականի տակ է: Որոշում է ընդունուել միայն ներգաղթեալների մի մասի տեղաւորման շուրջ: Սլովաքիան, Չեխիան, Հունգարիան եւ Լեհաստանը յայտարարել են, որ հետեւողականօրէն դիմադրելու են պետութիւնների միջեւ փախստականներին պարտադրաբար բաշխելու մեքանիզմների հաստատմանը:

ՄԱԿ-ի փախստականների գործերով գլխաւոր յանձնակատարի վարչութիւնը հիասթափուած է պրիւքսէլեան հանդիպման այսպիսի ելքով. «ՄԱԿ ՓԳԳՀՎ-ն խորապէս հիասթափուած է, որ  թէեւ անդամ-երկրների մեծամասնութիւնը համաձայն էր 120 հազար մարդ ներառող աւելի լայն փոխադրմանը, վերջնական համաձայնութեանը հնարաւոր չի եղել հասնել», յայտարարել է ՄԱԿ ՓԳԳՀՎ պաշտօնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինկը:

Ընդ որում, նա նշել է, որ Սիրիային յարակից երկրներից փախստականներին աջակցութիւն ցուցաբերելու ծրագիրը ֆինանսաւորուել է ընդամէնը 37 առ հարիւրով: Միաժամանակ, ՄԱԿ-ի ՓԳԳՀՎ-ն «Ոգեւորուած է մի շարք երկրների մասնակցութեան չափն աւելացնելու վերաբերեալ խոստումներով», նշել է պաշտօնական ներկայացուցիչը:

Խոստումների վերաբերեալ խօսելիս նշենք, որ բոլորովին վերջերս Անկելա Մերքելը հրապարակաւ յայտարարել է, որ Գերմանիան ի վիճակի է ընդունել մօտ մէկ միլիոն փախստական:

Թէ որքանով է այս խոստումը մօտ իրականութեանը` ցոյց կը տայ ժամանակը:

Այսուհանդերձ, փորձագէտները նշում են, որ ի հեճուկս եւրոպացիների մէջ առկայ տարակարծութեան` Մերձաւոր Արեւելքում ահագնացած ողբերգութիւնը կարող է ողջ եզիտի ժողովրդի պատմութեան մէջ շրջադարձային նշանակութիւն ունենալ: Որոշ իմաստով փակ ազգային խումբ հանդիսացող եզիտիները երկար տարիներ դուրս էին միջազգային հանրութեան ուշադրութիւնից: Իսկ այժմ Իրաքում եւ Սիրիայում արիւնալի իրադարձութիւնների բերմամբ նրանց մասին սկսել է խօսել ողջ աշխարհը: Բոլորը, թէեւ առայժմ միայն խօսքերով, նշում են, որ անհրաժեշտ է աջակցութիւն ցուցաբերել սեփական մշակոյթն ու կրօնը պահպանելու համար այսչափ տառապանքներ կրած ժողովրդին:

Ո՞վ գիտի, թերեւս շուտով ամպերը կը ցրուեն, իսկ եզիտիների արեւը կը փայլի աւելի քան երբեւէ վառ:

 

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)