Ո՞ւր Է Տանում Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Պրազիլիայի Եւ ՀԱՀ Կառուցած Ձեւաչափը

ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ
Դոկտորականի ուսանող

BRICS_122215

Երկար ժամանակ է, ինչ գործում է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պրազիլի եւ Հարաւափրիկեան Հանրապետութեան (ՀԱՀ) ստեղծած միջազգային կազմակերպութիւնը, որն անդամակցող երկրների առաջին տառերով կոչւում է` «ՊՐԻՔՍ» (ՊՌՀՉՀ): Այս նախագծի հիմնական ճարտարապետն էր ռուսական կողմը, մտայղացումը պատկանում էր յայտնի արեւելագէտ, քաղաքական գործիչ Ե.  Փրիմաքովին, սակայն, կազմակերպութեան անդամներին կապող օղակը դարձել է Չինաստանը, քանի որ միւս երկրները հէնց վերջինիս հետ ունեցած անփոխարինելի տնտեսական համագործակցութեան շնորհիւ են միաւորւում եւ գնում դէպի քաղաքական գործընկերութիւն:

2015թ. Ռուսաստանի Ուֆա քաղաքում տեղի ունեցաւ կազմակերպութեանն անդամակցող երկրների ղեկավարների հերթական հանդիպումը, կողմերը համաձայնեցին խորացնել համագործակցութիւնը քաղաքական, տնտեսական, կրթական, բնապահպանական, համացանցի միասնական դաշտ ստեղծելու եւ այլ հարցերի շուրջ: Համեմատաբար երիտասարդ քաղաքական-տնտեսական միաւորին թէ՛ արեւմտեան, թէ՛ ռուսական վերլուծաբանները երբեմն մեղադրում են շօշափելի եւ գործնական ծրագրեր չունենալու մէջ: Նրանք նշում են նաեւ, որ Ռուսաստանը վերջերս փորձում է աշխուժացնել

«ՊՐԻՔՍ»-ը, որպէսզի ցոյց տայ, որ Միացեալ Նահանգների եւ Եւրոպական միութեան հետ յարաբերութիւնների լարուածութեան պատճառով մեկուսացման մէջ չի գտնւում: Ուֆայում ընդունուած հռչակագիրն էլ, կարծես, փաստաթուղթ է «ՊՐԻՔՍ»-ի անդամ երկրների ցանկութիւնների, տեղեկատուութիւն` նախկինում կատարած գործերի մասին, չկան որոշակիացուած գործողութիւնների ծրագրեր, բայց կայ հաւաստիացում, որ այն ուղղուած չէ երրորդ երկրների դէմ:

Եւ այստեղ հարց է առաջանում. արդեօ՞ք Ուֆայի հռչակագիրը զգուշաւոր փաստաթուղթ է արտաքին լսարանի համար, որը յատուկ է չինական դիւանագիտական դպրոցին, թէ՞ վերոնշեալ քննադատութիւնները համապատասխանում են իրականութեանը:

Կարծում եմ, որ «ՊՐԻՔՍ»-ը ներկայումս հետապնդում է երկու հեռահար նպատակ.

ա. Վերջերս շատ է խօսւում Միացեալ ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) բարեփոխումների անհրաժեշտութեան եւ նրա Անվտանգութեան խորհրդի (ԱԽ) հիմնական 5 անդամների թիւն աւելացնելու անհրաժեշտութեան մասին: Սրա մասին խօսում են Գերմանիան եւ Ճափոնը, որոնք ՄԱԿ-ի հիմնական ֆինանսաւորողներից են, ինչպէս նաեւ դարձել են արդի միջազգային յարաբերութիւններում կարեւոր խաղացողներ: Խօսւում է նաեւ ափրիկեան երկրներից մէկի (հաւանական թեկնածուներից է Նիկերիան)` ՄԱԿ ԱԽ կազմ ընդգրկուելու անհրաժեշտութեան մասին: Դէպքերի նման ընթացքը ձեռնտու է Միացեալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին, քանի որ համաշխարհային քաղաքականութեանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման գլխաւոր հարթակում` ՄԱԿ ԱԽ-ում, կ՛աւելանայ նրանց դաշնակիցների (Ճափոն, Գերմանիա) թիւը: Ի հարկէ, Մոսկուայում եւ Փեքինում հասկանում են, որ չեն կարող անվերջ խոչընդոտել Գերմանիայի եւ Ճափոնի` ՄԱԿ ԱԽ ընդգրկուելու պահանջին, բայց մտածում են այս ուժերին հակակշիռ ստեղծելու մասին: Ստեղծելով «ՊՐԻՔՍ»-ը` Ռուսաստանն ու Չինաստանը նպատակ ունեն ամրապնդել յարաբերութիւններն Ասիայում հզօրացող Հնդկաստանի, Հարաւային Ամերիկայում արագ զարգացող Պրազիլի, Ափրիկէյում հեղինակութիւն վայելող Հայաստանի Ափրիկէի Հանրապետութեան հետ, որից յետոյ այս երկրներին օժանդակել, որ նրանք էլ ընդգրկուեն ՄԱԿ ԱԽ-ում: Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ մշտական հնգեակում փոփոխութիւնների դէպքում կը ստեղծեն իրենց խումբն ու կը պահեն Արեւմուտքի հետ ուժերի հաւասարակշռութիւնը: Թէ՛ Հնդկաստանը, թէ՛ Պրազիլիան, թէ՛ ՀԱՀ-ը նոյնպէս հետաքրքրուած են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալով: Յամենայն դէպս, «ՊՐԻՔՍ» խնդիրներից է նաեւ մինչեւ դէպքերի նման զարգացումները հարթել անդամ երկրների յարաբերութիւններում առկայ կնճիռները: Խօսքն առաջին հերթին վերաբերում է չին-հնդկական յարաբերութիւններին, որոնք երբեմն լարւում են սահմանային խնդիրների պատճառով: Չինաստանի վրայ ճնշում է գործադրում նաեւ Փաքիստանը, որպէսզի հեռու պահի իր դաշնակից Փեքինին Նիւ Տելհիի հետ մտերմանալուց:

brics-summit_122215

«ՊՐԻՔՍ» անդամների միջեւ տարաձայնութիւնները հարթելու գործում կառուցողական դեր է խաղում Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը: «ՊՐԻՔՍ» անդամները ցանկանում են, որպէսզի կազմակերպութեանն անդամակցի նաեւ իսլամական երկիր, որպէսզի իսլամական քաղաքակրթութիւնը նոյնպէս ներկայացուած լինի կազմակերպութիւնում: Ներկայումս «ՊՐԻՔՍ»-ում հետաքրքրուած են Ինտոնեզիային հրաւիրելու գործով:

բ. Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ նախկին համայնավարական ճամբարի երկրները միացան Արեւմուտքի ստեղծած ֆինանսատնտեսական համակարգին: Այս համակարգը ստեղծուել եւ վերահսկւում է Միացեալ Նահանգներու եւ Եւրոպական միութեան անդամ երկրների կողմից: Ռուսաստանի նկատմամբ կիրառուող վերջին տնտեսական պատժամիջոցները եւս մէկ անգամ փաստեցին, որ ոչ արեւմտեան երկրներն Արեւմուտքի հետ հակամարտելու արդիւնքում կարող են ճնշումների ենթարկուել` վերջինիս կանոններով գործող համաշխարհային ֆինանսական համակարգում:

«ՊՐԻՔՍ» երկրները, լինելով ոչ արեւմտեան, հասկանում են, որ Արեւմուտքի կողմից վերահսկուող ֆինանսատնտեսական համակարգին հաւասարակշռող եւս մէկ` ոչ արեւմտեան երկրների կողմից վերահսկուող համակարգ է պէտք ստեղծել: Այս նպատակին հասնելու համար «ՊՐԻՔՍ»-ը ստեղծեց «ՊՐԻՔՍ» բարգաւաճման նոր դրամատունը, որի կենտրոնը գտնւում է Չինաստանի Շանկ հայ քաղաքում, ունի սեփական արժութային պահուստներ եւ ապահովելու է «ՊՐԻՔՍ» երկրների ֆինանսական համակարգերի կայունութիւնը:

Դրամատան նախնական յայտարարագրուած դրամագլուխ 100 միլիառ ամ. տոլար է, կնքուել է նաեւ պայմանագիր ընդհանուր արտարժութային պահուստներ ստեղծելու մասին, նախնականը` 100 միլիառ ամ. տոլար չափով:

Այսպիսով, Չինաստանն ու Ռուսաստանը «ՊՐԻՔՍ»-ը ցանկանում են դարձնել իւրայատուկ Տրովադայի ձի, որի միջոցով կ՛ապահովեն Հնդկաստանի, Պրազիլի, ՀԱՀ մուտքը ՄԱԿ ԱԽ, ինչպէս նաեւ կը փորձեն ստեղծել եւս մէկ ֆինանսական համակարգ, որի շնորհիւ կը կարողանան փոքրացնել իրենց կախումն Արեւմուտքի կողմից թելադրուող խաղի կանոններով գործող ֆինանսական աշխարհից:

«Նորավանք»

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Յարութ Չէքիճեան 4 years

    «Ափրիկէյում հեղինակութիւն վայելող «Հայաստանի» Ափրիկէի Հանրապետութեան հետ, որից»
    Յ.Չ. Վրիպում է պէտք է կարդալ՝ վայելող «Հարաւային» Ափրիկէի Հանրապետութեան…