Հ. ԱՒԱԳԵԱՆ
Առաջին անգամ, երբ նրան տեսայ, երգում էր: Ժողովրդական հին երգերից մէկն էր երգում: Նուրբ ու հաճելի ձայն ունէր: Գեղեցիկ էր, կանացի: Ասաց, որ երգել շատ է սիրում, բայց երաժշտական կրթութիւն չունի, բուժքոյր է մասնագիտութեամբ: Յետոյ ընկերուհին միացաւ մեր զրոյցին. «Պատերազմի ժամանակ էլ էր երգում,- ասաց, զինուորները սիրում էին նրա երգը…»: Այդպէս իմացայ, որ Ռայա Դանիէլեանն իր մասնակցութիւնն է բերել արցախեան պատերազմին: Նա, ճիշտ է կցկտուր, բայց մի քանի բան պատմեց, իսկ ընկերուհին լրացնում էր նրան` պատմելով տիկին Ռայայի անցած ուղու եւ մարտական կենսագրութեան մասին:
Երբ սկսուեց արցախեան պատերազմը, երեք երեխաների եւ ամուսնու հետ ապրում էին Երեւանում: Չկարողացաւ անտարբեր լինել իր ծննդավայրի ճակատագրին, յորդորեց ամուսնուն, որ գնան Արցախ: Վերջինս մերժեց, եւ տիկին Ռայեան երեք երեխաների հետ շտապեց Արցախ: «Որտեղ իմ հայրենակիցներն են, այնտեղ էլ իմ տեղն է, ինչով կարող եմ կ՛օգնեմ, կը գնամ մարտադաշտ, բուժքոյր կը լինեմ»- յայտարարեց: Իմանալով, որ եթէ ամուսնուն թողնի ու մեկնի Արցախ, էլ յետդարձ չի լինի, նա, այդուհանդերձ, ընտրեց հայրենիքը…
Ռայա Դանիէլեանը ծնուել է Ազրպէյճանի Մինգիչաւուր քաղաքում, իսկ ծնողներն արմատներով Մարտակերտի շրջանի Հաթերք գիւղից են: 7-րդ դասարանի աշակերտուհի էր, երբ ծնողների հետ տեղափոխուեցին Հաթերք, որտեղի դպրոցում էլ ուսումը շարունակեց: «Ծնողներս ուզում էին, որ մենք իրենց հայրենի գիւղում մեծանանք, հայրենիքի օդը շնչենք, ու դրա համար էլ որոշեցին վերադառնալ գիւղ», ասում է նա:
1971 թուականին Ռայեան Դանիէլեանն ընդունուել էր Երեւանի բժշկական համալսարանի մանկաբարձական բաժինը: Ուսումն աւարտելուց յետոյ որոշ ժամանակ աշխատել է մարտակերտում, այնուհետեւ ամուսնացել ու հաստատուել է Երեւանում:
«1988 թուի բուռն օրերն էին, ցաւ էի ապրում, ուզում էի լինել հայրենակիցներիս կողքին, բայց գիտէի, որ ամուսինս չի ընդունի, կ’ընդդիմանայ: Ինչով կարողանում էի` Երեւանից օգնում էի: Յետոյ, երբ սկսուեց ազատագրական պատերազմը, Հաթերքն անընդհատ ռմբակոծում էին, երկու եղբայրներս մարտադաշտում էին: Չէի կարողանում հանգիստ նստել, քնել չէր լինում, ուշք ու միտքս իմ գիւղում էր, Արցախում: Հեռուստատեսութեամբ ու ձայնասփիւռով ոչ մի բառ բաց չէի թողնում Ղարաբաղի վիճակի մասին: Անընդհատ հաղորդում էին նոր զոհերի ու վիրաւորների մասին, բուժքոյրերի կարիք կար խիստ: Ու մի գիշեր որոշում կայացրի` պիտի երեխաներիս հետ գնամ Արցախ, պիտի լինեմ մարտադաշտում, ինձ նմաններին սպասում են այնտեղ: Ամուսինս առարկեց, ասաց, որ ինքը ինձ չի հետեւի ու եթէ գնամ, էլ յետդարձ չի լինելու, ես, այնուամենայնիւ, շտապեցի Արցախ…»,- տիկին Ռայան կանգ է առնում, նայում աչքերիս, ապա հարցնում` իսկ եթէ դու լինէիր ի՞նչ կ՛անէիր: «Չգիտեմ» թօթւում եմ ուսերս: «Հայրենիքն ամէն ինչից վեր է,- ասում է,- յատկապէս, երբ այն վտանգի մէջ է…»:
1993-ին երեք երեխաների հետ Ռայա Դանիէլեանը գալիս է Հաթերք, երեխաներին թողնում է ծնողների խնամակալութեանը եւ շտապում օգտակար լինել վիրաւոր զինուորներին: «Ցեխձորի դաշտային հիւանդանոցում, որտեղ գլխաւոր բժիշկը Սերգեյ Օհանեանն էր, ինձ ընդունեցին որպէս բուժքոյր: 15 օրը մէկ տեսակցում էի երեխաներիս,- պատմում է, ապա աւելացնում,- համարեա ամէն օր վիրաւորներ էին բերում, ես շտապում էի նրանց արիւն տալ, գլխաւոր բժիշկը յաճախ ջղայնանում էր ասելով` ա՛յ աղջիկ, այդքան արիւն քեզ որտեղի՞ց, հերիք է, դու դեռ պէտք ես քո երեխաներին… »:
«Ցեխձորից մեզ տեղափոխեցին Չլտրան, մնացինք վրաններում, յետոյ` Մաղաւուզ, Յոռաթաղ: Մարտակերտն ազատագրելուց յետոյ երեխաներիս հետ տեղափոխուեցի Մարտակերտ, մինչեւ 1999 թուականը ծառայեցի Մարտակերտի հրաձգային գումարտակում` որպէս բուժքոյր: Ամուսինս այդպէս էլ չեկաւ, Ռուսաստանում էր: 2000 թուականին երեխաներիս հետ տեղափոխուեցի Երեւան: Հիմա մշտական աշխատանք չունեմ, բայց մարդիկ ինձ ճանաչում են, երբ պէտք է լինում, մէկ էլ տեսար գիշերն էլ են զանգում, շտապ կանչում` առաջին օգնութիւն ցուցաբերելու համար: Ես, ի հարկէ, այդ ամէնն անվճար եմ անում…»:
Տիկին Ռայայի որդին, հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով, ստիպուած եղաւ որոշ ժամանակով մեկնել Ռուսաստան: «Որդուս ուղարկած գումարով ենք ապրում: Օրեր եմ հաշուում` նրա վերադարձին սպասելով: Ախր, օտար հողում դժուար է ապրել, դա քո հայրենիքը չէ, այնտեղ վանդակն ընկած թռչունի պէս ես քեզ զգում: Ես ցաւ եմ ապրում` տեսնելով այսօրուայ Հայաստանը: Իմ ծանօթ-բարեկամներից քանի-քանիսն են լքել երկիրը` ընկերային պայմաններից դրդուած: Ախր, մենք ուրիշ Հայաստան էինք ուզում, ախր մեր զոհուած տղաների երազանքի Հայաստանն այլ էր… Ես չեմ ուզում, որ իմ, քո, նրա որդին ստիպուած լինի լքել հայրենիքը: Մենք իրաւունք չունենք…»:
«Երեխաներս մէկ-մէկ հարցնում են` մա՛մ, որ պատերազմ լինի, դարձեալ կը գնա՞ս: Կը գնամ, ի հարկէ՛, կը գնամ, եւ ձեր բոլորիդ պարտքն էլ է դա, բոլորդ էլ պէտք է գնաք. պատասխանում եմ… Ես հաւատում եմ այսօրուայ երիտասարդութեանը,-շարունակում է տիկին Ռայան,- հաւատում եմ, որ նրանք կը հասնեն այն Հայաստանին, որը մենք ու մեր տղաներն էին երազում: Հայրենիքը մի քանի հոգու սեփականութիւն չէ, հայրենիքն այն երիտասարդներինն է, ովքեր այսօր պայքարում են լաւ Հայաստան ունենալու համար: Ես հաւատում եմ նրանց…»:
Ռայա Դանիէլեանը պատերազմի աւարտից յետոյ արժանացել է «Արիութեան» եւ «Վազգէն Սարգսեան» շքանշանների: «Շքանշանները չեն, որ պիտի մարդու կուրծքը զարդարեն: Այդ շքանշանների անունները երբեմն մոռանում էլ եմ: Հիմա շքանշաններ ունեն նաեւ նրանք, ովքեր չգիտեն անգամ, թէ արիութիւնն ի՛նչ է: Դու իրաւունք չունես կրծքիդ վրայ շքանշաններ կրելու, եթէ սրտիդ մէջ հայրենիքդ չէ…»:
Ու տիկին Ռայան երգում է. նրա երգը մերթ կորցրած սիրոյ մասին է, մերթ հայրենի լեռների, մերթ էլ այն գալիքի, որին ինքն է հաւատում…
«Ապառաժ»