Չկրկնենք Հին Սխալները

Marie-Rose_9-21-15

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ

24 տարի է անցել մեր վերանկախացումից եւ այս տարիների վերլուծում-խորհրդածութիւններով ուզում եմ իմ սրտի գոհունակութիւնն էլ խառնել միլիոնաւոր մեր ժողովրդի ձայնին: Շատերի հետ ես էլ ուզում եմ կենտրոնանալ միայն մեր ձեռքբերումների վրայ եւ բոլորի հետ միասին նշել, մեծարել այս տարիների հունձքը ու բաւարարուել դրանով:

Բայց նոյն պահին մի թուրք երգչուհի խառնում է իմ մտքերը եւ ինձ տանում բոլորովին այլ ճանապարհով եւ ինքս ինձ չկարողանալով յաղթահարել` շեղւում եմ իմ որոշումից: Նա ամբողջ հոգով երգում է «քէլէ լաօ, քէլէ էրթանք մեր էրկիր», արիւնս պղտորւում է, ականջներս մերժում են լսել:  Մեր երգով իր անապատների՞ն է ձգտում վերադառնալ, իր հայրերի տափաստանների կարօ՞տն է արթնացրել իր մէջ այդ երգը, թէ՞ մեր կորուստով իրենց յաղթանակն է է՛լ աւելի ընդգծում, մտածում եմ ես: Հնչիւնները եւ բառերի արտաբերումը յստակ է, գուցէ եւ հայ է, բայց ես մերժում եմ ընդունել նոյնիսկ հայ լինելու հաւանականութեամբ նրան լսելը: Եթէ հայ է, ինչո՞ւ է մեր կարօտի կսկիծը երգում մեր կարօտները ոչնչացրած երկրում: Ի՞նչ է հիմա էլ փորձում ենք երգով մեր դահիճների թոռների գութը շարժել, նրանց հաստատել, որ դուրս են նետել մեզ մեր հողից: Իսկ եթէ թուրք է, ո՞ւմ կարօտի համար է երգում: Պարզ է, երկու դէպքում էլ դրամի համար է երգում:  Դեռ որքա՞ն կարելի է մեր կորուստների ծուէնները շահոյթ դարձնել, որքա՞ն կարելի է ազգային կորուստները միայն զգացում դարձրած սերնդէ սերունդ փոխանցել ու բաւարարուել միայն երգերի անմիջականօրէն տեղաշարժող զգացումներով:

Դեռ քանի՞ սերունդների պիտի փոխանցենք մեր ապրած ողբերգութիւնից ծնունդ առած, հայրենի հողի ու ազգային տենչերի այս հոգի մաշող կարօտախանձ երգերը միայն: Դեռ քանի՞ սերունդների պիտի օրօրենք մեր անկատար թեւաբեկ երազներով: Չէ՞ որ անկախացած երկիր ենք, պետականութիւն եւ ծածանուող, ամբողջ հայութեան յոյս ու յաղթանակ պարգեւած դրօշ ու խրոհրդանիշ ունենք: Չէ՞ որ մեր այս նոյն պետականութեամբ աշխարհին պարզեցինք մեր չարչրկուած, մեր շահագործուած կորուստների հարիւրամեայ յիշատակը: Այսքանից յետոյ ինչո՞ւ թշնամու բերանով արտաբերուած իմ կողոպտուած ժողովրդի կարօտատենչ երգը այսքան տակն ու վրայ է անում ինձ, մինչեւ իսկ` շեղում մտածումներիս ուղին: Ուրեմն ինչ-որ բան այնքան էլ դեռ գովերգումի արժանի չէ, այնքան էլ ճիշդ ու ամբողջացած չէ մեր վերանկախացած պետականութիւնում: Ու ես յիշում եմ համայնավարութեան 70 տարիների մեր կեղծ գովերգում-փառաբանումները, որով ոչ միայն թաքցրեցինք աշխարհից երկրի ներսում պետականօրէն կատարուող անօրէն կեղծիքներն ու բռնութիւնները, այլ ձեւափոխեցինք մեր ժողովրդի բնաւորութիւնը, հոգեբանութիւնն ու մտածողութիւնը, մեր ժողովրդին տրամադրեցինք միմեանց դէմ, որը մինչեւ օրս չենք կարողանում ուղղել: Արդէն վաղուց որոշել եմ չդառնալ նրանցից մէկը, չկրկնել հին սխալը, որոշում եմ հաւատարիմ իմ հին սկզբունքին` այսօր էլ խօսել մեր պետականութեան կարեւոր բացթողումների մասին, որոնք կապուած են յատկապէս մեր ազգային պահանջներին:  Չէ՞ որ սա պիտի լինէր մեր անկախ պետականութեան հիմքը` մեր ազգային պահանջները:

Իմ մտածումների կծիկը քանդում է աւելի մօտիկ, ընդամէնը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դէպքերն ու կրկին կենտրոնացնում է ինձ հարիւրամեակի իրադարձութիւններին, չէ՞ որ դա այս 24 տարիների ամենամեծ յաջողութիւնն է  եւ մնայուն տեղ է գտնելու մեր պետականութեան պատմութեան մէջ:

Թէեւ վաղուց են լռել ու յուշ դարձել այդ իրադարձութեան արձագանգները, սակայն մեզ ցաւակցած ու մեր ողբերգութիւնը ընդունած պետութիւնները վաղուց արդէն ետ իրենց քաղաքական թնճուկի մէջ են խրուել, աշխարհում նոր հարցեր են ծագել, պետութիւններն ու ժողովուրդները նոր դժուար կացութեան առաջ են յայտնուել, իսկ մենք դեռ ոգեւորուած մեր հին երգն ենք երգում`դեռ գոհունակութիւն ենք ապրում լսելով ամէն մի նոր պետութեան, կամ նշանաւոր անձի կողմից մեր Ցեղասպանութեան ընդունումը, կամ դրա յիշտակումը, անգամ` այդ բառի օգտագործումը:

Ինձ թւում էր այս հարիւրամեայ տարելիցի շուքը առաջընթացի դուռ էր բանալու պետութեան համար, նոր թռիչք էր տալու մեր անկատար իղձերին, մեր չամբողջացած, չլրացուած ազգային ծրագրերին, յատկապէս` վայելելով, տեսնելով, զգալով աշխարհի արթնացումը մեր դէմ կատարուած ոճրի եւ մեր դիմացկունութեան հանդէպ:

Թւում էր` ազգովին քննութեան կ՛ենթարկէինք 100-ամեակի ընձեռած յարմար իրավիճակների  ընթացքին մեր բացթողումները, մեր սայթաքումները, մեր սխալները եւ արագօրէն կ՛անցնէինք դրանք ուղղելու գործի: Որ` այս 100-ամեակը կը դարձնէինք մեր պահանջատիրութեան հիմնաքարը: Չէ՞ որ այնքան էլ երկար ինքնուրոյն պետականութիւն չունեցող մի երկրի համար, ինչպիսին մենք ենք, կարեւոր էր այդ բացթողում-վերլուծումները` մեր հետագայ գործունէութիւնը աւելի ճիշդ ու ամուր հիմքերի վրայ դնելու եւ ժողովրդի գալիք ապագան ապահովելու համար:

Դրա փոխարէն ամիսներով անվերջ շեփորահարեցինք աւարտուած  միջոցառումների յաջողութիւնները:

Ոչ մէկս չենք թերագնահատում կատարուած միջոցառումների  յաջողութիւնները, սակայն մեր նման անկատար պահանջներով ազգի համար  կատարուած յաջողութեամբ չի վերջանում մեր անելիքները:  Այդ յաջողութեամբ ապրելը  ոչ մէկ օգտակարութիւն է բերում մեզ:  Այն աւելի է ընդգծում ապագան կերտելու մեր անտարբեր անկարողութիւնը:

Այսօր բացայայտօրէն աշխարհի մի շարք «անհնազանդ» երկրներ մեծ պետութիւնների կամքով քարտէսային նոր մասնատման են ենթարկւում: Ժողովրդների արտագաղթը այլեւս դարձել է 21-րդ դարի դիմագիծը, սովորական մի երեւոյթ, որն այլեւս իր թշուառութեամբ, մահերով, մղոններ ձգուող անյայտ ճակատագրին մատնուած մարդկային շարասիւնով, ամէնուրեք օրէ օր աճող ճամբարների գոյութիւնով ոչ մէկին է յուզում, ոչ մէկ պետութիւն փորձում է կասեցնել մարդկային թշուառութեան, մարդկային իրաւունքի ոտնահարման այս վիճակը:  Այն յիշեցնում է 100 տարուայ առաջուայ մեր վիճակը եւ մեր հանդէպ աշխարհի նոյն անտարբերութիւնը:

Միջին Արեւելքի հնամեայ մի հաստատուն հողատարածք փոշու է վերածւում, աշխարհին տիրած Եւրոպայի դիմագիծն է փոխւում, ժողովուրդների ստեղծած հարստութիւնների տէրերն են փոխւում, լեզուներն ու աւանդոյթներն են ոտնատակ մաշւում:

Ո՞ւր ենք մենք այս ամեհի թոհուբոհի մէջ. . ., ո՞ւր ենք գնում. . . , ո՞ւր ենք տանում մեր սերունդներին, ի՞նչ ծրագրով է դիմակայում մեր պետութիւնը մեր այս հարցերին:

Այս հարցերի մրճահարումը հանգիստ չի տալիս, չի թողնում ազատ շնչել, չի թողնում աչք փակել, չի թողնում ապրել. . .

Մեր օրէ օր աճող, բազմացող բացթողում-թերացումները, մեր ծոյլ հոգեբանութիւնը եւ, ամէնից աւելին, այս մարդակուլ աշխարհի ողորմածութեանը դեռ մեր ապաւինելը այլեւս զայրացուցիչ է:

Կարիք կա՞յ յիշեցնելու, որ մեր նման ոչ ամբողջական մի պետութիւն, որի ժողովուրդի իր տարածքներից կտրուած մի հսկայական հատուած, դեռ աշխարհում թափառելով հանդերձ, ե՛ւ պանծացնում է իր պետականութիւնը, ե՛ւ միեւնոյն ժամանակ փորձում է միայնակ պահանջատիրութեան կրակը թէժ պահել:  Մէկ այլ հատուած, իր անկախութեամբ նոյնիսկ իր երկրից չճանաչուած, ամէնօրեայ իր զաւակների արիւնով վաստակած խաղաղութիւնը պահելու դժուարին կացութեան առաջ է կանգնած այս պահին:  Մէկ ուրիշ հատուած, իրեն չվերաբերող պատերազմի մէջ անուղղակիօրէն ներքաշուած, փորձում է նոյնիսկ կորուստների գնով կանգուն մնալ: Երկրի ներսում ժողովուրդը խելայեղօրէն հեռանում է իր վերանկախացած երկրից: Սա է մեր այսօրուայ անկախութեան իրական պատկերը դեռ առանց թափանցելու ներքին` տնտեսական, ընկերային իրավիճակներին:

Դեռ այսօր էլ, երբ դատարկաձեռն ենք մեր ազգային իրաւունքներում, մեր ամբողջ ուշադրութիւնն ու ջանքը շարունակում ենք կենտրոնացնել թուրքերի նոր սերունդին արթնացնելու գործին` հիմա էլ նրանցից սպասելով մեր հարցի լուծումը: Երեխայի միամտութեամբ հաւատում ենք, որ այդ նոր սերունդին իրենց պատմութեան բացթողումներով կրթելով` մեր պահանջներին գոհացում են տալու:  Դեռ շարունակում ենք թոյլ տալ, որ շահագործեն մեր Ցեղասպանութեան ընդունման հարցը, դեռ տարուած ենք միայն այդ բառի ընդունման աշխատանքով:  Դեռ շարունակում ենք կազմակերպել ու մասնակցել միայն մեր Ցեղասպանութիւնը ընդունող հերթական գիտաժողովներին:

Այս ապրիլին զեկուցումով ես էլ մասնակից էի Պելճիքայի Լուվենի համալսարանի պատմագիտութեան ճիւղի մեր Ցեղասպանութեան նուիրուած գիտաժողովին, որն անշուշտ Եւրոպայի Հայ դատի աշխատանքի արդիւնքն էր:  Մէկօրեայ լուրջ եւ ծանր այդ գիտաժողովին մասնակցում էին տարբեր երկրների պատմաբաններ, միջազգային փաստաբաններ, հետազօտողներ:  Ամբողջ օրուայ զեկուցումները լսելով` ես եկայ այն համոզման, որ «Հայոց ցեղասպանութիւնը» այլեւս սովորական նիւթ է, միջոց` թեզեր պաշտպանելու, ինչո՞ւ չէ, նաեւ կոչումներ ստանալու, դասախօսութիւնների հրաւիրուելու, իրենց աշխատութիւնները միմեանց ծանօթացնելու, տարածելու համար:  Ուրիշ ո՛չ մէկ հարցադրում, ո՛չ մէկ նորութիւն, ո՛չ մէկ գործնական քայլի են դիմում, երբ փաստերի եւ վկայագրութիւնների նորանոր ալիքը պարտադրում է մեզ նոր ընթացք, նոր ուղղութիւն տալու այդ ամէնին: Անասելի դժուար է հայ լինել ու այդ գիտաժողովներում նստել իրենց ամուլ փաստարկները լսել, սահմանափակուել դրանով, շնորհակալ ու գոհացած հեռանալ, որ քննարկւում է մեր Ցեղասպանութիւնը: Ո՛չ մէկ խօսք, ո՛չ մէկ քննարկում` բռնագրաւուած մեր տարածքների, մեր ունեցուածքների, մեր փոշիացող-անհետացող հարստութիւնների պահանջների կամ փոխհատուցման մասին:

Անշուշտ սա մեր անկախացած պետութեան մեղքն է, մեր մեծագոյն բացթողումը, որ մինչեւ օրս դեռ թոյլ ենք տալիս մեր իրաւունքները հիմա էլ այսպէս շահագործելու: Առաջ համայնավարներն էին անտարբերութեան մատնել մեր ազգային այս կարեւորագոյն հարցը, հիմա էլ մեր արդէն անկախացած պետութիւնն է շարունակում նրանց քաղաքականութիւնը:

Ես արտայայտում եմ իմ զայրոյթը, որ մենք չենք կարող միայն գիտաժողովներով բաւարարուել, մեր Ցեղասպանութիւնն այլեւս յոգնած է «ծեծուելուց», պէտք է բոլոր փաստարկները ոչ թէ իրար հրամցնենք, այլ որոշակի գործընթացի միջոց դարձնենք:

Մենք չենք կարող 100 տարի նոյն` Ցեղասպանութեան, հարցի վրայ միայն կանգ առնել ու շարունակել պայքարել միայն այդ ահռելի եղելութեան երեւոյթի ընդունման համար:  Այդ երեւոյթը պատճառ ու հետեւանքներ ունի եւ ծանր ու դատապարտելի պատճառ ու հետեւանք: Չէ՞ որ այդ պատճառը` մեր հողատարածքներին տիրանալը` «Հայաստանը առանց հայի», այս օրինագիծը մեր Ցեղասպանութիւնը դարձնում է եզակի, իր տեսակով, իր հետեւանքով միակը Ցեղասպանութիւն կրած ժողովուրդների պատմութեան մէջ:

Մենք մեզ մխիթարում ենք, որ 100 տարին ոչինչ է պատմութեան համար, առանց անդրադառնալու, որ ժամ առ ժամ ոչ միայն ջնջւում է մեր դրոշմը մեր տարածքներից, մեր հոգեբանութիւնից, պահանջատիրութեան օրէնք դառնալու իրաւունքից, այլ աշխարհի քարտէսային պատկերն է փոխւում: Յետոյ պեղումներով անգամ պիտի չկարողանանք հաստատել մեր տարածքների գոյութիւնը:

Այսօր ազգովին ուրախանում ենք, որ Սիսի կաթողիկոսութեան պահանջն ենք ներկայացրել: Դեռ շարունակում ենք մեր բռնագրաւած տարածքները միայն եկեղեցական պատկանելիութիւն նկատել եւ եկեղեցու միջոցով ենք ուզում լուծել մեր սերունդների ամենակարեւոր քաղաքական իրաւունքները: Իսկ այդ հողերը, այն տարածքները, որոնց վրայ բարձրացել են այդ հաստատութիւնները, որոնք հայ ժողովուրդի սեփականութիւնն ու իրաւունքն են, ո՞վ է պահանջելու:

Սա ինձ յիշեցնում է 100 եւ աւելի տարիներ առաջ «Բարձր դուռ» մեր պատրիարքների աղերսագրեր ներկայացնելը, որի արդիւնքին ազգովին սպասում էինք: Մենք կրկին ներկայանում ենք որպէս կրօնական համայնք եւ ոչ թէ պետականութիւն ունեցող պահանջատէր այն դէպքում, երբ պետութիւն ունենք:  Թոյլ տուինք, որ աշխարհը իր շահերի համար որպէս Թուրքիայում ապրող կրօնական համայնք  ներկայացնի մեզ, որ կոտորուեցինք իբրեւ ազգային փոքրամասնութիւն մեր կրօնի համար, ստուերում թողնելով նոյնիսկ թուրքերի բացայայտ հրապարակումները` «Հայաստանը առանց հայի» ծրագիրը:

Դա դեռ բաւական չէ, պետականութիւն ունենալով հանդերձ, գործում ենք առանձին-առանձին, եկեղեցին իր անունից, տասնեակ կազմակերպութիւններ իրենց կողմից, իւրաքանչիւրը իր ծրագրերով: Եւ այս մասնատուած ծրագրերով յայտ ենք ներկայացնում դարերի փորձառութիւն ունեցող մի պետութեան:

Միւս կողմից` մեր կառավարութիւնը վաղուց իր ձեռքերը լուացել ու իրենից հեռացրել է երկրի պահանջատիրութեան հարցը` բազմիցս յայտարարելով, որ դա յաջորդ սերունդի անելիքն է:  Իսկ եթէ յաջորդ սերունդի անելիքն է, ինչո՞ւ իր գահը չի զիջում այդ յաջորդ սերունդին:

Այսօր իր վստահած այդ սերունդը ոտքի է ելել հէնց իր դէմ, երկրում տիրող կողոպուտին ու անարդարութեանը վերջ դնելու պահանջով: Եւ սա մեր անկախութեան 24-րդ տարին ամբողջացնելու ամիսներին:

Այն պահին, երբ բարձր ամբիոններից նախագահը իր պարտականութիւնը նետում էր այսօրուայ երիտասարդութեան ուսերին, նրանցից ծպտուն անգամ չելաւ, ոչ մէկը արձագանգեց, որ յանձնիր մեզ նախագահութիւնը, որ մենք իրագործենք մեր պահանջատիրութիւնը:  Այդ նոյն երիտասարդութիւնը ոտքի է ելել երկրում արդարութիւն սահմանելու պահանջով, բայց աչքաթող է արել ամենակարեւոր անարդարութիւնը` իր իրաւունքների ազգային պահանջատիրութեան ոտնահարում, զիջումը:

Գուցէ այդ դէպքում նախագահը սթափուէր, որ իր առջեւ մի սերունդ է հասակ առնում, որը իր պահանջների ու իր երկրի տէրն է եւ այսօր իրեն ներկայացուող նրանց պահանջին աւելի լուրջ ու ազնուօրէն վերաբերուէր: Մեր երիտասարդութիւնը կողոպուտին վերջ դնելու յայտ է ներկայացնում իր պետութեան, իսկ պետութիւնը արհամարհում է իր երկրի նորոգ ուժերի պահանջը, որը իր երկրի տէրն է եւ այսօր, եւ վաղը:  Իրենք իրենց կոտորող այդ երիտասարդութեան հսկայ թափօրը ամէնից առաջ իր քաղաքացիներն են եւ նրանց պահանջը պահանջատիրութիւնը չէ այս անգամ, որ արհամարհում է մեր երկրի ղեկավարը, այլ ընդամէնը մարդավայել, արժանապատուօրէն ապրելու պահանջ:

Ի՞նչ պատմութիւն ենք թողնելու մեր վերանկախացման այս տարիները ներկայացնող: Որ` հին խորհրդային կողոպուտին փոխարինեց անկախացած կողոպուտը:

Որ եթէ նախաանկախացման տարիներին երկիրը լքելը արգիլուած էր եւ դաւաճանութիւն էր համարւում, վերանկախացման տարիներին պետութիւնն ինքն է օժանդակում դրա աճող չափերին եւ այլեւս ոչ մէկին է անհանգստացնում այն:

Որ երկրում օրէ օր աճող առօրեայ ընկերային պահանջներին կուլ է գնում ամենահիմնականը` մեր սերունդների իրաւունքը:

Մեր նման մի երկիր, որի դարերով ստեղծածը, բռնագրաւուած, ոչնչացուած է, պարտաւոր է դողալ երկրի ամէն մի թիզ հարստութեան համար: Իսկ մենք ոչ միայն մեր սակաւ անհրաժեշտ հարստութիւններն ենք յանձնել օտարներին, այլ նաեւ` մեր ճակատագիրը: Երկրից դուրս բնականոն է այդ երեւոյթը, իսկ երկրի ներսում ինչո՞ւ տէր չենք կանգնում մեր ճակատագրին:

Մեղք է մեր ազգը, մեր սերունդները: Մենք տոկուն, ստեղծարար ժողովուրդ ենք: Մենք իրաւունք չունենք այսչափ անտարբեր մօտենալու մեր երկրի եւ ժողովրդի ապագային:

Սուրիահայ մի հսկայ հատուած, հարիւր եւ աւելի տարիներ, անասելի փորձութիւններից անցած, հայի ամրագոյն յատկութիւնները պահած, ոչնչից ազգային արժէքներ ստեղծած, այսօր ցիր ու ցան եղած` տարածուելով լուծուելու, կորչելու է աշխարհի ճանապարհներին:  Մեր անկախացած երկիրը եւ ժողովուրդը չկարողացաւ ժամանակին անմիջապէս տէր կանգնել իր կործանուող զաւակներին: Այսօր օտար երկրներ պատսպարում են իրենց հետ կապ չունեցող, բոլորովին օտար ազգերի, իսկ մենք գոհանում ենք միայն մի քանի հազար ընտանիքներ փրկած լինելու աշխատանքով, զլանում ենք օրէ օր պարպուող մեր տարածքները մեր հայրենակարօտ ամբողջ հատուածին տրամադրելու:  Մեր այդ հատուածը մեծ փորձառութիւն ունի ոչնչից ոտքի կանգնելու, տնտեսական մեծ ցանց ստեղծելու եւ ամենակարեւորը` հոգեւոր Հայաստանի հարուստ պաշար փոխանցելու երկրի ներսում ապրողներին, որն այնքան անհրաժեշտ է այսօրուայ մեր հայրենիքին հողեղէն Հայաստանի ամրապնդման համար: Մեր այդ հոգեւոր Հայաստանի զարթօնքը մեզ վերանկախացման արժանացրեց, Արցախը ազատագրեց եւ դրա գոյութեամբ միայն կարող ենք մեր կորուստներին տիրանալ: Հոգեւոր Հայաստանի զգացումը հայրենի ժողովրդի առօրեայ կարիքներին զոհ դառնալով` վերացել է, դրա ներարկումը սփիւռքահայ այնպիսի համայնքից ինչպիսին է սուրիահայութիւնը, հրատապ անհրաժեշտութիւն է: Հրատապ անհրաժեշտութիւն է նաեւ տէր կանգնել ու հայացնել բռնի մահմետականացած, իրաւազրկուած,

Թուրքիոյ տարածքում ապրող, բայց իր արմատներին ձգտող հատուածին:

Արտաքին եւ ներքին հրատապ հարցերին աւելանում է նաեւ տարածաշրջանի գալիք փոփոխութիւնները:

Երկրի ներսում այնքան անսպառ են անելիքները, որ մենք մոռանում ենք արտաքին աշխարհի հետ մեր յարաբերութիւնները, որը հազարապատիկ լրջութիւն ու ճկունութիւն է պարտադրում մեր պետութեան:

Կը կարողանա՞յ արդեօք մեր պետութիւնը լրջօրէն քննարկել այս տարիների բացթողումները եւ ուղղել դրանք:

Ականջալուր կը լինի՞ երկրի ու իր ժողովրդի ցաւերին, նրանց պահանջներին որքանո՞վ գոհացում կը տայ:

Կը մտածի՞ երկրի օրինագիծ դարձնել իր երկրի ամենակարեւոր հարցը` իր սերունդների իրաւունքների վերադարձը:

Կը կարողանա՞յ երկրին ծառայել եւ ոչ թէ իշխել:

Չէ՞ որ անկախացումը քարերի ու արձանների համար չէ, այն շնչող ու արտադրող մարդկային զանգուածի, մի ողջ ժողովրդի կեանքի նախապայման է, նրա վաղուայ օրուայ եւ եկող դարերի գրաւականը:

Մաղթենք, որ վերանկախացած մեր պետութեան այսօրուայ ղեկավարները լսեն ողջ հայութեան պահանջների ձայնը եւ գործեն ոչ թէ իրենց, այլ ժողովրդի եւ երկրի ապագայի առաջընթացի համար:

17 սեպտ. 2015թ

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)