ԷՄՐԷ ՃԱՆ ՏԱՂԼԸՕՂԼՈՒ
Հարիւրապետ Սարգիս Թորոսեանի յուշերը 2012 թ. հրապարակուելուց յետոյ Թուրքիայի հասարակագէտների շրջանում կարեւոր քննարկում ծաւալուեց առ այն, թէ այս յուշերը համապատասխանո՞ւմ են իրականութեանը, թէ՞ ոչ: Այս քննարկման որին մասնակցեցին բազմաթիւ պատմաբաններ, եւ որ դարձաւ բազմաթիւ թերթերի գլխագիր, վերջին ներդրումը եղաւ Պոլսի Պիլկի համալսարանի հրատարակութեան կողմից լոյս ընծայած «Պատմութիւն, կենսագրութիւն եւ իրականութիւն. հարիւրապետ Թորոսեանի մասին քննարկումն ու պատմագրութիւնը Թուրքիայում» գիրքը: Պիւլենթ Սոմայի կազմած գրքում տեղ են գտել ինչպէս Թաներ Աքչամի, Սուաւի Այտընի, Օհաննէս Քըլըճտաղի եւ Քահրաման Շաքուլի, այնպէս էլ Թորոսեանի յուշերը հրատարակած փրոֆ. Այհան Աքթարի 2 յօդուածները: Այհան Աքթարի հետ զրուցեցինք այն մասին, ինչը քննարկումներից դուրս էր մնացել:
Պատմաբաններին, ովքեր իրենց գտան Թորոսեանի մասին քննարկման հակառակ ճամբարում, գրքում որակում էք որպէս «ալաթուրքա» պատմաբաններ: Ի՞նչ ասել է «ալաթուրքա» պատմաբան:
«Ալաթուրքա» բաները դժուար են օտար լեզուով թարգմանելը: Մեզ բնորոշ է: Ինչպէս չէք կարող թարգմանել, օրինակ, «cemre düştü» (փետրուարի վերջին` մարտի սկզբին, օդում, ջրում եւ հողում ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` «Ակունք»-ի խմբ.)», կամ` «hayali ihracat» (կեղծ արտահանում, «Ակունք»-ի խմբ.) արտայայտութիւնները: Որպէսզի շեշտեմ, որ Թորոսեանի մասին քննարկումը «ալաթուրքա» յատկութիւն ունի, մի օրինակ բերեմ: Օրինակ` ասենք Չանաքքալէում (Կալիփոլի – Ա.) անգլիական բանակում կռուած մէկի թոռը իր պապի յուշերն է գտել եւ հրապարակել: Բացի այդ, ընդունենք, թէ յուշերում անգլիացիների պատմագրութեանը հակառակ որոշ բաներ կան: Նման իրավիճակում անգլիացիները արխիւ կը գնան: Թէ ո՛ր գումարտակը, ո՞ր թուականին որտեղ էր, սպաների անունները, պաշտօնական պատերազմական օրագրերում ինչեր էին գրուած, բոլորն արխիւում կը գտնէք: Այսպիսով, յուշերում գրուած ամէն ինչ արխիւում կը քննէք, սակայն Թորոսեանի մասին քննարկման դէպքում այդպէս չեղաւ: Գրում են, թէ Թորոսեանը Կալիփոլիում Էրթուղրուլ եւ Ռումելիի Համիտիէի պաշտպանութեան համար է կռուել, ոմանք ասում են, թէ սա «յօրինուածք» է, սակայն Պաշտպանական շրջանի հրամանատարութեան փաստաթղթերը կամ սպաների ցուցակը մեզ անհասանելի են:
Ռազմական արխիւները փակ են: Լա՛ւ, այդ սպան գոյութիւն ունեցե՞լ է: Սպաների անձնական թղթապանակներն էլ են փակ: Լա՛ւ, 1914 թ. հրետաձիգների դպրոցի շրջանաւարտների մէջ Թորոսեան կա՞յ: Շրջանաւարտների թղթապանակն էլ է փակ: Ամբողջովին «ալաթուրքա» մի իրավիճակ: Ահա այդ պատճառով էլ քննարկումը որակում եմ «ալաթուրքա»: Մի այլ «ալաթուրքա» իրավիճակ էլ հետեւեալն է. այս յուշերի մասին 34 յօդուած, 200 էջանոց յուշերի վերաբերեալ 382 էջ «ժխտողական» գիրք գրողները մի նախադասութիւն չեն կարողացել գրել, թէ` «Ա՛յ մարդ, դէ բացէ՜ք այդ արխիւները»: Ահա այս գործելաոճն էլ նրանց «ալաթուրքա» է դարձնում:
ՀԱՐՑՈՒՄ.-Ի՞նչ էք կարծում, ինչո՞ւ մի հայի յուշերը նման քննարկման եւ ուսումնասիրութեան տեղիք տուեցին, երբ ոեւէ թուրք սպայի յուշեր նման մանրակրկիտ ձեւով չեն քննում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մի հայ ընթերցող ինձ հարցրեց. «Տեսնես` եթէ հարիւրապետի անունը Սարգիս Թորոսեան չլինէր, այլ Սուլէյման Թորոսօղլու լինէր, ոմանք նման ջանքեր կը գործադրէի՞ն ցոյց տալու համար, որ նա գոյութիւն չի ունեցել»: Իրաւացի հարցադրում է: Մեր ռազմական պատմութիւնը թուրքացուել է նախ քեմալականների կողմից: Երբեմնի «Օսմանեան արքայական բանակը» նախ «թուրքական բանակ» դարձաւ: Կարծես թէ մարտնչողները բոլորը թուրք էին: Սակայն ճշմարտութիւնը դա չէ: Կալիփոլիում Մուսթաֆա Քեմալի 19-րդ զօրամասը յիշատակւում էր որպէս «Հալէպի զօրամասը», քանի որ երկու գունդը Հալէպի վիլայեթից հաւաքագրած արաբ զինուորներից էր բաղկացած: Արաբ զինուորների մեծ մասը թուրքերէն չգիտէր: Քանի որ արձակուած հրամանների մեծ մասը չէին հասկացել, խուճապի մատնուելով` սպաննուել էին:
Ըստ մեր պաշտօնական պատմագրութեան, բանակում եղած իւրաքանչիւրը թուրք է: Թորոսեանի յուշերը նախ ջարդեցին այս կարծրատիպը, սակայն մէկ ուրիշի համար էլ շահեկան եղան. 1990-ական թթ. սկսած իսլամամէտ քաղաքապետարանների կազմակերպած Կալիփոլիի շրջապտոյտների ժամանակ պատերազմի մասին պատմութիւնները իսլամական երանգ էին ստանում: Շրջապտոյտների ժամանակ պատմում էին Պաթթալ Ղազիի մասին դիւցազնավէպի պէս առասպելներ: Գլխաւոր սպայակոյտը անհանգստացած էր: Կալիփոլիի պատերազմական շրջանում կազմակերպուող շրջագայութիւնները առաջնորդողներին սկսեց կրթել: Այսինքն պահանջեցին, որ այդ առասպելները չպատմեն: Յետոյ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան կազմակերպութիւններն էլ Կալիփոլիում սկսեցին «մեր նահատակների ճաշացանկով իֆթար (Ռամատանի ժամանակ երեկոյեան էզանից յետոյ պահքից դուրս գալու ընթրիք)» կազմակերպել:
Կարծես թէ Կալիփոլիում կռուողները խաչակիրների բանակի դէմ մարտնչող իսլամական բանակ էր: Որպէսզի 12-րդ դարում խաչակիրների բանակի դէմ մարտնչած Սալահէտտին Էյուպի տեղը Լիման վան Սանտերսը չզբաղեցնի, սկսեցին մեր դաշնակից գերմանացիներից էլ շատ չխօսել: Բնականաբար չթլփատուած քրիստոնեայ գերմանացին իսլամական բանակի հրամանատար չի լինի… Օսմանեան բանակի ոչ մուսուլմանների կամ էլ գերմանացիների գոյութիւնը եւս վնասում էր պատերազմի ժիհատական երանգը: Կարճ ասած` Թորոսեանի յուշերը մեր երկրի պատմութեան վերաբերեալ շարունակուող գաղափարական պայքարի կենտրոնում յայտնուեցին: Հետաքրքիր է, որ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ դասական պատմագրութիւնն էլ ասում է` 1915 թ. զօրակոչուած բոլոր հայերը մահապատժի են ենթարկուել: Թէեւ այս իրավիճակը բնորոշ է եղել արեւելեան ռազմաճակատի որոշ գումարտակների համար, սակայն չի կարելի ընդհանրացնել: 2015 թ. հրատարակուած երզնկացի կրտսեր տեղակալ Գալուստ Սիւրմենեանի յուշերից եւս պարզ է դառնում, որ բոլորին մահապատժի չեն ենթարկել: Սիւրմենեանն ասում է. «Մեր ռազմական համազգեստի շնորհիւ մեր ընտանիքին կարողացանք տեղահանութիւնից փրկել»: Հետեւաբար, նախ Թորոսեանի, յետոյ էլ Սիւրմենեանի յուշերը տարբեր կարծրատիպեր ջարդեցին:
Հ.- Ի՞նչ էք կարծում, այս գրքով սկսուած քննարկումը ձեռնտո՞ւ է:
Պ.- Այս քննարկման ժամանակ «ալաթուրքա» պատմաբանները պնդեցին, թէ Թորոսեանի գրածները «յօրինուածք» են, Չանաքքալէում (Կալիփոլի), Ռումինիայում, Իրաքում եւ Պաղեստինում չի գտնուել: Ասացին, թէ գիրքը վաճառելու, հարստանալու համար են այս պատմութիւնները յօրինուել: Բնականաբար Գլխաւոր սպայակոյտն էլ յետ չմնաց` պաշտօնապէս յայտարարելով, թէ` Կալիփոլիում Թորոսեան ազգանուամբ մէկը չի եղել» աջակցեց «ալաթուրքա» պատմաբաններին: «Հիւրրիյեթ» թերթը յայտարարութիւնը գլխագիր դարձրեց, սակայն մենք էլ գտանք Ֆիլատելֆիայում բնակուող Թորոսեանի թոռնուհուն` Լուիզ Շրայպերին: Թաներ Աքչամն անձամբ է նրա հետ հանդիպել: Թոռնուհու տուած փաստաթղթերից պարզ դարձաւ, որ ներկարարութեամբ իր ապրուստը վաստակած պանդուխտ Թորոսեանը իր գիրքը հրապարակելու համար 1650 տոլար է վճարել հրատարակչութեանը: Այսպիսով, պնդումները, թէ «հարստանալու համար է իր յուշերը գրի առել», աղբամանը նետուեցին: Մինչդեռ Թորոսեանի կսկիծը իր սպաննուած ընտանիքի պատմութիւնն ու իր ցաւը պատմելն էր: Թորոսեանի քննարկումը ի ցոյց դրեց մեր պատմագրութեան ողջ թերութիւնները: Սակայն մինչեւ Թորոսեանի յուշերի հրատարակուելը օսմանեան բանակում կռուող ոչ մուսուլման զինուորներից ընդհանրապէս խօսք չէր գնում: Երիտասարդ պատմաբանների համար մի նոր ասպարէզ բացուեց:
Հ.- Ինչպիսի՞ թերութիւններից էք խօսում:
Պ.- Նախ եւ առաջ խօսում եմ կարեկցանքի բացակայութիւնից: 1915 թ. տեղի ունեցած ողբերգութիւնը չկարողացան հասկանալ, խնդիրն ամբողջովին հանել են ցեղասպանութեան ուղեծրից: Մտացածին ուժերն անգամ բաւարար չէին կատարուածը հասկանալու համար: Բացի այդ` կարծեցին, թէ փաստաթղթերն իրար կողքի դնելով` պատմութիւն է դառնում: Մինչդեռ հարկաւոր է, որ պատմաբանը փաստաթղթերը քննի իրար հետ ունեցած կապով, այդ շրջանակում: Պարզուեց, որ ամենակիրթ պատմաբանների մօտ անգամ նկատւում է փաստաթղթի նկատմամբ կուռքի նման պաշտամունք:
Հ.- Թորոսեանի մասին քննարկման մէջ ձեր դէմ կային պատմաբաններ, որոնց անունները դժուար է կապել պաշտօնական պատմագրութեան կամ էլ ազգայնականութեան հետ: Սրա մասին ի՞նչ կարծիք ունէք:
Պ.- Նախկինում, երբ մեր դէմ ազգայնական պատմաբաններ կային, գործն աւելի հեշտ էր: Պաշտօնական թեզը պաշտպանում էին Եուսուֆ Հալաճօղլուի նման այնպիսի ազգայնական պատմաբաններ, ովքեր լեզու չգիտէին, եւ չգիտէին, թէ համաշխարհային պատմութիւնը որտեղ է կանգնում: Այժմ քննարկումն աւելի տարբեր է: Նախկինում շատ կարեւոր էր ցեղասպանութիւն բառն ասել կամ չասելը: Այժմ «ալաթուրքա» ցեղասպանութիւն են ասում, սակայն ի՞նչ է լինում: Անմիտ պնդումներով, «մտացածին հայ» կամ «կեղծ փաստաթուղթ» արտայայտութիւններով «ժխտողական» հատուածի ջրաղացին ջուր են լցնում: Երբեմնի «երկընտրանք» եղողները պետական ծառայութեան են անցել: Մի՛ մոռացէք` պատմաբաններն էլ են վատ ճամբայ բռնում: Նախկինում մեր դէմ Հալաճօղլուի ազգայնական խմբակն էր: Այժմ ռազմաճակատն ընդլայնուել է: Ի միջի այլոց, շնորհաւորում եմ «Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան» կառավարութեանը: Եուսուֆ Հալաճօղլուից կարողացան անցնել Միացեալ Նահանգների Եութա համալսարանի փրոֆ. Հաքան Եաւուզին: Հիմա պետութեան պատմաբան քատրերն աւելի ուժեղ են: Փոխանցուած «ալաթուրքա» պատմաբանները պալատական ընթրիքներին ու պետական այրերի իֆթարներին են մասնակցում: Թուրքիայում վերջին 10 տարուայ ընթացքում տեղի ունեցած փոփոխութիւնները պատճառ դարձան, որ ոմանց աստղերը մարեն կամ ցած ընկնեն:
Հ.- Այս դիրքորոշումը Ցեղասպանութեան ժխտողների հետ կապելը հե՞շտ է:
Պ.- Վերջին տարիներին փոխուել է ժխտողականութեան յատկանիշը: Նախկինում նրանք, ովքեր ասում էին` «հայերը ապստամբել են», բնականաբար պնդում էին, թէ` «հայերը կեղծ փաստաթղթերով են պատմութիւն գրում»: Այժմ ամէն ինչ աւելի խառն է: Այս քննարկման մէջ «ալաթուրքա» պատմաբանները, ովքեր ասում են, թէ` «Էնվեր փաշայից Թորոսեանի ստացած նամակը կեղծ է», «ըստ էութեան, Թորոսեանը Չանաքքալէում (Կալիփոլիում – Ա.) չկար», «մտացածին հայ», առաջ են քաշել այնպիսի թեզեր, որոնք կարելի է ժխտողական թեզերի հետ կողք-կողքի դնել: Բացի այդ` այս քննարկման մէջ լուրջ չեմ կարողանում ընդունել նաեւ արտայայտութիւնները, թէ` «մենք արհեստավարժ պատմաբաններ ենք, գրում ենք այն, ինչ տեսնում ենք», որովհետեւ առանց արխիւ, գրադարան գնալու Կուկըլում փնտռելով 3 ամսում «ժխտող» գիրք գրած մէկի պատմաբան լինելն էլ է կասկածելի: Այժմ արդէն պարզ է, թէ ի՛նչ հաշիւ է: Թորոսեանի քննարկումը «ալաթուրքա» պատմաբանների` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան նաւահանգիստ խարիսխ նետելու արկածախնդրութիւնում մի կանգառ է: «Նազըմ Հիքմեթը կնոջ թշնամի է» օդ շպրտած նախադասութեամբ սկսուած «1977 թ. մայիսի 1-ին պետութիւնն ընդհանրապէս մեղաւոր չէր» շարունակուող, «Թորոսեանը մտացածին է» ոլորան մտնող եւ «Կեզիի դէպքերը յեղաշրջման փորձ էին» նախադասութիւնները միջին կանգառ են: Այս ամէնը պալատական սեղաններին հրաւիրուելու, մամուլի լողաւազանում պատմագրութիւնը մերկացնելու սննդակարգ էր: Ցաւօք, ոմանք լաւ ապագայ կերտելու համար զոհաբերեցին պատմութիւնը:
Հ.- Այս քննարկումների ժամանակ հայ ընթերցողներից ինչպիսի՞ արձագանգներ ստացաք:
Պ.- Հայ երեխաներն իրենց ընտանեկան ալպոմներում տեսնում էին իրենց պապերի զինուորական համազգեստով լուսանկարները: Ընտանիքի մեծերն էլ ասում էին, թէ պապիկը 1915 թ. ծառայել է օսմանեան բանակում, սակայն երբ երեխան տնից դուրս էր գալիս, դէմքին էին շպրտում «ապստամբած դաւաճան հայեր» արտայայտութիւնը: Իր պապի պատմութիւնը ոչ մէկին չէր կարողանում պատմել: Այլեւս ընտանիքի ներսում մնացած պատմութիւնը կարող են հասարակայնացնել, ես սա շատ եմ կարեւորում:
«Ոչ Մի Յուշագիր Միակ Աղբիւր
Չի Կարող Համարուել»
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ էք կարծում, այս քննարկումների արդիւնքում պատմութեամբ զբաղուող ուսանողը Թորոսեանի յուշերը կարո՞ղ է հիմնական աղբիւր ընդունել:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ո՛չ Թորոսեանի յուշերը, ո՛չ էլ ոեւէ յուշագիր միակ աղբիւր չի կարող համարուել, սակայն քանի որ Թուրքիայում ռազմական արխիւները փակ են, գնալով աւելի շատ ենք ստիպուած լինում դիմել յուշերին: Սա չի նշանակում, թէ ռազմական արխիւներում իւրաքանչիւր փաստաթուղթ արտացոլում է ճշմարտութիւնը: Պատմաբանը պէտք է իմանայ կարեկցել: Մի կողմից կարդա պաշտօնական պատմագրութիւնն ու արխիւային փաստաթղթերը, միւս կողմից էլ նայի թեմայի վերաբերեալ յուշերին: Միայն պետութեան փաստաթղթերը կամ էլ յուշերը մեզ չեն կարող որեւէ բան գրել տալ: Խելացի պատմաբանը երկուսը հաւասար է օգտագործում: Չմոռանանք, որ իւրաքանչիւր հեղինակ իր յուշերում վերակառուցում է իր կեանքը: Որոշ դէպքեր չափազանցեցնում է, որոշ բաներից ընդհանրապէս չի խօսում: Թորոսեանի յուշերը եւս ցաւ ու տառապանք արտացոլող գրութիւններ են: Ղեկավարի աստիճանի բարձրանալ ձգտող, ռազմական համազգեստով Կեսարիա գնալ եւ մի փոքր ցրուել ցանկացող, իր պետութեանը հաւատարիմ սպան սեփական պետութեանը դաւաճանում է: Ընտանիքին կոտորում են, եւ Թորոսեանն էլ երդւում է վրէժ լուծել: Սա մի ողբերգութիւն է: Պէտք է, որ պատմաբանները հասկանային այս ողբերգութիւնը, սակայն չցանկացան հասկանալ:
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»