ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ
Զուիցերիահայ յօրինող Հայկ Վարդանի ստեղծագործութիւնները փետրուարի 22-ին առաջին անգամ հնչեցին Փրակայի Սուրբ Սիմոնի եւ Յուդայի եկեղեցում` Զլինի Պոհուսլաւ Մարթինուի ֆիլհարմոնիք նուագախմբի եւ խմբավար Տաւիտ Շուեցի ղեկավարութեամբ: Կատարուեցին նուագախմբի համար Էպիտաֆը, Երկրորդ սիմֆոնիան ջութակի, թաւջութակի եւ նուագախմբի համար եւ Հայոց ցեղասպանութեանը նուիրուած «Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ը:
Վերջին երկու ստեղծագործութիւնները կատարւում էին առաջին անգամ: Հանդիսաւոր երեկոն ողջոյնի խօսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին եւ Թուրքիայի կողմից շարունակուող մերժողական քաղաքականութեանը: Հայաստանի դեսպանը համառօտ ներկայացրեց Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը եւ մասնաւորապէս նշեց. «Հայոց ցեղասպանութեան դառը դասերը համամարդկային պատմութեան եւ յիշողութեան մէջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Ողջակիզումի, յոյների եւ ասորիների, Ռուանտայի ու Տարֆուրի ցեղասպանութիւնների, Նանճինկի սպանդի եւ այլ ողբերգութիւնների սարսափները: Ցաւալի է, որ ցեղասպանութեան ժխտողականութիւնն ու ուրացումը դեռեւս տեղ ունեն ժամանակակից աշխարհում:
Քաղաքական նպատակայարմարութիւնն ու տնտեսական շահը յաճախ գերակշռում են միջազգային քաղաքականութեան մէջ: Իսկ ժխտողականութիւնն ու ուրացումն անխուսափելիօրէն բերում են նոր բռնութիւններ եւ յանցագործութիւններ, ինչպիսին է, օրինակ, «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման` մարդկութեանը յայտարարուած պատերազմը:
Խմբավար Տաւիտ Շուեցը, ով նաեւ Ազգային թատրոնի նուագախմբի խմբավարներից է, հիացած էր նուագախմբի կատարած աշխատանքով եւ մեզ հետ զրոյցում փաստեց, որ լաւ կը լինի եւս մի քանի անգամ ներկայացնել Հայկ Վարդանի գործերը: Նրան յատկապէս ոգեւորել էր 2-րդ սիմֆոնիան` իր հզօրութեամբ եւ խորութեամբ:
Յօրինող Հայկ Վարդանը, ով նոյնպէս ներկայ էր համերգին, գոհունակութեամբ արտայայտուեց երաժիշտների կատարած աշխատանքի մասին: Զարմացած եմ, որ այդքան կարճ ժամանակահատուածում նուագախումբը կարողացաւ կատարել իմ գործերը:
Առաջին կատարման համար հիանալի էր», ասաց նա:
«Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ում յօրինողը ձգտել է ցոյց տալ կորստի ողբերգութիւնը` անձնականից մինչեւ համընդհանուր եւ նրա համար ներշնչանքի աղբիւր է հանդիսացել Ճէյմ Ճոյսի «Ուլիսի» ընթերցումը, ուր նաեւ մեկնաբանութիւններ են եղել Օսկար Ուայլտի Requiescat բանաստեղծութեան մասին:
Հանդիսատեսը ջերմօրէն ողջունեց հայ յօրինողի ստեղծագործութիւնների կատարումը` գնահատելով ոչ միայն նուագախմբի, այլեւ երաժիշտ-մենակատարներ ջութակահար Մարիօ Սերեաքովի, թաւջութակահար Սթեֆան Թիթկենի, սոփրանօ Եանա Սիպերիայի եւ պարիթոն Եիրժի Պրուքների կատարումները: Ի դէպ, խմբավարը մեզ տեղեակ պահեց, որ «Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ը կատարուելու է նաեւ ապրիլի 12-ին Վենետիկի Ազգային օփերային թատրոնում, իսկ 2-րդ սիմֆոնիան սեպտեմբերին կը կատարուի Լինցում:
Յիշեցնենք, որ դեռեւս 1994 թուականին Վենետիկում ներկայացուած Հայկ Վարդանի «Պրոմեթեւս 12» օփերան 1995-ին արժանացել էր ԵՈՒՆԵՍՔՕ-ի մրցանակին:
«ՕՐԵՐ» եւրոպական ամսագիր
Փրակա