«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՒՄ ԵՄ ՀԻԱՆԱԼԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ» ԱՍՈՒՄ Է ՊՐԱԶԻԼՑԻ ՅԱՅՏՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ

Պրազիլցի դաշնակահարուհի Մարիայ Ժոզէ Քարրասքերիան բացառիկ հմայք ու ջերմութիւն ունի: Արդէն երկրորդ անգամ է Հայաստանում: Ասում է` առաջին անգամ 2007-ին, Հայաստան եկաւ: Այդ ժամանակ մենահամերգներ ունեցաւ հանրապետութեան 3 մեծ քաղաքներում` Երեւանում, Վանաձորում եւ Գիւմրիում: Ընդ որում, նրա մենահամերգները բացառապէս յագեցած էին պրազիլական երաժշտութեամբ, ինչը փոքր-ինչ անծանօթ, բայց եւ հարազատ է անգամ հայերիս համար: Քարրասքերիան արժանացել է Պրազիլիում դասական երաժշտութեան ոլորտի 3 կարեւոր մրցանակներին` Գործիքային մենակատարի, Տարուան լաւագոյն մենակատարի եւ Լաւագոյն դասական ձայնասկաւառակ թողարկելու մրցանակներին: Որպէս սենեկային երաժիշտ` մեծամասամբ հանդէս է եկել ոչ միայն Պրազիլում, Լատինական Ամերիկայում, Միացեալ Նահանգներում, այլեւ եւրոպական մի շարք երկրներում` Ֆրանսայում, Զուիցերիայում, Իտալիայում, Փորթուգալում, Անգլիայում, Նորվեկիայում, Ֆինլանտիայում, Շուէտում, Գերմանիայում:

ՀԱՐՑՈՒՄ.- Այնուամենայնիւ, ի՞նչ առանձնայատկութիւններ ունի պրազիլական երաժշտութիւնը: Պրազիլական երաժշտութեան մէջ, կարծես, ափրիկեան երաժշտութեան կշռոյթները բաւական ընդգծուն են:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Պրազիլական երաժտութիւնը տարբեր ազգերի մշակոյթների խառնուրդ է: Այն աւելի քան 500 տարուան պատմութիւն ունի, որն սկսեց այն ժամանակից, երբ փորթուգալցիները մուտք գործեցին Պրազիլ: Պրազիլական երաժշտութիւնը կշռոյթների իմաստով ունի 3 հոսանք` բնիկ հնդիկների, Պրազիլում հաստատուած եւրոպական ժողովուրդների, հիմնականում` փորթուգալցիների, եւ ափրիկեան ժողովուրդների: Նրանցից իւրաքանչիւրը ստեղծագործեց  երաժշտութեան առանձին ուղղուածութեամբ: Հետեւաբար պրազիլական երաժշտութիւնը վերոնշեալ  3 բնորոշ հոսանքների համախմբումն է, որը միաձուլուելով, ձեւաւորուելով` իր համապարփակ տեսքը  ստացաւ 1800-ական թուականին, ինչն էլ  մենք անուանում ենք պրազիլական երաժշտութիւն: Այն առանձնանում է կշռոյթների եւ մեղեդայնութեան շնորհիւ: Եւ  մեղեդայնութեան ու ռիթմերի միաձուլումից ծնւում է պրազիլական երաժշտութիւնը: Մենք` պրազիլցիներս, հրաշալի երգեր ունենք: Ի դէպ, մենք դեռ մանկութիւնից շատ ենք սիրում երգել եւ, ի հարկէ, պարել պրազիլական  յայտնի սինտանտաները (խմբակային պարեր են,- Մ.Մ.):

Հ.- Բայց այսօր աշխարհում լուրջ խնդիր է փոփ եւ դասական երաժշտութեան միջեւ պայքարը: Փոփ երաժշտութիւնը, կարծես, աւելի մեծ իշխանութիւն ունի: Ինչո՞ւ:

Պ.- Պրազիլում պակաս զարգացում չունի նաեւ դասական երաժշտութիւնը, սակայն փոփ երաժշտութիւնն աւելի լայն զանգուածայնութիւն ունի, քանի որ այն աւելի շատ է հնչում հեռուստատեսութեամբ եւ ձայնասփիւռով: Սա, ինչ խօսք, հասկանալի է, քանի որ փոփ երաժշտութիւնն աւելի դիւրին, մատչելի է, եւ մարդիկ հեշտութեամբ կարող են դրանք կրկնել: Իսկ դասական երաժշտութիւն լսելու համար մարդ պէտք է պատրաստուած լինի ընկալելու: Շատ յաճախ մարդիկ ունկնդրում են, բայց չեն լսում, չեն ընկալում այն: Չնայած այս հանգամանքին`  ուրախութեամբ պէտք  է նկատեմ, որ դասական երաժշտութիւնը եւս զարգանում է: Դասական երաժշտութիւնը հոգեւոր սնունդ է մարդկանց համար:

Հ.- Նաեւ բժշկող, , այո՞:

Հ.- Լաւ երաժշտութիւնը նախեւառաջ օգտակար է մարդու հոգուն, սրտին: Երբ մարդ յոգնած գնում է դասական երաժշտութեան համերգին, վայրկեաններ անց նրա յոգնածութիւնն անհետանում է: Ընդհանրապէս, երաժշտական աքուսթիք գործիքները գերազանց ազդեցութիւն ունեն մարդու օրկանիզմի վրայ: Դրանք երբեւէ չեն վնասում մարդու նեարդային համակարգը, աւելին, օգնում են հոգեկան հաւասարակշռութեան հասնելու համար:

Հ.- Ծանօ՞թ էք  հայկական դասական երաժշտութեանը :

Պ.- Ի հարկէ, հայաստանեան համերգի ժամանակ առաջին անգամ  կատարեցի Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւններից: Նրա երաժշտութիւնը բաւական մեղեդային է: Նման երաժշտութեան ժամանակ մարդիկ, ասես, միաւորւում , համախմբւում են:

Հ.- Եւ երաժշտութիւնը դառնում է առանց սահմանների՞:

Պ.- Ես աւելի քան վստահ եմ դրանում: Երաժշտութիւնը միջազգայն լեզու է, որն ինքնին խօսուն եւ հասկանալի է:

Հ.- Ինչո՞ւ ընտրեցիք դաշնամուրը, եւ ոչ ասենք, ջութակը կամ սրինգը:

Պ.- Հայրս  եւ եղբայրս սրնգահարներ են, սակայն ես նախնտրեցի դաշնամուրը, քանի որ նախ ցանկանում էի երաժշտական այլ գործիքի տիրապետել, եւ երկրորդ` սիրում էի դաշնամուրը: Նրանք, ի դէպ, խրախուսեցին իմ ընտրութիւնը, քանի որ սկսեցինք միասին նուագել: Դաշնամուրի միջոցով ես հնարաւորութիւն ունեցայ ձեռք բերել բազմաթիւ ընկերներ եւ ճանապարհորդել ամբողջ աշխարհում: Այսօր ես հպարտութեամբ կարող եմ նշել, որ աշխարհի մի շարք երկրներում ունեմ հրաշալի երաժիշտ ընկերներ: Ցանկացած երկրում համերգներ ունենալիս` ես նուագում եմ տուեալ երկրի երաժշտութիւնը, եւ ի հարկէ` պրազիլական երաժշտութիւնը: Դա հաղորդակցութեան գերազանց տարբերակ է, եւ որոշ իմաստով նաեւ` առաքելութիւն: Իսկ ցանկացած առաքելութիւն պէտք է սիրով արուի: Ես հիանալի տպաւորութիւններով եմ մեկնում Հայաստանից` յուսալով, որ մօտ ապագայում կրկին կը հիւրընկալեմ այստեղ:

Հ.- Ուրեմն` սպասե՞նք..

Պ.- Շնորհակալ եմ: (Ժպտում է,- Մ.Մ., այնուհետ կանգնում եւ ձեռքս սեղմում)…

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES