ՀԱՅԿ ԱՍԱՏՐԵԱՆ
Հայ ազգային – իմաստասիրական դպրոցի հիմնադիրներէն եւ ՀՅԴ գործիչ եւ Գարեգին Նժդեհի սերտ գործակից Հայկ Ասատրեանի (1900-1956) «Հայաստան – արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» արժէքաւոր աշխատութենէն (Սոֆիա, 1942) առնուած այս հատուածը հարազատօրէն կը ներկայացնէ իսլամութեան դիմակին ներքեւ իր քաղաքական հաշիւները որոճացող թուրքը: Իրողապէս կապ չունենալով իսլամ վարդապետութեան հետ` թուրքերը դարերու ընթացքին միշտ ալ յաջողած են չարաշահել իսլամութիւնը:
Լրջօրէն չի դրուել այն հարցը, թէ թուրքը բարոյական ի՛նչ արժէքներ է տուել իսլամին կամ ի՞նչ ազդեցութիւն ունի նրա վրայ եւ որպիսի՞ զգացումներով է կապուած նրան: Կեղծելում ճարպիկ` հարկ եղած դէպքում նա ցուցադրում է մոլեկրօնութիւն, բայց իրապէս անհաւատ է, զուրկ` կրօնական էակ դառնալու որեւէ ընդունակութիւնից: Ուրիշների կրօնական սրբութիւնները պղծելով միայն նա կարողանում է համակուել մոլեռանդութեան մի հոգեվիճակով, որ ստանում է մի տեսակ բացասական կրօնականութեան, այսինքն` կրօնապղծութեան ձեւ: Դա մահմետական է դառնում, որպէսզի օգտուելով իսլամութեան ուժերից` ոչնչացնէ աւելի խորքը, աւելի յաւիտենակեդրոն մի կրօն` քրիստոնէութիւնը:
Իբրեւ մահմետական` նա աւելի քրիստոնեաների կրօնին, աստծուն, խաչին, աւետարանին, սրբերին է հայհոյում, քան իր իբր թէ դաւանած ալլահին, մարգարէին աղօթում:
Արաբներն ու պարսիկները իսլամական ճարտարապետութեան, արուեստի հետ` զարգացրել են հոգեւոր որոշ արժէքներ, կրօնա-բարոյական ըմբռնումներ, անգամ մի տեսակ բարեպաշտութիւն: Թուրքը մահմետականութիւնից օգտուել է միայն քաղաքական հաշիւներով, քրիստոնեաների եկեղեցիները վերածել է մզկիթների կամ այդպիսիներ շինել է տուել նրանցից կողոպտած դրամներով, նրանց կործանուած տաճարների քարերով, նրանց վարպետների ձեռքով:
Նա թութակի նման կրկնել է մի քանի արաբերէն, պարսկերէն խօսքեր, բացարձակապէս անհաղորդ է մնացել կրօնական ճշմարիտ ապրումի, որով` չի ունեցել մշակութային կեանքի ներհոգեւոր զարգացում, իսկ եթէ երբեմն նպաստել է իսլամութեան տարածումին, ապա դա կատարել է բացառապէս սրով: Այս դէպքում էլ դա աւելի ուրիշ կրօնների պատկանող ժողովուրդներ է ջարդել, քան թէ արաբների նախընթացով` հաւատակիցներ շահել:
Արաբները զէնքի իրենց յաջողութիւնները պսակում էին կրօնական յաղթանակով, այսինքն քաջութիւնը ծառայեցնում էին վերացատիպ մի սկզբունքի: Թուրքը զուրկ է նման սկզբունքներից, որով եւ` քաջութեան իսկական խանդից: Նա չունի հոգեկան վերացումի ընդունակութիւն, ոչ էլ կրօնական պաշտանքի եւ սրբութեան զգացում: Նա անատակ է կրօնական խորք դնել իր մտածումի մէջ, ուստի եւ` ծնունդ տալ բարոյագէտների: Այս կէտը հաստատում է, որ Նա չունի նաեւ զինուորական ճշմարիտ ոգի, որովհետեւ սա ենթադրում է տեսլապաշտութիւն, առանց որի ինչպէս բարոյագէտներ չեն կարող դիմագծուել, այդպէս էլ ռազմավարներ, զինուորական հանճարներ:
Թելադրուած քաղաքական հաշիւներից եւրոպացի որոշ դիւանագէտներ, հոգով աղքատ պատմագէտներ տուրք են տուել մակերեսային դիտողութիւնների եւ հանել այն եզրակացութիւնը, թէ իբր մարտիկ` թուրքն «ասպետ» է, իբրեւ մահմետական` «մոլեռանդ»: Նրանք չեն ուզեցել հասկանալ, որ ամէն ձի հեծնող ձիաւոր չէ, ոչ էլ եկեղեցի կամ մզկիթ մտնող ամէն մարդ` հաւատացեալ: Թուրքը յաճախ արդիւնաւոր ճակատամարտներ է մղել, յաղթանակներ շահել, բայց չի ծնել հերոսներ. նա դաւանել է իսլամութիւն բայց նրա մէջ չի դրել կրօնական խանդ ու խորք, այլ միայն` յետադիմութեան, մշակութակործանումի, կողոպուտի, եղեռնաբաղձութեան ոգի:
Օսմանեան պետութեան կազմաւորման պատմութիւնն ինքնին գալիս է հաստատելու, որ թուրքն երբեք չի եղել իսլամութեան հոգեւոր տէրը, նրա ճշմարիտ դրօշակիրը, ոչ էլ քրիստոնեաների ուղղակի յաղթականը, այլ` առաջինի բարոյական թերիներից, վերջինների մարդկային տկարութիւններից օգտուող մի մակաբոյծ: Թուրքերը Փոքր Ասիայում երեւան եկան պատմական այն շրջանին, երբ փլուզուել էր իսլամական միջնադարը եւ քայքայւում էր քրիստոնէականը: Նրանց սկզբնական յաջողութիւնը հետեւանք չէր իրանց ներքին ուժերի զարգացման, այլ` յոյն ցեղի վատասերման: Ցեղային ամէն վատասերում քաղաքական կամքի անդամալուծման հետ բերում է ազգային յոռետեսութիւն: Այս յոռետեսութիւնը, ահա, միացած յոյն իշխանների ունայնամտութեան եւ կղերական դասի ամէն չափ կորցրած ագահութեան` խախտել էին Բիւզանդական կայսրութեան թէ քրիստոնէական կրօնի հիմքերը: Հարկերի ծանր բեռի տակ ճնշուած ժողովուրդը զրկուել էր ոչ միայն դիմադրական ոգուց, այլեւ փրկութեան հնարաւոր ելքը տեսնում էր հայրենի իշխանութիւնների խորտակման եւ հաւատափոխութեան մէջ:
Վարպետ մարդկային տկարութիւնները չարաշահելու գործում` թուրքերն օգտուեցին նախ յոյն, ապա եւ սլաւ գիւղացիների հոգեկան անկումից: Կուտակուած ատելութիւնը եւ հաւատուրացութեան հոգեվիճակը սրանց դարձրեցին կատաղի, վրէժխնդիր մարտիկներ, որոնց քաջութեան թէ կազմակերպական ընդունակութեան շնորհիւ` թուրք անտաղանդ ժողովրդի դրօշի տակ ստեղծուեց զինուորական հուժկու մի պետութիւն:
Իսլամական աշխարհը, յանձին Արաբիայի թէ Պարսկաստանի, բացարձակապէս անմասն մնաց այս շարժումին, որով սկզբից իսկ օսմանեան նուաճումները չունեցան կրօնական շարժառիթ կամ դրոշմ: Ընդհակառակն, Պալքաններում շահած յաղթանակներից մի դար ետք օսմանացիք նոյն քրիստոնէածին իրենց զօրականներով եւ բանակներով յարձակուեցին Արաբիայի եւ Պարսկաստանի վրայ: Ոչ թէ կրօնական, այլ քաղաքական հմայքի նկատումներով նրանք խլեցին խալիֆութիւնը: Իր բնոյթով դա այնպիսի մի քայլ էր, ինչպիսին եղել էր Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի վերածումը մզկիթի, որով խորհրդանշական մահահարուած էր տրուել քրիստոնէութեան: Այժմ, խալիֆութեան թրքացումով, բարոյական թէ իմացական սնանկութեան էր դատապարտւում եւ իսլամութիւնը: Արաբներն երբեք չհաշտուեցին այդ նուաստացումին. նրանք շատ բան կորցրեցին իրանց պատմական արժէքներից թէ ստեղծագործական կարողութիւնից, բայց հոգեպէս չնուաճուեցին: Քաղաքականապէս էլ նրանք մնացին տեւական անհնազանդներ, ապստամբներ:
Բայց աւելի մեծ, գրեթէ, ճակատագրական եղաւ շիիթական Պարսկաստանի ընդդիմութիւնը: Որպէս Թուրանի հին թշնամին` արիական Իրանը թուրքերի դէմ մղեց երկարատեւ, արիւնահեղ պատերազմներ եւ անուղղակիօրէն հանդիսացաւ մէկը գլխաւոր այն գօրծոններից, որոնք փրկեցին Եւրոպայի մշակոյթը կործանումից: Պատմական ամբողջ անցեալում Թուրքիան երբեք չկարողացաւ ստեղծել կամ վարել համիսլամական ինչ-որ շարժում: Այդ բոլորով հանդերձ, նա յաջողեց երկար ժամանակ չարաշահել իսլամութեան անունը: