Պաքու-Թիֆլիս-Կարս Երկաթագծի Շուրջ (Ա. Մաս)

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

baku_tbilisi_kars_112515

Թուրքիան, Վրաստանը եւ Ազրպէյճանը Պաքու-Թիֆլիս-Կարս (ՊԹԿ) երկաթուղու կառուցման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են 2007թ. փետրուարի 7-ին: ՊԹԿ շրջանակներում նախատեսուած էր ստեղծել նոր 105 քմ երկարութեան երկաթուղի, որի 76 քմ-ն բաժին է ընկնում Թուրքիայի, իսկ 29 քմ-ն` Վրաստանի տարածքին: Բացի այդ, նախատեսւում էր Վրաստանում վերանորոգել 153 քմ երկաթուղի: Սկզբնական շրջանում նախագծի իրագործումը գնահատւում էր 422 միլիոն ամ. տոլար, որից 202 միլիոնը պէտք է յատկացուէր վրացական, իսկ 220 միլիոնը` թուրքական հատուածին, սակայն հետագայում երկաթուղու կառուցման գներն աճեցին: Ազրպէյճանը երկաթուղու վրացական հատուածի կառուցման եւ վերանորոգման համար յատկացրեց 775 միլիոն ամ. տոլարի 2 վարկ: Դրանցից առաջինը 200 միլիոն էր, այն յատկացուել է 20 տարով եւ 1 առ հարիւր տոկոսադրոյքով, իսկ երկրորդը 575 միլիոն էր, այն տրուել է 25 տարի ժամկէտով ու 5 առ հարիւր տոկոսադրոյքով: ՊԹԿ-ն պէտք է նպաստի Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ առեւտրային շրջանառութեան մեծացմանը: Ակնկալւում է, որ գործունէութեան առաջին փուլում այն փոխադրելու է մէկ միլիոն ուղեւոր եւ 6,5 միլիոն թոն բեռ, իսկ 2034թ. այդ ցուցանիշները կը հասնեն 3 միլիոն ուղեւորի եւ 17 միլիոն թոն բեռի: Ուշագրաւ է, որ աւելի վաղ լրատուամիջոցները գրում էին, թէ ՊԹԿ-ն սկզբնական շրջանում տեղափոխելու է 10 միլիոն, իսկ հետագայում` 25 միլիոն թոն բեռ:

2015թ. սեպտեմբերը եւ հոկտեմբերի սկիզբը յագեցած կարելի է համարել ՊԹԿ-ի համար: Սեպտեմբերի կէսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիտուն Սինիրլիօղլուն այցելեց Ազրպէյճան եւ տուեալ հարցը քննարկեց Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովի հետ: Վերջինս յայտարարեց, թէ հաւատում է, որ Թուրքիան մօտ ժամանակներս կ՛աւարտի ՊԹԿ կառուցումը: Այնուհետեւ հոկտեմբերի սկզբին ՊԹԿ հարցը Պաքւում քննարկեց Թուրքիայի մաքսային եւ առեւտրի նախարար Ճենափ Աշճըն: Սեպտեմբերի վերջին ՊԹԿ հարցը քննարկուեց նաեւ Ազրպէյճանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամետեարովի եւ Գէորգի Քվիրիքաշուիլու հանդիպման ժամանակ, որը կայացաւ Նիւ Եորքում, ՄԱԿ վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպման ժամանակ նախարարները վստահութիւն յայտնեցին, որ ՊԹԿ-ն կը նպաստի բեռնափոխադրումների աճին եւ ընդհանրապէս երկկողմ առեւտրային-տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը:

Ճենափ Աշճըն Պաքւում մասնակցեց երկու երկրների մաքսային մարմինների համատեղ յանձնաժողովի նիստին, որի ժամանակ յայտարարեց. «Թուրքիայի եւ Ազրպէյճանի շահերը միանման են: Երկու երկրների ապրանքաշրջանառութեան ծաւալը, որը 2009թ. կազմում էր 2,5 միլիառ ամ. տոլար, հասել է մինչեւ 5 միլիառի: Սակայն մենք միտուած ենք էլ աւելի մեծացնել այդ ցուցանիշը: Երկու երկրների մաքսային մարմինները մեծ դեր են խաղում միմեանց միջեւ յարաբերութիւնների զարգացման հարցում: Մենք պէտք է փոխադարձաբար աջակցենք միմեանց միջեւ մաքսային ընթացակարգերի մեղմացմանը: Մենք աջակցութիւն ենք ակնկալում Ազրպէյճան թուրքական բեռնատարների մուտք գործելու համար մաքսային ընթացակարգի արագացման հարցում»: Աշճըի խօսքերով, Թուրքիան մեծ նշանակութիւն է տալիս ՊԹԿ կառուցմանը, որն իր ներդրումը կ՛ունենայ երկու երկրների կապերի հետագայ զարգացման հարցում. «Մեղմացուելու է ՊԹԿ-ով մաքսային վերահսկողութիւնը: Մենք փոխադարձաբար տեղեկատուութիւն ենք փոխանակելու բեռների մասին, եւ մի կողմի մաքսային վերահսկողութեան արդիւնքները ճանաչուելու են միւսի կողմից: Ապագայում հնարաւոր է նաեւ ՊԹԿ ապագայ ուղեւորների անձնագրային վերահսկողութեան մեղմացում: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հեշտացնել ՊԹԿ-ով բեռնափոխադրումների հարցը, քանի որ դա է նախագծի հիմնական նպատակը: Տուեալ նախագծի շնորհիւ մենք կարող ենք բեռնափոխադրումներ իրականացնել Ասիայից Եւրոպա եւ ընդհակառակը»:

Աշճըի խօսքերով, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը որեւէ կերպ չի ազդի ՊԹԿ նախագծի իրագործման վրայ. «Այդ նախագիծը շատ կարեւոր է ոչ միայն Ազրպէյճանի, այլեւ Թուրքիայի համար, եւ մենք ամէն օր հետեւում ենք շինարարական աշխատանքների ընթացքին: Այո՛, նախագիծը ձգձգւում է: Ներկայումս ընթանում է փապուղիների կառուցումը: Ի յաւելումն, մենք բախուել ենք աւելի ամուր գետնի, քան պատկերացնում էինք: Սակայն ես յուսով եմ, որ նախագիծը կ՛աւարտուի եթէ ոչ այս, ապա յաջորդ տարի: Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի ներկայիս իրավիճակը չի խանգարի նախագծի իրագործմանը: Յուսով եմ, որ նոյեմբերի 1-ին մենք կ՛անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ եւ կը ձեւաւորենք կառավարութիւն: Մենք կը շարունակենք իրագործել նախագիծը եւ այն կ՛աւարտենք յաջողութեամբ»:

Հարկ է նշել, որ ցայժմ ՊԹԿ կառուցման աւարտի ու շահագործման յանձնման համար քանիցս սահմանուել են «վերջնաժամկէտներ», սակայն երկաթուղին ցայժմ պատրաստ չէ: Նախկինում հաղորդւում էր, թէ ՊԹԿ կառուցումը կ՛աւարտուի 2010թ., ինչը տեղի չունեցաւ, եւ դրան յաջորդած իւրաքանչիւր տարի ներկայացւում է որպէս «վերջնաժամկէտ»: Հաշուի առնելով անցեալի փորձը` պէտք չէ բացառել, որ մաքսային եւ անձնագրային վերահսկողութեան դիւրինացման մասին Աշճըի այս խօսքերը կը մնան լոկ միայն թուրքական կողմի ցանկութիւն եւ չեն իրականացուի մօտ ժամանակներս: 2015թ. մարտի սկզբին Թուրքիայի փոխադրամիջոցների նախարար Լիւթֆի Էլվանը Պոլսում յայտարարեց, թէ ՊԹԿ կառուցումը կ՛աւարտուի 2015թ. վերջին. «Երթուղին պատմական «Մետաքսէ ճանապարհ»-ը աշխուժացնելու ուղղութեամբ կարեւոր քայլերից մէկն է: Կարող եմ ասել, որ այս անգամ ձգձգումներ չեն լինի, եւ երկաթուղին շահագործման կը յանձնուի 2015թ. աւարտին»:

Այժմ, սակայն, չի բացառւում, որ ՊԹԿ կառուցումը կ՛աւարտուի 2016թ.: Նախագծի ազրպէյճանական եւ վրացական հատուածները, որոնք երկաթուղու ամէնաերկար հատուածներն են, պատրաստ են շահագործման, սակայն թուրքական (ամենակարճ) հատուածը` ոչ: Դժուար է պատկերացնել, որ այս անգամ էլ ՊԹԿ կառուցումը կ՛աւարտուի Լիւթֆի Էլուանի նշած «վերջնաժամկէտում» հաշուի առնելով, որ այդ աշխատանքները պէտք է իրականացուեն ձմեռնային անբարենպաստ պայմաններում, ինչպէս նաեւ հաշուի առնելով թուրք-ազրպէյճանական յարաբերութիւններում առկայ մի շարք տարաձայնութիւններ:

Փաստօրէն, ստացւում է, որ թուրքական կողմը ձգձգում է երկաթուղու կառուցման աւարտը: Թուրքական կողմը պատճառաբանում է տեղանքի բարդ հողերով, սակայն դա հազիւ թէ կարելի է խելամիտ համարել: Նախ` Թուրքիան յայտնի է շինարարական ոլորտի խոշոր յաջողութիւններով, թուրքական շինարարական ընկերութիւններն ամէն տարի աշխարհի տարբեր վայրերում իրականացնում են խոշոր նախագծեր (1972-2010թթ. միայն Ափրիկէյում իրականացրել է 39 միլիառ ամ. տոլարի համապատասխան նախագծեր):

Բացի այդ, թուրքական շինարարական ընկերութիւնները երկրի ներսում կեանքի են կոչել այնպիսի բարդ նախագծէր, ինչպիսիք են Վոսփորի նեղուցի յատակով անցնող Մարմարա երկաթուղային փապուղին (կառուցուել է 55 մեթր խորութեան վրայ, երկարութիւնը` 13,6 քմ, կարող է դիմանալ Ռիխթերի սանդղակով 9 պալ ուժգնութեան երկրաշարժի) եւ Սուրուչի ոռոգման փապուղին, որը, թուրքական կողմի պնդմամբ, երկրի առաջին եւ աշխարհի հինգերորդ խոշոր ջրային փապուղին է (Շանլըուրֆա նահանգում կառուցուած Սուրուչի փապուղիին երկարութիւնը կազմում է աւելի քան 17 քմ, իսկ տրամագիծ` 7 մեթր): Դժուար է հաւատալ, թէ թուրքական կողմը չի կարողանում մի քանի տարում կառուցել 76 քմ երկաթուղի, թէկուզեւ բարդ տեղանքում: Եւ եթէ մի պահ ընդունենք, թէ թուրքական շինարարական ընկերութիւնները չեն «կարող» իրականացնել երկաթուղու կառուցումը, ապա դա անելու համար կարող էր հրաւիրուել որեւէ օտար ընկերութիւն, օրինակ` ոլորտում մեծ փորձ ունեցող որեւէ չինական ընկերութեան (յայտնի է, որ Չինաստանում կառուցուել է բարձր լեռնային Թիպէթեան երկաթուղին):

Հնարաւոր միւս պատճառաբանութիւնները կարող են լինել ՊԹԿ նախագծի իրագործման սկզբնական արժէքի Հետագայ զգալի մեծացումը եւ դրանից բխող` նախագծի իրագործման կրկնակի մրցոյթի անցկացումը: 2008թ. Թուրքիայում անցկացուեց ՊԹԿ թուրքական հատուածի կառուցման առաջին մրցոյթը, որը շահեց «Օզկիւն Չիլիքլեր եափի» ընկերութիւններու համախմբումը` առաջարկելով ամենացածր գինը` 294 միլիոն լիրա (1 ամ. տոլարը հաւասար է մօտ 3 լիրայի): Սակայն հետագայում երկաթուղային փապուղու եւ այլ ենթակառուցուածքների պատճառով յառաջացաւ գումարների աւելացման անհրաժեշտութիւն, եւ 2012թ. անցկացուեց երկրորդ մրցոյթը: Այն շահեց «Շենպայ մատենջիլիք-Էրմիթ մուհենտիզլիք» համախմբումը ընկերութիւններու, որը յայտարարեց, թէ երկաթգծի կառուցման աշխատանքներն աւարտելու համար անհրաժեշտ է սկզբնական հաշուարկներից 12 անգամ աւելի շատ գումար: Դա յանգեցրեց առարկութիւնների եւ ՊԹԿ կառուցման դադարեցման: Դրա իրագործումը թողնուեց մրցոյթում երրորդ լաւագոյն առաջարկն արած «Կիւլերմաք-Քոլին ինշաաթ» ընկերութեանը: 2014թ. նոյեմբերին թուրքական «Զաման» թերթը գրեց, որ թէեւ ՊԹԿ նախագծի իրագործումը սկզբնական շրջանում գնահատւում էր 290 միլիոն լիրա, սակայն ներկայումս ծախսուել է դրանից 3 անգամ աւելի գումար` 1 միլիառ լիրա, եւ չնայած դրան, ինչպէս նաեւ ՊԹԿ կառուցման համար 3 անգամ կապալառու ընկերութիւններ փոխելուն` նախագծի իրագործումը դեռ կիսատ է մնացել:

Դժուար է պատկերացնել, որ Թուրքիայի կառավարութիւնը չի կարողացել եւ չի կարողանում հայթայթել անհրաժեշտ գումար` կարեւոր այս նախագիծն աւարտին հասցնելու համար: Միայն 2014թ. յունիսի 20-ից մինչեւ 2015թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատուածում Թուրքիան 14 ամսում քարիւղի խոշոր գնանկումից տնտեսել է 11 միլիառ ամ. տոլար: Յիշատակման արժանի է 2014թ. նոյեմբերին Թուրքիայի ելեւմուտքի նախարար Մեհմեթ Շիմշեքի այն յայտարարութիւնը, թէ «Աք սարայ» (Սպիտակ պալատ) նախագահական նստավայրի կառուցման վրայ ծախսուել է 1,37 միլիառ լիրա (տուեալ ժամանակուայ փոխարժէքով` 615 միլիոն ամ. տոլար)7: Ոչ պաշտօնական տուեալներով` մի քանի հարիւր կամ հազար (տարբեր տուեալներով` 250-2250) սենեակից բաղկացած նստավայրի կառուցումն արժեցել է առնուազն 1 միլիառ ամ. տոլարի եւ աւելի (Ֆինլանտիայի նախագահը Թուրքիա այցելելուց առաջ կատակել էր, թէ վախենում է մոլորուել Էրտողանի նստավայրում, եւ որ իր հետ կողմնացոյց է վերցնելու):

Այս եւ նման օրինակները բացառում են, որ Թուրքիայի կառավարութիւնը չի կարողանում հայթայթել ՊԹԿ կառուցմանն անհրաժեշտ գումար: Ինչ վերաբերում է ՊԹԿ կառուցման նոր մրցոյթներ անցկացնելուն եւ կապալառուներ փոխելուն, ապա, ըստ ամենայնի, այդ խառնաշփոթը պատահականութիւն չէ եւ միտուած է Թուրքիայի կողմից ՊԹԿ կառուցումը ձգձգելու իրական պատճառները քողարկելուն: Այստեղ կարելի է նշել վերջին տարիներին (ՊԹԿ կառուցմանը զուգահեռ) Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ առկայ երկու խոշոր տարակարծութիւն, որոնց լուծմանը մեծ կարեւորութիւն են տալիս Թուրքիայում: Խօսքը երկու երկրների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրելու եւ այցեգիրի դրութիւնը վերացնելու հարցերի մասին է:

Ազատ առեւտուր – Ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման խնդրին անդրադառնալուց առաջ հարկ է դիտարկել երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառութիւնը: 2014թ. Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը կազմել է $5105 մլն ամ. տոլար, որից $2876 մլն-ը բաժին է ընկել թուրքական արտահանմանը, 2229 միլիոնը` ներկրմանը: Եթէ 2011թ. յետոյ Թուրքիայից Ազրպէյճան արտահանման ծաւալը մշտապէս կազմել է աւելի քան 2 միլիառ ամ. տոլար, ապա Ազրպէյճանից Թուրքիա արտահանման ծաւալը հաշուետու ժամանակահատուածում 2 միլիառի սահմանագիծն առաջին անգամ հատել է միայն 2014թ.: Թուրքական արտահանման 86,69 առ հարիւրը կազմում են արդիւնաբերական ապրանքները, 9.02 առ հարիւրը` գիւղատնտեսական ապրանքները, 2.93 առ հարիւրը`  հանքանիւթերը, իսկ մնացեալ 1,35 առ հարիւրը`  այլ ապրանքները: Ազրպէյճանից Թուրքիա ներկրման 94,05 առ հարիւրը կազմել են հանքանիւթերը (հիմնականում բնական կազը), 5,17 առ հարիւրը արդիւնաբերական ապրանքները, մնացեալ 0,78 առ հարիւրը բաժին է ընկել գիւղատնտեսական եւ այլ ապրանքներին:

Ազրպէյճանում թուրքական ներդրումների ծաւալը կազմում է 9 միլիառ ամ. տոլար, այստեղ գործում է 2665 թուրքական ընկերութիւն: Միեւնոյն ժամանակ, Թուրքիայում Ազրպէյճանի ներդրումների ծաւալը հասել է աւելի քան 4 միլիառի: Թուրքական շինարարական ընկերութիւնները ցայժմ Ազրպէյճանում իրականացրել են 10 միլիառ ամ. տոլար ընդհանուր արժողութեան 339 նախագիծ:

Դեռեւս 2011թ. աշնանը թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան եւ Ազրպէյճանը ստորագրելու են ազատ առեւտրի մասին համաձայնագիր, եւ որ արդէն իսկ դրուել է դրա հիմքը: Այն ժամանակ Պաքու այցելեց Եգէական տարածաշրջանի արդիւնաբերական պալատի (ԷՊՍՕ) պատուիրակութիւնը, որին ընդունեցին Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ազրպէյճանի պետական քարիւղային ընկերութեան (ՍՈՔԱՐ) նախագահ Ռովնակ Ապտուլաեւը:

«Նորավանք»

(Շարունակելի )

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)