Յուշերը Ոչ Թէ Երեւակայական Են, Այլ` Իրական. Թորոսեանի Ընտանիքը Խախտեց Լռութիւնը…

Թաներ Աքչամին հարցազրոյց տուած Թորոսեանի թոռնուհի Լուիզ Շրէյպերը, հակառակ «յուշերը երեւակայական են» ենթադրութեանը, ասում է` «Պապիս ռազմական ասպարէզը քաջապէս յայտնի է հայկական համայնքի շրջանում: Գիրքը բովանդակում է պապիս` պատերազմից մնացած յուշերը»…

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «Այհան Աքթարի հեղինակած առաջաբանով` «Իլեթիշիմ» հրատարակչատան կողմից թուրքերէնով հրատարակուած Սարգիս Թորոսեանի «Տարտանելից մինչեւ պաղեստինեան ռազմաճակատ» վերնագրով յուշերի կապակցութեամբ սկսուած բանավէճն ընթացքի մէջ է, եւ թւում է` դեռ կը շարունակուի: Գիրքը թէեւ օսմանեան բանակում կռուած մի հայ զինուորի եւ վերջինիս ընտանիքի կեանքի պատմութիւնն է ներկայացնում, սակայն այդ բոլոր քննարկումների ընթացքում երբեք օրակարգում չեն եղել այն հարցերը, թէ Սարգիս Թորոսեանի գերդաստանից ոեւէ մէկը մնացե՞լ է, թէ՞ ոչ, եւ եթէ մնացել է, ապա որտե՞ղ է հիմա: 2012 թ. նոյեմբերին Այհան Աքթարը յայտնեց, որ Թորոսեանի ընտանիքի հետքը գտել է, կապ է հաստատել նրա թոռան` Լուիզ Շրէյպերի հետ, բայց վերջինս հետագայում չի արձագանգել իրեն: Ես էլ նրան ասացի, թէ ցանկութեան դէպքում կը փորձեմ կապ ստեղծել Շրէյպերի հետ: Ընդունեց եւ Շրէյպերի հետ նամակագրութիւնն էլ ներառեալ` իր ձեռքի տակ գտնուող բոլոր տեղեկութիւններն ինձ փոխանցեց, որի համար ցանկանում եմ իմ երախտագիտութիւնը յայտնել իրեն:

Մեծ զանգուածային կոտորածներից մազապուրծ եղած մարդկանց հետ նրանց անհատական պատմութիւնների առնչութեամբ կապ հաստատելը լուրջ խնդիր է եւ խիստ նրբանկատութիւն է պահանջում: Այդ պատճառով ուղղակիօրէն Լուիզին որոնելու փոխարէն` նախընտրեցի նրա հետ կապ հաստատել այնպիսի միջնորդների միջոցով, որոնց կարող եմ վստահել: Ֆիլատելֆիայում, որտեղ բնակւում է Լուիզը, զանգահարեցի հայ բողոքական եկեղեցու հոգեւոր սպասաւոր, իմ սիրելի բարեկամ Նշան Պաքալեանին եւ հայցեցի իր աջակցութիւնը: Լուիզը 2008 թ. իր պապին պատկանած` օսմաներէնով որոշ փաստաթղթեր էր նրան տուել եւ հարցրել` արդեօք կարո՞ղ է դրանք վերծանել, թէ՞ ոչ: Դրանից յետոյ տեղի ունեցած դէպքերը շատ արագ զարգացան: Լուիզը համաձայնուեց ինձ ընդունել: Մենք հանդիպեցինք 2012 թ. դեկտեմբերի 27-ին եւ 28-ին` Ֆիլատելֆիայում: Իմ լսածներն ու տեսածներս գերազանցեցին սպասումներս: Լուիզի ձեռքում կային ոչ միայն Թորոսեանին եւ իր ընտանիքին պատկանած լուսանկարներ, այլ նաեւ` այնպիսի կարեւոր փաստաթղթեր, որոնք կարող են նոյնիսկ ողջ բանավէճի բնոյթը փոխել: Եթէ Նշան Պաքալեանը չլիներ, այս հանդիպումն անհնար կը լինէր: Ուզում եմ իմ երախտագիտութիւնը յայտնել նրան»:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Ներկայացէք խնդրեմ:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Անունս Լուիզ Շրէյպեր է: Ես հարիւրապետ Սարգիս Թորոսեանի թոռնուհին եմ: Ծնուել եմ հէնց այն տարում, երբ պապս վախճանուել է` 1954 թ. յունուարին: Պապս մահացել է նոյն թուականի օգոստոսին: Պապիս վերաբերող ամէն բանի մասին տեղեկացել եմ մօրական տատիս եւ մօրս միջոցով: Մեր տանը շատ էին խօսում պապիս մասին: Ես էլ շատ էի հետաքրքրւում, հարցեր տալիս եւ նշումներ անում նրանց պատմածներից: Ի՛նչ լաւ է, որ այդպէս եմ արել: Այն ամենն, ինչ այսօր ձեզ եմ ներկայացնելու, բաղկացած են այդ նշումներից եւ իմ յիշողութեան մէջ պահպանուածներից: Գալով փաստաթղթերին` դրանք մօրական տատիս էին պատկանում:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Ե՞րբ է ձեր պապը ծանօթացել ձեր մօրական տատի հետ:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Թուրքիայում են ծանօթացել, երբ պապս կռւում էր այնտեղ: Մօրական տատս ծագումով Ատանայից է, որտեղ ծնուել է 1906 թ.: Երբ հանդիպել է պապիս, 13 տարեկան է եղել: Թէ՛ նա եւ թէ՛ նրա մայրը առանձնապէս չեն հաւանել Սարգսին, բայց տանը հօր խօսքն օրէնք է եղել: Դրա համար էլ մօրական տատս ամուսնացել է Սարգսի հետ: Մեծ մայրս, երբ 1921 թ. հաստատուել է Ամերիկայում, 6 ամսական յղի է եղել: Երբ նա հասել է Էլիս կղզին, թերեւս պաշտօնեաների հարկադրանքով, անունը փոխել է եւ գրանցուել որպէս Վիքթորիա:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Մեզ կը ներկայացնէ՞ք այն պատմութիւնները, որ լսել էք ձեր պապի մասին:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Այդ պատմութիւններն առանձնապէս հաճելի չեն. տխուր են եւ ցաւալի: Մօրական տատս եւ մայրս ասում էին, թէ պապս Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ իր հետ տեղի ունեցած դէպքերի պատճառով տառապում էր «պոստտրաւմատիկ ստրես» կոչուած հիւանդութեամբ եւ իր բարկութիւնը տատիս վրայ էր թափում: Նրան երբեք իր անունով չէր դիմում. երբ միասին էին լինում, երբեք «կինս» չէր ասում, այլ միշտ դիմում` «Ի’նձ լսիր» ասելով: Մեծ մօրս միայն մէկ անգամ, այն էլ` հիւանդանոցում մահուան մահճում գտնուելիս է նրա իրական անունով դիմել: Երբ տատիկս պապիս մասին էր խօսում, առաւելապէս այն ճնշումների մասին էր պատմում, որոնց ենթարկուել էր նրա կողմից: Հետագայում պապս տնից հեռացել է, եւ ամէն մէկն իր ճանապարհով է գնացել: Նրանք թերեւս բաժանուել են գրքի հրատարակումից` 1947 թուականից յետոյ, որովհետեւ տատս ասում էր, որ տանը փաթեթով գրքեր կային, որոնք ընկերներին էին բաժանւում: Բաժանման յստակ թուականը չեմ կարող ստոյգ ասել:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Սակայն ես տեղեակ եմ, որ նրանք պաշտօնապէս բաժանուած չեն եղել:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.-  Արդեօք  նա խօսում էր պատերազմի՞ց: Երբ մայրս եւ մօրաքոյրս դեռ փոքր էին, պապս նրանց պատերազմի մասին պատմութիւններ է պատմել, հայերէնով անշուշտ… Գագաթն այնտեղ էր, մեր զէնքերն այստեղ էին, այսպէս էինք կրակում եւ այլն: Երբ մայրս ունկնդրում էր այդ պատմութիւնները, քունը տանում էր: Ի հարկէ այն ժամանակ նա շատ հեռու է եղել այդ պատմութիւնների նշանակութիւնը հասկանալուց. դրանք հեքիաթի պէս է ընկալել: Պապս երբեք չի թաքցրել այն դէպքերը, որ իր հետ կատարուել են պատերազմի ժամանակ. յաճախ է խօսել դրանց մասին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թէ երբեւէ խօսուե՞լ է Թուրքիայում նրա ստացած ռազմական կրթութեան մասին, ապա` այո’, խօսուել է: Ես էլ եմ մօրական տատիս հարցրել պապիս կրթութեան մասին: Նա ինձ նրա գիրքն է ցոյց տուել եւ ասել, որ գրքի նախաբանում պապիս պատմութիւնն է ներկայացուած: Պապս մի ընկեր է ունեցել, որի հայրը ճանաչուած մարդ է եղել եւ ապահովել, որ պապս ռազմական դպրոց ընդունուի: Երբ այդ թեմայի շուրջ հարցեր էի տալիս, մեծ մայրս միշտ ասում էր, որ դրա մասին գրքում տեղեկութիւններ կան, եւ պէտք է դրանք կարդամ:

Թորոսեան Պոլսոյ մէջ 1915-ին

Թորոսեան՝ Դամասկոսի մէջժ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Որեւէ զինուորական յուշ պատմե՞լ է:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Մեծ մայրս ինձ ասել է, որ պապս եաթաղանը, փոքր թուրը, մետալները, զինուորական հանդերձանքը եւ երկարաճիտ կօշիկներն իր հետ էր բերել: Նա միշտ հագել է այդ կօշիկները. դրանցով լուսանկարներ էլ ունի, բայց չգիտեմ` այսօր որտեղ են դրանք:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Մարդիկ նրան չե՞ն քամահրել` «Թուրքերի կողմից ես կռուել» ասելով:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Ո՛չ, պապիս զինուորական ասպարէզը քաջապէս յայտնի է եղել այստեղ` հայկական համայնքում: Բոլորը նրան ճանաչել եւ կոչել են որպէս «հարիւրապետի»: Այսպէս, օրինակ, հրատարակչատունն անգամ նամակագրութեան մէջ պապիս «հարիւրապետ Սարգիս» անունով է դիմում [«Կռունկ» հայկական պարբերականում տեղ գտած յայտարարութեան մէջ յիշատակուած նրա անունից յետոյ յաւելուել է նաեւ «հարիւրապետ Սարգիս» մականունը]: Մեծ հայրս մասնակցել է եկեղեցական գործունէութեանը, ընտանեօք հանդերձ փիքնիքի գնացել: «Սու պէօրեկի» (խաչապուրիի մի տեսակ, որը յիշեցնում է լազանեան-«Ակունք»ի խմբ.), «լահմաջոյ» էին պատրաստում եւ իրենց հետ տանում [Լուիզը ուտեստների անուանումները թուրքերէնով է ասում]: Պապս պատմել է իր հետ տեղի ունեցած դէպքերը: Բոլորը ճանաչել են պապիս եւ իմացել իր պատմութիւնը: Տատիս հաղորդածի համաձայն, մեծ հայրս հայկական տարբեր խմբեր է գնացել եւ ելոյթներ էլ է ունեցել, բայց շատ բան չեմ կարող ասել դրանց բովանդակութեան շուրջ:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Որեւէ տեղեկութիւն ունէ՞ք այն մասին, թէ ինչպէ՛ս է գիրքը գրուել:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Այո՛, իրականում այդ նոյն հարցը ես էլ մեծ մօրս էի տուել: Տատս պատմում էր, որ մի կին էր մեքենագրական գործիքով մեր տուն գալիս: Պապս հայերէնով էր պատմում. կինը նշումներ անում: Հետագայում էլ դրանք անգլերէնի վերածում, մեքենագրում եւ պապիս հաւանութիւնն ստանում: Մեծ մօրս պատմածներով, պապս հիանալի մտապահում էր ամէն ինչ եւ այդ կնոջը իր յիշածները պատմում: Մօրական տատս ինձ ասել է, որ գրքում ներկայացուած քարտէսների բոլոր գծագրերը եւս պապս է արել: Ամէն բան սեփական ձեռքով է գծել` ռազմաճակատները, սահմանները եւ այլն: Նա լաւ էր գծագրում: Գալով այն հարցին, թէ ե՛րբ է գրուել գիրքը, պէտք է որ 1920-ական թուականներին գրուած լինի: Ձեզ էլ եմ փաստաթուղթը յանձնել: Գրքում տեղ գտած` Միացեալ Նահանգների Քոնկրեսի գրադարանի արձանագրութիւնը հաղորդում է, որ 1929 թ. գրադարանի իրաւասուները պատճէնել են գիրքը: Այն պէտք է որ այդ թուականից առաջ աւարտուած լինի:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Գիտե՞ք, թէ ով է եղել այդ մեքենագրող կինը, ով գալիս էր նրանց տուն:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.-Ո՛չ, տեղեակ չեմ…

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Հնարաւոր չէ՞, որ Ձեր պապն այդ գիրքը հէնց ինքը գրած լինի` այլ գրքեր ընթերցելով կամ ուսումնասիրութիւն կատարելով:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Ո՛չ, ամբողջ գիրքը բաղկացած է միայն այն դէպքերից, որոնք պապիս հետ տեղի են ունեցել պատերազմի ժամանակ: [Գրքի` Միացեալ Նահանգների Քոնկրեսի գրադարանի արձանագրութեան մէջ նշւում է, որ այն «տեսնուել եւ պատմուել է» հեղինակի կողմից]: Այն տանը, որտեղ մենք մեծացել ենք, գրքեր գրեթէ չկային: Ինչպէս ասացի, առանց այդ էլ նրանք խիստ չքաւոր էին: Մայրս ստիպուած է եղել դպրոցում ուսումը կիսատ թողնել, որպէսզի ընտանիքը կարողանայ գոյատեւել: Նրանք գիրք գնելու գումար անգամ չեն ունեցել: Որոշ թերթերից բացի, ուրիշ ոչ մի տպագիր բան տուն չէր մտնում:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Գրքում «որպէս հարիւրապետ օսմանեան բանակում կռուելիս» իր ապրածները ներկայացրած հայ զինուորի թոռը հետեւեալ խօսքերով է ամփոփում իր ընտանիքի մասին պատմութիւնը. «Մեծ մօրս անունը Ճելիլէ Քապապէյ Թորոսեան է: Հարիւրապետ Սարգիսը եւ Ճելիլեն 3 զաւակ ունէին` մէկը տղայ, միւսները` աղջիկ: Քեռիս` Ճոն Թորոսեանը, նրանց առաջնեկն էր. ծնուել է 1921 թ., վախճանուել` 1968-ին: Մայրս` Ռոզ Թորոսեան-լոքը, ծնուել է 1922 թ., մահացել` 2004-ին, իսկ մօրաքոյրս` Լուիզ Թորոսեան-սելլան, ծնուել է 1925 թ., վախճանուել` 1968-ին: Մեծ մայրս հետագայում «Թորոսեան» ազգանուան մի «ս»-ն հանելով` մէկ «ս»-ով էր գրել տալիս մեր ազգանունը: Մայրս 1947 թ. ամուսնացել է հօրս` Ռէյմոնտ Լոքի հետ: Ես ծնուել եմ 1954 թ.: Ծնողներս 1966 թ. բաժանուել են: Ես ապրել եմ մօրս եւ մօրական տատիս հետ: Ձեզ տուածս փաստաթղթերն էլ էին մեծ մօրս պատկանում: Այդ պատմութիւններն առանձնապէս հաճելի չեն. տխուր են եւ ցաւալի: Պապս իր բարկութիւնը մեծ մօրիցս էր հանում: Տատս երբ պապիս մասին էր խօսում, առաւելապէս պատմում այն ճնշումների մասին, որոնց ենթարկուել է նրա կողմից»:

ԹԱՆԵՐ  ԱՔՉԱՄ.- Ձեր մայրն է՞լ է այդ ճնշումների իր բաժինը ստացել:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Ո՛չ, նա իր երեխաների նկատմամբ բռնութիւն չի գործադրել, բայց նրանք էլ են այդ անհանգստութիւնների ականատեսը դարձել: Հիմա փորձում եմ յարմար բառ գտնել, բայց երեւի եթէ պապիս մարդկային տեսանկիւնից նայենք, ապա կարող եմ հանգիստ կերպով ասել, որ նա ընտանիքի լաւ հայր չի եղել: Բացի այդ, նիւթապէս էլ շատ չի օգնել ընտանիքին: Երեք երեխայ ունեցող մի ընտանիք պահելը դիւրին բան չի եղել, եւ դրանք շատ սեւ տարիներ են եղել ողջ ընտանիքի համար: Մայրս (1929 թ. մեկնարկած Մեծ ճգնաժամի տարիների) չքաւորութեան պատճառով ուսումը թողել է եւ ստիպուած եղել աշխատել` ընտանիքին աջակից լինելու համար: Մօրս գրագիտութիւնը թոյլ էր:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Ի՞նչ գործ է արել Սարգիսը: Ինչպէ՞ս է ապրուստը վաստակել:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Զանազան տեղերում է աշխատել. եղել ներկարար, կօշկակար եւ այլն: Սակայն ոչ մի գործի չի կարողացել երկար մնալ: Արդէն իսկ, ինչպէս օրինակ մեծ մայրս էր պատմում, կօշկարարութիւնից լաւ գլուխ չէր հանում: Բացի այդ, բնաւորութեան պատճառով չի կարողացել գործընկերների հետ լաւ յարաբերութիւններ հաստատել եւ կարճ ժամանակ անց հարկադրուած եղել գործը թողնել: Այդ պատճառով չի կարողացել ընտանիքը պահել: Նրանք անընդհատ ստիպուած են եղել տուն փոխել` տան վարձը մուծել չկարողանալու համար: Մեծ մայրս ասում էր, որ իրենք տանն անգամ կազօճախ չեն ունեցել` ճաշը եփելու համար, եւ այդ նպատակով մի փոքրիկ ելեկտրական ջեռուցիչ օգտագործել:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Լա՛ւ, իսկ առանձնանալուց յետոյ ու՞ր է գնացել Սարգիսը:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Գնացել է Նիւ Եորք: Սակայն չգիտեմ` այնտեղ ինչ գործ է արել: Միայն հիւանդանոցում` մահուան մահճում, լուր է ուղարկել տատիս: Մեծ մայրս ու մայրս նրան տեսութեան են գնացել: Ինձ էլ են տարել. ես այդ ժամանակ 5-6 ամսեկան երեխայ եմ եղել: Սակայն նա չի ցանկացել ինձ տեսնել: Նրա հիմնական մտադրութիւնը մօրական տատիցս ներում հայցելն է եղել: Ուզել է, որ ների իրեն` վատ վերաբերմունքի համար: Տատիս առաջին անգամ անունով է դիմել, եւ մեծ մայրս էլ ասել է, որ ներել է նրան: Արդէն իսկ պապս հէնց դա է ցանկացել լսել` մահանալուց առաջ: Մայրս ինձ դրա մասին հետագայում է պատմել. մի կողմը (պապս) յայտնում է իր ափսոսանքի մասին, իսկ միւս կողմը (տատս) ընդունում այն: Մեծ մայրս պապիս չէր ատում. նման զգացմունք չի ունեցել, սակայն սէր էլ չի եղել նրանց միջեւ: Այդքան բան ապրելուց յետոյ է՛լ ի՞նչ սիրոյ մասին կարող էր խօսք լինել որ…

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Ին՞չ յարաբերութիւններ է ունեցել եղբայրների հետ:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.– Ասում են` պապս շատ մտերիմ է եղել իր եղբայրների հետ: Նրանք ընդհանուր 4 եղբայր են եղել` Բարսեղը, Արամը եւ Մարտիրոսը, որին «Մայք» էին ասում: Նրանք բոլորն ապրել եւ վախճանուել են Ֆիլատելֆիայի կողմերում: Տատս շատ մօտիկից ճանաչում էր պապիս եղբայրներին ու վերջիններիս կանանց եւ շատ լաւ յարաբերութիւններ ունէր նրանց հետ: Այդ մտերմութիւնը պահպանուեց մինչեւ նրանց մահը: Արդէն իսկ պապս եղբայրների միջոցով էր տատիս յայտնել նրան տեսնելու իր ցանկութեան մասին:

Նոյնիսկ ես եմ յիշում. մեծ մայրս իր տագրի կանանցից մէկի հետ մինչեւ վերջին տարիները յաճախում էր հայկական եկեղեցու զանազան ընկերային ձեռնարկներին: Նրանք միշտ հայերէն էին խօսում իրար հետ:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Եթէ հարց տամ, թէ ձեր այս բոլոր լսածներից եւ իմացածներից ելնելով` ինչ կարծիք ունէք ձեր պապի մասին, ի՞նչ կ՛ասէք:

ԼՈՒԻԶ ՇՐԷՅՊԵՐ.- Ձեր շնորհիւ վերյիշեցի մեծ մօրս պատմած այն օրերը: Ցաւ կար, վիշտ կար, բայց ոչ մի բարկութիւն կամ ատելութիւն չկար, որ հետք թողնէր իմ մէջ: Թերեւս ընտանիքի լաւ հայր չի եղել նա, սակայն եղել է այն, ինչ եղել է: Նա խնդիրներ է ունեցել` պատերազմում իր հետ տեղի ունեցած դէպքերի պատճառով, սակայն իր խօսքի տէր մարդ է եղել: «Միացեալ Նահանգներում ապրած» ամէն մի օր նորից ու նորից յիշել է իր անցեալն ու պատերազմը եւ բարկութիւնը տատիցս հանել: Սակայն քանի որ բոլորը դա իմացել են, նրան այդպէս են ընդունել: Իր խօսքի տէր, ազնիւ մարդ է եղել: Նա բոլորովին կարիք չի ունեցել կեանքում իր հետ տեղի ունեցած դէպքերը, իր գլխին եկածները յօրինել: Այո՛, սխալներ գործել է, բայց…

Կարծում եմ` ով էլ լինէր եւ նրա ապրումները ունենար, նման վիճակում կարող էր յայտնուել: Չե՛մ կարող նրան խայտառակել…

Երկու փաստաթուղթ

Օսմանեան ռազմական մետալի վերաբերեալ փաստաթուղթը

«- Կեսարիոյ (Կեսարիա- «Ակունք»-ի խմբ.) Էւերէկ գաւառից Սարգիս Օհաննեսի Թորոսեան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Ռազմական կորպուս` 21, զօրաբաժին` 46, դաշտային հրետանաւորների գնդի պահակախմբի սպայ եւ գումարտակի փոխհրամանատար

[Ծնուած] 307 թ. (1891-1892 թթ.- «Ակունք»-ի խմբ.)

Ռումանիայի տարածքի գրաւման մասին որոշումից յետոյ յարձակման անցած մեր դաշնակից բանակներին միաւորուելու համար նշանակուած 51-րդ զօրաբաժնի դաշտային հրետանաւորների գնդի առաջին գումարտակի հրամանատարութեանը նշանակուած մեր ռազմական կորպուսի 46-րդ զօրաբաժնի դաշտային հրետանաւորների գնդի պահակախմբի սպայ, հարիւրապետ Սարգիս պէյը վերոյիշեալ Ռումանիայի ռազմաճակատի պատերազմական դաշտում խիզախօրէն եւ ինքնազոհաբար մարտնչելով, […] չնայած վիրաւոր վիճակին, իր պաշտօնական պարտականութիւնները կատարելով` […] դիւրացրել է մեր դաշնակից բանակների առաջխաղացման եւ յարձակման գործողութիւնները, որի համար արժանացել է Գերմանիայի, Աւստրիայի,  Պուլկարիայի կառավարութիւնների ռազմական մետալին, նմանապէս արժանացել է նաեւ օսմանեան պետութեան ռազմական մետալից «Օսմանիյէ» շքանշանին: Այդ կապակցութեամբ տուեալ հաւաստագիրը  յանձնուել է [նրան]:

28-ը մայիսի, 333 թ. [1917 թ. մայիսի 28]

21-րդ զօրաբանակի հրամանատար` [զօրավար-գնդապետ] Ապտուլքերիմ»

Էնուերից շնորհակալագիր` Թորոսեանին…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«- Օսմանեան սուլթանական բանակի գլխաւոր փոխհրամանատարութիւն

– Կեսարիոյ սանճաքի Էւերէկ գաւառից հրետանու հարիւրապետ Սարգիս Օհաննեսի Թորոսեան

– Ծնուած` 307 թ. [1891-1892 թթ.]

Մեր բանակի ծանր հրետանու 6-րդ գնդի թնդանօթաձիգների վաշտի մեր հրամանատարներից հարիւրապետ Սարգիս պէյը, Տարտանելի ճակատամարտի ընթացքում հանդիսանալով Էրթուղրուլի ամրութեան հրամանատարը, 330 թ. փետրուարի 6-ին եւ 12-ին [1915 թ. փետրուարի 19-ին եւ 25-ին] նեղուցի վրայ յարձակուած թշնամու ռազմական շոգենաւերի դէմ խիզախօրէն եւ ինքնազոհաբար մարտնչելով, հակառակորդի մի ռազմական շոգենաւ ոչնչացնելով, անգամ վնասել է նաեւ մէկ այլ ռազմական շոգենաւ եւ, նմանապէս, Ռումելի Համիտիէ ամրութեան հրամանատարութիւնը եւս ստանձնելով, 331 թ. մարտի 5-ին [1915 թ. մարտի 18-ին] թշնամու ռազմական շոգենաւերի` դէպի նեղուց սպառնալից յարձակումների դէմ խիզախօրէն եւ անձնազոհաբար կռուելով, հակառակորդի մէկ այլ ռազմական շոգենաւի ոչնչացնելով` վիրաւորուել: Սուլթանական բանակի հանդէպ ցուցաբերած խիզախութեան եւ ինքնազոհութեան համար վերոյիշեալ անձին բանակի անունից շնորհակալութիւն յայտնելով` 330 թ. դեկտեմբերի 3-ից [1914 թ. դեկտեմբերի 16-ից] սկսած նրան հարիւրապետի աստիճան ենք շնորհում եւ օսմանեան պետութեան ռազմական մետալին արժանացնելով` տուեալ հաւաստագիրը յանձնում:

331 թ. մայիսի 5 [1915 թ. մայիսի 18]

Գլխաւոր փոխհրամանատար եւ
Ռազմական նախարար` Էնվէր»

Թաներ Աքչամի նշումը. Մեր պարտքն ենք համարում շնորհակալութիւն յայտնել սոյն երկու փաստաթղթերի վերծանման հարցում մեզ աջակցած Օմեր Թիւրքօղլուին:

Լուսանկարում. Միացեալ Նահանգների Քլարք համալսարանի դասախօս, դոկտոր, փրոֆ. Թաներ Աքչամը` Սարգիս Թորոսեանի թոռնուհի Լուիզ Շրէյպերի հետ…

Աղբիւրը` «Ռատիքալ» օրաթերթի 2013 թ. յունուարի 6-ի եւ 7-ի համարներ

http://www.sesonline.net/php/genel_sayfa.php?KartNo=57564

 

Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

Akunq.net

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Ռաֆֆի 7 years

    Վեր. Նշան Պագալեան, այն հոգեւոր առաջնորդներէն որ հայերէն սորված է իր համալսարանական տարիներուն, սկիզբը միայն անգլերէն լեզուին տիրապետող հանդերձ: Իսկ այժմ ան շատ լաւ կը տիրապետէ հայերէնի լեզուին, մեզ բոլորս բերանաբաց թողնելով:

    Ան հովիւը եղած է Լիբանանի՝ Հայ Աւետարանական Եկեղեցւոյ, Էշրէֆիէ: Ինչպէս նաեւ տարիներ եղած է Հայկազեան Համալսարանի հոգեւոր տեսուչը:

    Ան այժմ հովիւն է Ֆիլատէլֆիաի՝ Հայ Նահատակաց Ժողովական Եկեղեցւոյ: